Աբդիայի գրքի մեկնությունը

Աբդիայի գրքի մեկնությունը


ա. Նախաբան.

Ամենափոքր գիրքն է Հին Կտակարանում (ընդամենը 21 խոսք): Նոր կտակա­րա­նում մեջբերումներ չունի, սակայն Երանելի Հերոնիմոսն ասել է. «Թեև ըստ խոսքերի` փոքր մարգարե է, սակայն ոչ` ըստ մտքերի»: Պարունակում է Եդովմի նկատմամբ Աստծու արդարադատությունը, ընդ որում Հին կտակարանում նրա նկատմամբ Աստվա­ծային դատի մասին հիշատակվում է առավել հաճախ, քան հեթանոսական որևէ այլ ժողովրդի մասին (Ես.11.14:34.5-17:63.1-6: Երեմ.9.25,26: 25.17-26:49.7-22: Ողբ 4.21,22; Եզ.25.12-14:35: Հով.3.19: Ամ.1.11,12: Մաղ.1.4):

Աբդիայի գիրքը ներկայացնում է վերոնշյալ մարգարեությունների բուն էությունը:

բ. Հեղինակը.

Հին կտակարանի առնվազն 12 այրեր կրել են Աբդիա անունը (կամ Հովադիա` Տիրոջ ծառան). 1) Աքաաբի տան կառավարիչը (3Թագ.18.3-16), 2) Դավթի շառավիղներից մեկը (1Մն.3.21), 3) Իսաքարի սերնդից Հեզերիայի որդին (1Մն.7.3), 4) Սավուղի շառա­վիղ­ներից Եսելի որդին (1Մն.8.38:9.44), 5) Երուսաղեմ վերադարձող առաջին ղևտա­ցիներից Շեմայայի որդին (1Մն.9.16:Նեեմ.11.17), 6) Դավթի ռազմիկներից մեկը` Գադի ցեղից (1Մն.12.8,9), 7) Զաբուղոնի ցեղից` Իսմայայի հայրը (1Մն.27.19) , 8) Հովսափատի ժամանակվա իշխաններից մեկը (2Մն.17.17), 9) Հովսիայի ժամանակվա ղևտացիներից մեկը (2Մն.34.12), 10) Եզրասի զինակիցներից Հեքիելի որդին (Եզրաս 8.9), 11) Եզրասի ժամանակվա քահանաներից մեկը (Նեեմ.10.5), 12) Հովակիմ քահանայապետի ժամա­նակվա ղևտացիներից մեկը (Նեեմ.12.25,26):

Այսուամենայնիվ` հիմքեր չկան նրանցից որևէ մեկին համարելու գրքի հեղինակը:

 

գ. Գրքի գրման ժամանակը.

Կան երեք ենթադրություններ. 1) Գիրքը գրվել է Հովսափատի որդի Հովրամի թա­գա­վորության ժամանակ` Ք.ծ.ա. 892-885թ.թ., 2) Աքազի թագավորության ժամանակ` Ք.ծ.ա. 731-715թ.թ., 3) Ք.ծ.ա. 585թ. բաբելոնացիների կողմից Երուսաղեմի ավերումից հետո:

Պահպանողական աստվածաբանների մի մասը առաջին տեսակետին է, մյուս մասը  և լիբերալների մեծամասնությունը` երրորդ:

 

դ. Պատմական իրավիճակը.

Եդովմացիների և իսրայելցիների միջև թշնամությունը գալիս է Հակոբի և Եսավի միջև եղած պայքարից: Եդովմ վերանվանվել է Եսավը, որ նշանակում է կարմիր: Այդ վերանվանման մեջ դեր է խաղացել նրա` ի ծնե կարմրամորթ և մազոտ լինելը (Ծննդ.25.25), մյուս կողմից` կարմիր ապուրը, որի պատճառով Հակոբին վաճառեց իր անդրանի­կությունը (Ծննդ.25.30): Հետագայում Եսավը տեղափոխվել է Սեիրի երկիրը (Ծննդ.36.8,9), որը գտնվում է Մեռյալ ծովի հարավ-արևելյան մասում (այնտեղից դուրս քշելով նախկին բնակիչներին` քոռեցիներին` 2Օր.2.2,12):

