Մեկնություններ Հովելի գրքի վերաբերյալ - Գլուխ 2

 

 

Գլուխ 2.

 

1.      Հովել 1.14-ի ապաշխարության կոչի և 2.1-ի հանրահավաքի միջև ի՞նչ տարբերություն է նկատվում.

 

1.14-ում կոչը արվում էր մարգարեի կողմից, իսկ 2.1-ում՝ Տիրոջ։

 

2.      Ինչպե՞ս է նկարագրված Տիրոջ օրը Հովել 2.1բ-ում և 2.2ա-ում (ի լրացումն 1.15-ի).

 

Այն ամեն լուսատու մթագնող մեգի, ամպի, մառախուղի և Աստծու արդար բարկության խավարի օրն է։

 

3.      Ինչպե՞ս է նկարագրված մարախների բանակը 2.2բ-5-ում.

 

ա. Նրանց շարժման արագությունը համեմատվում է արշալույսի տարածման հետ.

 

բ. Ավերիչ ուժը համեմատելի է լափող կրակի հետ, որը դրախտավայր-երկիրը վերածում է ամայի անապատի.

 

գ. Նրանց կերպարանքը և վազքը նմանեցված է ձիերի հետ (ի դեպ՝ իտալերենում և գերմաներենում մորեխները կոչվում են փոքրիկ կամ դաշտային ձիեր).

 

դ. Թևերի շարժման ձայնը համեմատվում է սուրացող կառքերի և ճարճատող կրակի ձայն ի հետ։

 

4.      Ինչպե՞ս է նկարագրված մարախների բանակի հարձակումը քաղաքների վրա 2.6-9-ում.

 

ա. Նրանք պիտի շրջանցեն պարիսպները, մտնեն տները.

 

բ. Ցավ և սարսափ պիտի պատճառեն մարդկանց։

 

5.      Ի՞նչ մեկնաբանություններ են տրվում նկարագրվող աղետի և Տիրոջ օրվա հետ առնչու­թյա­­նը («Երկիրը պիտի դողա, երկինքը սարսի, արեգակն ու լուսինը պիտի խավարեն…»)

 

ա. Հովելի մարգարեությունը մինչգերության շրջանին վերագրողները մորեխների բանակի հետևում տեսնում են ասորական և բաբելոնյան հարձակումները.

 

բ.Հիմնականում Հովելի մարգարեությունը հետգերության շրջանին վերագրողները նրա հետևում տեսնում են Նեռի բանակի վախճանաբանական հարձակումը.

 

գ. Ռոբերտ Չիսհոլմն այն համարում է հրեշտակային բանակ, իսկ 2.11-ի նկարագրու­թյու­նն Աստծու՝ որպես Անպարտելի զորահրամանատարի հայտնություն։

 

6.      Ո՞րն էր Հովել 2.12,13ա-ում պահանջվող ապաշխարությունը.

 

ա. Այն պետք է լիներ ներքնապես ու սրտանց.

 

բ. Սրտի պատռումը նշանակում էր Աստծու կամքի տակ այն կոտրելը (Սաղմ.51.17).

 

գ. Ճշմարիտ ապաշխարությունը պետք է արտահայտվի առ Աստված դարձով։

 

7.      Ապաշխարության կոչը Հովել 2.13բ-ում ինչի՞ վրա էր հիմնվում (ի նկատի ունենալ նաև Ել.32.12-14-ը և Երեմ.18.5-12-ը).

 

ա. Աստծու սիրո, բարության և ողորմածության հավատի,

 

բ. Ուխտի հանդեպ Նրա հավատարմության,

 

գ. Մեղավորի զղջմանը Նրա արձագանքի վրա։

 

8.      Հովնանի 3.9-ի և Հովելի 2.14-ի համադրությունից ի՞նչ եզրակացության ենք գալիս.

 

ա. Հովնանը Նինվեի ապաշխարության դեպքում ասում էր Աստծու՝ Իր բարկությունից դառնալու մասին.

 

բ. Հովելն՝ Աստծու օրհնության և վերականգնման մասին։

 

9.      Ապաշխարության կոչը Հովել 2.15,16-ում 1.14-ի և 2.1-ի համեմատությամբ որքանո՞վ էր առավել ամբողջական.

