Սիրելի բարեկամ,

 

Դուք հրավիրվում եք «Քրիստոնեական ջատագովություն» կայքի ձևավորման մասնակցությանը, որը քրիստոնեատյացության դրսևորումների մեր ժամանակներում պիտի նպատակաուղղվի քրիստոնեության ճշմարտա­ցիու­թյան ապացուցմանը, քրիստոնեական աշխարհայացքի ամբողջացմանը և հոգևոր արժեքների տարածմանը հայ հասարակական կյանքի ոլորտներում:

Հիմք  դրվելով Առաջին եկեղեցում և մասնավոր կերպով դրսևորվելով երկրորդ դարում` ջատագովությունն իր զարգացումն է ստանում հետագա դարերում` քրիստոնեության պատմության ողջ ընթացքում մինչև այսօր:

Այս առումով բավական է հիշատակել այնպիսի գործիչների ավանդը, ինչպիսիք են Հուստինոս Վկան և Արիստիդես Աթենացին, Եվսեբիոս Կեսարացին և Աթանաս Ալեքսանդրացին, Բարսեղ Կեսարացին և Կյուրեղ Ալեքսանդրացին, Տերտուղիանոսը և Օգոստինոս Երանելին, Թովմաս Աքվինացին և Պասկալը, Լութերն ու Կալվինը և այլք:

Հայ իրականության մեջ պահպանվել են Մեսրոպ Մաշտոցի և Գրիգոր Լուսավորչի անուններով ներկայացված ջատագովական երկերը, Եզնիկ Կողբացու նշանավոր «Եղծ աղանդոցը», այլ ստեղծագործություններ, ինչպես նաև բազմաթիվ թարգմանված աշխատություններ:

Քրիստոնեական ապոլոգետիկայի հիմնահարցերից են` կյանքի և տիեզերքի ծագման բանական մտահղացումը, հինկտակարանական մարգարեությունների կատարումը, Հիսուս Քրիստոսի անզուգական անձն ու ուսմունքը, Նրա խորը հետքը մարդկու­թյան պատմության մեջ և Մեծ հանձնարա­րականի իրականացումը, հասարակական տարբեր ոլորտներում քրիստոնեական արժեքների պատմական դերակատարությունը, այժմեականությունը և այլն:

Վերջին տասնամյակներին վերստին բռնկված ջատագովական շարժումը տարածվում է արևմուտքից մինչև արևելք: Դրա մի վառ ապացույցն է ս.թ. մայիսի 19-21-ը Կիևում տեղի ունեցած նրա երրորդ համաժողովը, իսկ հաջորդը նախատեսված է 2012թ. ապրիլին:

Այսօր ապոլոգետիկան իր հաստատուն տեղն է գտել նաև քրիստոնեական առաջնորդական համաժողովներում, որոնցից վերջինը տեղի ունեցավ ս.թ. մայիսի ավարտին Հունգարիայում, իսկ դրան հաջորդելու է նման մի համաժողով հոկտեմբերի 19-22-ին Կիևում: Մինչդեռ ներկայումս մեր կրթական մեթոդաբանության մեջ և համակարգում դեռևս խորհրդային ժամանակներից պահպանվող մատերիալիզմի ու աթեիզմի ականները շարունակում են անել իրենց ավերները: Այդ են վկայում նաև հասարակական գիտակցության բարոյական անկումը, անհանդուրժողականության և բռնության ահագնացող դրսևորումները, վաղվա օրվա նկատմամբ հայ մարդու աճող հուսալքությունը…

Սույն կայքի հարստացմանը, հիմնված Աստվածաշնչի հեղինակության, քրիստոնեական մշակույթի և մասնավորապես Հայ Եկեղեցու (որի հետ համագործակցությունը հրամայական անհրաժեշտություն է) ամբարած գանձերի, ինչպես նաև համաշխարհային քաղաքակրթության և ազգային հոգևոր ժառանգության վրա,  կարող են զինվորագրվել հասարակական տարբեր ոլորտներում քրիստոնեական արժեքներ դավանող գործիչներ:

Լիահույս եմ, որ մեր հավաքական ներդրումը Երկնավոր Հոր ձեռքերի մեջ կարող է օգտագործվել հայոց մի նոր ու մեծ զարթոնքի համար:

Կից ներկայացվում է հարցաթերթիկ, որը լրացնելով` Դուք կարտահայտեք կայքի համախմբված գործունեությանը մասնակցելու Ձեր համաձայնությունը:

 

Հոգևոր մի համեստ մշակ լինելով`

սիրով, աղոթքով, տեսլականի հավատով և կանխավ երախտագիտությամբ`

Աստվածաբանության պատվավոր դոկտոր

Սամվել Նավոյան

08.10.2011թ.

Լրացուցիչ տեղեկություն