Եդովմացիները հրաժարվել են թույլ տալ իսրայելցիներին` անցնելու իրենց տարածքով Քանան գնալու ժամանակ (Թվ.20.14-21): Սակայն Աստված նախազգու­շացրել է Իսրայելին նրանց նկատմամբ ատելություն ունենալուց` ազգակցական կապե­րի պատճառով (2Օր.23.7): Այսուամենայնիվ` երկու եղբայր ժողովուրդների միջև թշնա­մանքը դարեր շարունակ աճել է: Սավուղ, Դավիթ և Սողոմոն թագավորները միշտ պրոբլեմներ են ունեցել նրանց հետ (1Թագ.14.47: 2Թագ.8.13,14: 3Թագ.11.17-22): Չնայած այն բանին, որ Հուդայի Հովսափատ և Իսրայելի Հովրամ արքաները 4Թագ.3-րդ գլխում դաշինքի մեջ են մտնում Եդովմի հետ` ընդդեմ Մովաբի, սակայն նույն Հովսափատի թագավորության ընթացքում Եդովմը հարձակվում է Հուդայի վրա Ամոնացիների և Մովաբացիների հետ միասին: Այն ավարտվում է իր դաշնակիցների կողմից եդովմա­կան բանակի կոտորածով (2Մն.20.1,2,10,11,22-26): Հովսափատի որդի Հովրամի թագա­վորու­թյան ժամանակ Եդովմը ապստամբում է Հուդայի դեմ և սեփական թագավոր բարձրացնում (4Թագ.8.20-22): Սակայն հետագայում Հուդայի Ամասիա թագավորը ջախջա­խում է եդովմացիներին և նրանց Սելու (Վեմ) քաղաքը վերանվանում Հեկթովել (Աստծու կողմից խոնարհեցված)` 4Թագ.14.7: 2Մն.25.11,12: Աքաազի ժամանակներում Եդովմը նորից է հարձակվում Հուդայի վրա (2Մն.28.17): Համաձայն 137 սաղմոսի` Ք.ծ.ա. 586թ. Եդովմը ցնծում է Երուսաղեմի ավերմամբ:

Ք.ծ.ա. 6-րդ դարի վերջում և 5-րդ դարի սկզբում Հյուսիսային Արաբիայի բնակիչ­ները եդովմացիների մեծ մասին հեռացնում են իրենց երկրից: Նրանց կողմից հեռացված եդովմացիները հաստատվում են Հուդայի հարավում և երկիրն անվանում Իդումեա: Ք.ծ.ա. 120թ. նրանք նվաճվում են Հովհաննես Հիրկանոս Մակաբայեցու կողմից և ընդու­նում հուդայիզմ (ինչի մասին վկայում է Հովսեպոս Փլավիոսը «Հրեական հնություններ»-ում): Ք.ծ.ա. 37 - Ք.ծ.հ. 4թ.թ. Հուդայում թագավորող Հերովդես Մեծը եդովմացի է եղել: Ք.ծ.հ. 70թ. եդովմացիները հրեների հետ ապստամբել են Հռոմի դեմ: Այնուհետև պատմա­կան թատերաբեմից անհետացել են:

 

ե. Բովանդակությունը.

1. Եդովմի կործանման մասին լուրը (1-9).

2. Եդովմի հանցագործությունների մասին (10-14).

3. Աստծու դատն Իսրայելի թշնամիների հանդեպ (15,16).

4. Իսրայել ժողովրդի օրհնությունների մասին (17-21):

 

1.      Աբդիայի մարգարեության առաջին խոսքում կարդում ենք, որ ի պատիժ Եդոմի` Տիրոջ թույլատրությամբ ազգերը պիտի դուրս գան նրա դեմ պատերազմի:

Եվ իսկապես. ա. Հյուսիային Արաբիայի բնակիչները` նաբաթացիները, Ք.ծ.ա 6-5-րդ դ.դ.-ում վտարում են եդոմացիների մեծ մասին իրենց երկրից (Մեռյալ ծովի հարավ-արևելքից).

բ. Ք.ծ.ա. 120թ. Եդոմը նվաճվում է Հովհաննես Հյուրկանոս Մակաբայեցու կողմից և ընդունում հուդաիզմ (Հովսեփոս Փլավիոս, «Հրեական հնություններ»).

