Կրկի'ն հնչեցնենք օրհներգը սիրո

ԿՐԿԻ'Ն  ՀՆՉԵՑՆԵՆՔ  ՕՐՀՆԵՐԳԸ  ՍԻՐՈ

 

վեր. դ-ր Սամվել Նավոյան

 

Անցած ամիսներին հասարակական կյանքում մենք բախվեցինք կրոնական անհանդուրժողականության նոր դրսևորումների հետ:

Սույն հոդվածում կփորձեմ համառոտ անդրադառնալ դրանց, խոսել խղճի և կրոնական ազատությունների վերաբերյալ նախագծերի նոր փաթեթի անհետևողականության մասին և հանդես գալ հիմնախնդրի լուծման առաջարկներով:

 

Ա. Կրոնական անհանդուրժողականության նոր դրսևորումները.

1. Զանգվածային լրատվամիջոցներում.

ա. «Հայկական աշխարհ»-ը` հակահայկակա՞ն…

«Շանթ» հեռուստաընկերությունը Հայ Առաքելական եկեղեցուց բացի մյուս կրոնական կազմակերպություններին բազմիցս աղանդ է անվանում:

1) Նրա կողմից հեռարձակվող «Հայկական աշխարհ» ծրագրի որոշ փորձագետներ աղանդը հայտարարում են ռեգիոնալ հասկացողություն և հանրապետությունում «աղանդավորների» թիվը հասցնում 360 հազարի, որի մեջ, դատելով ըստ այլ հրապարակումների, մտնում են նաև հայ կաթոլիկները և ավետարանականները.

2) Հիշյալ հաղորդումներում պարբերաբար հյուրընկալվող հասարակական մի գործիչ ահաբեկում է հեռուստադիտողներին, թե արտերկրում ոստիկանության կողմից կիրառվող ձայնային զենքը «աղանդավորների» արսենալում է հայտնվելու,  փորձում է ինքնասպանությունները ներկայացնել` ըստ կրոնական պատկանելության…

3) Հեռուստատեսությունը հաճախ խեղաթյուրված տեղեկատվություն է մատուցում հասարակությանը` իր կողմից «աղանդավոր» պիտակավորված քրիստոնյաների հանդեպ հակակրանք առաջացնելու նպատակով:

Այսպես, անցյալ տարվա վերջին Եհովայի վկային անպատասխանատու կերպով վերագրվող Սևանի սպանության դեպքի հեռարձակումից հետո «Շանթ»-ի լրագրողները ցուցադրում են Ավետարանի հավատքի քրիստոնյաների եկեղեցու անդամների սեփականության տարածքում իրենց չհամաձայնեցված նկարահանումը` հայտարարելով, թե ահա որտեղ են աճեցվում «մարդասպան աղանդավորները»…

բ. Նոր աղանդագիտարա՞ն.

Հարկատուների շնորհիվ գործող Հանրային հեռուստատեսության եթերով ս.թ. ապրիլի 29-ին հեռարձակվում է «Աղանդագիտարան» թողարկումը, որտեղ Հայ Առաքելական եկեղեցու «կրոնական դոկտրինները» «որևէ կետով կամ դրույթով մերժող» «քրիստոնեության տարբեր ուսմունքներ դավանողները» հայտարարվում են աղանդավորներ: Այնուհետև կոչ է արվում պայքարել նրանց դեմ…

գ. Մարմաջ` հավատաքննության խարույկների.

Որոշ լրագրողներ էլ տառացիորեն տառապում են հավատաքննության խարույկների կարոտաբաղձությամբ.

1) Օրինակ, նրանցից մեկն այսպես կոչված «աղանդավորական» կառույցների առաջին դեմքերի հետ մի խորհրդակցության մասնակցելով, ցանկացել է նրանց հետ հաշվեհարդար տեսնել «մի կանիստր բենզինի» բռնկումով…

2) Գորիս քաղաքում տեղի ունեցած «հակաաղանդավորական» երթը, որը ցուցադրվել է «Արմենիա» հեռուստատեսության սույն թվի ապրիլի 29-ի լրատվության ժամանակ, եզրափակվում է խորհրդանշանական խարույկի կրակների մեջ «ավետարանչականներ» և «մորմոններ» անվանումների այրումով` հեռուստադիտողներին նախապատրաստելով հավատաքննության խարույկների բռնկմանը այլ բնակավայրերում:

Երթն օրհնող արժանապատիվ հայրը գուցե աչքի տակ ունի ժամանակակից Ջորդանո Բրունոների և Յան Հուսերի` մոռանալով, որ Հայոց աշխարհում նման հաշվեհարդարներ չեն արձանագրվել անգամ միջնադարում…

3) Այսպիսով, կրոնական կազմակերպություններից ստեղծվում է թշնամու կերպար, մինչդեռ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածով արգելվում է հեռուuտառադիոհաղորդումներն oգտագործել կրոնական թշնամանք կամ երկպառակություններ uերմանելու նպատակով, իսկ Քրեական օրենսգրքի 226 հոդվածում կրոնական թշնամանքի հարուցման համար քրեական պատիժ է նախատեսվում:

Այս ամենը հակասում է նաև Հանրապետության Սահմանադրությանը (հոդված 26-ին` կրոնը և համոզմունքները դավանելու ազատության մասին, հոդված 8.1-ին` կրոնական կազմակերպությունների` օրենքով սահմանված կարգով գործունեության ազատության մասին, հոդված 14.1-ին` կրոնական խտրականության արգելման մասին), ինչպես նաև հանրապետության ստանձնած համապատասխան միջազգային պարտավորություններին (Մարդու իրավունքների հիմնարար ազատությունների պաշտպանության մասին դաշնագրի հոդված 9-ին, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին դաշնագրի հոդված 18-ին և այլն):

 

2. Կրոնական անհանդուրժողականության բորբոքումը հասարակության մեջ.

ա. Պառակտման տանող գործողություններ.

1) Հ1-ի վերոհիշյալ «Աղանդագիտարան»-ի հաղորդման ընթացքում  «Մեկ ազգ» դաշինքի համանախագահ Գոռ Թամազյանը հաստատում է իր գործունեության սահմանադրականությունը, և նրա ներկայացուցիչները բաժանում են հայտնի թռուցիկները: Դրանցում այսօր էլ սատանիստների կողքին նշվում են նաև Ավետարանական ընտանիքի հավատացյալները, այն էլ` ներկայացվելով կրոնագիտորեն ոչ գրագետ ձևակերպումով («ավետարանչականներ, հիսունականներ, կյանքի խոսք, հոգեգալստականներ, բողոքականներ»): Թռուցիկներն ավարտվում են մասնավորապես հիշյալ «աղանդների» հակաազգային, քայքայիչ գործունեության դեմ ուղղված «համաժողովրդական պայքարի» կոչով:

Գոռ Թամազյանի հիշյալ գործունեությունը ունի իր «հիմքերը»:

Վանաձորի հեռուստատեսությամբ Վահան քահանան «սատանայանման» և «սատանայակերպ» է պիտակավորել Հայ Ավետարանական եկեղեցու գործունեությունը:

Եսայի քահանա Արթենյանը դեռևս 2009թ. սեպտեմբերի 8-ին «Առավոտ» թերթի լրագրող Գոհար Հակոբյանին տրված հարցազրույցում («Մարդասպան աղանդներն ակտիվացել են») սկսում է խոսել սատանապաշտների մարդասպանության մասին և  հասնում մինչև «աղանդավոր» ավետարանականներին:

Այս տարի, հեռուստաելույթներով մշտապես բորբոքելով կրոնական անհանդուրժողականության կրակը, նա հասցրել է հանրությանը ներկայացնել իր «փորձագիտական» գնահատականը, թե ներկայումս Կաթոլիկ ու Ուղղափառ եկեղեցիները սուր պայքար են մղում Բողոքական հարանվանությունների դեմ, իսկ Ավետարանական հավատքի «Կյանքի խոսք» եկեղեցին ամենավտանգավոր աղանդն է հանրապետությունում:

Անցյալ տարի «Շանթ»-ի եթերով հանդես եկած Տիրայր քահանա Սահրադյանը «աղանդավորներին» համարում է «ապազգային կուսակցություներ` թաքնված կրոնի անվան տակ», իսկ «Հովհաննես Կոզեռն» կրթա-մշակութային կենտրոնի տնօրեն Շմավոն քահանա Ղևոնդյանը «Հ2» հեռուստատեսությամբ Շավարշ Գևորգյանի հարցերին պատասխանելիս նրանց հայտարարում է «հետախույզներ»: Ըստ վերջինիս` Հայ Առաքելական եկեղեցուց դուրս գտնվող բոլոր «աղանդավորների»  ողջ սոցիալական գործունեությունը (ճամբարների, համերգների, այլ միջոցառումների կազմակերպում) վերաբերում է «հոգեորսությանը», «խայծեր դնելուն» ու «շուլերությանը»:

Ավա~ղ, այս ամենը մեզ` ավագ սերնդի ներկայացուցիչներիս, հիշեցնում է աթեիզմի «նշանավոր» դասախոս Արա Սվասյանին, ով իր ժամանակին տուրք տալով` բոլոր հավատացյալներին, ներառյալ նաև հայ առաքելականներին, դասում էր երկու խմբի` խաբեբաների և խաբված խաբեբաների:

2) Սույն թվի մայիսի 27-ին ՀՀ Նախագահին և Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղղված երիտասարդական մի կազմակերպության բաց նամակում Ավետարանական հավատքի քրիստոնյաների «Կյանքի խոսք» եկեղեցին հեշտությամբ հայտարարվում է «աղանդավորական քայքայիչ կազմակերպություն», և նրան գոյություն չունեցած «հարձակումներ» են վերագրվում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ:

բ. Առաջին ատյանի դատարանի տկար քննության մասին.

