Բարեխոսական աղոթքը

  • Print

ԲԱՐԵԽՈՍԱԿԱՆ ԱՂՈԹՔԸ

 

 

Բարեխոսական աղոթքը` համագործակցություն Սուրբ Հոգու հետ (ըստ Դատչ Շիթսի «Բարեխոսական աղոթք» գրքի)

ա. Աղոթքի անհրաժեշտությունը.

Ասույթներ. Ս.Դ. Գորդոն. «Դու կարող ես աղոթքից բացի էլի մի բան անել, բայց միայն աղոթելուց հետո: Սակայն դու չես կարող աղոթքից բացի որևէ բան անել, քանի դեռ չես աղոթել… Աղոթքը հաղթական հարված է,… Եկեղեցու ծառայություն, արդյունքների հավաքում»:

Ջոն Ուեսլի. «Աստված երկրի վրա ոչինչ չի անում, բացի հավատքի աղոթքներին պատասխանելուց»:

Էնդրյու Մյուրե. «Աստծու տրումն անխզելիորեն կապված է մեր խնդրվածքի հետ… Միայն բարեխոսության շնորհիվ այդ զորությունը կարող է Երկնքից իջնել` Եկեղեցուն աշխարհին հաղթելու ունակ դարձնելով»:

Է.Մ. Բոունդս. «Աստված աշխարհը ձևավորում է աղոթքին համապատասպան: Որքան շատ լինեն աղոթող մարդիկ, այնքան լավը կլինի աշխարհը, հզոր կլինեն չարիքին հակադրվող ուժերը… Աստծու սուրբերի աղոթքները Երկնքի հիմնական պահուստներն են, որոնց շնորհիվ Աստված իրականացնում է Իր մեծ աշխատանքը երկրի վրա: Աստված կյանքը և Իր գործի բարգավաճումը կախվածության մեջ է դնում աղոթքներից»:

1)  Երկնավոր Հոր գործելակերպի սկզբունքը.

ա) Սկզբնական ծրագիրը.

(1)  Երբ Աստվածաշնչում օգտագործվում է «մարդ» բառը, ապա եբրայերեն բնագրում նրան համապատասխանում է «ադամ»-ը: Այնպես որ Ադամը ներկայացնում է ողջ մարդկությանը: Հետևաբար այն, ինչ Աստված կամենում էր Ադամի համար, կամենում է ողջ մարդկային ցեղի համար.

(2)  Ստեղծելով Ադամին` Արարիչը նրան և սերունդներին իշխանություն տվեց ողջ երկրի և ստեղծագործության վրա (Ծննդ.1.26-28: Սաղմ.8.4-8): Սաղմ.8.6-ում «իշխան» բառը (եբր. «մաշալ») ցույց է տալիս, որ Ադամն Աստծու կառավարիչն էր ու ներկայացու­ցիչը.

(ա) Վեբսթերի «Ընդարձակ հանրագիտարանային բառարան»-ում տրված են ներկայացնել բառի հետևյալ իմաստները.

- ինչ-որ մեկի կերպարը կամ համանմանությունը ցույց տալ,

- ինչ-որ մեկի կամքն ուրիշներին հասցնել,

- ինչ-որ մեկի անունից խոսել և իշխանությամբ գործել,

- ինչ-որ մեկին փոխարինել.

(բ)  Որպեսզի մարդը կարողանար ներկայացնել Աստծուն, Բարձրյալը նրան ստեղծեց Իր պատկերով (եբր.` «ցելեմ»` ստվեր, ուրվական) և նմանությամբ (եբր. «դեմութ», ինչն էլ` «դամա», համեմատել բառից): Աստված նաև բացառապես մարդուն ընդունակ դարձրեց` ստեղծելու անմահ հոգիներ.

(գ)  Սաղմ.8.5-ում ասվում է, թե Աստված մարդուն փառքով պսակեց (եբր. «կավոդ», բառացի` «ծանր»), ինչը կապված էր իշխանության, Ստեղծիչին լիազորված կերպով ներկայացնելու հետ:

Հունարենում «փառք»-ը (դոքսա) նշանակում է ճանաչելի դարձնել: Օրինակ, 1Կոր.11.7-ում այր մարդու` Աստծու պատկերն ու փառքը լինելն ասում է Նրան ներ­կայացնելու մասին, ինչը և տեղի էր ունենում մինչև Ադամի մեղանչումով անկումը և Աստծու փառքից ընկնելը: Այնպես որ մեզ անհրաժեշտ է կրկին կերպարա­նափոխվել «փառքից փառք» (2 Կար.3.18)` Տիրոջը ներկայացնելու համար.

(3)  Սաղմ.115.16-ում կարդում ենք Աստծու` երկիրը մարդուն տալու մասին (եբր. հանձնելու` «նաթան»): Այսպիսով Աստված մարդուն երկիրը սեփականության իրա­վուն­քով չտվեց, այլ նրա վրա դրեց կառավարելու պատասխանատվությունը.

Ծննդ.2.15-ում կարդում ենք երկիրը մշակելու և պահելու (եբր. «շամար»` պահպանել, պաշտպանել)` Աստծու կողմից Ադամին տրված պատվերի մասին, ինչը նշանա­կամ էր, որ Ադամը Տիրոջ պահապանն էր Եդեմում:

Ամփոփում. Աստված, սիրելով մարդուն և փափագելով նրա հետ մտնել Հոր և որդու հարաբերությունների մեջ, մեր նախահորը ստեղծեց Իր պատկերով ու նմանությամբ, այնպես որ Աստված ճանաչվում էր Ադամով (օժտել էր Իր փառքով` դոքսա), իսկ Ադամը երկրի վրա իշխանություն էր կրում (կավոդ` ծանրություն) ու ներկայացնում Արարչին: Երկիրը հանձնված էր առաջին մարդուն` ի պահպանություն և ղեկավարում, և մոլորակի վրա զարգացող իրադարձությունների ընթացքը կախված էր նրանից:

բ)  Աստծու գործունեությունը` ի պատասխան Իր ժողովրդի աղոթքի.

(1)  Երբ Ղուկ.4.6,7-ում սատանան Հիսուսին ասում է երկրի վրա իրեն տրված իշխա­նության մասին, նկատի ուներ Ադամի կողմից այն իրեն հանձնելը: Այդ պատճառով էլ Հիսուս Ավետարաններում երեք անգամ նրան անվանում է աշխարհի իշխան (Հովհ.12.31: 14.30: 16.11).

(2)  Աստված, համաձայն Իր սկզբունքի, երկրի վրա գործում էր մարդու միջոցով: Այդ պատճառով էլ Ադամի տանուլ տվածը վերականգնելու համար անհրաժեշտ եր Աստծու Որդու մարդեղությունը (ինչն իր հերթին հաստատում էր Աստծու գործելակերպի սկզբուն­քը).

(3)  Թեև Աստված ինքնիշխան է և ամենակարող, սակայն ըստ Աստծու խոսքի` Նա սահմանափակեց Իրեն` Իր գործն առաջ տանելու նպատակով փնտրելով`

(ա) մարգարեների, քահանաների ու թագավորների` նախկինում.

(բ)  իր թագավորական քահանաներին` ներկայումս, որպեսզի մենք խնդրենք `

-  Իր թագավորության գալու և կամքի կատարման մասին (Մաթ.6.10),

-  հանապազօրյա հացի մասին` 6.11 (առավել իմանալով մեր կարիքները, քան մենք),

-  հունձքի համար մշակներ բարձրացնելու մասին` Մաթ.9.38 (դրա մասին ավելի շատ փափագելով, քան մենք).

-  Տիրոջ խոսքի առաջացման և փառավորման մասին` 2Թես.3.1 (թեև Աստված Ինքն է դա ծրագրել).

-  մի խոսքով` Իր կամքի իրականացման համար (թեև այն Ինքն է մեզ ներշնչում).

գ)  Աստծու գործելակերպի սկզբունքը հաստատող երեք Աստվածաշնչական հատված.

(1)  Եղիայի աղոթքը (3Թագ.18: Հակ.5.17,18), որի հետևանքով երեք տարի երաշտ եղավ, իսկ հետո` անձրև (Աստծու ժողովրդի աղոթքից տնտեսական բարգավաճման կախման ցայտուն օրինակ).

(ա) Համաձայն 3Թագ.18.1-ի` եռամյա դատից հետո անձրևը, Աստծու կամքն էր և նախաձեռնությունը.