գ. 1-ին դարում եդոմացիները կոտորվում են հռոմեացիների կողմից և անհետանում պատմության թատերաբեմից:

Ի՞նչ առնչություն ենք տեսնում Աստծու նպատակների իրագործման և ազգերի պատերազմների միջև.

Աստված, տիեզերքի Իշխանը լինելով, Իր նպատակների իրագործման համար օգտագործում է ազգերին:

 

2.      Ինչպե՞ս բացատրել, որ Եդոմին ազգերի մեջ փոքր և անարգ դարձնելու աստվա­ծային պատիժը երկրորդ համարում ներկայացված է անցյալ ժամանակով.

Այդ ժամանակն օգտագործված է մարգարեական անցյալի իմաստով:

 

3.      Եդոմը հարուստ էր` առևտրական ճանապարհների հատման կետում գտնվե­լով, բարեբեր հովիտներ ունենալով, երկաթ ու պղինձ արդյունահանելով:

Համաձայն երրորդ խոսքի («Վեմի խոռոջներում բնակվող, որի բնակարանը բարձր է, որ սրտումդ ասում ես` ով կիջեցնի ինձ երկիր»)` ի՞նչ առավելություն էր ստեղծում Եդոմի համար նրա աշխարհագրական դիրքը (ինչի մասին գրում է նաև հռոմեական պատմիչ Պլինիոսը).

Եդոմի լեռնային ռելիեֆը նրան դարձնում էր անառիկ և նպաստում կողոպուտի նպատակով հարձակումներ կատարելուն:

 

4.      3-րդ և 4-րդ համարները («Թեև արծվի պես բարձրանաս և աստղերի մեջ դնես քո բույնը…», - ասում է Տերը) համադրելով Ես.14.13,14-ում Բաբելոնին վերաբերող մարգարեության («Ասել էիր քո սրտում. «Կբարձրա­նամ երկինք, Աստծու աստղերից բարձր կդնեմ իմ աթոռը, կնստեմ աստված­ների ժողովի լեռան վրա` հյուսիսի ծայրերում, վեր կելնեմ ամպերի բարձրու­թյունների վրա, Բարձրյալին կնմանվեմ…»») և Եզ.28.11-19-ում Տյուրոսին վերաբերող մարգարեության հետ («Սիրտդ հպարտացավ քո գեղեցկությունով, դու ապականեցիր քո իմաստությունը…»)` ի՞նչ ընդհանրություն ենք տեսնում.

Թե' Եդոմի, թե' Բաբելոնի, թե' Տյուրոսի, և թե' ընդհանրապես մարդկային հպարտու­թյան արմատները մեզ տանում են դեպի սատանայի` Աստծու դեմ ապստամբությունը և անկումը:

 

5.      Ինչի՞ մասին են մեզ ասում համար 4-ի շարունակությունը («…Քեզ այնտեղից պիտի իջեցնեմ»), Ես. 14.15-20-ը («Բայց դու դժոխքն ես իջել, գուբի խորխո­րատ­ները…») և Եզ.28.16,17բ,18 համարները («…Ես քեզ իբրև պիղծ հեռացրի Աստծու սարից… Քեզ գետինը պիտի գցեմ… Մոխիր պիտի շինեմ երկրի վրա»).

Հպարտությունը կարող է դարձնել անառիկ ո'չ Աստծու համար:

 

6.      Ինչպիսի՞ պատկերներով է ներկայացված Եդոմի հարստության կողոպուտը 5-6 համարներում.

Եթե կողոպտիչները վերցնում են որքան իրենց է հարկավոր, իսկ խաղողի բերքագողերը գոնե մի քանի ողկույզ թողնում, ապա Եդոմի գաղտնարանները պիտի բացահայտվեն, և նա իսպառ պիտի կործանվի:

 

7.      Ինչպե՞ս է նկարագրված Եդոմի պարտնյորների դավաճանությունը համար 7-ում.

