«Հնամաշ» օրենքի քսանամյակը նշանավորենք ՀՀ Սահմանադրությանը համապատասխանեցնելով

«Հնամաշ» օրենքի քսանամյակը

նշանավորենք ՀՀ Սահմանադրությանը համապատասխանեցնելով

 

 Հոդվածի հիմնական դրույթները հնչել են

Հանուն բաց հասարակության գործընկերության, ԵԱՀԿ, ԵԽ և ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության երևանյան գրասենյակների կողմից կազմակերպված`

«ՀՀ Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի և հարակից օրենքների մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ

հասարակական քննարկման ժամանակ 2011թ. փետրվարի 17-ին:

 

Նախաբան.

Ես դեռևս պահպանել եմ մոտ 20 տարի առաջ` 1991թ. հունիսի 17-ին, վերոնշյալ օրենքի ընդունման կապակցությամբ ՀՀ Գերագույն Խորհրդի պատգամավորներին ուղղված նամակներիս խունացած տեքստը: Նամակներ, որոնք այդպես էլ այն ժամանակ ոչ մի հետք չթողեցին այդ օրենքի ձևակերպումների վրա:

Այն ժամանակ տեղի էր ունենում անցում սովետներից դեպի խորհրդարանական հանրապետություն (ամիսներ հետո` նախագահական):

Իսկ պատմության մեջ մի հասարակարգից մյուսին անցումը միշտ եղել է բարդ ու դժվարին: Եվ ահա, սկզբում կիրառվում էին խորհրդային օրենքներն ու սահմանադրական դրույթները: Իսկ նախկին օրենքների համադրումը կատարվող վերափոխումների հետ, հակասություններ առաջացնելով, ստեղծում էր խառնաշփոթ:

Հայաստանը դեռ պիտի անկախանար 1991թ. սեպտեմբերի 23-ին, ՄԱԿ-ի անդամ դառնար 1992թ. մարտի 2-ին: ՀՀ  Սահմանադրությունը պիտի հռչակվեր 1995թ. հուլիսի 5-ին, իսկ հանրապետությունը Եվրախորհրդին պիտի անդամակցեր 2001թ. հունվարի 23-ին :

2002թ. մարտի 30-ին նոր պիտի վավերացվեր Մարդու իրավունքների հիմնարար ազատությունների պաշտպանության մասին դաշնագիրը, իսկ սահմանադրական բարեփոխումները պիտի կատարվեին 2005-ի նոյեմբերի 27-ին:

Եվ այսպես, խնդրո առարկա գործող օրենքը, ընդունված լինելով 1991 թվականի հունիսի 17-ին, հիմք է ունեցել ԽՍՀՄ նախագահ Գորբաչովի կողմից 1990թ. հոկտեմբերի 1-ին ստորագրված ԽՍՀՄ համանման օրենքը և միութենական հանրապետությունների օրենսդրությունը նրան համապատասխանեցնելու հանձնարարականը։ Հայաստանի Գերագույն Խորհուրդը այն տեղայնացրել է մասնավորապես 17-րդ հոդվածով, իսկ 1997թ. և 2001թ.  փոփոխություններն ու լրացումներն օրենքն ավելի են խճողել։

Հասկանալի է, որ սույն օրենքը չի կարող արտացոլել ՀՀ բարեփոխված Սահմանադրության (հոդված 26, 27), ինչպես նաև ՀՀ ԱԺ-ում 2002թ. մարտի 20-ին վավերացված «Մարդու իրավունքների հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (մասնավորապես՝ հոդված 9) դրույթները։ Այն ցայսօր դեռևս կրում է կոմունիստական անցյալի հետքը, ունի ներքին տրամաբանական հակասականություն:  

Ավելին. եթե հետագա փոփոխություններում գրանցում կատարող մարմինը դառնում է պետռեգիստրը (հոդված 14), ապա հոդված 23-ում օրենսդիրը մոռանում է համապատասխան ուղղում մտցնել` գրանցումը շարունակելով վերագրվել Կրոնի գործերի վարչությանը:

Այսօր մենք կանգնած ենք հրամայական անհրաժեշտության առջև ` վերջապես իր 20-ամյա հոբելյանին «հնամաշ» օրենքը համապատասխանեցնելու բարեփոխված Սահմանադրությանը:

 

Ա. Նշենք անցյալի հետքերը կրող և վերոհիշյալ անհամապատասխանությունն արտացոլող մի քանի էական դրույթներ.

1. Սկսենք ՀՀ-ում կրոնական կազմակերպությունների գործունեության շրջանակի հարցից.

ա. Հոդված 6-ը, պահպանելով կոմունիստական մտածելակերպը,  պահանջում է կրոնական կազմակերպությունների գործունեությունը սահմանափակել «իրենց հավատացյալ անդամների շրջանակում»՝ հակառակ այն բանին, որ ոչ մի սահմանափակում չի դրվում աթեիստական քարոզչության վրա։

Սույն հոդվածը հակասում է ՀՀ Սահմանադրության հոդված 26-ին, որով երաշխավորվում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը` հիշյալ ազատությունը սահմանափակվելով միայն հասարակական անվտանգության, առողջության, բարոյականության կամ այլոց իրավունքների և ազատությունների պաշտպանության նկատառումներով։

Ընդ որում, գործող օրենքի հոդված 3-ում նույնպես նշված են կրոնական կազմակերպությունների գործունեության վերոնշյալ սահմանափակումները։