(բ)  Եվ այնուամենայնիվ այն պետք է «ծնվեր» Եղիայի աղոթքի շնորհիվ, որի ընթացքում նա գլուխը պիտի դներ ծնկների արանքում (ծննդաբերող արևելյան կանանց նման).

(գ)  Նա պետք է աղոթեր 7 անգամ, ինչը լիակատարություն խորհրդանշելով, մեզ ասում է աղոթքի հաստատակամության մասին, որի հետևանքով մաս առ մաս երբազատվում է Աստծու զորությունը.

(2)  Դանիելի աղոթքը գերությունից Իսրայելի վերադարձի համար (9 և 10 գլուխներ).

(ա) Ք.ծ.ա. 606 թվին Իսրայելը գերեվարվեց Բաբելոնի կողմից իր մեղքի պատճառով, սակայն Դանիելը, ընթերցելով Երեմիայի մարգարեությունը, հայտնաբերեց գերության 70տարվա ավարտի մասին.

(բ)  Խոստումն ունենալով ` Դանիելը ոչ թե սպասեց դրա կատարմանը, այլ բարեխոսական աղոթքով Աստծու առջև կանգնեց (9.3).

(գ)  Թեև Գաբրիել հրեշտակը, ի պատասխան Դանիելի աղոթքի, առաջին իսկ օրն ուղարկվեց, սակայն նրա պատասխանը ստանալու համար  Դանիելին հարկ եղավ 21 օր շարունակ աղոթել:

Պոլ Բիլհայմերը գրում է. «Դանիելը պարզ գիտակցում էր, թե բարեխոսությունը կարևոր դեր  է խաղում մարգարեության կատարման մեջ: Աստված էր ներշնչել մարգարեությունը, սակայն երբ եկավ նրա կատարման ժամանակը, չկատարեց այն առանց աղոթքի… Աստված որոշում ընդունեց երկնքում, այնուհետև կոչեց այն մարդուն, ով թույլ պիտի տար` իրականացնելու Իր որոշումը երկրի վրա բարեխոսական աղոթքի և հավատքի միջոցով».

(3)  Ամենակարող և ինքնիշխան Աստծու (Հոբ 41.11: Սաղմ.50.10-12: Գործք 17.24,25)` երկրից բարձրացող բարեխոսական աղոթքի փնտրումը (Եզ.22..30,31).

(ա) Աստծու սրբությունը և ճշմարտությունը պահանջում են դատապարտել մեղքը.

(բ)  Սակայն սիրող Հայր լինելով` Նա փափագում է ողորմություն շնորհել (Եզ.33.11).

(գ)  Եվ այնուամենայնիվ, համաձայն Իր գործելակերպի սկզբունքի, Նա փնտրում է բարեխոսական աղոթքի համագործակցությունը:

Պիտեր Վագներ. «Ինքնիշխան Աստվածը… այնպես է կարգավորել այս աշխարհը, որ շատ բաներ . Նրա կամքը լինելով, կախված են մարդու վերաբերմունքից: Նա թույլ է տալիս մարդկանց այնպիսի որոշումներ ընդունել, որոնք ընդունակ են ազդելու պատմության ընթացքի վրա… Մարդու անգործությունը չի կարող զրոյացնել փրկագործությունը, սակայն այն կարող է դարձնել անարդյունավետ…»:

Ջեկ Հեյֆորդ. «Աղոթքն, ըստ էության, Աստծու փրկյալ զավակի համագործակցու­թյունն է Նրա հետ երկրի վրա փրկագործական նպատակների իրականացման համար»:

Դատչ Շիթսն ասում է, թե այս պատասխանատվությունը նաև մեր արտոնությունն է և ուրախությունը, ինչը կարող է մեզ բարձրացնել և դնել մեր Հոր և Տեր Հիսուսի կողքին` կրելու Գերազանց Սուրբ Հոգին, ընդունելու Աստծու գործակիցները լինելու հիասքանչ հրավերը և Նրա մեծ թագավորության արտակարգ և լիազոր դեսպանները դառնալու կոչումը:

 

2)  Հիսուսի լիազոր ներկայացուցիչները.

ա) Բարեխոսության սահմանումը.

(1)  Համաձայն Վեբսթերի բառարանի` բարեխոսությունը`

(ա) մեջտեղում քայլելն է,

(բ)  հարաբերություններին խառնվելն է,

(գ)  կողմերի միջև գործելն է` նրանց հաշտեցնելու նպատակով,

(դ)  միջնորդություն է.

(2)  Իր հերթին միջնորդությունը`

(ա) երկու հակադրությունների միջև գտնվելն է,

(բ)  երկու կողմերի հարաբերություններին խառնվելն է` յուրաքանչյուր կողմի համար բարեկամի իրավունքներով,

(գ)  տարբեր դիրքեր ունեցող մարդկանց հաշտեցնելու նպատակով բանակցությունների վարումն է.

(դ) բարեխոսություն է.

(3)  Ամենօրյա կյանքում բարեխոսությունը տեղի է ունենում`

(ա) փաստաբանների կողմից իրենց հաճախորդների համար դատարաններում,

(բ)  բանակցությունների սեղանի շուրջ, երբ իրավաբանները ներկայացնում են կողմերից մեկին` մյուսին,

(գ)  գործարար հանդիպումներում, երբ մասնագետները մի կողմին ներկայացնում են մյուսին.

(4)  Բարեխոսությունը`

(ա) պատվիրակում է,

(բ)  հանգում է ներկայացուցչությանը,

(գ)  կրկին անգամ մատուցում է,

(դ)  պաշտպանություն է.

բ)  Բարեխոսությունն արարչագործության և մարդու անկման ժամանակ Աստծու ծրագրի համատեքստում`

(1)  Ադամը պիտի ներկայացներ Աստծուն Երկրի վրա` կառավարելով Նրա անունից,

(2)  Կրկին անգամ պիտի մատուցեր Նրա կամքը Երկրի վրա ամենին,

(3)  Ադամն Աստծու միջնորդն ու բարեխոսն էր Երկրի վրա.

գ)  Քրիստոս` Բարձրագույն Բարեխոսը.

(1)  Քանի որ Ադամը չկատարեց իր խնդիրը, Աստված ուղարկեց «Վերջին Ադամին»` շտկելու նրա սխալը.

(2)  Քրիստոս եկավ կրկին ներկայացնելու Աստծուն Երկրի վրա (Հովհ.1.18-ի բնագրում գրված է, թե Միածին Որդին Հորը մեկնաբանեց` էքսեգեոմայ, իսկ այլ թարգմանու­թյուններում` Հոր մասին պատմեց, հայտնեց).

(3)  Նա դարձավ Բարեխոս և Միջնորդ` կանգնելով մեջտեղում (քանի որ մարդը, ով կոչված էր լինելու Աստծու ներկայացուցիչը, հիմա ինքը բարեխոսի կարիք ուներ): Այնպես որ Աստվածամարդը նաև ներկայացրեց մարդուն Աստծու մոտ` դառնալով Երկկող­մանի Պաշտպան, Բարձրագույն և Եզակի Միջնորդ.

-  Համաձայն Եբր.3.1-ի` մեր Դավանության Առաքյալը (Աստծու կողմից մարդու առջև) և Քահանայապետը (մարդու կողմից Աստծու առջև).

-  Համաձայն Հոբ.9.32,33-ի` Նա դարձավ այն Միջնորդը, Ով Իր մի ձեռքը մեկնեց Աստծուն, մյուսը` մարդուն.

-  Ավարտելով փրկագործությունը` նրա իրավաբանական համատեքստում Քրիստոսը դարձավ Միակ Բարեխոսը (1Տիմ.2.5).

դ) Քրիստոսի բարեխոսության երկրորդ կողմը.

(1)  Քրիստոս, կանգնելով Աստծու և մարդու միջև, հաշտեցրեց ու միավորեց նրանց, վերականգնեց Աստծու գերակայությունը մարդու կյանքում.

(2)  Քրիստոս, կանգնելով մարդու և սատանայի միջև, զատեց ու բաժանեց նրանց, զրկեց սատանային իշխանությունից.

ե)  Քրիստոսի ներկա բարեխոսությունը. [նախորդ դասի «դ)» կետը]

(1)  Մեզ ներկայացնում է Հոր առջև` երաշխավորելով մեր մուտքը Հոր մոտ և փրկության մյուս առավելությունները.