Ցավոք, Սևանի Առաջին ատյանի դատարանը (դատավոր` Ս.Ասատրյան) չկարողացավ արդար որոշում կայացնել վերապատվելի Վլադիմիր Բաղդասարյանի նկատմամբ` օբյեկտիվորեն չանդրադառնալով ո'չ «Շանթ»-ի լրագրողների` առանց վկայականի ուրիշի սեփական տարածք մուտք գործելուն, ո'չ հեռուստախցիկը մտնելուն պես միացնելուն, ո'չ լրագրողին անվայել պահվածքին, ո'չ էլ երեկոյան եթերով հնչեցված զրպարտությանը:

Մնում է հուսալ, որ բարձր ատյանի դատարանը, վեր կանգնելով կրոնական անհանդուրժողականությունից, կբարձրացնի արդարադատության հեղինակությունը:

գ. Օտարման գաղափարախոսությունը.

Արդեն նշված ելույթում Շմավոն քահանան անհասկանալի համարձակությամբ մեր ժողովրդի կազմից օտարում է մի ստվար հատվածի. «Եթե հայ ես, ապա քո եկեղեցին Հայ Առաքելական եկեղեցին է, քո հայրենիքը` Հայաստանի Հանրապետությունը: Եթե չես ուզում հայ լինել, ապա կարող ես գնալ ու ընդունել ցանկացած մի կրոն»:

Այսպիսով, արժանապատիվ հոր` ազգային և կրոնական ինքնության նույնականացման տեսակետը մի քանի խնդիրներ է հարուցում` ներքին-ազգային, արտաքին-միջազգային և կրոնադավանաբանական-էթնիկական.

1) Նախ` հայ կաթոլիկները և ավետարանականները դադարում են հայ լինելուց, իսկ նրանց դավանած քրիստոնեությունը, պարզվում է, այլ կրոն է դառնում: Կրթամշակութային գործչի ձեռամբ փաստորեն մեր ազգային-պատմական հիշողությունից ջնջվում են Մխիթարյան միաբանության գործունեությունը, նոր ժամանակների հայ ազատագրական շարժմանը բերած ավետարանական գործիչների ավանդը, Հայ Ավետարանական Եկեղեցու լայնամասշտաբ բարեգործական, կրթադաստիարակչական ձեռնարկները։

Այս դեպքում հայտնի չէ ուղղափառ, աթեիստ և կրոնական կողմնորոշում չունեցող հայերի ազգային կարգավիճակը` հայ ժողովրդին և նրա մշակույթին բերած ողջ վաստակով հանդերձ:

2) Շփոթ է առաջանում նաև համաշխարհային հանրության առումով: Այն երկրներում, որտեղ միջազգային բնույթ ունեցող Կաթոլիկ, Ուղղափառ կամ Ավետարանական եկեղեցիները գերիշխում են, նրանց անդամները մի՞թե դադարում են իրենց ազգի հարազատ ներկայացուցիչները լինելուց։ Կամ այն երկրներում, որտեղ կա կրոնական բազմակարծություն, մի՞թե միայն գերիշխող կրոնի հետևորդն  է իր  ժողովրդի զավակը համարվում։ Ասենք, լեհ ուղղափառը դադարելու՞ է զտարյուն լեհ լինելուց՝ Լեհաստանում Կաթոլիկ եկեղեցու բացառիկ հեղինակության պայմաններում, կամ անգլիացի, դանիացի, շվեդ, նորվեգ, ֆին կաթոլիկները այլևս իրենց ազգին չե՞ն պատկանելու` Ավետարանական եկեղեցիների պետական լինելու պարագայում։ Իսկ ալբանացի կամ ճապոնացի ուղղափառները. մի՞թե նրանք կորցնելու են իրենց էթնիկ պատկանելությունը, քանի որ ազգակիցների մեծամասնությունը համապատասխանաբար մահմեդականներ կամ սինտոիստներ են։ Էլ ավելի է բարդանում «իրադրությունը» Լիբանանի  արաբների մոտ…

3) Դժվարություն է առաջանում միաժամանակ կրոնադավանական-էթնիկական նույնականացման հարցում: Մի՞թե հայաստանաբնակ ուղղափառ ռուսները, հույները, նեստորական ասորիները, հուդայական հրեաները, արևապաշտ եզդիները, մահմեդական պարսիկները, այդ ազգերին պատկանող ոչ հավատացյալները, ընդունելով Հայ Առաքելական եկեղեցու դավանանքը, պիտի դադարեն իրենց ազգի ներկայացուցիչները լինելուց և հայանան…

 

3. Մի քանի տեղեկություն «Աղանդագիտարան»-ին` աղանդագիտության մասին.

ա. Կրոնագիտական տեղեկանք.

1) Քրիստոնեական ծագում ունեցող աղանդներին բնորոշ են քրիստոնեության գլխավոր սկզբունքների (Սուրբ Գրքի հեղինակության, Սուրբ Երրորդության, Քրիստոսի Աստվածության, հարության և փրկագործության, Սուրբ Հոգու անձնավորության և այլն) մերժումը, օտարածին մարգարեություններն ու տեսիլքները, առաջնորդի գերազանցության ամբողջատիրական պատկերացումները, ինչպես նաև մի շարք խնդիրների առկայությունը ազգի և հասարակության համար պատասխանատվության հարցում.

2) Աղանդները դասակարգվում են` արևմտյան (մորմոններ. Եհովայի վկաներ, Քրիստոնեական գիտություն, մունականներ և այլն), արևելյան (տրանսցենդենտալ մեդիտացիա, կրիշնայականություն, սայենթոլոգիա և այլն)  և Նոր դարի աղանդների (թեոսոֆիա, անտրոպոսոֆիա, կրոնական գիտություն.և այլն):

Այս մասին հանգամանալից տեղեկատվություն կարելի է գտնել մասնավորապես Ջոշ Մաք-Դաուելի «Մոլորեցնողները» գրքում:

բ.  Եկեղեցագիտական տեղեկանք.

1) Հայ Առաքելական Եկեղեցին, ընդունելով Քրիստոսի Եկեղեցու մեկությունը, սրբությունը, ընդհանրականությունը և առաքելականությունը, իրեն տեսնում է նրա մեջ.

2) Ներկայումս Հայ Առաքելական Եկեղեցին իր զույգ կաթողիկոսություններով անդամակցում է Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդին, այլ միջեկեղեցական կառույցների, որոնց իրենց մասնակցությունն են բերում թե' ուղղափառ, թե' ավետարանական շատ եկեղեցիներ.

3) Դեռևս 2005թ. ՀՀ Վարչապետին ուղղված նամակում Մայր Աթոռի դիվանապետն առաջարկել էր «Խղճի ազատության մասին» օրենքում Հայ Առաքելական Եկեղեցուց բացի  արտացոլել  նաև ավանդական մյուս քույր եկեղեցիների հանգամանքը:

Այսպիսով, վերոհիշյալ «նախանձավորները», «պապից ավելի կաթոլիկ լինելով», խախտում են «Խղճի ազատության մասին» գործող օրենքը և աղավաղում Հայ Առաքելական եկեղեցու պաշտոնական դավանաբանությունը:

գ. Պատմական տեղեկանք.

1) Անգնահատելի է Մխիթարյան կաթոլիկ միաբանության մեծ վաստակը հայագիտության, մատենագիտության, պատմաբանասիրության, բառարանագիտության, Աստվածաբանության, գրականության, կրթության և այլ բնագավառներում (իր հայտնի հայրերով` Մ.Սեբաստացի, Գ.Ավետիքյան, Մ.Չամչյան, Մ.Ավգերյան, Ղ.Ալիշան և այլք).

2) Իսկ Հայ Ավետարանական Եկեղեցին հայտնի է ազգային-ազատագրական շարժմանը տված իր գործիչներով` Ս.Թեհլերյանով, վեր.Տ.Անդրեասյանով, Մոնթե Մելքոնյանով, Հրանտ Դինքով, ավետարանական ծագում ունեցող մեծանուն գրողներ Վիլյամ Սարոյանով և Տիրան Չրաքյանով, Մեծ Եղեռնից հետո հիմնած որբանոցներով, Սփյուռքում ներկայիս միակ հայկական բուհով` Հայկազյանց համլսարանով և այլն.

3) Հայ Առաքելական Եկեղեցին ներկայումս համագործակցում է Հայ Կաթողիկե և Ավետարանական Եկեղեցիների հետ Հայաստանի Աստվածաշնչային Ընկերությունում, Միջեկեղեցական «Կլոր սեղան» հիմնադրամում,  այլուր:

Կարծում եմ, թե ժամանակն է , որ հարգարժան ընդդիմախոսներին այս ամենը լուրջ խորհելու առիթ  տա…

 

Բ. Խղճի և կրոնական ազատությունների մասին Արդարադատության նախարարության նախագծերի փաթեթի անհետևողականությունը` արգելք կրոնական դաշտի կարգավորմանը.

1. Նախ` նրանում դրսևորվող դրական միտումների մասին.

ՀՀ Արդարադատության նախարարին ուղղված նամակում Հայաստանի Ավետարանական Ընտանիքի Եկեղեցիների Համագործակցության ութ հովիվներս նշել էինք, թե վերոհիշյալ նախագծերում առկա են ՀՀ Սահմանադրությանը և միջազգային համաձայնագրերին համապատասխանեցնելու որոշ դրսևորումներ.