բ. Հարց է առաջանում. կրոնական կազմակերպությունն ինչպե՞ս կարող է իրականացնել հոդված 7-ում վերապահված` հրապարակային արարողությունները ժողովների, հանրահավաքների, ցույցերի ու երթերի համար uահմանված կարգով կատարելու, զանգվածային լրատվության միջոցներից օգտվելու, արտերկրի եկեղեցական կազմակերպությունների հետ կապերի հաստատման, բարեգործական և հրատարակչական գործունեությամբ զբաղվելու իրենց իրավունքները: Չէ՞ որ դրանց  իրագործումն անհնար է «իրենց հավատացյալ անդամների շրջանակում» գործելու հակասահմանադրական պահանջի պայմաններում։

ՀՀ Գերագույն Խորհրդի կողմից հիշյալ օրենքը մեր հանրապետությունում տեղայնացնելու հետևանքով 17-րդ հոդվածում ավելացված դրույթներում, բարեբախտաբար, իր դավանանքն ազատ քարոզելու և տարածելու իրավունք վերապահվել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցուն: Իսկ իմ սերունդը լավ է հիշում, որ դրանից առաջ խմորումների մեջ գտնվող մեր ժողովրդի համար վերջին հեղինակությունը մնացել էր Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն I-ի խոսքը:

Սակայն ինչպես ասում են, «աչքը սարքելու փոխարեն հոնքն է հանվել»: Սեփական դավանանքի ազատ քարոզչությունն այն ժամանակվա պայմաններում դիտվել է որպես Հայ Առաքելական Եկեղեցու մենաշնորհը, որպեսզի բացառվի մյուս կրոնական կազմակերպությունների ազատ գործունեության իրավունքը:

գ. Ցավոք, 2010թ. աշնանը կառավարության կողմից Վենետիկի հանձնաժողովին ուղարկված փաթեթում առկա է կրոնական կազմակերպությունների գործունեության շրջանակի առավել նեղացման միտում.

1) Փաթեթի առաջին օրինագծի հոդված 7-ով առաջարկվում է գործող օրենքի հոդված 17-ի երկրորդ պարբերության մեջ ավելացնել կրոնական քարոզչության հետևյալ սահմանումը. «Սույն օրենքով կրոնական քարոզչությունը որոշակի կրոնական գաղափարների և գիտելիքների (ուսմունքների) տարածումն է (անկախ ձևից` լինի դա գիրք, գրքույկ, էլեկտրոնային կրիչ և այլն) դրանց հավատացող հետևորդի կողմից»:

Եթե նկատի առնենք, որ հոդված 17-ում ՀՀ ողջ տարածքում իր դավանանքը ազատ տարածելն ու քարոզելը համարվում է Հայ Առաքելական եկեղեցու մենաշնորհը, իսկ գործող օրենքի հոդված 6-ում այլ կրոնական կազմակերպությունների գործունեությունը դեռևս սահմանափակվում է «իրենց հավատացյալների շրջանակով», ապա այս հոդվածների համադրման համաձայն` տվյալ պահին գործող բոլոր եկեղեցիները (բացի Հայ Առաքելական Եկեղեցուց) այս կամ այն կերպ կարող են պատասխանատվության կանչվել, քանի որ կիրառում են քարոզչության վերոհիշյալ բոլոր ձևերը: Փաստորեն այս դրույթը ոչ այլ ինչ է, եթե ոչ հավատաքննություն և գրաքննություն:

Մյուս կողմից` այս ամենը ակնհայտորեն հակասում է ՀՀ Սահմանադրությանը, քանի որ նրա հոդված 26-ում երաշխավորվում է «կրոնը կամ համոզմունքները… ինչպես միայնակ, այնպես էլ այլոց հետ համատեղ քարոզի… միջոցով արտահայտելու ազատությունը», իսկ հոդված 27-ում` յուրաքանչյուր անձի համար «տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը տեղեկատվության ցանկացած միջոցով` անկախ պետական սահմաններից»: Սա հակասում է նաև Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի հոդված 18 և 19-ին:

2)   Այժմ նույն օրինագծում կրոնական կազմակերպության անվանման սահմանափակման մասին.

ա)  Նշված նախագծի հոդված 1.2-ում պահանջվում է, որ կրոնական կազմակերպության անվանման մեջ նրա հավատամքի մասին տեղեկատվությանը հաջորդի հենց «կրոնական կազմակերպություն» եզրը, որով մասնավորապես Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդին և այլ միջազգային  քրիստոնեական միջեկեղեցական կառույցներին անդամակցող եկեղեցիները Հայաստանում այսուհետ զրկվում են «եկեղեցի» կոչվելու իրավունքից: Դա խոչընդոտում է կրոնական կազմակերպությունների` իրենց հատուկ անունն ունենալու ազատությանը: Մինչդեռ «կրոնական կազմակերպություն» եզրը որոշակի ոչ առևտրային կազմակերպություններին տալիս է ընդամենը կոնկրետ իրավական կատեգորիա:

բ)   Հակառակ այն բանին, որ նախագծի հոդված 1.1-ում պահանջվում է կազմակերպության անդամների «օրինավոր կերպով» Հայաստանում բնակվելը, սակայն ըստ հոդված 1.2-ի` սեփական երկրի անունն իր անվանման մեջ օգտագործելը  շահույթ չհետապնդող կրոնական կազմակերպության վրա շատ թանկ է նստելու. համաձայն կառավարության սահմանված կարգի` տարեկան 600 հազար դրամ:

գ) Զավեշտը, այնուամենայնիվ, սկսվում է սրանից հետո: Որևէ «անժառանգ հանգուցյալ մարդու» անունը կրելու համար կրոնական կազմակերպությունները գործ պիտի ունենան կառավարության կողմից սահմանված կարգի հետ: Հակառակ դեպքում ջանքեր պիտի թափեն հայտնաբերելու նրանց շառավիղներին ու լեզու գտնեն: Օրինակ, կրոնի պատմության ականավոր անձանց անվանակիրները` Գեդեոնի միջազգային ավետարանչական կազմակերպությունը, Բառնաբասի ֆոնդը և այլք…

Իսկ երբ մտածում ենք, թե նախագծի հեղինակների «անժառանգ հանգուցյալ մարդը» ձևակերպումը ամենից առաջ կարող է վերաբերել Հիսուս Քրիստոսին` քրիստոնեության Հիմնադրին և Ընդհանրական  Եկեղեցու Գլխին  (որովհետև հենց Նրա անունով են կոչվում շատ «կրոնական կազմակերպություններ»), ապա ծիծաղելու փոխարեն` ահավոր վիրավորանքի ցավ ենք ապրում…

3)   Օրինագծի նույն հոդված 1-ում հավատքը դավանելու մասին խոսելիս բաց է թողնվում ՀՀ Սահմանադրության 26-րդ հոդվածում և «Խղճի ազատության մասին» գործող օրենքի 4-րդ հոդվածում նշված «համատեղ» բառը:

 

2.   Այնուհետև կրոնական կիսով չափ ազատության իրավիճակում պետության աթեիստական վերահսկողությանը փոխարինում է անհասկանալի կրոնական վերահսկողության գործառույթը.

ա. Նախ` խոսենք հոգեորսության արգելքի նորաթուխ և խոցելի  հոդված 8-ի մասին գործող օրենքում.

1) Հոդված 8-ը, ազդարարելով հոգեորսության արգելքի մասին, իրականում այն չի սահմանում, այլ սոսկ արձանագրում է, որ կրոնական կազմակերպությունների իրավասությունների շրջանակում ծավալված գործողությունները չեն դիտվում որպես հոգեորսություն։

Այսպիսով պատրանք է ստեղծվում, թե կրոնական կազմակերպության գործունեության նշված մի քանի ձևերից դուրս կատարվողը հոգեորսություն է:

ա) Հարկ ենք համարում ընդգծել, որ «հոգեորսություն» եզրույթն իրավաբանական եզր չէ և չի կարող սահմանվել օրենքով:

Այն բառացիորեն նշանակելով հոգի որսալ, մարդորսություն` բոլորովին չի համապատասխանում միջազգայնորեն ընդունված «պրոզելիտիզմ» (դավանափոխություն, հավատափոխություն, կրոնափոխություն) եզրին:

Փաստորեն այն պրոզելիտիզմի թարգմանությունը չէ, այլ նրա շրջասույթի անհաջող փորձը (իսկ շրջասույթը առարկայի իրական անվանմանը փոխարինող նկարագրական դարձույթն է).

բ) Այնուհետև` խոսելով «պրոզելիտիզմ»-ի (դավանափոխության) իրավունքի մասին` պիտի ասել, որ այն հռչակվել է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին դաշնագրում (հոդված 9.1) և իր լուծումը ստացել ՀՀ Սահմնադրության հոդված 26-ում («Յուրաքանչյուր ոք ունի… կրոնը կամ համոզմունքները փոխելու… իրավունք»).

գ) Իրականում օրենքի խնդիրն ու թիրախը դարձել է ոչ թե անպատշաճ քարոզչությունն ինքնին, որը կարող է նաև դավանափոխություն չառաջացնել, այլ բուն դավանափոխությունը:

բ. «Հոգեորսությունը» Ա. Աշոտյանի խմբի նախագծում (ԱԺ-ում առաջին ընթերցում անցած 2009թ. հունվարի 27-ին).

1)   Նախագծի հեղինակները նրա Հոդված 9-ում «հոգեորսություն» են դիտում նյութական խրախուսանքը, այն դեպքում, երբ «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի Հոդված 7-ում խոսվում է կրոնական կազմակերպության՝ բարեգործությամբ զբաղվելու իրավունքի մասին.

2)   Անհասկանալի է նաև «հոգեորսության» բարոյական կամ հոգեբանական ճնշման տարբերակը.

3)   «Հոգեորսություն» է համարվում նաև քարոզչության ընթացքում անվստահության ձևավորումը այլ կրոնական կազմակերպության նկատմամբ։ Այդ դեպքում պարզ չի դառնում, թե մի կողմից՝ նախագծի հեղինակներն ինչպես են վերաբերվում սեփական համոզումներն արտահայտելու մարդու իրավունքին (Սահմանդրության 27-րդ հոդված), մյուս կողմից՝ ինչպես են պատկերացնում դավանափոխության գործընթացը.

 

գ. «Հոգեորսությունը» կառավարության` Վենետիկի հանձնաժողովին ուղարկված  նախագծում.

Այս նախագծում «հոգեորսության» դրսևորումներն առավել ընդլայնվում են.

ա)  Ա.Աշոտյանի խմբի «բարոյական ճնշումը» փոխարինվում է էլ ավելի անհասկանալի «բարոյական աջակցությամբ»: Ընդ որում` բարոյական աջակցություն կարող է համարվել բարոյական խնդիր ունեցող մարդուն խոսքով և աղոթքով աջակցելը կամ վշտի պահին նրան մխիթարելը.