(2)  Աղոթք չէ (Հովհ.16.26).

(3)  Այլ` միջնորդական աշխատանք, որպեսզի, իբրև նրա շարունակությունը և հենվելով նրա վրա, մենք աղոթենք Հիսուսի անունով և Հիսուսի փոխարեն (1Տիմ.2.5: 1Հովհ.2.1).

զ) Քրիստոսի բարեխոսական աշխատանքի և մեր բարեխոսական աղոթքների բաղդատումը.

(1)  Տարբերվում են միմյանցից ինչպես արտադրությունն ու իրացումը (Տերն արտադրել է, իսկ մենք իրացնում ենք).

(2)  Տերն Ինքն է իրականացրել հաղթանակը, փրկագնումը, հաշտությունը, ազատագրու­թյունը և այլն, իսկ մենք դրանք ձերբազատում և տարածում ենք, ինչպես աշակերտները հացն ու ձուկը (Մաթ.14.17-19).

(3)  Մենք առավել խիզախ ենք դառնում բարեխոսելիս, իսկ մեր աղոթքները` առավել զորավոր, երբ հասկանում ենք, որ`

(ա) Մեր Դավանության Առաքյալը, Միջնորդը և Հաշտության Սպասավորը կամենում է ներկայանալ, միջնորդել ու հաշտությունն իրականացնել մեր միջոցով (2Կոր.5.18,19),

(բ)  Մեծ Հաղթահերոսը նախատեսել է Իր հաղթանակը կենսագործել մեր միջոցով,

(գ)  Մեծ Բարեխոսը կամենում է բարեխոսել մեր միջոցով` մարմնավորելու Իր փրկագործական նպատակները.

է)  Կոչված ընկերակցելու մեր Տիրոջը Նրա բարեխոսական սպասավորության մեջ կամ`
բարեխոսական աղոթքը` ներկայացուցչություն և իրացում.

(1)  Հայրն ուղարկեց Հիսուսին, իսկ Նա` մեզ (Հովհ.20.21).

(2)  Այդ պատճառով էլ, որպես Նրա դեսպաններ, օժտված ենք Նրա իշխանությամբ.

(3)  Արդյունքում, ինչպես Հայրն էր գործում Որդու միջոցով (Հովհ.14.10), այնպես էլ Նա` մեր միջոցով.

(ա) Մեր բարեխոսական աղոթքները ձերբազատում են Քրիստոսի ավարտուն բարեխոսական աշխատանքը,

(բ)  Նրա աշխատանքը զորացնում է մեր աղոթքները, մեր աղոթքներն ընթացք են տալիս Նրա աշխատանքին,

(գ)  Մերը շարունակում, ակտիվացնում է Նրանը, Նրանը վավերացնում և արդյունավետ է դարձնում մերը:

Եզրակացություն. բարեխոսական աղոթքը Տեր Հիսուսի սպասավորության իրագործումն է Նրա իշխանությամբ օժտված Եկեղեցու միջոցով, ինչի հետևանքով մենք միջնորդում ենք Աստծու և մարդկանց միջև` հաշտության նպատակով կամ կանգնում մարդկանց և սատանայի միջև` գողգոթյան հաղթության կենսագործման նպատակով:

 

3)  Դատչ Շիթսի վկայությունը.

ա)  1997թ. դեպի Գվատեմալա ուղևորության համար աղոթելիս լսում է Սուրբ Հոգու ձայնը. «Այս ուղևորության ընթացքում դու պետք է ներկայացնես Հիսուսին մարդկանց առջև»: Հետո ավելացվում է. «Դարձի'ր Նրա ձայնը, ձեռքերն ու ոտքերը: Արա' այն, ինչ կաներ Նա, եթե մարմնով գտնվեր այնտեղ: Ներկայացրու' Նրան».

Դատչը հասկանում է, որ պետք է ներկայացնի ոչ թե իրեն կամ ծառայությանը, այլ Հիսուսին, Նրա իշխանությունն ու ունակությունը և այն, ինչ արդեն կատարել է:

բ)   Ուղևորության ընթացքում Գվատեմալայի հեռավոր մի գյուղում կառուցվում էր կացարան բնակիչների համար, ում կավաշեն հյուղակները քանդվել էին 1976թ. ավերիչ երկրաշարժի հետևանքով (30000 զոհ, 1 մլն. անօթևան): Մեկ շաբաթ շարունակ  երեկոները գյուղի կենտրոնում քարոզում էին Ավետարանը և խոսում Քրիստոսի` նրանց այդտեղ բերած սիրո մասին, ինչին արձագանքում է մի քանի մարդ.

գ)   Վերջին օրվա քարոզից առաջ խմբի անդամներից մեկը Շիթսին տեղեկացնում է, թե գյուղի ծայրին տեսել են շան նման ծառին կապված մի փոքրիկ աղջկա` կեղտի մեջ կորած և անօգնական: Ծնողները բացատրել են, թե աղջկան կապել են նրա անվե­րահսկելիության պատճառով, քանի որ վնասում է իրեն և ուրիշներին:

Դատչը պատմում է, թե այդ պատկերն իր մտքում է եղել քարոզելիս, երբ իր հետ նախկինում խոսած ձայնը կրկին ասել է. «Ասա' նրանց, որ դու պետք է աղոթես այդ փոքրիկ, խելակորույս աղջկա համար… Հիսուս Քրիստոսի անունով, Ում մասին քարոզում էիր… Նրա զորությամբ տապալելու ես աղջկան կառավարող չար ուժերին: Եվ երբ աղջիկը կազատագրվի… նրանք կկարողանան հավատալ, թե Հիսուսը, Ում մասին քարոզում էիր, իրապես Նա է, ինչ դու ասում էիր»: Երբ Սուրբ Հոգու ձայնը նրան հիշեցնում է Հիսուսին ներկայացնելու պատգամը, Դատչը հասկանում է, որ ինքը պարզապես պետք է ձերբազատի Հիսոոսի կատարածն այդ աղջկա համար և կենսագործի Նրա տարած հաղթանակը:

Եվ այսպես, Գվատեմալայի այդ հեռավոր փոքրիկ գյուղակում լուսնյակ մի գիշեր մի բուռ մարդկանց առջև աղոթելիս մեկընդմիշտ փոխվում է ամերիկացի քարոզչի կյանքը: Շիթսը գրում է. «Հիսուսը դուրս եկավ ապաստարանից, դարձավ կենդանի, բացահայտ, ամենաբավ և մատչելի… Երեկվա Հիսուսը դարձավ այսօրվա և հավիտենական Հիսուսը:  Հիսուսը Գալիլիայից դարձավ Գվատեմալայի Հիուսը»:

Եվ գյուղն արթնանում է…

 

Պատգամ.

Ամբողջ աշխարհով մեկ ապրում են այլոց վերքեր պառճառող կամ ուրիշներից վերքեր ստացած մարդիկ, ովքեր շղթայված են ալկոհոլով, թմրանյութերով, մոլի կրքերով, ատելությամբ ու չարությամբ, կռապաշտությամբ, մերժվածությամբ…

Ողջ սրտով հավատալով Գողգոթյան Հաղթահերոսին` հնազանդվենք Նրա թագավո­րա-­քահանայական կոչմանը և դավանենք.

«Մենք Հաղթական զորահրամանատար Հիսուս Քրիստոսի հաղթական բանակի հաղթական զինվորներն ենք».

«Մենք Վեհաշուք Հիսուսի արտակարգ և լիազոր դեսպաններն ենք».

«Մենք Նրա շնորքով և Սուրբ Հոգու զորությամբ կոչված ենք կերպարա­նափոխելու աշխարհը»:

 

բ.  Բարեխոսական աղոթքը` երկակի հանդիպում.

1)  Խաչի երկակի հանդիպումները.

ա)  Փրկարար հանդիպումները (Սաղմ.85.10).

(1)  Լույսը` խավարի հետ.

(2)  Կյանքը` մահվան հետ.

(3)  Արդարությունն ու սրբությունը` մեղքի հետ.

(4)  Խաչափայտից կախված Անիծյալը` բարու և չարի իմացության ծառից ծնված անեծքի հետ.

(5)  Ողորմությունը` ճշմարտության և արդարադատության հետ.

(6)  Մարդու նկատմամբ սերը` չարիքի նկատմամբ ատելության հետ.

