Մեկնություններ Հովելի գրքի վերաբերյալ - Գլուխ 3

 

 

Գլուխ 3.

 

1.      Համեմատելով Հովել 2.30-32-ը 3-րդ գլխի հետ՝ կառուցվածքային ի՞նչ ընդհանրություն ենք նկատում, որն ասում է Տիրոջ օրվա 2 փուլերի մասին.

 

ա. Տիրոջ օրվա առաջին փուլը դատաստանի օրն է (Հովել 1.15։2.1,2,31։3.15։ Ամոս 5.18-20։ Աբդիա 15։ Սոփ.1.7։2.2։ Զաք.14.1։ Մաղ.4.5։ Ես.13.10։ Մաթ.24.29։ Հայտն.6.12), իսկ երկ­րորդ փուլն՝ Աստծու ժողովրդի արդարացման օրը (Հովել 2.32։ Զաք.14.8,9։ 1Կոր.1.8։5.5։ 2Կոր.1.14։ Փիլ.1.10։2.16։ 1Թես.5.9։ 2Պետ.3.10-13։ Հայտն.21.1։ ).

 

բ. Հովել 2.30,31-ում նշված դատը մեկնաբանվում է 3.1-15-ում, իսկ 2.32-ում Աստծու ժողովրդին տրված հույսը՝ 3.16-21-ում։

 

2.      Ինչպե՞ս կարելի է մեկնաբանել Հովել 3.2-ում ներկայացված այն ազգերի դատը, որոնք նվաճում են Իրայելին և տարասփյուռ դարձնում նրա ժողովրդին.

 

ա. Հովել 3.4-ում թվարկվում են Հուդայի դրացիները՝ Տյուրոսը, Սիդոնը (Փյունիկիայի գլխավոր քաղաքները, որոնց հետ կարճա­ժամկետ դաշինք է ունեցել Սողոմոնը՝ 3Թագ.7.13,14։9.10-14), Փղշտիան (իր 5 գլխավոր քաղաքներով՝ Գազա, Ազովտ, Ասկաղոն, Գեթ և Ակկարոն), իսկ 3.19-ում՝ Եգիպտոսն ու Եդովմը, որոնք պատմության ընթացքում հարստահարել են Իսրայելին։

 

բ. Հովել 3.5-ում նրանց նկատմամբ մեղադրանք է բարձրացվում, թե կողոպտել են Տիրոջ տան և արքայական ապարանքի գանձերն իրենց մեհյանների համար.

 

գ. Հովել.3.9,12-ում պատկերը ստանում է համաշխարհային բնույթ, և նշված ժողովուրդները դառնում են Իսրայելի հալածիչների ներկայացուցիչները։

 

3.      Հովել 3.3,4,6-ում ինչպե՞ս է ներկայացված Իսրայելի թշնամիների դաժան վերաբերմունքին տրված Աստծու գնահատականը.

 

ա. «Իմ ժողովրդի համար վիճակ գցեցին» արտահայտությունն ասում է անշունչ առարկա­ների նկատմամբ եղած վերաբերմունքի, գերիներին՝ որպես ապրանք, ստրկացնելու մասին։

 

բ. Տղաներին փոխանակում էին մի պահ հաճույք ստանալու համար, իսկ աղջիկներին՝ մի թաս գինու հետ.

 

գ. 3.6-ում խոսվում է Հուդայի որդիներին հույներին (բնագրում՝ Էգեյան ծովի երկու ափերին բնակվող հոնիացիներին) ստրակության վաճառելու մասին (Եզեկիելն իր մարգարեության 27.13-ում նույնպես անդրադառնում է հոնիացիների և փյունիկների միջև ծավալվող առևտրին ու հրեաների ստրկավաճառությանը), ինչն իր գագաթնակետին է հասնում Ք.ծ.ա. 7-րդ և 6-րդ դ.դ.։

 

4.      Ինչպե՞ս կարելի է մեկնաբանել Հովել 3.2-ում նշված Հովսափատի հովիտը.

 

ա. Այն կարող է լինել Մակեդով հովիտը Պաղեստինի հյուսիսում՝ Արմագեդոնի ճակատա­մարտի վայրը (Հայտն.16.16).

 

բ. Որոշ մեկնիչների կարծիքով կարող է լինել նաև Տիրոջ երկրորդ գալուստով և Ձիթենյաց լեռան պատռվելով առաջացող ձորը (Զաք.14.4,5).

 

գ. Բոլոր դեպքերում Հովսափատի հովիտն ունի ոչ թե աշխարհագրական, այլ իմաս­տա­բանական նշանա­կու­թյուն (Հովսափատ՝ Տերը դա­տում է), որը 3.14-ում հանդես է գալիս որպես Վճռի հովիտ։

 

5.      Ինչպե՞ս կարելի է մեկնաբանել Իսրայելի թշնամիների նկատմամբ եղած հատուցումը 3.7,8-ում՝ մասնավորապես Տիրոջ կողմից արթնացած և նախկինում գերության մատնված հրեաների միջոցով.