Եդոմի դաշնակիցները նրան երկրից դուրս պիտի վտարեն, խաղաղություն անողները դավադրաբար պիտի հաղթեն, հացը կիսողները որոգայթ պիտի լարեն:

 

8.      Մարդկորեն պաշտպանվածությունից (անառիկությունից), հարստությունից, մարդկանց դաշնակցությունից բացի Եդոմի հպարտության ուրիշ ի՞նչ երկու հիմքերի խարխլման մասին է խոսվում 8 և 9 համարներում, որի զուգահեռը տեսնում ենք Նոր կտակարանում` Կորնթացիների առաջին թղթի 1.27-29-ում («Այս աշխարհի հիմարներին Աստված ընտրեց, որ ամաչեցնի իմաստուններին, տկարներին ընտրեց, որ ամաչեցնի զորավորներին: Աշխարհի անտոհմներին և անարգվածներին Աստված ընտրեց և ոչինչներին, որ մի բան եղողներին ոչնչացնի: Որպեսզի ոչ մի մարմին չպարծենա Նրա առջև»).

Եդոմի նախկինում հռչակված իմաստությունը պիտի անզորանա, իսկ ռազմական ուժը` ամլանա:

 

9.      11-14 համարներում խոսվում է Երուսաղեմի վրա հարձակվող թշնամու հետ Եդո­մի դաշնակցության մասին: Հենրի Հելլիի տեղեկագրքի տվյալները հա­մալրե­լով Աստվածաշնչի The Full Life Study Bible («Полноценнаяжизнь») հրատարակության մեկնաբանության հետ` ունենում ենք Երուսաղեմի վրա հարձակման հետևյալ 6 դեպքերը.

ա. Եգիպտոսի Սուսակիմ թագավորի կողմից` Ք.ծ.ա 926թ. Ռոբովամի օրոք (3Թագ.14.25,26).

բ. Փղշտացիների և արաբացիների կողմից` Հովրամի օրոք Ք.ծ.ա. 848-841թ.թ. (2Մնաց.21.16,17).

գ. Իսրայելի Հովաս թագավորի կողմից` Ամասիայի օրոք Ք.ծ.ա. 790թ. (4Թագ.14.13,14).

դ. Ասորեստանի կողմից` Աքազի օրոք Ք.ծ.ա. 741-726թ.թ. (2Մն.28.16-21).

ե. Ասորեստանի Սենեքերիմ թագավորի կողմից` Եզեկիայի օրոք Ք.ծ.ա. 701թ. (4Թագ.18.13).

զ. Բաբելոնի կողմից` Ք.ծ.ա. 605-586 թ.թ. (4Թագ.24:25):

Նշված դեպքերից որո՞նց հավանականությունն է ավելի մեծ համարվում`  համընկնելու Աբդիայի մարգարեությունում նկարագրված Երուսաղեմի վրա հարձակման հետ.

Բ և զ դեպքերը:

 

10.  11-14 համարներում  Իսրայելի եղբայր ժողովրդի նկատմամբ Եդոմի թշնաման­քի նկարագրությունների կողքին նշել համապատասխան համարը.

Երբ օտարները գերում էին իսրայելցիներին, Եդոմը լքում է նրանց. _11_

Ավելին, եդոմացիները միանում են թշնամիներին. _11_

Նա ուրախանում էր Հուդայի որդիների կործանմամբ. _12_

Եդոմը մեծաբերանություն էր անում. _12_

Չարաշահելով Իսրայելի թուլությունը` եդոմացիները նույնպես սողոսկում են
այնտեղ. _13_

Նրանք ձեռք են երկարում հրեաների լքված ունեցվածքին. _13_

Կոտորում են իսրայելցի փախստականներին. _14_

Ոմանց էլ հանձնում են թշնամուն. _14_

 

11.  Եդոմն ի՞նչ հոգևոր ժառանգություն էր ստացել իր նախահայր Եսավից.

Երկրային բարիքների, էգոիզմի գերադասումն Աստծու Թագավորությունից (Ծննդ.25.29,34: 26.34,35: 27.46-28.1):

 

12.  Ինչպե՞ս կարելի է մեկնաբանել 15 ա-ում  նշված «Տիրոջ օրը բոլոր ազգերի վրա» արտահայտությունը.

ա.  Տիրոջ օրը կարող է նշանակել Աստծու հզոր միջամտությունն աշխարհի կյանքին (Եզ.30.3).