(7)  Խաղաղությունը մեղավորի հանդեպ` մեղքի նկատմամբ անհանդուրժողականության հետ.

(8)  Աստված` մարդու հետ.

(9)  Երկնավոր Հայրը` անառակ որդու հետ.

բ)   Խաչի վրա գնի վճարումը.

(1)  Արդարը դատապարտվեց արդարադատության բավարարության համար.

(2)  Սուրբը մերժվեց մեղավորի ընդունելության համար.

(3)  Որդին զոհաբերվեց ամբարիշտների փրկության համար.

(4)  Արյուն թափվեց կյանք ծնելու համար.

(5)  Ցավ կրվեց բժշկության համար.

գ)   Հաղթական հանդիպումը.

(1)  Առաջին Ադամը Եդեմի փորձության ժամանակ պարտվեց, Վերջին Ադամը Գեթսեմանիում ու Գողգոթայի վրա հաղթեց.

(2)  Օձը, որ բարու և չարի իմացության ծառի միջոցով հաղթեց, գողգոթյան խաչափայտի վրա պարտվեց.

(3)  Հիսուս խաչով նրանից խայթվեց, սակայն վճռական հաղթությամբ նրան կործանման դատապարտեց (Ծննդ.3.15: Ես.53.5: 1Պետ.2.24).

2)  Բարեխոսական աղոթքը` հանդիպում Աստծու հետ.

Եբրայերեն բարեխոսություն արտահայտող «պագա» բառը` հանդիպում:

ա)  Բարեխոսական աղոթքով մենք մարդուն բերում ենք Աստծու առջև` Աստծու` նրա հետ հանդիպման համար (2Կոր.5.18,19).

բ)   Բարեխոսական աղոթքով իրականանում է Քրիստոսի հաշտարար սպասավորությունը բարեխոսյալի համար.

գ)   Բարեխոսական աղոթքը դառնում է Աստծու հետ հաղորդակցության կապուղի, որը մասնավորապես տանում է բժշկության:

Օրինակ Դատչ Շիթսի ծառայությունից. 1980թ. Գվատեմալայում 4 հավատացյալներով այցելում են տուբերկուլյոզով հիվանդ մի կնոջ հիվանդանոցի` աղքատների համար նախատեսված հիվանդասենյակ-բաժանմունքում: Նրա համար աղոթքից հետո կողքի հիվանդը ցույց է տալիս ողնուղեղի անհաջող վիրահատության հետևանքով հետ շրջված ձեռքերն ու ոտքերը և խնդրում իր համար նույնպես աղոթել: Նրանք բարեխոսական աղոթքով խնդրում են Տիրոջ հանդիպումը հիվանդ կնոջ հետ, այնուհետև քաջալերում են հավատքով վստահել Հիսուսին և անցնում ուրիշ կարիքավորի: Դատչը խոստովանում է, թե մտածում էր, որ նման բժշկություն կարող էր տեղի ունենալ միայն Աստվածաշնչական ժամանակներում: Հանկարծ կինը հետևից աղաղակում է` հրա'շք, հրա'շք: Նրա ձեռքերն ու ոտքերը բժշկվել էին: Այդպես, բարեխոսական աղոթքի հանդիպումներն առաջացնում են կարիքավորների հետ Աստծու գերբնական հանդիպումներ:

3)  Բարեխոսական աղոթքը` հանդիպում հակառակորդի հետ.

ա)  Եթե բարեխոսական աղոթքը մի առումով բերում է Աստծու հետ հանդիպման` բարեխոսյալի հետ հաշտարար հանդիպման նպատակով, ապա մյուս առումով` հակառակորդի հետ հանդիպման, թշնամական ուժերի հետ առճակատման` բարեխոսյալին նրանցից զատելու, սատանայի կապանքները քանդելու նպատակով.

բ)   Գողգոթյան ճակատամարտի ժամանակ`

(1)  երկիրը ցնցվեց, արևը խավարեց (Մաթ.27.51,45).

(2)  Հիսուս աղաղակեց` կատարվեց (Հովհ.19.30), որը հունարեն (տետելեստայ) նշանա­կում է լիովին կատարել, ավարտուն տեսքի բերել, նաև` լիովին վճարել: Այն, ասես, ազդարարում էր մեր պարտքերի լիակատար վճարման մասին.

(3)  Հիսուսը մեջբերեց Սաղմ.22.32-ը («Ամենը Նա կատարեց», եբրայերեն` ասա): Ի դեպ, սաղմոսը սկսվում է խաչի վրա Հիսուսի արտասանած խոսքերից ևս մեկով: «Ասա» եբրայերեն նշանակում է նաև ստեղծել, ինչը Հիսուսի խաչի վրա արտասանած խոսքին տալիս է նաև «ստեղծվեց» իմաստը: Այսպիսով, հաղթական ճակատամարտի արդյունքում գերիներ ազատագրվեցին (ըստ 1Պետ.3.19-ի` բանտում եղած հոգիները, ինչը հաստատվում է նաև Մաթ.27.52,53-ով, թե հինկտակարանական սուրբերը դուրս եկան գերեզմանից) և իշխանությունը նվաճվեց (Մաթ.28.18).

(4)  Համաձայն 1Հովհ.3.8-ի` Հիսուս սատանայի գործերը քանդեց (հունարեն` լյուո): Այդ բառի իրավաբանական նշանակությունն է` հայտարարել, որ ինչ-որ բան այլևս կապված չէ կամ չեղյալ համարել  համապատասխան պայմանագիրը: Այդպես Հիսուսը չեղյալ համարեց սատանայի իրավական նկրտումները և հայտարարեց մեր ազատ լինելը: Բառի ֆիզիկական նշանակությունն է ինչ-որ բան լուծել, հալել, քանդել, կոտրել, կտոր-կտոր անել: 2Պետ.3.10,12-ում այդ բառն օգտագործված է Մեծ դատից հետո տիեզերական տարրերի հալումը նկարագրելու համար: Այսպիսով, Հիսուս մեզ ոչ միայն ազատում է իրավաբանորեն, այլև այդ ազատագրումը կատարում է տառացիորեն` կոտրելով դիվային լուծը.

գ)   Լյուո բառը օգտագործված է նաև Մաթ.16.19-ում, որտեղ խոսվում է մեզ տրված` արձակելու իշխանության մասին: Այսպիսով, մի կողմից` Հիսուս իշխանազրկեց սատանային, սակայն մենք, լինելով Տիրոջ ներկայացուցիչները, մարմնավորում ենք Նրա գողգոթյան հաղթանակը:

Դատչ Շիթսը պատմում է մի եկեղեցում երկու տարի շարունակ անդամալույծ դարձած և խոսելու ունակությունը կորցրած մի աղջկա մասին, որի օրգանիզմում բժիշկները ոչ մի խախտում չէին կարողանում հայտնաբերել: Եկեղեցի այցելած մի եղբոր հայտնվում է, թե նրա հիվանդությունը դիվային է: Պաշտամունքի ժամանակ հյուրը զգուշորեն մոտենում է սայլակին գամված հաշմանդամ աղջկան և շշնջում ականջին. «Սատանա', Հիսուսի անունով, ես քանդու'մ եմ այս երիտասարդ աղջկա վրա եղած քո իշխանությունը, հրամայո'ւմ եմ արձակել շղթաները և բաց թողնել նրան»: Մի շաբաթ հետո աղջիկը կարողանում է մի փոքր շարժել ձեռքերը, իսկ ևս մեկ շաբաթ հետո շարժում է ձեռքերն ու ոտքերը: Մեկ ամսվա ընթացքում տեղի է ունենում լիակատար ազատագրում, որից հետո նա ծառայող եղբորը պատմում է, թե ինքն այդ վիճակի մեջ էր ընկել կենակ­ցու­թյան առաջարկ արած կախարդ-ուսուցչին մերժելու և նրա անեծքի պատճառով: Այսպիսով, թշնամու առջև Հիսուսի անունով կանգնած բարեխոսի շարունակական հրամանները պսակվում են հաջողությամբ:

Ուրեմն, չվախենա'նք թշնամու հսկա հասակից, որովհետև Տերը մեզ օժտել է Իր իշխանությամբ:

Նաև չվախենա'նք անցյալի անհաջողություններից ու տեղիք չտա'նք անհավատությանը:

Մտնե'նք բարեխոսական աղոթքի երկակի հանդիպումների մեջ:

 

գ.  Բարեխոսական աղոթքը` բարեխոսյալի բեռի կրում և հեռացում.