 

ա. Հովելի մարգարեության գրման մինչգերության շրջանի տեսանկյունով այն մասնա­կիորեն կատարվում է Հովսիա և Եզեկիա քագավորների օրոք (2Մնաց.26.6։ 4Թագ.18.6-8)։ Սաբեան, ուր պետք տարվեն Հուդայի՝ ստրկության վաճառ­ված թշնամիները, մեկնաբանների գերակշիռ մասի կարծիքով այսօրվա Եմենի տարածքն է.

 

բ. Հետգերության շրջանի տեսանկյունով մասնակի կատարում կարելի է դիտել նաև Ք.ծ.ա. 332թին Ալեքսանդր Մակեդոնացու կողմից Տյուրոսի և Գազայի բնակիչների ստրկության վաճառումը և հրեաների նկատմամբ բարյացկամությունը։ Հետագայում նման քաղաքակա­նություն է վարում նաև Անտիոքոս Երրորդը սիդոնացիների հանդեպ Ք.ծ.ա. 3-րդ դարում.

 

գ. Ընդհանուր առմամբ՝ Փղշտիան և Փյունիկիան, ինչպես Ես.25.10-12-ում Մովաբը և Աբդիայի մարգարեու­թյու­նում հիշատակված Եդովմը, վախճանաբանական հեռանկարի խորհրդապատկերներն են։

 

6.      Հով.3.9-ում ազգերի՝ Արմագեդոնի ճակատամարտին դուրս գալու կոչը Աստծու տնօրինո՞ղ, թե՞ թույլատու կամքի մասին մեզ կարող է ասել.

 

Թույլատու կամքի մասին։

 

7.      Հակառակ Մեսիական խաղաղության թագավորության (Ես.2.4։ Միք.4.3)՝ ինչպե՞ս է պատ­կերված Վերջին օրերին Իսրայելի դեմ դուրս եկող պետությունների ռազմականացումը Հով.3.10-ում.

 

«Խոփերից սրեր պիտի կռեն, գերանդիներից՝ նիզակներ»։ Թույլն անգամ պիտի համակվի ագրեսիվությամբ («Պիտի ասի՝ ես տղամարդ եմ»)։

 

8.      Արմագեդոնի ճակատամարտին արթնացած հրեաների դեմ դուրս եկած պետությունների բանակները (Հով.3.11,12,14) իրականում ու՞մ դեմ են պատերազմում.

 

Տիրոջ դեմ։

 

9.      Ինչպե՞ս մեկնաբանել Հովել 3.13-ում՝

 

ա. Հունձքի հասունացումը (Ես.17.4-6։63.1-6։Օվս.6.11։Մաթ.13.36-43։Հայտն.14.14-16).

 

Ինչպես հասունացած հասկերի հունձքից հետո մղեղն անջատվում է ցորենից, այնպես էլ մեղքի կուտակմանն ընդդեմ Աստծու դատի հետևանքով չարերը պիտի զատվեն - դատապարտվեն.

 

բ. Հնձանի լցվելն ու ավազանների հորդումը (Հայտն.14.17-20։ 19.15).

 

Խոսքը գնում է մեղքի առատության և մեղավորների հանդեպ՝ խաղողի ճզմվելով խորհրդապատկերված  Աստծու դատի մասին։

 

10.  Ժամանակին տիեզերքն արարող, իսկ այժմ այն ցնցող (Արեգակի, Լուսնի, աստղերի խավարում, երկնային մարմինների և Երկրի սասանում) խոսքը ինչի՞ երաշխիքը պիտի դառնա Իսրայելի համար՝ ըստ Հովել 3.15-17-ի.

 

ա. Իսրայել ժողովրդի ապավենը (Սաղմ.14.6։46.2։61.4։62.8,9։71.7։73.28։91.2,9։ 94.22։ 142.6) և ամրոցը (Սաղմ.27.1։31.5։37.39։52.9։Ես.25.4) լինելու.

 

բ. Աստծու՝ Իր ժողովրդի մեջ ներբնակության (Հովել 2.27։Եզեկ.12.15,16,20։13.4).

 

գ. Երուսաղեմի սրբացման (Հովել 2.32։ Զաք.14.20,21)։

 

11.  Ինչպե՞ս կարելի է մեկնաբանել Եգիպտոսի և Եդովմի՝ Հուդայի որդիների նկատմամբ անիրավությունների և նրանց ամայացման մասին Հովել 3.19-ի խոսքը.