 

ա. Ծոմի համար հավաքվելու կոչը հնչեցվում է շեփորով.

 

բ. Հավաքը պետք է ուղեկցվի սրբացումով.

 

գ. Կարիքի հրատապության պատճառով առավել լայն է բնակչության ընդգրկումը. համազգային ապաշխարությանը մասնակից պետք է լինեին անգամ մանուկները, արտոնություններից օգտվող հարս ու փեսաները (2Oր.20.7։24.5)։

 

10.  Ի՞նչն էր լինելու քահանաների բարեխոսական աղոթքի հիմնական շարժառիթը (2.17).

 

Նրանք պիտի աղոթեին ոչ միայն իրենց ժողովրդի ազատագրության, այլ դրանով՝ մանավանդ Աստծու անվան ու փառքի մեծարման համար։

 

11.  Հովել.2.12,13,15,16-ում նկարագրված ապաշխարության պայմանները (ողջ սրտով, դարձով, մինչև իսկ մանուկների ու նորապսակների ընդգրկումով), համաձայն 2.18-ի, ի՞նչ արձագանք են առաջացնում Տիրոջ կողմից.

 

ա. Աստծու նախանձավորությունը, որ միշտ դրսևորվում է Իր անվան ու փառքի համար (Ել.20.5։ 2Օր.4.23,24։32.21։ Ես.42.8), բարձրանում է նաև Իր երկրի համար (Ես.9.7։37.32։ Եզ.36.5,6։ Զաք.1.14).

 

բ. Այն զուգակցվում է նաև առ Իր ժողովուրդը ողորմածության հետ (ինչպես Ել.20.5-ին հաջորդում է 20.6-ը), քանի որ առաջին դեպքում արտահայտվում է Աստծու սիրո այրումը, իսկ երկրորդում՝ սիրո գթառատությունը։

 

12.  Ես.7.14-ում մեջբերված մեր Փրկչի ծննդյան մասին մարգարեությունը («Ահա կույսը պիտի հղիանա…») արվել է Ք.ծ.ա. 735թ., երբ Իսրայելի և Սիրիայի թագավորները միասնաբար հարձակվել էին Հուդայի թագավորության վրա (4Թագ.16.5)։ Եսայի մարգարեն հայտնում է Հուդայի Աքազ թագավորին, թե թշնամական հարձակումը կձախողվի և որպես նշան տալիս է… մեր Փրկչի ծնունդը։ Սակայն Ես.8.1-4-ում մարգարեական այդ հեռահար կանխասացության հետ միասին մարգարեն պիտի ունենար խորհրդավոր անունով մի որդի (Այդ անունը խորհրդանշելու էր նշված երկու թագավորությունների կործանումը Ասորեստանի թագավորի կողմից Ք.ծ.ա 734թ.)։

 

Մարգարեական հեռավոր և մերձավոր մտահղացման այս օրինակը նկատի առնելով՝ ինչպե՞ս կարելի է մեկնաբանել Հովել.2.19,20-ում աղետահար ժողովրդին տրված Տիրոջ պատասխանը.

 

ա. Ցորենի, գինու ու յուղի պարգևումը՝ կշտացնելու աստիճան, իբրև 1.10-ում նշված կորուստների հատուցում, անհրաժեշտ է մեկնաբանել որպես վերականգնում և առատություն.

 

բ. Իսրայել ժողովրդին այլևս ազգերի մեջ նախատինք չանելը ճիշտ կլինի ընկալել վախճանաբանական առումով (Եզ.38.14-16).

 

գ. Հյուսիսային զորքի հեռացմանը կարելի է տալ երեք մեկնաբանություն։ Այն՝

 

1) վերաբերում է մորեխների պարսին, որին Տերը քամու միջոցով Ել.10.19-ի նման քշելու է դեպի Մեռյալ և Միջերկրական ծովերի միջև ընկած անապատը. այս դեպքում գարշահոտու­թյունը գալիս է ջրերում և բուսազուրկ անապատում սատկած մարախներից.