1)   Առաջինի հունարեն համարժեքն է`անեքսոմայ.

ա)  Նշանակում է կարիքի մեջ գտնվող եղբոր կամ քրոջ կողքին կանգնել` մխիթարելու և ամրապնդելու համար, աջակցել: Ինչպես բանջարեղենի թուփը կապում են փայտյա ձողին` նրա ծանրությունը կրելու համար.

բ)   Դա ավելին է, քան Կող.3.13-ում և Եփ.4.2-ում թարգմանված միմյանց նկատմամբ ներողամիտ լինելը.

գ)   Մի հուզիչ օրինակ. Ջեկի Ռոբինսոնը, բարձրագույն լիգայում խաղացող առաջին սևամորթ բեյսբոլիստը, մշտապես հանդիպում էր ամբոխի արհամարական աղմուկին բոլոր մարզադաշտերում: Մի անգամ հարազատ Բրուկլինի մարզադաշտում սխալ է թույլ տալիս` արժանանալով անգամ սեփական համակիրների ծիծաղին ու ծաղրին: Այդ ժամանակ նշանավոր խաղացողներից մեկը կանգնում է նրա կողքին, ձեռքով գրկում ուսերը և նայում ամբոխին: Ամբոխը լռում է, իսկ Ջեկին հետագայում ասում է, թե ուսին իջած բարեկամական ձեռքը փրկում է նրա մարզական կարիերան:

Եթե այդպես է վարվում աշխարհիկ մարդը, ապա ինչպե՞ս պիտի վարվի հոգևորը...

2)   Երկրորդին հանդիպում ենք Հռ.15.1-3-ում («Տկարների տկարությունը վերցնենք») և Գաղ.6.2-ում («Միմյանց բեռները կրեք». հուն.`բաստաձո).

ա)  Նախ` կրումը և հեռացումը Քրիստոսի բարեխոսական աշխատանքում:

(1)  Ես.53.6-ում Քրիստոսի մասին կարդում ենք, թե մեր անօրինությունը Նրա վրա դրվեց (պագա), իսկ 12 համարում` «Շատերի մեղքը վերցրեց ու հանցավորների համար միջնորդություն արեց». (պագա): Այդ մասին 2Կոր.5.21-ում նշվում է, թե Նա մեզ համար մեղավոր կամ մեղքի համար զոհ համարվեց, որպեսզի Նրա միջոցով մենք Աստծու արդարները լինենք.

(2)  Սաղմ.103.12-ում կարդում ենք, թե որչափ արևելքը հեռու է արևմուտքից, այնքան Տերը հեռացրեց  (եբր.` նասա) մեզանից մեր հանցանքները.

(3)  Ղևտ.16-րդ գլխում քավության օրը քահանայապետը մի նոխազը զոհ էր մատուցում և արյունը Սրբության Սրբոց տանում, իսկ մյուսի վրա ձեռքերը դնում, ժողովրդի մեքերը խոստովանում և անապատում ազատ արձակում: Սա խորհրդապատկերում էր Քրիստոսի խաչելությունը և մեր մեղքերի քավությունը.

(4)  Ս.Դ.Գորդոնի բերած օրինակը. 14-ամյա Ստիվենը ծնողներից գաղտնի երեք օր բացակայում է դասերից, ինչի մասին նրանք իմանում են երբ ուսուցիչը զանգում է` տղայի առողջության մասին հարցնելու: Աղոթքից հետո նրանք բացատրում են որդուն, թե նրա խաբեությունը մեղք լինելու հետ միասին նաև խաթարում է փոխվստահությունը: Հայրը որոշում է, որ երեք օր շարունակ որդին պիտի գիշերի տանիքում: Եվ առաջին գիշերը երկար է թվում ոչ միայն որդու, այլև ծնողների համար: Կեսգիշերն անց հայրը վերցնում է իր բարձն ու ծածկոցը, բարձրանում տանիք, պառկում արցունքաշաղախ որդու կողքին և նրան բացատրում, թե որոշել է նրա հետ միասին կրել պատիժը: Եվ այսպես, երեք գիշեր շարունակ հայրն ու որդին գրկում էին միմյանց` գլուխը դնելով նույն բարձի վրա, միախառնելով այտերից հոսող արցունքները և միասին կրելով պատիժը:

Այդպես 2000 տարի առաջ Աստված թողեց Իր փառաց գահը և հանձին Իր Որդու երկիր իջավ` խաչի վրա արցունքներից թրջված Իր այտը հպելով մերին և կրելով մեղքի համար մեր պատիժը և հին մարդուն («Այս գիտենանք, թև մեր հին մարդը Նրա հետ խաչը ելավ»` Հռ,6.6).

բ)   Թեև Եբր.10.12-ում Քրիստոս մեր մեղքերի համար մեկ անգամ պատարագ մատուցեց, այնուամենայնիվ Կող.1.24-ում Պողոսը գրում է Քրիստոսի չարչարանքների պակասը իր մարմնի մեջ լրացնելու մասին: Այն ակնարկում է Քրիստոսի միջնորդական սպասավորության մեջ մեր համագործակցությունը.

(1)  Նա Գաղաադի Բալասանն է (Երեմ.8.22), մենք այդ Ամոքիչ յուղով օծողները .

(2)  Նա Կենաց աղբյուրն է (Երեմ.2.13:17.13), իսկ մենք այդ Կենդանարար ջուրը հասցնողները.

(3)  Նա Մխիթարության հովվական գավազանն է (Սաղմ.23.4), իսկ մենք այն տարածողները.

(4)  Նա մեր Կարեկից Քահանայապետն է (Եբր.4.15), սակայն այսօր կամենում է Իր կարեկցանքն արտահայտել ու սիրել, քահանայագործել ու բժշկել մեր միջոցով.

(5)  Նա Իր սուրբ արյան հեղումով դարձավ Նոր ուխտի Միջնորդը (Եբր.12.24), որպեսզի մեզ ունակ դարձնի Նոր ուխտի սպասավորները լինելու (2Կոր.3.6), Նոր ուխտի շնորհները տարածելու.

գ)   Մայք Անդերսոնի մանկահասակ որդու մահացու հիվանդությունից բժշկությունը բարեխոսական աղոթքի համագործակցությամբ.

(1)  Մայքը Յամայկայից զանգում է ԱՄՆ, Դատչին աղոթաժողովից կտրում և հաղորդում, թե բժիշկները ոչինչ չեն կարողանում հայտնաբերել որդու օրգանիզմում, սակայն Տերը  հայտնել է, որ մահամերձ հիվանդության պատճառը տկարության մի ոգի է, որի գրոհը կարելի է ջախջախել միայն այլ բարեխոսների համագործակցությամբ: Բարեխոսական խումբը Հիսուսի անունով կապում է երեխայի վրա գործող սատանայի իշխանությունը, մարտնչում նրա դեմ Հուդայի Առյուծի մռնչյունով (Հովել 3.16-ում և Ամովս 1.2-ում` ըստ որոշ թարգմանությունների` «Տերը պիտի մռնչա»): Մի քանի ժամ հետո երեխան ապաքինվում է և հիվանդանոցից դուրս գրվում:.

(2)  Այնուհետև Տերը Մայքին հիշեցնում է Հեսուի 9-րդ և 10-րդ գլուխները, որտեղ պատմվում է, թե ինչպես Գաբավոնի հետ ուխտի մեջ մտած Հեսուն հասնում է` օգնելու նրան 5 թագավորների բանակների հարձակումից: Ահա այդպես Տիրոջ ուխտը երբեմն հաղորդվում է մեզ օգնության եկած այլոց միջոցով.

(3)  Եզրակացություն. Տերը մեր վրա է «դնում» բարեխոսյալի կարիքը (անեխոմայ)` մեզ նեցուկ դարձնելով նրա համար: Այնուհետև բարեխոսական աղոթքի միջոցով մենք «հեռացնում» ենք նրա տկարությունը: Այսպիսով` բարեխոսական աղոթքով մենք մարմնավորում ենք Տեր Հիսուսի գողգոթյան հաղթանակը.

3)   Գողգոթյան հաղթանակի մարմնավորումը տանում է հարձակման.