բ)   Ա.Աշոտյանի խմբի «այլ կազմակերպության նկատմամբ անվստահության» սերմանումը փոխարինվում է «վստահության չարաշահմամբ»: Այս օրինագծի հեղինակների կարծիքով մարդկանց նկատմամբ վստահությունը և նրանց կրոնական փորձառության հանդեպ հետքրքրությունը պիտի դառնան հակոտնյաներ (Եթե մարդիկ քեզ վստահում են, ապա հեռու պիտի մնան կրոնական համոզմունքներիցդ, իսկ եթե չեն վստահում, ապա խնդիր չկա քո կրոնական համոզմունքներով հետաքրքրվելու հարցում).

գ)   Ավելանում են պարգևատրման խոստումները (Բայց չէ՞ որ, որպես այդպիսին կարող են դիտվել նաև նորկտակարանական խոստումները).

դ)   Փորձառության չարաշահումը (Այսպիսով, Հայաստանի կառավարությունը հետևելու է, որ իր քաղաքացիների կրոնական փորձառությունը մնա անփոփոխ: Այդ դեպքում, գուցե նաև սահմանվի՞ կրոնական փորձառության չափման կարգը…).

ե)   Ցածր մտավոր կարողությունները (Հեղինակները հայտնաբերել են, որ կրոնական փորձառության փոփոխումը կապվում է միայն ցածր մտավոր կարողության հետ).

զ)   «Ուղղակի» հոգեորսության անորոշ ու հեղհեղուկ խառնաշփոթը չմարսած` հեղինակները մեզ մատուցում են անհեթեթության բարձրակետը` «անուղղակի» հոգեորսության փորձը: Թե ի՞նչ է դա, հնարավոր չէ պարզել: Այնպես որ, «անուղղակի» հոգեորսության մեջ որևէ մեկին մեղադրելու համար ոչ մի առարկայական հիմք պետք էլ չէ փնտրել. դրա համար միայն ցանկություն է պետք: Ինչպես խորհրդային տարիներին, երբ որպես այդպիսին կարող էր դիտվել քարոզչի կյանքի ազդեցիկ վկայությունը կամ սոսկ լուռ ներկայությունը…

է)   Եվ այսպես, հայոց կառավարությունն ինքը և Ազգային Ժողովի որոշման դեպքում մեր բոլոր դատարանները լծվելու են մի տիտանական և լարված աշխատանքի` աչալրջորեն հետամուտ լինելու, որ կանխվի ամեն մի տեղաշարժ հայաստանյան հասարակության ողջ խայտաբղետ կրոնական դաշտում (օրինակ` հայ առաքելականների և կաթոլիկների միջև, ավետարանականների և մկրտականների միջև, ամբողջաավետարանականների և նազովրեցիների միջև, Նիկիա-կոնստանդնուպոլսական հանգանակը չընդունող Եհովայի վկանների ու մորմոնների միջև, սայենթոլոգների ու շտայներականների միջև, ինչպես նաև արևապաշտների ու մահմեդականների միջև, աթեիստների և հեթանոսների միջև և այլն, և այլն).

դ.   Այս ամենի փոխարեն բավական էր համատարիմ մնալ Սահմանադրության 26 հոդվածին, պահպանել գործող օրենքի 3-րդ հոդվածը և հռչակել.

« Հայաստանի Հանրապետությունում արգելվում է՝

ա) այնպիսի կրոնական քարոզչությունը, որն ուղղված է ընդդեմ մարդու իրավունքների ու ազատությունների, բարոյականության, առողջության, հասարակական անվտանգության ու կարգուկանոնի կամ արտահայտվում է մարդատյացությամբ.

բ)  ֆիզիկական կամ այլ հարկադրանքով ուղեկցվող,

այլ կրոնական կազմակերպությունների անդամների նկատմամբ ատելություն սերմանող՝

դավանափոխությանը միտված գործունեությունը»:

ե. Այսպիսով, «հոգեորսությունը» ֆիքսող մարմինների համար մեծ խնդիրներ հարուցող նախագծերի հեղինակները առաջարկում են դրա մեջ մեղադրվող անձանց «ՀՀ Քրեական օրենսգրքի» 162-րդ հոդվածով պատժել`

1) Ա.Աշոտյանի խմբի նախագծի տարբերակով նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով տուգանքով կամ կալանքով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով.

2) Կառավարության «առավել մարդասիրական» տարբերակով` տուգանքը կարող է երկու անգամ ավելանալ, սակայն կալանքը չորս անգամ պակասել (ավելացնելով նաև մինչև երեք տարով որակազրկումը):

«Հոգեորսության» թեման ամփոփելով` ասեմ, որ անպատշաճ դավանափոխության դեմ ուղղված այսպիսի պայքարը կարող է ակամայից ուղղվել այնպիսի առաքինությունների դեմ, ինչպիսիք են բարոյական աջակցությունը, վստահելիությունը, բարձր մտավոր կարողություններ ու հոգևոր փորձառություն ունենալը, կյանքի դրական վկայությունը: Այն կարելի է նմանեցնել անձրևների դեմ պայքարին, որովհետև նրանք օգտակար են ոչ միայն հացահատիկի, այլև մոլախոտերի համար:Կամ այն դեպքին, երբ ձեռքին կանգնած ճանճին խփելու համար օգատագործվում են հզոր մուրճեր…

Եվ ընդհանրապես տպավորություն է ստեղծվում, թե գործ ունենք ոչ թե օրենքի, այլ մասնավոր դեպքերի պատժման համար ստեղծված փաստաթղթի հետ:

 

3.   Ուղղորդվելով կրոնական կազմակերպությունների` իրենց անդամների նկատմամբ վերահսկողության կանխարգելմանը` գործող օրենքը և նրա փոփոխությունների առաջարկված նախագծերը իրենք են անհարկի վերահսկողություն սահմանում կրոնական կազմակերպությունների նկատմամբ.