 

2) վերաբերում է բաբելոնյան զորքին, որի մասին կարդում ենք նաև Եր.1.13-15-ում, 4.6-ում և 6.1-ում. այդ դեպքում գարշահոտությունը բարձրանում է սպանված զինվորների դիակներից (Ես.34.3։Ամ.4.10) .

 

3) ունի վախճանաբանական երանգ. այս դեպքում նշվածն այն վայրն է, որտեղից Գոգը (Ռովսի, Մոսոքի և Թոբելի իշխան) պիտի հարձակվի Իսրայելի վրա (Եզ.39.1,2)։

 

13.  Ինչո՞վ է պատճառաբանվում երկրին, ընտանի կենդանիներին և Սիոնի որդիներին ուղղված՝ վախը թոթափելու մարգարեի կոչերը 2.21-24 համարներում.

 

ա. Երկիրն իր վախը (և 1.10-ում նշված սուգը) պիտի փոխի ուրախության, որովհետև Տերը մեծ բաներ է անում (այնպես որ 2.20-ում նշված մարախների մեծ չարագործությունը չի կարող համեմատվել Տիրոջ մեծ փրկության հետ).

 

բ. Կենդանիների տառապանքը (1.18,20), ինչպես նաև արտերի (1.10), թղենիների և որթատունկերի (1.12), ծառերի (1.12) և արոտների (1.19,20) ավերումները պիտի հաղթահարվեն պտղաբերությամբ.

 

գ. 1.16-ում վերացած ուրախությունն ու ցնծությունը կրկին դառնում են Աստծու ընտրյալ ժողովրդի՝ Սիոնի որդիների տրամադրությունը, քանի որ՝

 

1) կրկին հեղվելու են ամառային երաշտը կոտրող, վաղ (կամ առաջին), աշնանային, ինչպես նաև հասկերի չորացումը կանխող վերջին, գարնանային անձրևները, այն էլ՝ իրենց նախկին հաճախականությամբ.

 

2) կալերը պիտի լցվեն ցորենով, հնձանները գինով և յուղով։

 

14.  Հովել 2.23-ում Սիոնի որդիների ուրախության կոչից հետո նշվող եբրայերեն «լիսդաքա մորեհ» արտահայտությունը թարգմանվում է տարբեր կերպ.

 

ա. Տերն անձրև կտա «պետք եղած չափով»,

 

բ. անձրև կտա «քո արդարացման համար» (խոսքը գնում է Տիրոջ փրկարար միջամտության մասին Իր ժողովրդի կյանքում),

 

գ. անձրև կտա «արդարորեն» (խոսքը վերաբերում է Տիրոջ արդարությանն Իր ժողովրդի պաշտպա­նության գործում).

 

դ. կտա «ուսուցիչ արդարության» (ինչպես և թարգմանված է արևելահայերենում)։

 

Վերջին տարբերակը օգտագործվում է Վուլգաթայում և Թարգումում (Աստվածաշնչի համապատաս­խանաբար՝ լատիներեն և արամերեն թարգմանություններում)։

 

Նշված տարբերակներից ո՞րն է համարվում ամենաքիչ հավանականը մեկնաբանների կողմից. Վերջին տարբերակը։

 

15.  Հովել 2.25-ում մարախների պարսը մի կողմից՝ ներկայացվում է ուղարկված Տիրոջից, մյուս կողմից՝ Տերը խոստանում է հատուցել նրանց պատճառած վնասը։

 

Ի՞նչ կրկնակի դաս կարելի քաղել սրանից.

 

ա. Կործանարար բանակը, գործելով Տիրոջ թույլտվությամբ առավել մեծ արհավիրք կարող է պատճառել, եթե Աստծու ժողովուրդը չդառնա Նրան (Ամովս 4.6-12).

 

բ. Մյուս կողմից՝ Տերը պատրաստ է հատուցել Իր ժողովրդի կրած վնասը, եթե նա փնտրի Աստծու երեսը (2Մնաց.7.14)։

 

16.  Աստծու ժողովրդի՝ թշնամիների առջև չամաչելու ի՞նչ պայմաններ են բերվում 2.26,27-ում.

 

ա. Տիրոջ հրաշագործ վերականգնման համար Նրա անվան օրհնաբանությունը.