ա. կրոնը և համոզմունքը փոխելու, հրապարակայնորեն և առօրյա կյանքում դրանց համապատասխան գործելու ազատությունը.

բ. կրոնական կազմակերպությունների` «իրենց հավատացյալ անդամների շրջանակում» գործելու սահմանափակման վերացումը, նրանց հավատքի դավանության ու տարածման իրավունքը.

գ. կրոնական կազմակերպությունների գրանցման համար անդամների անհրաժեշտ թվի փոքրացումը.

դ. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի» 205.3 և 206 հոդվածներով նախատեսած կրոնական կազմակերպությունների` հասարակական կյանքից օտարման և խորհրդային ժամանակներից ժառանգած սահմանափակումների թոթափումը և այլն:

2. Չհաղթահարված խնդիրները և նորերի հարուցումը.

Այսուամենայնիվ, Արդարադատության նախարարության փաթեթում հնարավոր չի եղել հաղթահարել 2009թ. Ա.Աշոտյանի գլխավորությամբ պատգամավորական խմբի հեղինակած ու ՀՀ Ազգային Ժողովում առաջին ընթերցումն անցած և 2010թ. ՀՀ կառավարության կազմած նախագծերում պարունակված հակասահմանադրական և միջազգային պայմանագրերին հակասող սահմանումներն այսպես կոչված «հոգեորսության» և կրոնական կազմակերպությունների` իրենց անդամների նկատմամբ վերահսկողության վերաբերյալ:

ա. «Հոգեորսության» խնդիրը.

1) Հիշյալ մեր նամակում նշել էինք, թե այն իրավաբանական եզր չէ և չի կարող սահմանվել օրենքով: Բառացիորեն նշանակելով հոգի որսալ` ոչ պատշաճ դավանափոխության շրջասույթի անհաջող փորձ է (շրջասույթը առարկայի իրական անվանմանը փոխարինող նկարագրական դարձույթն է):

2) Ոչ պատշաճ դավանափոխության սահմանումը («հոգեորսություն») տեղիք է տալիս մի շարք խնդիրների.

ա) Նախագծում ոչ պատշաճ դավանափոխություն է համարվում այլ հայացքներ ունեցող անձանց նկատմամբ «դավանափոխ անելու նպատակով կրոնական բնույթի ցանկացած քարոզչական ներգործություն», որը դրսևորվում է «նյութական կամ սոցիալական բնույթի առավելության» տրամադրումով.

(1) Այսպիսով, առաջարկվում է, որ Հայաստանի Հանրապետությունում կրոնական քարոզչության ընթացքում բարեգործության դրսևորումները դիտվեն որպես պատժելի, ոչ պատշաճ դավանափոխության փորձ («հոգեորսություն»).

(2) Մնում է ենթադրել, որ հենց այդ նպատակով էլ նախագծի հեղինակները հոդված 8-ում կրոնական կազմակերպությունների իրավունքների ցանկից հանել են դեռևս գործող օրենքով վերապահված բարեգործության իրավունքը.

(3) «Մոռանալով», որ ՄԱԿ-ի «Կրոնների և համոզմունքների հիման վրա անհանդուրժողականության և խտրականության բոլոր ձևերի վերացման հռչակագրի» (1981թ.) հոդված 6-ի բ) կետի համաձայն` խղճի ազատությունը ներառում է նաև բարեգործական կամ հումանիտար հաստատություններ հիմնելու իրավունքը:

բ) Ոչ պատշաճ դավանափոխություն է համարվում նաև «անձի կախվածության օգտագործումով» դրսևորվող դավանափոխության միտված «ցանկացած քարոզչական ներգործությունը».

(1) Նախ` անհրաժեշտ է, որ նախագծի հեղինակները ներկայացնեն այն մեխանիզմները, որոնց շնորհիվ հնարավոր կլինի ցույց տալ, որ դավանափոխությունը տեղի է ունեցել «անձի կախվածության օգտագործումով».

(2) Այդ պատճառով էլ, լիովին մերժելով կրոնի, խղճի և համոզմունքի հարցերում այլ շարժառիթներով առաջնորդվելու սկզբունքը, չենք կարող համաձայնվել բարոյականության հարցերը վարչական միջոցներով լուծելու առաջարկվող գործելակերպի հետ.

(3) Մանավանդ, որ նման մոտեցում չի կիրառվում կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների դեպքում, ինչը կարող է դիտվել որպես խտրականություն:

գ) Ինչ վերաբերում է պատժելի դարձող` «անձին երկու կամ ավելի անգամ հետապնդելու» թվաբանական արգելքին, ապա այն կարող է խոչընդոտել դեպրեսիայով և սուիցիդով տառապող մեր շրջապատի մարդկանց, էմոների և երիտասարդական նմանատիպ ենթամշակույթների հետևորդների, էքստրեմալ իրավիճակներում հայտնված հայրենակիցների հետ տարվող հետևողական աշխատանքի արդյունավետությանը:

դ) Անհրաժեշտ է ոչ պատշաճ դավանափոխության սահմանումից հանել նաև «տասնչորս տարին չլրացած անչափահասի նկատմամբ` առանց նրա ծնողների կամ խնամակալների համաձայնության» «դավանափոխ անելու նպատակով կրոնական բնույթի ցանկացած քարոզչական ներգործության» բաղադրիչը, որովհետև միտումնավոր, ոչ բարեխիղճ կամ ոչ կոմպետենտ քննության դեպքում որպես այդպիսին կարող են դիտվել կրթական գործընթացները, գիտա-մասսայական միջոցառումները կամ առօրեական զրույցները:

Խոսքը վերաբերում է, տիեզերքի և կյանքի ծագման մատերիալիստական տեսությանն ի հակառակ, գիտական-կրեացիոնիստական ուսմունքի ներկայացմանը, որը կարող է դերակատարություն ունենալ դեռահասների աշխարհայացքի ձևավորման գործում.

ե) Այսպիսով`

(1) ՀՀ Սահմանադրությամբ և միջազգայնորեն ամրագրված կրոնական կազմակերպությունների գործունեության սահմանափակումների կողքին (հասարակական անվտանգության, մարդկանց առողջության, բարոյականության կամ այլոց իրավունքների և ազատությունների պաշտպանության նկատառումներով)  օրենքի թիրախ է դառնում դավանափոխությունը.

 (2) Հայաստանյան հասարակության ողջ խայտաբղետ կրոնական դաշտի ամեն մի տեղաշարժ, վերոնշյալ 4 սահմանափակումներից բացի, ենթարկվելու է լրացուցիչ քննության` քրեական հետապնդման նպատակով:

զ) Ի դեպ, ս.թ. օգոստոսի 29-ին Արդարադատության նախարարության կայքում տեղադրված Տեղեկատվական կենտրոնի նորություններում, անդրադառնալով օգոստոսի 19-ին նախաձեռնված քննարկմանը, փորձ է արվել ոչ պատշաճ «հոգեորսության» դրսևորումների թվին «նյութական կամ սոցիալական բնույթի առավելության տրամադրման» կամ «կախվածության օգտագործման» դասումն արդարացնել «Կոկինակիսն ընդդեմ Հունաստանի» գործով Եվրոպական դատարանի որոշումով:  

Մինչդեռ, հիշյալ որոշման մեջ խոսքը գնում է կրոնական կազմակերպության անդամների հավաքագրման նպատակով նյութական կամ սոցիալական առավելությունների առաջարկման և կարիքի մեջ գտնվող մարդկանց նկատմամբ ճնշում գործադրելու մասին: Իսկ «հոգեորսության» ձևակերպումն Արդարադատության նախարարության նախագծերում ավելի մոտ է 30-ական թվականների վերջում դիկտատուրայի պայմաններում Հունաստանի Քրեական օրենսգրքում ավելացված հոդվածին:

Զարմանալի է, որ նախարարությունը ոլորտի օրինաստեղծության մեջ առաջնորդվում է, դավանափոխությունն արգելող եվրոպական թերևս միակ երկրի օրենսդրական չափանիշներով…

է) Այս ամենի փոխարեն մենք առաջարկել ենք հետևյալ ձևակերպումը.

« Հայաստանի Հանրապետությունում արգելվում է ոչ պատշաճ դավանափոխությունը , որն ուղեկցվում է անձի կամ նրա մերձավորի նկատմամբ ֆիզիկական կամ հոգեբանական բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով , այլ կրոնի կամ նրա հետևորդների , համոզմունքի կամ նրա կրողների , կրոնական կազմակերպության կամ նրա անդամների նկատմամբ թշնամանք հարուցելով կամ ատելություն հրահրելով »:

բ. Այժմ «Իրենց անդամների անձնական կյանքի, առողջության, սեփականության և վարքի վերահսկողություն» իրականացնող կրոնական միավորումների գործունեության արգելքի մասին.

1) Վերահսկողություն եզրը բազմիմաստ է (մի նշանակությամբ՝ իշխանության կիրառություն, մյուս նշանակությամբ՝ ստուգում, երրորդ նշանակությամբ՝ բարոյական կամ հոգևոր ներգործություն), հետևբար նրա իրականացումը բարոյական կամ հոգևոր ներգործության իմաստով չի կարող համարվել որպես մարդու իրավունքների և ազատությունների դեմ ուղղված գործունեություն:

2) Բացի այդ, անդամների «անձնական կյանքի կամ վարքի վերահսկողությունը» ձևակերպումը կարող է տարածվել ցանկացած քարոզչության վրա, քանզի ցանկացած քարոզ կամ առհասարակ մտքերի փոխանակություն ազդեցություն է դիմացինի գիտակցության, հնարավոր է ,  նաև` վարքի վրա.