ա. Մինչդեռ առաջնորդվելով գործող Սահմանադրության վերոնշյալ դրույթներով` ժամանակավրեպ պետք է համարել`

1)   Գործող օրենքի հոդված 7-ում կրոնական կազմակերպությանը մի շարք իրավունքների վերապահումը (հավատացյալների հոգևոր-կրոնական կարիքների բավարարման մասին և այլն) ՀՀ-ում նրա գրանցման պահից հետո միայն։ Մինչդեռ գրանցման պահից նա իրականում պետք է դառնա իրավաբանական անձ՝ ձեռք բերելով հավելյալ իրավունքներ։

2) Գործող օրենքի հոդված 13-ի առաջին մասը, որտեղ ասված է, թե ՀՀ տարածքից դուրս գտնվող հոգևոր կենտրոններ ունեցող կազմակերպությունները չեն կարող ֆինանսավորվել նրանց կողմից։

Չէ՞ որ կան ֆինանսավորման տարբեր նպատակներ՝ բարեգործական, եկեղեցաշինական, գրահրատարակչական, կենսաթոշակ, նպաստ և այլն։

Եվ ընդհանրապես մեր օրենքներում նման արգելքներ հորինելիս միշտ պետք է հիշել աշխարհի տարբեր երկրներում մեր հայկական եկեղեցիներին ու համայնքներին, որոնց նկատմամբ խիստ անցանկալի կլիներ այնտեղ օրենսդրորեն նման արգելքների կիրառումը։

3) Կառավարության ներկայացրած փաթեթի առաջին օրինագծի հոդված 6-ով առաջարկվում է գործող օրենքի հոդված 14-ը փոխարինել նոր բովանդակությամբ, ըստ որի` կառավարությունը ստանձնում է կրոնական կազմակերպության Աստվածաբանական փորձաքննության պարտավորությունը, ինչը հակասում է եկեղեցու` պետությունից անջատման սահմանադրական 8.1 և գործող օրենքի 17-րդ հոդվածներին:

Ինչ վերաբերում է գործող օրենքի հոդված 14-ում կրոնական կազմակերպության գրանցման համար պահանջվող պետական լիազորված մամնի փորձագիտական եզրակացությանը, ապա մեր կարծիքով այն պետք է սահմանափակվի երկու դրույթով`

ա) կազմակերպության ճանաչումը որպես կրոնական կազմակերպություն,

բ)   կազմակերպության կանոնադրության` ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխանությունը:

բ. Վերահսկողությունը կրոնական կազմակերպությունների նկատմամբ Ա.Աշոտյանի խմբի ներկայացրած առաջին նախագծում.

1) Այս նախագծում նախ՝ հենց սկզբից առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել ՚Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասինՙ օրենքի նախաբանը, որտեղ հավաստիացված է միջազգային նորմերով սահմանված Մարդու իրավունքների և ազատությունների սկզբունքներով առաջնորդվելու և Քաղաքացիական և քաղաքական իրավունքների դաշանգրի 18-րդ հոդվածի դրույթներին հավատարիմ լինելու մասին։

Նույն  հոգեբանությամբ առաջարկվում է ՚Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասինՙ օրենքի 2-րդ հոդվածից հանել ՀՀ քաղաքացիների՝ անկախ կրոնական պատկանելիությունից օրենքի առջև հավասարության ոլորտները՝ քաղաքացիական, քաղաքական, հասարակական, տնտեսական և մշակութային։

 

2) Հիշյալ նախագծի հոդված 15-ում առաջարկվում է օրենքի 19--րդ հոդվածում երկրորդ մասը փոխարինել Հայաստանի Հանրապետության տարածքում այնպիսի կրոնական կազմակերպությունների գործունեության արգելքի մասին պարբերությամբ, որոնք իրականացնում են կամ փորձում են իրականացնել անդամների գիտակցության, մտածողության, անձնական կյանքի, տեղեկացվածության, առողջության, սեփականության եւ վարքի վերահսկողություն:

Քրիստոնեական կազմակերպությունների դեպքում դա կարող է վերաբերել ապաշխարության քարոզությանը, որի էությունը հենց մտածելակերպի փոփոխությունն է, ինչն իր հետքն է թողնում անձնական կյանքի և վարքագծի վրա։

Քանի որ վերահսկողություն եզրը բազմիմաստ է (մի նշանակությամբ՝ հարկադրանք, մյուս նշանակությամբ՝ ստուգում, երրորդ նշանակությամբ՝ բարոյական կամ հոգևոր ներգործություն), ապա նրա իրականացումը բարոյական կամ հոգևոր ներգործության իմաստով չի կարող համարվել որպես մարդու իրավունքների և ազատությունների դեմ ուղղված գործունեություն։ Իսկ վերջինս մասնավորապես իրականացվում է հոգևոր-եկեղեցական պրակտիկայում խոստովանության կատարման ժամանակ (Աստվածաշունչ, Հակոբոսի ուղերձ 5.16)՝ անգամ ամրագրված լինելով գործող օրենքի հոդված 201-ում։

 

3) Նախագծի հոդված 15-ով գործող օրենքի 19-րդ հոդվածի երկրորդ մասը հանելով՝ ի չիք է դառնում քաղաքացիական պարտակությունների և կրոնական համոզմունքների հակասության առանձին դեպքերում դրանք այլընտրանքային սկզբունքով կատարելու հնարավորությունը.