ա)  Հեսու 10.22-27-ում նկարագրվում է պարտված թագավորների նկատմամբ Հեսուի կատարած գործողությունը: Երբ նա հրամայում է նրանց գետին պառկեցնել, ակնկալ­վում է, թե Հեսուն իր ոտքերը պետք է դնի նրանց պարանոցների վրա` ի նշան հաղթա­նակի: Հենց այդ մասին է խոսքը գնում Կող.2.15-ում, որտեղ ասվում է թե Քրիստոս «իշխանություններին ու պետություններին մերկացրեց ու հայտնապես խայտառակեց (որոշ թարգմանություններում` նրանց մասսայական տեսարան դարձնելով)` հաղթե­լով նրանց Իր անձով»:

Հեսուն սակայն մարգարեաբար վարվեց, երբ հրավիրեց զինակիցներին` իրենց ոտքերը դնելու պարտված թագավորների պարանոցներին: Այդպես էլ Հիսուս, ի կատարումն մարգարեական այդ պատկերի, հաղթելով սատանային, Իր բանակին կոչեց ոտքը թշնամու պարանոցի վրա դնել: Այդ պատճառով էլ, եթե Եփես.1.20-ում խոսվում է Քրիստոսի համբարձման մասին, ապա 2.6-ում` Եկեղեցու` ամեն բան նրա ոտքերի տակ հնազանդեցնելու նպատակով (Եփես.1.22,23):

Այդ մասին են վկայում նաև Հռ.16.20-ը («Եվ Խաղաղության Աստվածը շուտով խորտակի սատանային ձեր ոտքերի տակ») և Ղուկ.10.19-ը («Ահա ձեզ իշխանություն եմ տալիս` օձերի, կարիճների և թշնամու ողջ զորության վրա կոխրճելու, ու բնավ ոչինչ ձեզ պիտի չվնասի»):

բ)   Կարող է թվալ, թե այս ամենը հակասում է Սաղմ.110.1-ին, որտեղ Հայրը Որդուն ասում է. «Նստի'ր Իմ աջ կողմը, մինչև Քո թշնամիներին ոտքերիդ տակ պատվանդան անեմ»: Մինչդեռ Հիսուս իրավական տեսանկյունով թեև հաղթեց սատանային խաչով, սակայն տառացիորեն թշնամին Նրա ոտքերի տակ կլինի, երբ մենք կատարենք մեր մասը: Սաղմոսի 2-րդ և 3-րդ խոսքերն ասում են հենց այդ մասին. «Տերը Քո զորության գավազանը Սիոնից պիտի ուղարկի…»: «Զորություն» բառը (խաիլ) թարգմանվում է նաև բանակ: Հիսուս փնտրում է Իր բանակին, որը պիտի իշխի թշնամիների վրա` կենսագործելով Նրա հաղթանակը («Քո թշնամիների մեջ Դու տիրիր… Քո երիտասարդներն արշալույսի արգանդի ցողից ավելի պիտի լինեն Քեզ համար»):

Այսպիսով, երբ Հիսուս մեր վրա դնում է բարեխոսական աղոթքի բեռը (պագա), որպեսզի մենք կրենք այն (անեքսոմայ) և հեռացնենք ծանրությունը (նասա, բաստաձո), մենք մտնում ենք աղոթքի պատերազմի մեջ: Հետևաբար, բարեխոսական աղոթքով բեռնավորվելը և հոգևոր պատերազմն անբաժան են միմյանցից:

Եբրայերեն «հարձակվել» բառը (դարակ) նշանակել է աղեղի ձգումը նետն արձակելու նպատակով: Այն ժամանակակից իսրայելական բանակում օգտագործվում է զենքը լիցքավորելու հրամանի համար: «Դարակ»-ը (հուն.` պաթեո) նշանակում է նաև խաղողի տրորումը հնձանում, ինչպես Ես.63.3-ում և Հայտն.19.15-ում: Նշված համարները օգտագործվում են Իր թշնամիներին հաղթող Քրիստոսին ներկայացնելու համար: Սակայն Հեսու1.3-ում «դարակ» բառն օգտագործվում է Իսրայելին խոստացած տարածքները նվաճելու իմաստով. «Այն բոլոր տեղերը, որ կոխրճեն ձեր ոտքերը ձեզ պիտի տամ, ինչպես Մովսեսին ասել եմ»: Սա նշանակում է, որ այն բոլոր տարածքները, որոնցում նրանք կլիցքավորեն իրենց զենքը (կձգեն աղեղը)` գրավելու համար, կտրվի նրանց: Ի հակառակ Մովսեսի սերունդի` Հեսուի սերունդն այդ բանը արեց: Սակայն դա օրինակ է նաև մեզ համար. «Եվ սրանք մեզ օրինակի համար եղան… Բայց մեզ խրատի համար գրվեց» (1Կոր.10.6,11): Հետևաբար, մեզ տրված խոստումները ինքնաբերաբար չեն կատարվելու, այլ դրանց իրականացման համար մենք նույնպես ետք է գործածենք մեր սպառազինությունը (2Կոր.10.3-6):

գ)   Ուրեմն, Քրիստոսի չարչարանքների իրականացման գործում ոչի'նչ թող չպակասի մեր սպասավորության մեջ (Կող.1.24):

Եկե'ք, Նրա զորության գավազանը տարածենք` տիրելու մեր թշնամիներին (Սաղմ.110.):

Թո'ղ Հուդայի առյուծի ահազդու մռնչունը այսօր հնչի Եկեղեցում (Ես.21.8):

Եվ թո'ղ Տիրոջ ուխտը մեր միջոցով տարածվի ողջ երկրի վրա (ինչպես հաղթանակը Գաբավոնի հետ ուխտի մեջ մտած Հեսուի միջոցով` Հեսու 9-րդ.10-րդ գլուխներ):

Իսկ դրա համար մեզանից գին է պահանջվում վճարել:

Մի հոր օրինակը. Նրա որդին, հակառակ ծնողների զգուշացումներին, միշտ ուշ է տուն վերադառնում: Մի ուշ երեկո մայրը սեղանին նրա առջև ափսեի մեջ միայն մի կտոր հաց է դնում, ինչից շփոթված որդին կռահում է, թե իր նկատմամբ դաստիարակչական միջոցառում է կիրառվում: Մի քանի րոպե հետո, սակայն,  հայրը մսով ու կորտոֆիլով լի իր ափսեն փոխանակում է որդու ափսեի հետ: Տղան հետո պիտի ասի, թե իր պատկերացումը Աստծու մասին ձևավորվեց այդ երեկոյան հոր արարքի հիման վրա…

Տեր Հիսուսի հետ բարեխոսական ընկերակցությունը մեզանից նույնպես պահանջում է հրաժարվել առատ սեղանից` մեր շրջապատին ցույց տալու համար, թե Ով է Աստված…

 

դ.  Բարեխոսական աղոթքը` բարեխոսյալի «պարսպապատում».

1)  «Պագա»-ն` «պարսպապատու՞մ».

ա)  Հեսուի գրքի 19-րդ գլխում, որում նկարագրվում են Իսրայելի ցեղերի սահմանները, «պագա» բառը օգտագործվում է «հասնում է», «հարում է», «սահ­մանակ­ցում է», «դիպչում է», «սահման» նշանակությամբ: Spirit-Filled Bible թարգմանու­թյունում ասված է, որ այն արտահայտում է հողաբաժնի տարածման հեռավորությունը.

բ)   «Պագա» բառի «սահման» նշանակությամբ օգտագործումը մեզ հուշում է բարեխո­սա­կան աղոթքի միջոցով պաշտպանված տարածքի` «պարիսպների» կառուցման և բարե­խոսյալի «պարսպապատման» մասին.

գ)   Այստեղից` մի՞թե ճիշտ է այն տեսակետը, թե`

(1)  չարիքից մեր ազատվելը կախված է միայն Ինքնիշխան Աստծուց և ոչինչ չի կարող քրիստոնյայի հետ կատարվել, եթե Աստված թույլ չտա (իսկ ոմանք պնդում են, թե այդպես է նաև ոչ քրիստոնյաների դեպքում անգամ).

(2)  վթարներից, սպանություններից, դիվային թակարդներից ու գրոհներից, կողոպուտից պաշտպա­նությունը քրիստոնյային տրվում է ինքնաբերաբար.

(3)  (այդ դեպքում մի՞թե Աստված թույլ կտար մարդկանց անարգումն ու բռնաբարու­թյուն­ները, անմեղների տառապումն ու ռասայական խտրականությունը և բազում այլ ողբերգություններ).