 

ա. Եգիպտոսի բռնության, ներխուժումների և պատճառած ավերածությունների մասին. 1) Դեռևս Ելից 13.3-ում Եգիպտոսը ներկայացվում է որպես «ծառայության (ստրկության, գերության) տուն». 2) 3Թագ.14.25,26-ում և 2Մնաց.12.2-12-ում կարդում ենք Սուսակիմ կամ Շեշոնկ I-ի հարձակման մասին Ք.ծ.ա. 925թ.. 3) 2Մնաց.14.9-15-ում և 16.8-ում կարդում ենք Օզորկոն կամ Սովա I-ի և նրա եթովպացի զորավար Զարայի հարձակման մասին Ք.ծ.ա. 897թ.. 4) Համաձայն 4Թագ.23.28-30-ի՝ Հովսիա թագավորը սպանվում է եգիպտական փարավոն Նեքավով II-ի կողմից Մակեդովում Ք.ծ.ա. 609 թվին.

 

բ. Եդովմի դիմակայության մասին. 1) Փորձել էր արգելել իսրայելցիներին՝ օգտվելու Եգիպտոսը Ասիային կապող մայրուղուց, երբ վերջինս եգիպտական գերությունից դուրս էր եկել (Թվ.20.14-21։ 21.4։ Դատ.11.17,18). 2) Պատերազմել էր Սավուղի հետ՝ համաձայն 1Թագ.14.47-ի. 3) Ամոնացիների և մովաբացիների հետ դաշնակցելով՝ արշավել էր Հուդայի վրա Հովսափատի օրոք՝ ըստ 2Մնաց.20.1-ի. 4) Դառնախնդում է Հուդայի գերության վրա (Սաղմ.137.7։ Աբդ.8-16).

 

գ. Ամայացման մասին. Թեև Նեղոսը Եգիպտոսի արգասաբերոթյան գրավականն է, սակայն ինչպես Եդովմի, այնպես էլ նրա ամայացումը (ինչպես նշվեց գլուխ 3.7,8-ի մեկնության գ. կետում) վերաբերում է Արմագեդոնի ճակատամարտում պարտությանը։

 

12.  Հազարամյայի ժամանակ Իսրայելի ապագա օրհնությունը, հաղթականությունը և հարատևությունը ինչպե՞ս է նկարագրված Հվել.3.18-20-ում.

 

ա. Հազարամյայի նյութական առատությունը ներկայացված է սարերից խաղողահյութ ծորելու, բլուրներից կաթ հոսելու (ինչպես նկարագրված է Քանանը՝ Ել.3.8։Ղևտ.20.24։ Թվ.13.27։ 2Օր.6.36։ Հեսու 5-6) և Հուդայի ձորերի ջրառատության պատկերներով.

 

բ. Հուդայում թափված անմեղ արյան վրեժը պիտի առնվի թշնամիներից (Հովել.3.4,7,8։19).

 

գ. Ի հակառակ թշնամական երկրների ամայացման՝ Հուդան պիտի հարատևի։

 

13.  Ի՞նչ խորհուրդ ունի Հովել.3.18բ-ում «Տիրոջ տանից մի աղբյուր պիտի դուրս գա և ոռոգի Սատիմի ձորը» ասույթը.

 

ա. Սատիմի (ոչ խոնավասեր ակացիաների) ձորի ոռոգումը Տիրոջ տանից դուրս եկած աղբյու­րով, որը տարածվում է Կեդրոնի հովտից մինչև Մեռյալ ծովի ափերը, նախ խորհրդանշում է Տիրոջ՝ Պտղաբերության աղբյուր լինելը.

 

բ. Եզ. 47.8,9-ում և Զաք.14.8-ում նույնպես  նկարագրված այդ ջրերի վերականգնող ազդեցությունը մեզ կարող է ասել մանավանդ հոգևոր օրհնությունների մասին, որի ամբողջացումը գտնում ենք Հայտն.22.1,2-ում Աստծու գահից բխող Հոգու գետի արգասաբերության մեջ։

 

14.  Բաղդատելով Հովել.3.21-ի հռչակումը («Եվ Տերը պիտի բնակվի Սիոնում») Իսրայել ժողովրդի թշնամիների հետ Վճռի հովտում պատերազմի և Սատիմի ձորում նրա օրհնությունների հետ՝ Տիրոջ օրվա ամենաէական հատկանիշն ի՞նչը կարելի է համարել.

 

Տիրոջ մշտական բնակությունը իր ժողովրդի հետ, ինչը Եզեկիելի մարգարեությունում  անվանվում է Եհովա շամահ (Եզ.48.35), Հովհաննու ավետարանում՝ «Բանը մարմին եղավ և բնակվեց մեր մեջ» (Հովհ.1.14), իսկ Հայտնությունում՝ «Ահա Աստծու խորանը՝ մարդկանց մեջ. Նա կբնակվի նրանց հետ, և նրանք կլինեն Նրա ժողովուրդը…» (Հայտն.21.3)։

 

 

Comments:

Add comment


Security code
Refresh

Լրացուցիչ տեղեկություն