Հիշյալ նախագծի Հոդված 16-ում առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի Հոդված 23-ի 2-րդ մասը՝ դրանով իսկ վերջ դնելով պետության հետ կրոնական կազմակերպությունների՝ օրենքով չկանոնակարգված հարաբերությունների փոխադարձ համաձայնությամբ կարգավորմանը.

4) Հոդված 13-ով առաջարկվում է օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «բ» եւ «գ»  կետերի վերջում լրացնել «բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի» բառերը, որով տեղի է ունենում աննախադեպ փոփոխություն։ Դրա հետևանքով մի կողմից՝ կրոնական կազմակերպության կառուցվածքում հնարավոր է համարվում պետական մարմնի կամ նրա հանձնարարությունները կատարող անձի գործունեությունը, մյուս կողմից՝ կրոնական կազմակերպության վրա կարող է դրվել պետական ֆունկցիա։ Այսպիսով բացահայտորեն խախտվում է եկեղեցու՝ պետությունից անջատ լինելու սահմանադրական հիմնադրույթը:

 

գ. Վերահսկողությունը կառավարության ներկայացրած նախագծում.

1) Հոդված 1.1-ում կրոնական կազմակերպությունը սահմանելիս նշվում է միայն երեք առանձնահատկություն` հավատամքը (1), պաշտամունքի, կրոնական ծեսերի ու արարողությունների իրականացումը (2) և հետևորդներին կրոնի ուսուցում ու կրթություն տալը (3): Մինչդեռ գործող օրենքի հոդված 4-ում խոսվում է նաև կրոնական այլ պահանջմունքների բավարարման մասին:

2)   Հոդված 7.1-ի (բ) կետում կրոնական կազմակերպությունից նաև պահանջվում է իր գործունեությամբ չվնասել անհատի մտավոր և ֆիզիկական զարգացմանը` ներառյալ երեխաներին և երիտասարդներին, ինչպես նաև կամայականորեն չմիջամտել մարդկանց ընտանեկան գործերին: Շահագրգռված լինելով մարդու ֆիզիկական և մտավոր զարգացմամբ` այսուամենայնիվ մտահոգություն ունենք, թե այսպիսի պահանջի իրավակիրառումն ապահովող պաշտոնատար անձինք կանխակալ տրամադրվածության դեպքում դրան կարող են կամայական մեկնաբանություն տալ: Օրինակ, վստահ չենք, թե ծոմապահությունը չի կարող դիտվել որպես ֆիզիկական, իսկ աղոթքի պրակտիկան` մտավոր զարգացման խաթարում:

Ինչ վերաբերում է մարդկանց ընտանեկան գործերին կամայականորեն չմիջամտելու դրույթին, ապա իշխանության մարմինների կողմից ցանկության դեպքում որպես այդպիսին կարող է դիտվել ընտանիքի քրիստոնեական արժեքների մասին քարոզչության պարբերական իրականացումը:

3) Հիշյալ հոդվածի այլ կետերի մասին.

ա)  (ը) կետում պահանջվում է պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներին թույլ տալ` ներկա գտնվելու հավաքույթներին: Մեր համոզմամբ այստեղ խոսքը կարող է գնալ միայն ընդհանուր պաշտամունքների և արարողությունների մասին:

բ)   (թ) կետում պահանջվում է նախնական պարտավորություն ստանձնել նոր ընդունվելիք օրենքների հետ սեփական կանոնադրության համաձայնեցման և, ըստ այնմ, գործունեության մասին: Այսպիսով, կրոնական կազմակերպություններն ասես հարկադրվում են նախապես ստորագրել սպիտակ թղթի տակ, ինչն ինքնին անընդունելի է:

գ)   Քննարկվող 7.1 հոդվածի վերջում սահմանվում է, որ կրոնական կազմակերպություններն իրենց գործունեության մասին յուրաքանչյուր տարի պետական կառավարման լիազոր մարմին պարտավոր են տրամադրել 8 կետից կազմված տեղեկատվություն, որոնցից կանդրադառնանք հետևյալներին.

-     (բ) կետում պահանջվում է հետևորդների (անդամների) քանակը, որտեղ մեր կարծիքով ստույգ պիտի նշվի միայն անդամների, այլ ոչ բոլոր հաճախողների մասին.

-     (դ) կետում հանձնարարվում է տեղեկություններ տալ այլ կրոնական կազմակերպությունների հետ համագործակցության վերաբերյալ, որը չի կարող պարտադիր լինել, քանի որ հակասում է «Խղճի ազատության մասին» գործող օրենքի հոդված 17-ի բ) կետում արձանագրված` «Պետությունը չի միջամտում… կրոնական կազմակերպությունների… ներքին կյանքին» դրույթին.