2)  Աստծու կառավարման սկզբունքները.

ա)  Մեր դարձից հետո պատճառա-հետևանքային կապերը, մեր ազատակամությունն ու պատասխանատվությունը պահպանվում են: Այնպես որ, Աստծու խոստումների իրա­կա­նա­ցումը կախված է որոշակի պայմաններից, որոնք իրենց մեջ ներառում են նաև մեր պատասխանատվությունը: Այս իմաստով մեր պահպանությունը բացառություն չէ, ինչը չի ասում Աստծու թուլության մասին` ամեն բան միանշանակորեն Նրա կողմից չվերահսկվելու պատճա­ռով.

բ)   Սուրբ Գիրքը թվարկում է մեր պաշտպանության, մատակարարության, բժշկության, աղոթքի պատասխանի, երեխաների հոգևոր կյանքի և Աստծու այլ խոստումների կա­տար­ման մի շարք պայմաններ.

(1)   Հավատքը (Մաթ.21.22` «Ամեն, ինչ որ աղոթքի մեջ հավատքով խնդրեք, պի­տի առ­նեք»: Հակ.1.6,7` «Նա, որ երկմիտ է… թող չկարծի. թե Տիրոջից մի բան պիտի առնի») և այն բարձրացնող` Աստծու խոսքով սնումը (Հռ.10.17)` որպես վահան (Եփես.6.16` «…որով կարող պիտի լինեք չարի բոլոր կրակոտ նետերը մարելու»).

(2)   Աղոթքը և ծոմապահությունը. Մաթ.17.20` «Այս տեսակը… միայն աղոթ­քով և ծոմա­պա­հու­թյամբ»:

(3)   «Բարձրյալի ծածկի տակ» բնակվելը` Սաղմ.91.1 (որոշ թարգմանություններում` «ծա­ծուկ վայրում») և աղոթքի ներքնասենյակը մտնելը` Մաթ.6.6 (հունարենում` թամիոն` գաղտնարան, գանձարան, ննջարան).

(4)   Աստծու խոսքի մեջ մնալը (Հովհ.15.7` «Եթե… Իմ խոսքերը ձեր մեջ մնան, ինչ որ ուզեք` պիտի խնդրեք ու պիտի լինի ձեզ») և հնազանդությունը (Ես.1.19` «Եթե հոժա­րեք ու հնազանդվեք` երկրի բարիքը պիտի ուտեք»).

(5)   Համբերությունը. Եբր.6.12` «…Նմանվեք նրանց, որ հավատքով ու համբերությունով խոստումները ժառանգեցին».

(6)   Տասանորդի մեջ հավատարիմ լինելը. Մաղ.3.8-12` «Տասանորդները գանձատունը բերեք… Սրանով Ինձ փորձեք… թե արդյո՞ք ձեզ համար երկնքի պատուհանները պիտի չբանամ…».

(7)   Սատանային հակառակ կանգնելը. Հակ.4.7: 1Պետ.5.8.

(8)   Ներողամտությունը. Մարկ.11.25,26` «..Եթե դուք չներեք, ձեր Հայրն էլ… պիտի չների ձեր հանցանքները».

(9)   Երեխաների հոգևոր դաստիարակության նկատմամբ հոգատարությունը. Առ.22.6` «Կրթի'ր մանկանը ճանապարհի սկզբում, որպեսզի ծերության ժամանակ էլ նրանից չխոտորվի»: 2Օր.6.7.

գ)   Եզրակացություն.

(1)  Ասվածից չի' հետևում, թե`

(ա) Աստված երբեք թույլ չի տալիս, որ մենք անցնենք փորձություններով,

(բ)  բոլոր խնդիրներն առաջանում են անհնազանդության պատճառով,

(գ)  բոլոր չպատասխանված աղոթքների պատճառը անհավատությունն է.

(2)  այլ, որ շատ խնդիրներ առաջանում են, երբ մեր պաշտպանության ապահովության և շատ օրհնություններ ստանալու մեջ անտեսում ենք մեր դերակատարությունը.

(3)  Այնպես որ, սուրբգրային սկզբունքները մեր վրա պատասխանատվություն են դնում, ինչը Շնորհքի անտեսում և գործերով փրկությունը չէ: Հետևաբար`

(ա) թեև Աստծու սերն անպայման է,

(բ)  սակայն Նրա հաճությունն ու օրհնությունները մեր առջև պայմաններ են դնում,

(գ)  այնպես որ, Շնորհքը ոչ միայն չի ժխտում մեր պատասխանատվությունը, այլ ակնկալում է մեր համագործակցությունը:

3)  «Պարսպի» կառուցումը բարեխոսական աղոթքի միջոցով.

ա)  «Պարսպի» կառուցման համար պահանջվող ժամանակը.

Մի հովվի երեքժամյա աղոթքը առավոտյան` «պարսպի» կառուցման համար.

(1)  Նա ամեն օր սկսում էր մեկժամյա աղոթքով, սակայն մեկ անգամ Սուրբ Հոգու մղումն է ունենում` այն երկարացնելու ևս երկու ժամով Աստծու պաշտպանության և օրվա օրհ­նու­թյան համար: Երեկոյան գազոնը հարթելիս տեսնում է, որ կծիկ եղած շա­ռա­չուն օձը, սահելով ոտքի վրայով, ապարդյուն ջանում էր խայթել, սակայն չէր կա­րողանում` հովվի առավոտվա աղոթքով կառուցած անառիկ «պարսպի» պատճառով.

(2)  Եթե առարկություն արվի, թե Աստծու պահպանության համար անհրաժեշտ չէ երեք­ժամյա աղոթքը, ապա ի պատասխան` կարելի է հիշատակել Երիքովի շուրջ իսրայել­ցիների յոթօրյա երթի (Հեսու, 6-րդ գլուխ), Ավետարանում Հիսուսի կողմից մատներին թքելու և մի համրի լեզվին հպելու, բժշկության նպատակով մի կույրի աչքերին թքելու (Մարկ.8.23), թքով ցեխ շինելու և մի ուրիշ կույրի աչքերին քսելու (Հովհ.9.6,7) անհրաժեշտությունը և այլն.

(3)  Մնում է եզրակացնել, որ թեև մենք հաճախ չենք իմանում, թե ինչու է Նա կամենում որոշակի բաներ կատարել որոշակի կերպով, սակայն հաստատ գիտենք, որ Նրա խոստումի կատարման բանալին մեր հնազանդությունն է.

բ)   Հարատևությունը` պարսպապատման մի ուրիշ պայման.

Համաձայն Սաղմ.91.1-ի` «Բարձրյալի ծածկի տակ բնակվողը Ամենակարողի հովանավո­րու­թյան տակ է հանգչում».

(1)  Ինչպես արդեն նշվեց, Բարձրյալի «ծածուկ վայրում» բնակությունը Մաթ.6.6-ում համե­մատ­վում է «ներքնասենյակի» աղոթքի հետ: Սաղմոսի «բնակվող» բառը (եբր. «յա­շավ») ունի մշտական բնակության, ապրելակերպի նշանակություն (ամուր պարիսպ­ներ կառուցելու նպատակով), այլ ոչ թե միան­գամյա գործողություն.

(2)  «Հանգչել» բառը (եբր.` «լյուն») նշանակում է գիշերն անցկացնել: Ինչպես իսրայելցի­ներն էին ամեն օր սնվում մանանայով (Ելից 16.31), այնպես էլ անհրաժեշտ է թե' ամեն օր սնվել Աստծու խոսքով (Հեսու 1.8), թե' մտնել Աստծու ծածուկ հայտնության ներք­նա­սեն­յակը` «գիշերն այնտեղ անցկացնելու» և հաջորդ օրը նույնպես այնտեղ գնալու համար.

(3)  Մի քարոզիչ վկայել է, թե ինչպես Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նավաստիների հետ միասին ամեն օր աղոթել են` խնդրելով Աստծու պաշտպա­նությունը նավի համար: Մի անգամ թշնամական ռումբն ընկնում է տախտակա­մածին և պայթելու փոխարեն, ապշեցնելով բոլորին, թենիսի գնդակի նման հետ է ցատ­կում ծովը: Եվ այդպես, նրանց նավը բարեխոսական «պարսպապատման» շնորհիվ Աստված մարտից մարտ զարմանալի կերպով պահպանել է աղետից…

գ)   Սուրբ Հոգու հետ համագործակցությունը ժամանակի առումով կամ` «պարսպապատ­ման» մասնավոր կամ ռազմավարական ժամանակը («կայրոս»).