3) Քրիստոնեական կազմակերպությունների դեպքում դա կարող է վերաբերել ապաշխարության և սրբացման քարոզությանը, որի էությունը մտածելակերպի փոփոխությունն է, ինչն իր հետքն է թողնում անձնական կյանքի և վարքագծի վրա:

Այն մասնավորապես կարող է առնչվել նաև հոգևոր-եկեղեցական պրակտիկայում կատարվող խոստովանության հետ (Աստվածաշունչ, Հակոբոսի ուղերձ 5.16), ինչն անգամ ընդունվում է ներկայացված փաթեթում:

4) Առողջության «վերահսկողության» պարագայում այն կարող է վերագրվել Աստվածաշնչական աղոթքի և ծոմապահության, հավատքով բժշկության վարդապետությունների քարոզչությանը, իսկ սեփականության «վերահսկողության» դեպքում`  գործնական բարեպաշտության և բարեգործության քաջալերմանը:

գ. Կրոնական բնույթի սահմանափակումները.

1) Քննարկվող նախագծերում 25-ից ավել անդամներ ունեցող, սակայն չգրանցվող  կրոնական միավորումները զրկվում են իրենց անդամների հոգևոր-կրոնական կարիքների բավարարման իրավունքից, ինչը երաշխավորված է ՀՀ Սահմանադրության հոդված 26-ում և անգամ մեջբերված նախագծերում:

Այսպիսով, կրոնական ազատության իրավունքը չի տարանջատվում իրավաբանական անձի կարգավիճակի հետ կապված իրավունքներից:

2) Հակառակ սեփական հավատքը համատեղ դավանելու և տարածելու սահմանադրական դրույթին և առաջարկվող նախագծերում դրանց արտացոլմանը` նախկինի նման կրոնական կազմակերպությունների գործունեությունը թույլատրվում է իրենց անդամ հանդիսացող քաղաքացիների խնդրանքով.

3) Նման սահմանմափակում դրվում է նաև կրոնի ուսուցման խմբերի ստեղծման հարցում:

3. Նոր խնդիրների հարուցումը.

ա.Եկեղեցի անվանման սահմանափակումը

1) Խնդրո առարկա նախագծերում Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցուց բացի այլ կրոնական կազմակերպությունները եկեղեցի չեն կոչվում.

2) Հակառակ այն բանին, որ գործող օրենքում «եկեղեցական ու կրոնական համայնքներ» եզրույթների  գործածումը թույլ է տրվում .

3) Իրականում անընդունելի է, որ Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի, միջազգային (այդ թվում` եկեղեցական) կազմակերպությունների կողմից ընդունված եկեղեցիները (օրինակ` կաթոլիկ, ուղղափառ, ավետարանական և այլն) որպես այդպիսիններ չճանաչվեն Հայաստանի Հանրապետությունում:

բ. Իրավունքների ցանկի փոքրացումը.

1) Նախարարության ներկայացրած նախագծերում փորձ է արված` կրոնական կազմակերպությունների իրավունքների ցանկից հանելու գործունեության ձևեր, որոնք նրանց վերապահված են անգամ «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» գործող օրենքով (բարեգործությամբ զբաղվելու, զանգվածային լրատվամիջոցներից օգտվելու, հրատարակչական գործունեություն ծավալելու և այլն).

2) Բարեգործությունը կրոնական քարոզչության հետ զուգակցելը «հոգեորսություն» դիտելով և կրոնական կազմակերպություններին այդ առաքինությունից լիովին ձերբազատելով` նախագծերի հեղինակները նրանց զրկում են նաև օտարկերկյա պետություններից, ֆիզիկական և իրավաբանական անձանցից նվիրատվություններ ստանալու իրավունքից.

ա) Վերոնշյալ սահմանափակումը Հայստանի Հանրապետությունում կրոնական կազմակերպություններին համարյա թե դնում է կուսակցությունների կողքին` հակառակ հասարակական կազմակերպությունների նկատմամբ վերաբերմունքին, ինչը կարող է դիտվել որպես խտրականություն:

Մինչդեռ, Կրոնի և դավանանքի օրենսդրության վերլուծության վերաբերյալ հանձնարարականներում (հաստատված ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի կողմից 2004թ. հուլիսի 5-9, II մասի K.1 կետ) պահանջվում է. «Իրավական նորմերը պիտի մշակվեն այնպես, որպեսզի չլինեն խտրական».

բ)  Կրոնական կազմակերպությունների նկատմամբ այս խտրականությունը, չխոսելով Հայաստանում գործող այլազգի քրիստոնեական եկեղեցիների մասին, կարող է վանող ազդեցություն ունենալ նաև զգալի թվով սփյուռքահայ հայրենակիցների և իրավաբանական անձանց համար:

Նրանց մի կողմից` հայրենի կառավարությունը ջանում է ներգրավել Հայաստանյան և համահայկական ծրագրերի իրականացման մեջ (անգամ խոսք է գնում երկպալատ խորհրդարանի ստեղծման մասին` վերին պալատում  սփյուռքահայ գործիչների ընդգրկման նպատակով): Մյուս կողմից` անվստահություն ցուցաբերելով, արգելք է հարուցվում Հայաստանի կրոնական-հոգևոր կյանքի զարգացմանն ավանդի բերման համար: Փաստորեն, նաև` աղետների դեպքում անհրաժեշտ մարդասիրական օգնության ցուցաբերմանը.

գ) Բացի այդ, մի կողմից` սույն փաթեթում երաշխավորվում է այլ երկրների կրոնական կազմակերպությունների հետ կապերի հաստատումը:

Մյուս կողմից` սակայն, Հայաստանի կրոնական կազմակերպությունները վերոնշյալ խտրական արգելքի պատճառով չեն կարող ամբողջությամբ իրականացնել այդ իրավունքը և «իրենց հավատացյալներին գործուղել արտասահման` ուխտագնացության, ժողովների և կրոնական այլ միջոցառումների մասնակցելու, ինչպես նաև ուսման կամ հանգստի նպատակով»` հյուրընկալող կազմակերպությունների նվիրատվությամբ:

Էլ չենք խոսում վերոհիշյալ արգելքի դեպքում Աստվածաբանական-Աստվածաշնչական, հումանիտար հետազոտությունների, մեր ժողովրդի ճանաչողության և նրա պատմության լուսաբանման, կրթական և բազմաթիվ այլ նախագծերի համատեղ իրականացման անհնարինության մասին:

գ. Պետության և կրոնական կազմակերպությունների հարաբերությունների, կրոնական կազմակերպությունների գործունեության նկատմամբ վերահսկողության մասին.

1) Փաթեթում անիրավացիորեն տեղ չեն գտել գործող օրենքի «Կրոնական կազմակերպությունների և պետության հարաբերությունները» գլխի հետևյալ հոդվածները, որոնք առաջարկում ենք վերականգնել.

- «Պետությունն իրավունք չունի քաղաքացուն հարկադրել դավանելու այս կամ այն կրոնը» /գործող օրենքի հոդված 17-ի ա) /.

- «Պետությունը չի ֆինանսավորում ինչպես կրոնական կազմակերպությունների գործունեությունը, այնպես էլ աթեիզմի քարոզչությունը, միևնույն ժամանակ կրոնական կազմակերպությունների անդամներին ու սպասավորներին վերապահում է հասարակական ու քաղաքական կյանքին մասնակցելու իրավունք` այլ քաղաքացիների հետ համահավասար» /գործող օրենքի հոդված 18/.

- «Գործող օրենսդրությամբ նախատեսված բոլոր քաղաքացիական պարտականությունները տարածվում են նաև կրոնական կազմակերպությունների հավատացյալ անդամների վրա` այլ քաղաքացիների հետ համահավասար:

Քաղաքացիական պարտականությունների և կրոնական համոզմունքների հակասության առանձին դեպքերում քաղաքացիական պարտականությունների կատարման հարցը կարող է լուծվել այլընտրանքային սկզբունքով` օրենքով նախատեսված կարգով համապատասխան պետական մարմնի և տվյալ կրոնական կազմակերպության փոխադարձ համաձայնությամբ» /գործող օրենքի հոդված 19) /.

- «Պետությունն իր վրա է վերցնում կրոնական նշանակություն ունեցող պատմական հուշարձանների պահպանությունը` անկախ նրանց պատկանելությունից» /գործող օրենքի հոդված 21/.

- «Պետության և կրոնական կազմակերպությունների սույն օրենքով չկարգավորված հարաբերությունները կարգավորվում են պետության և համապատասխան կրոնական կազմակերպությունների վարչությունների համաձայնությամբ» /գործող օրենքի հոդված 23-ի վերջին պարբերություն /:

2) Պետության և կրոնական կազմակերպությունների հարաբերությունները կարգավորող կառավարության լիազոր մարմնի իրավասությունների ցանկին ավելացել է կրոնական կազմակերպության  գործունեության վերահսկողությունը.

ա) Մեր կարծիքով նման ձևակերպումը հակասում է «…Պետությունը` չի միջամտում եկեղեցու և կրոնական կազմակերպությունների` օրենքին համապատասխանող գործունեությանը և ներքին կյանքին» դրույթին.

բ) Դրա փոխարեն առաջարկել ենք 

«հետևում է կրոնական կազմակերպությունների գործունեության`  ՀՀ Սահմանադրությանը և օրենքներին համապատասխանությանը» ձևակերպումը.