- (ե) կետում անհրաժեշտ է համարվում տրամադրել կրոնական ուսուցման հասցեները կամ վայրերը: Գտնում ենք, որ կրոնական կազմակերպությունները կարող են հաղորդել իրենց գրասենյակների և ժողովարանների հասցեները, սակայն առանձին խմբերի կրոնական ուսուցման համար ընտրվում են անդամների հասցեները, ինչը նույնպես վերաբերում է կրոնական կազմակերպությունների ինչպես ներքին կյանքին, այնպես էլ անդամների անձնական կյանքին: Այլապես, այսպիսի պահանջը, խախտելով մարդու իրավունքները, ըստ էության հանդիսանում է ներխուժում մարդու անձնական կյանքի մեջ:

-     Կարծում ենք, որ անհիմն է նաև կրոնական կազմակերպությունների ներքին կյանքին վերաբերող` «իրադարձությունների (տոնակատարությունների, ուխտագնացությունների, համերգների, ճամբարների) մասին» տեղեկությունների տրամադրման պահանջը:

 

Բ. Այժմ` հասարակական կյանքում կրոնական կազմակերպությունների ներգրավվածության մասին.

1. Հայ Առաքելական եկեղեցու մենաշնորհները գործող օրենքի 17-րդ հոդվածում.

1991թ. հունիսի 17-ի օրենքում հեղինակները փորձում են, տասնամյակների նսեմացումից հետո, ըստ արժանվույն գնահատել Հայ Առաքելական եկեղեցու դերակատարությունը մեր ժողովրդին մատուցած դարավոր ծառայությունների համար: Սակայն այս բնագավառում օրենսդրական փորձառության պակասի պատճառով թույլ են տալիս հակասական և ոչ գրագետ ձևակերպումներ.

ա. Օրինակ` Հայ Առաքելական եկեղեցու բարեգործությամբ զբաղվելու մենաշնորհը: Չէ՞ որ Հայաստանում գործել և գործում են տասնյակ բարեգործական կազմակերպություններ, բարեգործական գործունեություն են ծավալում նաև հասարակական կազմակերպությունները, անհատները, սփյուռքահայերը։ Բացի այդ, նույն օրենքի հոդված 7-ի ժ) կետով բարեգործությունը վերապահված է նաև մյուս կրոնական կազմակերպություններին։

բ.   Հայ ժողովրդի բարոյական կատարելագործմանն աջակցելու մենաշնորհը։ Շատ բարձր գնահատելով Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր ներդրումը մեր ժողովրդի կյանքում` նշենք, որ բարոյական կատարելագործման աջակցությանն են կոչված նաև ընտանիքը, դպրոցը, մշակույթն ընդհանրապես... Այնպես որ, այսօր դրանում իրենց նպաստը պիտի բերեն նաև մյուս կրոնական (և ոչ միայն կրոնական) կազմակերպությունները։

գ. Նոր եկեղեցիներ կառուցելու մենաշնորհը, նրան պատկանող պատմական հուշարձանները գործող դարձնելը։ Այսպիսի ձևակերպումը հակասության մեջ է մտնում հենց նույն օրենքի 7-րդ, 11-րդ և 21-րդ հոդվածների հետ, որոնցով պետությունը ընդունում է սեփական աղոթատուն ունենալու, պատմական հուշարձաններն ըստ նշանակության օգտագործելու՝ բոլոր կրոնական կազմակերպությունների իրավունքը, պարտավորվում է կրոնական կազմակերպություններին պետության կողմից որպես սեփականություն հանձնված կամ նրանց պատկանող կառույցների և կրոնական նշանակության պատմական հուշարձանների պահպանությունը՝ անկախ նրանց պատկանելությունից։

Իրականում խոսքը պետք է վերաբերեր Հայ Առաքելական եկեղեցու` ազգային համախմբման և հասարակական կյանքում բարոյականության, հանդուրժողականության, համերաշխության մթնոլորտի նպաստմանը, ինչի մասին նշվել է Ավետարանական Ընտանիքի Համագործակցության եկեղեցիների անունից 2007թ. հունվարի 17-ին հանրապետության Ազգային Ժողովի նախագահին ուղղված նամակում:

Գտնում ենք, որ Հայ Առաքելական եկեղեցու համագործակցությունը քույր եկեղեցիների հետ միջազգային կառույցներում, ԱՊՀ երկրների Քրիստոնեական միջհարանվանական խորհրդատվական կոմիտեում նրա շփումները Ավետարանական Ընտանիքի եկեղեցիների հետ, ինչպես նաև Ռուսաց Կիրիլ պատրիարքի հայտարարությունը Բողոքական եկեղեցիների հետ համագործակցության մասին իրենց անալոգիան պիտի ունենան նաև հայ իրականության մեջ:

2.   Գործող օրենքի 7-րդ հոդվածում սահմանված` կրոնական կազմակերպությունների գործունեության «հստակ ընդգծված շրջանակները», որոնցով, ասես, նրանք օտարվում են հասարակության մեջ ներգրավվելուց.

ա. Կառավարության փաթեթի առաջին օրինագծի հոդված 4-ի շնորհիվ «Խղճի ազատության մասին» գործող օրենքը լրացվում է կրոնական կազմակերպությունների պարտավորությունները սահմանող հոդված 7.1-ով:

Սույն հոդվածի (բ) կետով պահանջվում է, որ կրոնական կազմակեպությունը չներգրավվի իր կանոնադրությամբ նախատեսված նպատակներին հակասող գործունեության մեջ: Այս դրույթի դեմ որևէ բան չէինք ունենա, եթե գործող օրենքի հոդված 4-ում նաև հավելվեր, թե կրոնական կազմակերպությունն իր գործունեությամբ իրավունք ունի` լիարժեք կերպով ներգրավվելու հասարակական կյանքի տարբեր ոլորտներում:

բ. Մինչդեռ ժամանակին կոմունիզմի միջնաբերդը հանդիսացած Ռուսաստանի Դաշնությունում, անգամ, այսօր հեռուստատեսային ծրագրերում և այլուր հասարակության հոգսերի ու ցավերի մասին խորհրդակցում և արձագանքում են տարբեր հարանվանությունների եկեղեցական գործիչներ` Ռուս Ուղղափառ եկեղեցու հետ համագործակցաբար:

գ. Ժամանակն է, որ հայ լրագրողը այլևս չջանա «աղանդավորական» կառույցների առաջին դեմքերի հետ հաշվեհարդար տեսնել «մի կանիստր բենզինով»:

Ժամանակն է նաև, որ հայկական հեռուստաընկերությունները ՀՀ-ում գրանցված 65 կրոնական կազմակերպություններին անխտիր, որպես աղանդ, չպիտակեն, ինչն արել էր «Շանթ»-ը 2010 օգոստոսի 30-ին:

Ժամանակն է, որ հեռուստահաղորդումներում պարբերաբար հյուրընկալվող հասարակական գործիչը Հայ Առաքելական եկեղեցու հետևորդներից բացի մնացած 360 հազարին (այդ թվում` կաթոլիկներին, ավետարանականներին և այլոց) աղանդավոր չհռչակի` զարմացնելով հեռուստակամուրջի` հսկայական Ռուսաստանյան Դաշնության լսարանին:

Նաև չահաբեկի հայ հեռուստադիտողներին, թե արտերկրում ոստիկանության կողմից կիրառվող ձայնային զենքը «աղանդավորների» արսենալում է հայտնվելու: 

Չփորձի ինքնասպանությունները ներկայացնել` ըստ կրոնական պատկանելության:

Իսկ վերջերս Եհովայի վկային անպատասխանատու կերպով վերագրվող Սևանի սպանության դեպքի հեռարձակումից հետո «Շանթ»-ի հեռուստալրագրողները ցուցադրում են Ավետարանի հավատքի քրիստոնյաների` անդամների սեփականության տարածքում գործող աղոթատան իրենց չհամաձայնեցված նկարահանումը` հասարակությանը «ահազանգելու» համար, թե որտեղ են աճեցվում «մարդասպան աղանդավորները»…

Այստեղ մեր հայրենակիցներին ուզում եմ հիշեցնել հայ մեծ լուսավորիչ Ստեփանոս Նազարյանցի խոսքը. «Մեր լուսավորական քրիստոնյան, դառնալով պրոտեստանտացած, այնուամենայնիվ մնում է մեր եղբայրը` թե' ազգաբար… ըստ որում հայկական արյունը չի փոխվում երակների մեջ,… թե' քրիստոնեաբար` ըստ որում Քրիստոս պատկանում է պրոտեստանտին»:

3. Ի վերջո` Խղճի ազատության օրենքի` ՀՀ սահմանադրությանը համապատասխանեցման հրամայականի մասին.

ա. Այն կոչված է` նպաստելու կրոնական կազմակերպությունների ներգրավվածությանը հասարակական կյանքում, քաղաքացիական հասարակության կայացման գործում իրենց ներդրումը բերելուն:

բ.   Այդ նպատակով անհրաժեշտ է հասարակական լայն քննարկումներ անցկացնել, ինչի մասին Կառավարության աշխատակազմին առնթեր Կրոնի գործերի վարչությունը նախատեսել էր դեռևս 2007 թվին.

գ.   Ավետարանական եկեղեցիների համագործակցությունը պատրաստ է այսօր` ներկայացնելու «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ գործող օրենքի վերաբերյալ իր դիտողությունների, առաջարկությունների ու փոփոխությունների փաթեթը և բերելու իր ավանդը ազգային-պետական-հասարակական մեծ կարևորություն ունեցող այդ խնդրի լուծմանը:

Պատասխանելով religions.am-ի կողմից տրված` հասարակական մտածողության մեջ մարդու արժեքի կարևորման հարցին` նշել էի, թե`

- Մարդու վրա ամենամեծ ներգործությունն ունենում է ոչ թե սոսկ քարոզչությունը, այլ նրա հանդեպ սերը.

- Հասարակությունը պիտի տեսնի նաև քրիստոնեական արժեքներ կրող եկեղեցիների համերաշխությունն ու համագործակցությունը.

- Եկեղեցու միասնականությանն անհրաժեշտ է գումարել ազգային զարթոնքի յուրօրինակ մի համահավաքը, որտեղ ի մի պիտի գանք մտահոգ բոլոր հայրենակիցներով` ստեղծելու սիրո մի քաղաքակրթություն…

Հավատի կենսագործումը հեշտությամբ ձեռք չբերվող, բայց թանկ արժեք է: Այն կարելի է համեմատել մարգարիտի առաջացման հետ: Երբ ավազահատիկն ընկնում է կակղամորթի մեջ, ցավից արտադրված նրա կենսահյութերով պատվելով` առաջանում է մարգարիտը:

Մեր հավատքի Առաջնորդը նախ ինքը դարձավ այդ Մարգարիտը: Իսկ այսօր մենք պատիվն ունենք դառնալու այդ մարգարտաշարի հատիկները…

 

Հայաստանի Ամբողջաավետարանական Եկեղեցիների

Համագործակցության քարտուղար` 

վեր., դոկտ. Սամվել Նավոյան

 

 

Comments:

Add comment


Security code
Refresh

Լրացուցիչ տեղեկություն