 

բ. Աստծու ներկայության, Նրա անփոփոխ էության և Իր ժողովրդի հետ արված ուխտի հավատարմության հայտնությունը։

 

17.  Թվոց 11.29-ում կարդում ենք բոլոր իսրայելցիների մարգարեանալու՝ Մովսեսի փափագի մասին։

 

Աստծու և Իր ժողովրդի կատարյալ հարաբերությունների նոր դարաշրջանի մասին ի՞նչ է ասում Հովելի մարգարեությունը 2.28,29-ում.

 

Աստծու Հոգին, որ նախկինում իջնում էր առանձին ընտրյալների՝ քահանաների, թագա­վոր­ների և մարգարեների վրա, Հոգեգալստի օրվանից  առատորեն պիտի հեղվի «ամեն մարմնի» վրա։

 

18.  Այդ հեղման մեջ ինչպե՞ս է նկարագրված ըստ սեռի, տարիքի և սոցիալական դրության խտրականության բացակայությունը (համեմատել Գաղ.3.28-ի հետ).

 

Սուրբ Հոգին անխտրաբար պետք է հեղվի տղամարդկանց ու կանանց, ծերերի ու երիտասարդների, ազատների ու ծառաների վրա։

 

19.  Մարգարեական ի՞նչ դրսևորումներ է պարունակում այդ հատվածը.

 

Ծերերը երազներ պիտի տեսնեն, երիտասարդները՝ տեսիլքներ, իսկ տղամարդիկ ու կանայք պիտի մարգարեանան։

 

20.  Ռազմավարական նշանակություն ունեցող Հովելի մարգարեության կատարման սկիզբը ինչպե՞ս հռչակեց Պետրոս առաքյալը.

 

ա. Պետրոսը հռչակեց Տեր Հիսուսի հարության, համբարձման և հավիտենական թագա­վո­րության մասին Դավթի կանխասացությունները (Գործք 2.22-36։Սաղմ.16.8-11։ 110.1,4։ 2Թագ.7.16).

 

բ. Նաև՝ Հոգեգալստով Եկեղեցու ստեղծումը և Սուրբ Հոգով նոր դարաշրջանի թևակոխումը (Եփես.2.11-22).

 

գ. Եկեղեցու համաշխարհային առաքելությունը, երբ «ամեն մարմին» արտահայտությունը ստանում է «ամեն հավատացյալ» իմաստը (Հռ.1.16։10.12։ Գաղ.3.6-9)։

 

21.  Աստծու թշնամիների համար Տիրոջ դատի օրվանը նախորդող ի՞նչ ահազդու իրադարձու­թյուններ են նկարագրված Հովել 2.30,31-ում.

 

ա. Կործանարար պատերազմը խորհրդանշող կրակը, ծուխը և արյունը.

 

բ. Արեգակի և Լուսնի խավարմամբ ներկայացված տիեզերական ցնցումները, որոնց հա­ջորդում է մեր Տիրոջ երկրորդ գալուստը (Մարկ.13.24,25։ Ղուկ.21.25,26։ Հայտն. 6.12,17)։

 

22.  Ի՞նչ մեկնաբանություն կարելի է տալ Հովել 2.32-ում նշված՝ «Ամեն, ով Տիրոջ անունը կանչի, կփրկվի» արտահայտությանը.

 

ա. Պետրոսը Հովելի այդ խոսքը ուղղում է պենտեկոստեյան հրաշքին ականատես հրեանե­րին՝ նրանց ապաշխարության կոչելով.

 

բ. Պողոսը Տիրոջ անունը կանչելը կապում է փրկարար հավատքի դավանության հետ, որը բերում է արդարացում (Հռ.10.9-13).

 

գ. Հովելի 2.32-ի երկրորդ մասը («Որովհետև Սիոն սարի վրա և Երուսաղեմում փրկություն կլինի Տիրոջ ասածի պես. և այն մնացորդի վրա, ում Տերը կկանչի») մեզ ասում է Իսրայելի վերականգնման հազարամյա թագավորության մասին։

 

 

 

 

Comments:

Add comment


Security code
Refresh

Լրացուցիչ տեղեկություն