գ) Անհրաժեշտ ենք համարում «Խղճի և կրոնական ազատությունների մասին» օրենքի նախագծի Կրոնական կազմակերպության գործունեության հրապարակայնության մասին հոդվածում հստակեցնել, որ տարեկան գործունեության նկարագրության, ծրագրերի անվանումների ու վայրերի տեղեկատվության պահանջը վերաբերում է նրան` որպես իրավաբանական անձի:

3) Ընդհանրապես նախագծի հեղինակների ուշադրությունը հրավիրում ենք փոփոխվող և լրացվող` թե' Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի հոդվածներում պարունակվող բարձր տուգանքների (նկատի առնելով նաև մեր երկրի ազգաբնակչության մեծ մասի ցածր կենսամակարդակը), թե' Քրեական օրենսգրքի հոդվածներով նախատեսված անհամաչափ պատժաչափերի վրա:

ա) Ելնելով այս ամենից` նպատակահարմար ենք համարում ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի նախագծից հանել առաջարկվող փոփոխությունները և հոդվածները`

- կրոնական միավորման գրանցումից խուսափելու,

- դավանափոխ անելու նպատակով հետապնդելու կամ նյութական ու սոցիալական առավելություններ տրամադրելու,

- իրենց անդամների անձնական կյանքի, առողջության, սեփականության և վարքի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու,

- նվիրատվություններ ստանալու մասին.

բ) Ինչ վերաբերում է Քրեական օրենսգրքի փոփոխություններին, ապա գտնում ենք, թե անհրաժեշտ է  հանել «հոգեորսության» մասին հոդվածը և բավարարվել  արդեն եղած հետևյալ հոդվածներով`

- 112.12), 113.7), 119.7)` առողջությանը կրոնական շարժառիթով վնաս պատճառելու,

-     162, 185.2.4)` անձանց իրավունքների դեմ կրոնական շարժառիթով ոտնձգություններ կատարելու,

- 226, 265.2.2)` կրոնական թշնամանք հարուցելու մասին:

 

Գ. Համազգային նվիրաբերման հրամայականը.

1. Երախտավորների միասնության դասերը.

ա. Անգամ միջնադարում.

1) Մեր հոգևոր մեծարելի հայրերը՝ Ներսես Շնորհալին և Ներսես Լամբրոնացին, ինչպես նաև նրանց հետևորդներ Վարդան Այգեկցին, Մխիթար Գոշը, Եսայի Նչեցին, մի քանի դար առաջ կանխելով էկումենյան շարժումը, տանում էին դավանաբանական հանդուրժողականության և քրիստոնեական եկեղեցիների միավորման գիծը.

2) Ըստ Ներսես Շմորհալու, երբ տարբեր եկեղեցիներ ընդունում են քրիստոնեական հավատի հիմնական ճշմարտությունները, ապա հակառակ նրանց երկրորդական տարբերություններին, գտնվում են ուղղափառության սահմանի մեջ։

3) 11-րդ դարում Գրիգոր Մագիստրոս Պահլավունին գրում է, որ հակառակ «աղվեսադրոշմ» դնելու հայկական կանոնական օրենքին՝ չի գնացել մարմնական պատիժներ կիրառելու ճանապարհով։

բ. Նոր ժամանակներում.

1) 19-րդ դարի հայ մեծ լուսավորիչ Ստեփանոս Նազարյանցն իր «Վարդապետարան կրոնի» գրքույկում նշում է. «…Պարտական է քրիստոնյան պատվիլ և հարգիլ յուր ընկերի կրոնական հավատը, թե' նրան մասնակից լիներ, և թե' ոչ…»: Հետագայում իր հրատարակած «Հյուսիսափայլ» ամսագրում գրում է. «Մեր լուսավորական քրիստոնյան, դառնալով պրոտեստանտացած քրիստոնյա, այնուամենայնիվ, մնում է մեր եղբայրը` թե' ազգաբար, և թե' քրիստոնեաբար. ազգաբար, ըստ որում հայկական արյունը չի փոխվում երակների մեջ… քրիստոնեաբար` ըստ որում Քրիստոս պատկանում է պրոտեստանտին…»:

2) Դոցենտ Ռազմիկ Սահակյանը գրում է, որ Ստ. Նազարյանցը, վկայակոչելով գերմանական ռեֆորմացիան, նշում է, թե կաթոլիկությունը և բողոքականությունը Գերմանիայում չեն խանգարում գերմանացիների «հայրենասիրությանը, նոցա ազգային առաջադիմությանը, քաղաքական միաբանությանը, մատենագրության բարգավաճանքին»:

Ռազմիկ Սահակյանը ավելացնում է նաև, որ «իր լուսավորական հավատամքին հարազատ մնալով` Ստ.Նազարյանցը հայերին կոչ է անում հրաժարվել կրոնական անհանդուրժողականությունից, եղբայրաբար բուժել ազգի վերքերը, որովհետև ազգը պատկանում է և' լուսավորչականին, և' կաթոլիկին, և' բողոքականին: Նա համարում էր, թե նրանք երեքն էլ իրենց դրոշի վրա պետք է արձանագրեն երեք բառ… «եղբայրասիրություն, հայրենասիրություն, միաբան անձնազոհություն հասարակաց հայրենիքի համար»»:

3) Մեծ հայրենասերը, հանդես գալով դավանանքի ազատության և հանդուրժողականության պահանջներով, հայկական գերեզմանատանը ավետարանականին թաղելու արգելքը անվանում է «ֆանատիկոսության մաշող թույն»։

Դավանական նախապաշարումների հաղթահարման կողմնակից է եղել նաև հայ դասական Րաֆֆին։

 

 

գ. Բարեփոխումների անհրաժեշտությունը մեր օրերում.

1) 1999թ. հրատարակված Խաչիկ Ղազարյանի «Բարենորոգչական նախաձեռնությունները Հայ Առաքելական եկեղեցում….» գրքում բարձրացվում են պաշտամունքների լեզվի, նրանցում ծխական համայնքների մասնակցության, քարոզի, հոգևորականության բարեփոխման, կուսակրոնության, հոգևոր կառավարման հետ կապված և այլ խնդիրներ:

Դա էր նաև Ստեփանոս Նազարյանցի երազանքը. «Հայոց եկեղեցին պիտո է մի ռեֆորմ առներ…  ժողովուրդը, ճանաչելով քրիստոնեական իսկությունը, շինվելով և հաստատվելով ավետարանական խոսքի վրա, այնուհետև ոչ մի հայ տեղիք ունենալու չէր` վազելու յուր եկեղեցուց դեպի մյուս եկեղեցի»:

Մեր օրերում լայնախոհության մի արտահայտություն է այն, որ Հայ Առաքելական Եկեղեցին մասնակցել է Արևելյան Ուղղափառ և Բարեկարգյալ Բողոքական Եկեղեցիների Համաշխարհային Միության ներկայացուցիչների հանդիպումներին, որոնցից վերջինը տեղի է ունեցել 1999-ին Դամասկոսում:

2) Մեջբերենք նաև Հայաստանի Հանրապետության Նախագահի` 2008թ. սեպտեմբերի 24-ին ամերիկահայության ընդունելությանն ունեցած ելույթից մի քանի հատված.

-   Հայի ինքնությունը… պետք է հրաժարվի լեզվական, կրոնական, մշակութային, կուսակցական կամ գաղափարական տարանջատումներից.

-   Հայկական ինքնությունը պիտի լինի մարդակենտրոն, ազատակենտրոն ու իրավակենտրոն.

-   Յուրաքանչյուր հայ պետականության կրողն է, իսկ բոլորս միասին այն կերտողները.

-   Հայկական բազմազանության շաղախը հանդուրժողականությունն է,

-   Միասնականությունը մեզ այսօր պետք է առավել, քան երբեք…

3) Հայաստանի քրիստոնեական ապագայի տեսիլքն ունեցողները չպիտի խուսափեն` Հայ Առաքելական Եկեղեցու կողքին տեսնելու նրա դաշնակիցներին՝ Ավետարանական ընտանիքի հայ քրիստոնյաներին։ Նաև պիտի չխորշեն այնպիսի ընդհանուր խնդիրների իրականացմանը միտված համագործակցությունից, ինչպիսիք շարադրված են Արամ Ա կաթողիկոսի ուղերձում Հայ Ավետարանական եկեղեցու 150-ամյակի առթիվ. «Ավետարանի քարոզությունը, կրոնական դաստիարակության տարածումը, հայ հոգեմտավոր արժեքների ծավալումը, Հայրենիքի ու Արցախի հզորացումը, հայ ժողովրդի բռնաբարված իրավունքների հետապնդումը, իր ազգային միասնականության ամրացումը…»։

2. Կանգնած ընդհանուր մարտահրավերների առջև.