բ.   Այն կարող է նշանակել Նրա դատը. 1) Մեծ նեղության ժամանակ, 2) Հազա­րամյա թագավորությունը հաստատելիս Ազգերի դատի ժամանակ (Մաթ.25), 3) Մեծ դատի ժամանակ.

գ.   Աստծու ժողովրդի համար այն խորհրդանշում է Նրա օրհնության ժամանակը:

 

13.  Ինչպե՞ս կարելի է մեկնաբանել 15 բ-ում  նշված Եդոմի հատուցումը (Գաղ.6.8` «Ինչ որ մարդ սերմի, այն էլ կհնձի»).

ա.  Ի հատուցումն Իսրայելի կողոպուտի (համար 13)` Եդոմը նույնպես պիտի կողոպտվի (համար 6).

բ.   Ի հատուցումն Հուդայի փախստականների նկատմամբ թշնամանքի (համար 14)` նրա որդիները նույնպես կկոտորվեն (համար 8).

գ.   Ի հատուցումն Իսրայելի դժբախտության վրա ուրախության (համար 12)` նրան կհասնի ամոթն ու բնաջնջումը (համար 10):

 

14.  Ինչպե՞ս կարելի է մեկնաբանել համար 16-ում նշված բոլոր ազգերի խմելը` ի հատուցումն Երուսաղեմում նրանց կազմակերպած գինարբուքի.

Աստծու ժողովրդի նկատմամբ թշնամանքի պատճառով ազգերը պիտի խմեն Տիրոջ բարկության գավաթից (Հայտն. 14.9,10:16.19):

 

15.  Ի հակառակ Եդոմի կործանման` ի՞նչ խոստումներ են տրվում Իսրայելին 17 և 18 համարներում.

ա.  Փրկության, սրբության և տարածքների վերականգնման խոստումները.

բ.   Հակոբի և Հովսեփի տների  նշումն ասում է Իսրայելի վերամիավորման մասին (Երեմ.3.18:Եզեկ.37.16,17:Զաք.10.6).

գ.   Հակոբի համեմատումը կրակի, Հովսեփին` բոցի, իսկ Եդոմին` հարդի հետ, ներկայացնում է Աստծու ժողովրդի գերազանցությունը թշնամիների նկատմամբ և վերջինների բնաջնջումը:

 

16.  Ինչպե՞ս է նկարագրված Իսրայելի տարածքային վերականգնումը 19 և 20 համարներում.

ա.  Իսրայելի հարավում բնակողները պիտի նվաճեն Եդոմը.

բ.   Արևմտյան դաշտավայրում բնակվողները` Փղշտիան.

գ.   Եփրեմի և Սամարիայի դաշտավայրերին տիրելն ասում է Հյուսիսային թագավորության տարածքի վերականգնման մասին.

դ.   Բենիամինի կողմից Գաղաադի գրավումը` Անդրհորդանանի գրավման մասին.

ե.   Պանդխտությունից հայրենիք վերադարձած իսրայելցիները պիտի նվաճեն Քանանը մինչև փյունիկյան Սարեփթան.

զ.   Հուդայից ու Երուսաղեմից արտագաղթածները, որ պանդխտացել են Սեփարա­թում (այդ վայրի մասին ենթադրություններն Իսպանիայից տանում են մինչև Միդիա), վերադառնալով` պիտի տի­րեն հարավային քաղաքներին:

 

17.  Ի՞նչ է հաստատում մարգարեության վերջին 21-րդ խոսքը.

ա.  Տերը միշտ Իր ժողովրդի համար բարձրացրել է և բարձրացնելու է ազատարարներ.

բ.   Նա պատմության ընթացքը տանելու է` Եկեղեցու միջոցով Իր թագավորությունը հաստատելու ուղղությամբ ողջ Երկրի վրա և ամեն բան բովանդակելու Քրիստոսով. «Աշխարհի թագավորությունները մեր Տիրոջը և Նրա Օծյալինը եղան… հավիտյանս հավիտենից: Գառը… տերերի Տերն է և թագավորների Թագավորը, և նրանք, որ Նրա հետ են կանչված, ընտրված և հավատարիմ են» (Հայտն.11.15:17.14):

 

 

Comments:

Add comment


Security code
Refresh

Լրացուցիչ տեղեկություն