Իրականում Հայաստանյայց Առաքելական և Ավետարանական եկեղեցիները կանգնած են նույն մարտահրավերների առջև:

ա. Հասարակության բարոյական գիտակցության անկումը:

1) Այսօր բռնությունը տիրում է անգամ ներընտանեկան հարաբերություններում (այդ մասին լավ է ասված մանկավարժագետ Սերգեյ Մանուկյանի ձեռնարկում): Ծնողամեծար և որդեսեր, ավանդապահ հայ ընտանիքը ցավալիորեն դեֆորմացվում է, ինչը «հաստատագրված է» «բարեփոխված» Սահմանադրության 35-րդ հոդվածում (նրանում նշվում է կնոջ և տղամարդու ամուսնության իրավունքի մասին` առանց հստակեցնելու, որ այն դաշինք է հենց տղամարդու և կնոջ միջև):

2) Կրթական համակարգում խզվում է սերունդների միջև եղած կապը:  Իներցիայով գործում է միայն աշխարհի հանդեպ մատերիալիստական հայացքների ներկայացման մենաշնորհը: Մինչդեռ աշխարհով մեկ լայն թափ է ստացել գիտական-կրեացիոնիստական շարժումը, որի տարածմանը Հայաստանում անհրաժեշտ է լուրջ ուշադրություն դարձնել և մեր ջանքերը մեկտեղել:

Կրթության նախարարության «ջանքերով» և Ազգային Ժողովի որոշմամբ հանրապետությունում այսուհետև լավագույն հնարավորություններով կօժտվեն օտարալեզու ուսուցմամբ դպրոցները` շնորհալի աշակերտներին արդեն պատանեկան տարիքից ազգային մտածողության արմատներից կտրելով,     կարիերայի համար նրանց օտար մշակույթների հետ կապելով և մեր ոսկեղենիկ մայրենին ժամանակակից մասնագիտական տերմինաշինության համար փակ պահելով:

3) Երիտասարդության շրջանում տարածվում են դիվային ծագում ունեցող «ենթամշակույթները», որոնք իրենց հերթին նպաստում են ինքնասպանությունների թվի աճին:

4) Հեռուստահաղորդումներում անարգվում են անգամ ազգային հերոսները, իսկ անբարոյականությունը մատուցվում է հումորի պնակով:

Միաժամանակ կրոնական անհանդուրժողականության թեմային խորհրդային ժամանակների ոգով, ասես նույն խմբավարի առաջնորդությամբ, ձայնակցում են համարյա բոլոր հեռուստաընկերությունները:

Հասարակական կարծիքի ձևավորման գործում կործանարար դերակատարություն են ունենում ինֆորմացիոն մեքենայությունները…

5) Կոռուպցիան բարգավաճում է, օրինականությունը` վերանում, ապագայի նկատմամբ հիասթափությունը` խորանում, իսկ արտագաղթի ճանապարհին հայտնվողների թիվը` գնալով ստվարանում…

6) Ի տես այս ամենի` մեր օրերի հայ մրցանակակիր գրողներին բնորոշ է դառնում էրոտիկան, գռեհկաբանությունն ու հայհոյախոսությունը, դևերգությունն ու քրիստոնեատյացությունը:

Մի քանի մեջբերում անենք ընդամենը` խնայելով ընթերցողին.

ա) «…Դեռևս Սովետական Միությանը պատկանող բնակարանիս մի մասը… որոշել էի հենց այնպես տալ երեք սիրառատ ուսանողների, որ աղջիկ չգտնելով սիրո համար, աստվածաբանության մի այլ ուսանողի հետ տրվում էին գիջության»…

բ) «21-րդը - դարն է սատանայի'…»:

«Այս մարդը, քառորդ դար տարբերությամբ, լոկ երկու անգամ իմ տունն է մտել,- ու մտնելուն պես, մեծ արագությամբ, զուգարան վազել - ու …

ժամերով նստել:

Ուրիշի տա՞նն է ------ը գալիս,

թե զուգարանն է խնայում իր տան…»:

գ) «Գրիգոր Լուսավորի՞չ, թե՞ Խավարիչ».

«Քրիստոսը ծնվել է Մարիամից և պատմությանն անհայտ հորից… Մարիամին, որ ապօրինի հղիացել էր, սպասվում էր ժողովրդի քարկոծումը… Մարիամը լավ գիտեր իրեն սպասվելիք պատիժը և համաձայնվում է Հովսեփի առաջարկությանը… Ծնվում է Քրիստոսը, որից հետո սկսվում է Նրա  ոդիսականն օտարության մեջ»…

Ողբերգությանն այս  ականջալուր` մնում է մեծ բարեխոսի նման  խոստովանենք.

«Քեզնից ստացած արժանիքներն ու բարիքներն այդ ողջ…

Վնասապարտս փոխարինեցի

Անթիվ այլազան ու բազմապիսի անօրենության:

Այլև մարմնական, հոգեկան բոլոր

Ախտ ու կրքերով տոգոր բազմածուփ

Երկրաքարշ հույզ ու մտորումների…

Իմաստությունն իսպառ մոռացած

Ու սիրահարված խելահեղության…»

բ. Քրիստոնեատյաց շարժումների արշավանքը.

1) Մինչ մենք` քրիստոնյաներս, թուլացնում ենք միաբանությունը, հասարակական գիտակցության վրա արշավում են քրիստոնեատյաց շարժումները` այսպես կոչված «նոր դարաշրջանը» և սատանապաշտությունը, ինչի մասին ի թիվս այլոց (Վարդան Ասցատրյան, Խաչիկ Ստամբոլցյան և ուրիշներ), ես նույնպես ահազանգել եմ («Կրոն և հասարակություն» ամսագրի 5-րդ համար):

2) «Նոր դարաշրջանը» հանդես է գալիս որպես համաշխարհային միասնական կրոն` փոխարինելու քրիստոնեությանը, որի ձևավորման ազդակներից են օկուլտիզմը, արևմտյան նյութապաշտության հարմարեցումն արևելյան փիլիսոփայություններին, Ե.Բլավատսկայայի թեոսոֆիական դպրոցը և այլն: Այն իր առջև խնդիր է դրել իրականացնել «գլոբալ մաքրագործումներ», ոչնչացնել «իրենց զարգացման մեջ փակուղու հասած» հոգիներին, որ նույնն է` «քաղցկեղային մարդաբջիջներին»` որպես «տիեզերական աղբ»: Այդ նպատակով 1986 թվին ստեղծվել է Միավորված կրոնների կազմակերպությունը` հասնելու նոր աշխարհակարգի, գլոբալ քաղաքակրթության և համաշխարհային կառավարության ձևավորմանը:

3) Սատանայական «եկեղեցին» 1966 թվին հիմնվել է Սան-Ֆրանցիսկոյում: Նրա պաշտամունքի գլխավոր գրավականը ծիսական սպանությունը և անմեղ զոհերի արյան հեղումն է, որի հետ կատարվող մոգական գործողությունները կոչվում են «սև պատարագ» (ի դեպ, տարիներ առաջ ծիսական սպանություն կատարվեց նաև Երևանում, որի մասին գրվեց մամուլում): Սատանայապաշտական սկզբունքներից են մարմնական ցանկությունների անսահմանափակությունը և վրեժը ներման փոխարեն, իսկ տոներից` «Հելոուինը», երբ մարդիկ հագնվում են իրենց հանգուցյալների նման և նվիրատվություն խնդրում: Սատանիստների երեկոներն անցնում են «ծանր մետաղի» երաժշտության տակ` խառը կենակցություններով սատանային փառաբանելով:

Պետք է ասել, որ այս մասին Ալեքսանդր Ամարյանի հետ միասին մենք մի հաղորդաշար ունեցանք «Ավետիս» հեռուստատեսությամբ, որից հետո, ցավոք, մեր համագործակցությունը դադարեց մինչ այժմ:

Իսկ «Քայքայիչ աղանդներից տուժածների վերականգնողական կենտրոնի» ղեկավարը, որն ի դեպ Հայաստանում թերևս ամենամեծ գրադարանն ունի այդ ուղղությամբ և կարող է շատ օգտակար լինել, վերջին ամիսներին, ավա~ղ, զբաղվում է ավանդականներին հանրության առջև «աղանդական» պիտակներ կպցնելով…

գ. Ձևապաշտություն` բարեպաշտության փոխարեն.

1) Բարոյա-հոգևոր այս աննախանձելի իրավիճակում ազգաբնակչության գերակշիռ մասը մնում են անվանական քրիստոնյաներ, ովքեր հեռու են ավետարանական արժեքների կենսագործումից (նման Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին, ով իր հավատացյալ լինելու մասին հարցին ի պատասխան` ասել էր. «Ես ուղղափառ աթեիստ եմ…»):

2) Այդքանից հետո առնվազն տարօրինակ է հնչում Շմավոն քահանայի խոսքը «Հ2»-ի նշված հաղորդման ժամանակ, թե հայերս գենետիկորեն ենք քրիստոնյա դառնում: Ի հավելումն սրա` Ավետարանի սպասավորն իր վրդովմունքն է հայտնում, թե Հայաստան եկող հոգևոր գործիչները նկատի պիտի առնեն, թե «ո՞ր երկրում են  քրիստոնեություն տարածում»:

3) Այս կապակցությամբ ուզում եմ հայտնել երեք նկատառում.

ա) Արժանապատիվ հորը գերազանց հայտնի է, թե համաձայն Նոր կտակարանի ուսմունքի` մարդը երբեք գենետիկորեն քրիստոնյա չի դառնում (դրա մի ապացույցն է Մաթևոս 3.9,10-ի հատվածը. «Եվ մի' հավակնեք ասել… Աբրահամը մեր հայրն է… Ամեն ծառ, որ բարի պտուղ չի տա, կտրվում է…»).

բ) Անկասկած, հայ ժողովուրդը մեծ առավելությունն է ունեցել` քրիստոնեությունն աշխարհում առաջինը պետականորեն ընդունելու, սակայն դարերի ընթացքում տեղի է ունենում անվերջ սերնդափոխություն, և Եկեղեցու առաքելությունն է մասնավորապես յուրաքանչյուր սերնդի համար հռչակել Ավետարանի քարոզությունը` ժամանակի մշակութային և հասարակական իրողություններին համապատասխան.

գ) Ինչ վերաբերում է արտասահմանյան քրիստոնյա սպասավորների գործունեությանը մեզանում, ապա Հայ Եկեղեցին կարող է մեր ժողովրդի համար շահեկան կերպով նրանց հետ համագործակցել:

3. Նոր զարթոնքի հավատով.

Եվ այնուամենայնիվ, նոր զարթոնքի լավատեսությամբ ուզում եմ հնչեցնել տերյանական կոչը.

«Նոր օր է բացվում ազգերի համար,-

Իմ հայրենիքում տիրում է գիշեր…

-Զարթե'ք, վե'ր ելեք կենդանի ուժեր: »

ա. Բարեխոսական աղոթքի կանգնելով.

1) Տարիներ առաջ Շմավոն քահանա Ղևոնդյանը «Շողակն Արարատյան» թերթում տպագրած «Օրհներգ սիրո» իր սքանչելի հոդվածում մեջբերում էր արել համակենտրոնացման մի ճամբարի քրիստոնյա տառապյալի աղոթքից, որով խնդրվում էր Բարձրյալից` դահիճների հատուցման ժամանակ հանցանքները հավասարակշռելու նրանց համար բարձրացված բարեխոսական աղոթքի նժարով:

Արժանապատիվ հոր մեջբերած լուսեղեն այս խորհուրդը բխում է բարեխոսության աստվածաշնչական վարդապետությունից, որի համաձայն Ինքնիշխան Աստվածն Իր բազուկը շարժում է` ի պատասխան բարեխոսական աղոթքների (Եզեկիելի մարգարեություն 22.30` «Նրանց միջից մի մարդ փնտրեցի, որ ուղիղ ընթանար, զայրույթիս պահին առջևս հոժարակամ կանգներ… »):

2) Աստված այսօր էլ է փնտրում բարեխոսների: Եվ պատահական չէ, որ ռուս քրիստոնյա-փիլիսոփան ասել է. եթե Երկրի վրա հնչեց Աստծու հարցումը եղբայրասպան Կայենին` «Ո՞ւր է քո Աբել եղբայրը», ապա Վերին ատյանում նաև արդար Աբելին կուղղվի նույն հարցումը` « Ո՞ւր է քո Կայեն եղբայրը»:

3) Այսօր ժամանակն է, որ ի հակառակ Եհովայի վկաների` ճշմարտադավան բոլոր գործիչներս, անկախ հարանվանական տարբերություններից, միասնաբար կարողանանք կանգնել բարեխոսական աղոթքի, որպեսզի կատարվի Եսայու մարգարեության 62.7-ը. «Ձեր նմանը չի լինի, երբ Նա վերստին ուղղի և Երուսաղեմը դարձնի պարծանք Երկրի վրա»:

բ. Աստծու սիրող սրտին մասնակից դառնալով.

1) Բարեխոսության պատասխանատվությունը մեր ստանձնելուց առաջ Աստված նախ` փնտրում է Իր հայրական սիրող սրտին հաղորդ առաջնորդների (Երեմիայի մարգարեություն 3.15` «Իմ սրտին հաճելի առաջնորդներ կտամ ձեզ. թող նրանք իմաստությամբ հովվություն անեն…»):

2) Հայ Առաքելական եկեղեցու սպասավորների հետ միասին Ավետարանական ընտանիքի քարոզիչներս ունենք սիրո նույն աստվածաշնչական տեսիլքը:

ա) Սակայն սիրո սուրբգրային բնութագրումն անբաժանելի է անձնազոհությունից: Այդ է պատճառը, որ Մաթևոսի Ավետարանի 13-րդ գլխում Աստվածորդին պատկերված է որպես «արտում աշխատող մշակ», Ով մեր հավաքականությունը խորհրդանշող  թանկարժեք գանձը գտնելու համար Իր մարդեղությամբ և խաչի մահվամբ ողջ ունեցածն է «վաճառում»:  

բ) Հետևաբար, Հովհաննու հայտնության 19-րդ գլխում հաղթանակած Հիսուս Քրիստոսի բոլոր պսակներից լավագույնը, հավանաբար,  արքայական թագին փոխարինած խաչելության  փշե պսակն է դառնում: Եվ սիրո գողգոթյան զոհաբերության խորխորատը փառաց ամենամեծ բարձունքին է վերածվում:

գ) Խաչյալ Հիսուսի սիրո մագնիսն, ահա, դարեր շարունակ միլիոնավորների է Իրեն ձգում: Անգամ Նապոլեոնն է ասել, թե ի հակառակ Կեսարի, Մակեդոնացու ու իրեն, որ իշխանությունը հիմնել են սրի վրա, Հիսուսինը սիրո վրա է հաստատվել: Սրի վրա հիմնված իշխանությունը շուտով դադարում է գործել, մինչդեռ Հիսուսի սիրո բանակի շարքերը մշտապես շարունակվում են համալրվել:

3) Այսպիսով, մեզ` հոգևոր դաշտի գործիչներիս, հրաժարվելով միմյանց օտարումից և մնալով երկրորդական հարցերում մեր ազատության մեջ (ինչի մասին դեռևս Օգոստինոս և Ներսես Շնորհալի հայրապետներն են ասել), մնում է արձագանքել մայր Թերեզայի հետևյալ ասույթին. «Բոլոր չարիքների արմատը էգոիզմն է, ամենանենգ զգացմունքը` ատելությունը, ամենալավ նվերը` ներելը, ամենալավ դեղը` օպտիմիզմը, ամենալավ բավականությունը` պարտքի կատարումը, ամենահզոր ուժն աշխարհում` հավատքը, ամենամխիթարիչ պարգևը` հույսը, միակ ռեալականությունը` սերը»…

գ. Սիրո քաղաքակրթության դրոշը բարձրացնելով.

1) Թույլ տվեք կրկնել «Կրոն և հասարակություն» ամսագրի 5-րդ համարում զետեղված հոդվածիս հորդորը, թե Հայոց տանը հանդուրժողականության, սիրո և միավորման մթնոլորտ ստեղծելու նպատակով նախ` անհրաժեշտ է վերականգնել Քրիստոսի Եկեղեցու ամբողջական հաղորդակցութունն ու համագործակցութունը (Ի դեպ, ներկայիս Ամենայն Հայոց Կաթողիկոսը դեռևս Արարատյան թեմը ղեկավարելիս մեզանում առաջինը վերապատվելի Ջամբազյան եղբայրների հետ միասին նախաձեռնեց էկումենիկ ժողով Երևանում)։

ա) Եկել է 1969թ. Վազգեն Ա հայրապետի ձեռնարկած մերձեցման և գործակցության շարժումը շարունակելու, երկխոսությունը վերսկսելու, Կ.Պոլսի պատրիարք Մատթեոս Չուխաճյանի 1846թ. և հետագայում Ամենայն Հայոց Կաթողիկոսի կարգավիճակում 1861թ. բանադրանքները վերցնելու ժամանակը (Նշենք, որ ամիսներ առաջ Կ.Պոլսի ներկայիս պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հայկական մի հեռուստաալիքով խոսում էր Հայ Կաթողիկե և Ավետարանական եկեղեցիների հետ գոյություն ունեցող ներկայիս բարեկամական հարաբերությունների մասին):

բ) Անհրաժեշտություն է առաջացել Հայաստանում ունենալու գոնե ԱՊՀ երկրների Քրիստոնեական միջհարանվանական խորհրդատվական կոմիտեի անալոգը, որին Հայ Առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների կողքին տարիներ ի վեր պատիվ են ունենում մասնակցելու նաև Ռուսաստանի Դաշնության Բողոքական Եկեղեցիների Միությունների Խորհրդի բոլոր չորս խոշորագույն միավորումների մեր ռուս գործընկերները (Ի դեպ, նշված կոմիտեում դրսևորվել է ընտանիքի, մատաղ սերնդի դաստիարակության հարցերում միասնական մոտեցում):

Նշենք, որ  Ուկրաինայում վաղուց գործում է Համաուկրաինական Եկեղեցիների Խորհուրդը:

Բերենք այսպիսի համագործակցության հասունացման օգտին խոսող ևս մի քանի փաստարկ.

(1) Այս տարի Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ը, ով կոչ էր արել` հասնելու միասնական Սուրբ հաղորդության մասնակցությանը, Պապական Ակադեմիայի ղեկավար է նշանակել բողոքական նշանավոր գենետիկ գիտնական Արբեր Վերբերին.

(2) Կիրիլ պատրիարքը հայտարարել է, թե ԱՊՀ երկրների բողոքական եկեղեցիների հետ Ռուս Ուղղափառ եկեղեցին ունի շատ քրիստոնեական արժեքների ընդհանրություն և համագործակցություն.

(3) Դեռև 2005թ. Մայր Աթոռի դիվանապետը ՀՀ Վարչապետին առընթեր Կրոնի գործերի խորհրդին ուղղված իր նամակում նշել էր «Խղճի ազատության» օրենքի մեջ մասնավորապես հայ ավանդական եկեղեցիների հանգամանքն արտացոլելու մասին:

գ) Եկել է նաև Սփյուռքում երեք ավանդական եկեղեցիների համագործակցությունը զորացնելու, մահմեդականացած հայերին ձեռք մեկնելու ժամանակը:

Վերջինիս առիթով նշենք, որ եթե Թուրքիայում նրանց դարձը քրիստոնեության Հայ Առաքելական Եկեղեցու ծոցում այսօր քաղաքական խնդիրներ է առաջացնում, ապա ավետարանականության մեջ այն տեղի է ունենում առանց սրության։

2) Նիկիա-Կոնստանդնուպոլսական հանգանակն ընդունող Հայ Առաքելական, Կաթողիկե և Ավետարանական Ընտանիքի եկեղեցիներն ունեն դավանաբանական-արժեհամակարգային լուրջ ընդհանրություն (ինչ վերաբերում է Եփեսոսի III տիեզերաժողովում Տիրամորն Աստվածածին կոչելուն` ապա դրանում արտացոլվել է Հիսուս Քրիստոսի մեջ մարդկային և աստվածային բնությունների միության ընդունված դրույթը):

Այնպես որ, հասարակական ոլորտներում հոգևոր արժեքների ներդրման նպատակով նրանց օրգանական-ռազմավարական համագործակցությունն այլընտրանք չունի այլևս:

ա) Ընդգծենք, որ աստվածաշնչական արժեհամակարգում առաջին տեղում մարդու աստվածապատկեր արժեքն է դասվում: Դրան հետևում է նրա ներքին, բարոյա-հոգևոր գնահատականը և հետո միայն` շնորհները, դիրքը և կարողությունը:

բ) Մի առիթով հարցազրույցի ժամանակ ասել էի, թե ներկայումս Ավետարանական ընտանիքի շատ եկեղեցիներ համախմբված են այն գաղափարի շուրջ, որ մենք պիտի քարոզենք ոչ միայն Փրկության, այլ նաև` Արքայության Ավետարանը: Որովհետև Փրկության Ավետարանը գործ ունի անհատների հետ, մինչդեռ Արքայության Ավետարանի քարոզությունը քրիստոնեական արժեքները բերում է հասարակական կյանքի բոլոր ոլորտները:

2010թ. ապրիլի վերջին Երևանի Հայ Ավետարանական կենտրոնում տեղի ունեցավ «Կոչ բոլորին» շարժման մի համաժողով, որը քննարկում էր մասնավորապես ավետարանական արժեքների սոցիալականացման հարցը: Որպեսզի, ինչպես Լանդա Քոուփն է ասում, հոգևորը չզատենք նյութականից, փրկությունը` սոցիումից, հավիտենականը` ժամանակավորից, երկնայինը` երկրայինից, աստվածայինը` մարդկայինից:

գ) Այս առումով համառոտ ներկայացնենք հայեցակարգային մի քանի դրույթ.

(1) Հասարակության բարոյական մթնոլորտի վերափոխման նպատակով այսօր անհրաժեշտ է սիրո ջերմության հաղորդումն ու կարեկից հոգատարության դրսևորումը, սոցիալական լարվածության մեղմումը և ներհասարակական համերաշխության ուղղորդումը, այլադավանների հանդեպ հանդուրժողականությունը և բարեգործական մասշտաբային գործունեությունը, քաղաքացիական հասարակությունը բարու և արդարի վրա հիմնումը և սիրո թագավորության ընծայահեղման մեջ կյանքի իմաստի որոնումը.

(2) Եկեղեցին այսօր էլ իր կարևոր դերակատարությունն ունի ճշմարիտ սիրո վրա հիմնված ընտանիքի ինստիտուտի, մասնավորապես նորաստեղծ և բազմանդամ ընտանիքների պաշտպանության գործում.

(3) Քրիստոնեական արժեքներ կրողներս նաև կոչված ենք՝ ջատագովը լինելու մեր ոսկեղենիկ լեզվի, պահապանը` Հոգևոր Հայաստանի մշակութային հարուստ գանձերի, հաղթահարելու արտագաղթը, տերը դառնալու` մեր հող ու ջրի և ազգային այլ արժեքների.

(4) Անդրադառնալով մշակույթի բնագավառին հարկ է նշել, որ`

- կոչված ենք իրականացնելու Արարաչի հանձնարարականը` երկրային բոլոր համակարգերը ի շահ մարդկության օպտիմալ արդյունավետության բերելու.

- միաժամանակ մերժելու ենք գիտության և տեխնիկայի նվաճումների օգտագործումը` անհատի ներաշխարհը վերահսկելու, մարդու գիտակցության և ենթագիտակցության վրա ներազդելու և այլ նման նպատակների համար։ Այստեղից և համանման հարցերից էլ բխում է գիտական հետազոտության և բարոյական արժեքների ու սկզբունքների անխզելի կապի անհրաժեշտությունը.

- արվեստի մեջ կրկին անհրաժեշտ է հոգեզրկությունից վերադառնալ դեպի գեղագիտական իդեալը, բնազդների բավարարումից` դեպի սիրո վեհ զգացմունքը, «ռեֆլեքսավորված ագրեգատի» վերածված մարդուց` դեպի Աստծու պատկերը, ավերումից` դեպի մեր գոյության իմաստն ու կեցության նպատակները.

(5) Կրթության ոլորտում պիտի կարևորենք`

- մշակութային ժառանգության պահպանման ու հարստացման գործում սերունդների համագործակցությունը.

- ոչ միայն անհատի լիարժեք և ներդաշնակ, ինտելեկտուալ զարգացումը, ինչպես նաև կրթության ու գիտելիքի կիրառումը, այլև` կրթության առաջադիմականությունը՝ նշելով, որ այն պետք է ուղղորդված լինի մարդկանց ու ժողովուրդների, ռասայական, էթնիկ, կրոնական և սոցիալական խմբերի փոխըմբռնմանն ու համագործակցությանը, մերժելով բռնությունը, թշնամանքը, ատելությունն ու խտրականությունը և ուղղորդելով դեպի մարդասիրությունը.

- օկուլտիզմի ու նոր հեթանոսության, հակաքրիստոնեական գաղափարախոսության կրթական համակարգ թափանցման դիմակայությունը:

Կրթական համակարգում մատերիալիստական աշխարհայացքի մենաշնորհի պայմաններում այսօր վերստին հրամայական անհրաժեշտություն է դարձել քրիստոնեական ապոլոգետիկայի շարժման լայնորեն տարածումը, որը պետք է վեր կանգնի հարանվանական անջատականությունից:

 (6) Թեև՝ քրիստոնյաները տպագրության գյուտից հետո Աստվածաշնչի տպաքանակը ամենամեծն են դարձրել բոլոր մյուս հրատարակությունների համեմատությամբ, տպագրել են թերևս աշխարհում առաջին թերթը, ստեղծել առաջին լիամետրաժ ֆիլմը («Փրկության բանակի» կողմից), ռադիոհաղորդումներում գերակշիռ դիրք գրավել, սակայն հեռուստատեսության և ինտերնետի նկատմամբ կրավորական դիրք են բռնել՝ նրանց ապակառուցողական տեղեկատվության պատճառով։

Մինչդեռ, լրացնելով բաց թողածը, վաղուց անհրաժեշտ է գնալ հոգևոր-ճանաչողական-կիրառական առումով առավել որակյալ հեռուստածրագրեր, կայք-էջեր և ֆիլմեր ստեղծելու ճանապարհով.

(7) Գործարարությունն անհրաժեշտ է դիտել ոչ միայն որպես եկամուտ վաստակելու միջոց, այլ մանավանդ` որպես արժանապատիվ կենսամակարդակ ապահովելու, սրտի բարությունը դրսևորելու, հասարակության կարիքներին բավարարություն տալու, աղքատության վերացման, այլոց աջակցելու, ազգային պարտքը վերացնելու  հնարավորություն.

(8) Անդրադառնալով պետության հանդեպ նաև եկեղեցու պատասխանատվությանը` դաս կարող ենք քաղել  Գարեգին Ա կաթողիկոսի հետևյալ խոսքից. «…Որտեղ կա անարդարություն, բռնություն, խտրականություն, Եկեղեցին չպետք է շեղվի իր կոչումից, պնդելով, թե դա… չի վերաբերում հոգևոր ոլորտին»։

Ռ. Պապայանն իր «Արդի իրավունքի քրիստոնեական ակունքները» գրքում գրել է, թե մարդու արժանապատվության ցանկացած ոտնահարում վերաբերում է հոգևոր ոլորտին:

Հետևաբար Եկեղեցին կոչված է քաջալերելու` սոցիալական արդարությանը միտված  գործունեությունը:

Ի հավելումն` Եկեղեցու միասնականությանն անհրաժեշտ է գումարել  ազգային զարթոնքի յուրօրինակ մի համահավաքի ստեղծումը , որտեղ ի մի պիտի գանք մտահոգ բոլոր հայրենակիցներս :

3) Ձեր թույլտվությամբ հոդվածն ուզում եմ ավարտել մեծն հավատավոր և բանաստեղծ Վահան Տերյանի չքնաղ տողերով.

ա) Իր հավատքի դավանության մասին` անգամ խորհրդային ամբողջատիրական տարիներին. «Բարի կուռքերն են մեզ շրջապատում,

Կենդանի Աստված, ես Քեզ եմ կանչում,

Ինձ Քո կարոտն է անդադար տանջում,

Բարի կուռքերին ես չեմ հավատում»:

բ) Հայրենիքի հանդեպ իր սիրո, տեսիլքի և հույսի մասին.

«Ինչպե՞ս չսիրեմ, երկիր իմ կիզված,

Պարզված վերստին սրերին սուրսայր…»:

 

«Մշուշի միջից,- տեսի~լ դյութական,-

բացվում է կրկին Նաիրին տրտում…»:

 

«Որպես Փյունիկ կրակից կելնես, կելնես նոր

Գեղեցկությամբ ու փառքով վառ, լուսավոր»:

գ) Վերականգնման իր խանդավառ հավատի մասին.

«Արևելքը ալ քող նետեց ուսերին,

Լույսը վառեց կատարները լեռների,

Մնաս բարով ասենք մենք էլ գիշերին,

Ալ շողերը տանենք ներքև - թող վառի…

Ե'լ, իմ եղբայր, արշալույսի շողի հետ

Ճամփա ընկնենք լույսի երգով կենսավառ…»:

 

Եկե'ք արձագանքենք մեծ հայորդու հույսի, հավատի և սիրո օրհներգին` Հայրենիքի հավիտենական երթին մեր ամբողջական նվիրումը բերելով:…

 

 

Comments:

Add comment


Security code
Refresh

Լրացուցիչ տեղեկություն