(1)  Հունարենում ժամանակ նշանակող երկու բառ կա` խրոնոս (ընդհանրապես ժամանակ) և կայրոս (ռազմավարական, ինչ-որ բան անելու համար նպաստավոր ժամանակ).

(ա) Սուրբ Գիրքը խոսում է փորձության ժամանակի մասին (Ղուկ.4.13:8.13): Ղուկ.22.31,32-ում Հիսուս ասում է փորձության մեջ ընկած Պետրոսի համար Իր աղոթքի մասին: Այն մեզ նույնպես կոչում է բարեխոսական աղոթքի` փորձության մեջ ընկածների համար.

(բ)  Գործք.12.1-ում և 19.23-ում խոսվում է Եկեղեցու դեմ ծրագրավորված հալածանք­ների մասին: Հնարավոր է, որ շատ հալածանքներ վնասներ չբերեին, եթե բարեխո­սա­կան աղոթք բարձրացվեր.

(գ)  Առ.3.5,6-ում Աստծու խոսքը մեզ կոչ է անում չապավինել մարդկային բանականու­թյանը: Ըստ Եփես.6.12-ի և 2Կոր.10.4-ի` մեր պատերազմը մարմնի և արյան հետ չէ, և մեր սպառազինությունը մարմնավոր չէ: Երբ Եփես.6.18-ում Պողոը պատվիրում է ամեն ժամանակ (կայրոս) աղոթել Հոգով, ապա խոսքը գնում է մեր կողմից բարե­խոսական աղոթքի պաշտպանությունը բարձրացնելու մասին` Հոգու մղումներին ի պատասխան.

(2)  Սուրբ Հոգու մղումներին ի պատասխան բարեխոսական աղոթքների օրինակներ.

(ա) Դատչ Շիթսը Տեխասում մի առավոտ աղոթքի ժամանակ տեսնում է, թե ինչպես շառաչուն օձը կծիկ է դարձել հոր ոտքի մոտ Ֆլորիդայում: Նա կապում է սատա-նային, մայրենի լեզվով աղոթում է հոր պաշտ­պանության համար Աստծու խոսքի հիման վրա, այնուհետև օտար լեզուներով` մինչև աղոթքի բեռի պարպումը: Հաջորդ օրը հայրը զանգում է նրան և պատմում, թե ինչպես Դատչի խորթ մայրը ցախանոց մտնելիս դռան մոտ հայտնաբերում է կծկված օձի և կանչում իրեն: Հայրը սպանում է օձին: Դատչը տեղեկացնում է նրան իր տեսիլքի և «պարսպապատող» աղոթքի մասին.

(բ)  Հեյլ Մամերտը պատմում է, թե ինչպես Տեխասի Լանկաստեր քաղաքում տուն վե­րա­դառնալիս փչում է ուժեղ քամի: Տան պատերը սկսում են դղրդալ և ապակիները կոտրվել: Ամուսինը պատվիրում է նրան թոռների հետ միասին վերցնել բարձերն ու ծածկոցը և գնալ մեծ սենյակը: Սկսվում է տորնադոն: Պապիկը ծածկոցով, բար­ձե­րով և իր մարմնով ծածկում է նրանց: Բոլորն աղոթում են: Պայթյունների հետևան­քով փլվում են պատերը, տանիքը, սակայն Հեյլի ամուսինը, փոթորկին գերազան­ցելով, փառաբանում է Տիրոջը: Ամենաահավոր հարվածի ժամանակ պապը, տատը և թոռները գոհանում են Աստծուց: Հեյլը լսում է Սուրբ Հոգու ձայնը, որն ասում է ընտանիքի պաշտպանության մասին, և նրանք հայտնվում են Երկնավոր Հոր ձեռ­քե­րի մեջ: Բաց երկնքից սկսում է տեղալ հորդ անձրևը: Փլատակների տակ գտնվե­լով` նրանք այնուամենայնիվ փրկվում են, մինչ մրրկահողմի հետևանքով քաղա­քում զո­հեր են լինում: Հեյլ Մամերտի վկայությունը տպվում է «Դալասի առավոտյան նորություն­ներ»-ում.

(գ)  Տարիներ առաջ դալասցի մի հոգևոր քույր վաղ առավոտյան գնում է որդու և հարսի մոտ: Գիշերային հերթափոխից որդու վերադառնալու ժամանակ մայրն ան­հանգստու­­­թյուն է ունենում և հարսի հետ միասին դուրս գալիս` նրան դիմավորե­լու: Կանայք նկատում են, որ երբ տղան դեպի իրենց է շարժվում մոտոցիկլետով, աչքերը փակվում են, որի հետևանքով, բախվելով ճանապարհասյան հետ, թռչում է 10 մետրից ավելի հեռավորության վրա: Երբ մայրն աղոթքով մոտենում է որդուն, նա, առանց վնասվելու, ուշքի է գալիս: Եվ որդու պաշտպանությունը արդյունքն է դառնում այն բանի, որ Սուրբ Հոգու մղումին արձագանքելով` բարեխոս մայրը «պարսպա­պատող» աղոթքով գտնվում է ճիշտ ժամին ճիշտ տեղում.

 

(3)  Տևական ժամանակ պահանջող «պարսպապատող» աղոթքը (կայրոսի ժամանակա­հատ­վածը).

(ա) Մի հայր տեսնում է կրկնվող մի երազ իր աղջկան սպառնացող մահվան մասին: Պատմելով փեսային` միասին պարբերաբար բարեխոսական աղոթք են բարձրաց­նում` ի պաշտպանություն նրա, կապելով սատանայի դավադիր ծրագրերը, վկայա­կոչելով Սաղմ.91.3-ը («Նա պիտի փրկի քեզ որսորդի որոգայթից»), այս ամենը կատարելով Հիսուսի անունով և Նրա հաղթանակը կենսագործելով: Մեկ ամիս հետո աղջիկը պաշտոնի բարձրացման առիթով բժշկական քննություն է անցնում, որի ժամանակ հայտնաբերվում է նրա արյան մեջ կալիումի մահաբեր բացակայու­թյունը: Ահաբեկված բժիշկները նրան հիվանդանոց են տեղափոխում և սկսում կալիումի վերականգնումը: Այսպես, աղոթքի պաշտպանական պարսպապատումը փրկում է աղջկան.

(բ)  Դատչ Շիթսը մոտ 45 հոգուց բաղկացած խմբով ուղևորվում է Գվատեմալայի ջունգլիները` կառուցելու շարժական կլինիկա, ավետարանչական կայան և երկու բնակելի շինություն: Ընթացքում կանգ են առնում մայրաքաղաքում, որտեղ հակառակ պայմանավորվածությանը` օդանավակայանում մեկ օրով ցանկանում են հետաձգել թռիչքը: Դրա հետևանքով երեք ժամ շարունակ բանակցություններ են ընթանում նախնական պայմանավորվածությունը պահպանելու համար, որից հետո օդանա­վակայանի ղեկավարներից մեկը բարկացած հայտարարում է, որ անմիջապես ինքնաթիռ նստեն: Այդ գիշեր Գվատեմալայում երկրաշարժ է լինում` տալով 30000 զոհ, որի հետևանքով մասնավորապես ավերվում է օդանավակայա­նում նրանց տրամադրված հյուրանոցը: Հետագայում պարզվում է, որ բանակցու­թյունները սկսելու պահին Օհայոյի իրենց եկեղեցում մի բարեխոս քույր աղոթքի մեծ բեռ է զգում նրանց համար: Այն տևում է երեք ժամ, ինչի հետևանքով ավետարանչական խմբի շուրջ կառուցվում է Աստվածային պաշտպանությունը.

(գ)  Եվ այսպես, Աստծու հովանավորությունն ինքնաբերաբար երաշխավորված չի հավատացյալի համար: Թեև մեզ պաշտպանություն է խոստացված, սակայն դրանում մենք մեր դերակատարությունն ունենք: Եվ բարեխոսական աղոթքը, արձագանքելով Սուրբ Հոգու մղումներին, բարձրացնում է պաշտպանական պարիսպները:

 

ե.  Բարեխոսական աղոթքը` «անսպասելի բախում» կամ Սուրբ Հոգու ուղղորդումը.

Բարեխոսական աղոթքի հաջողության գլխավոր բանալին Սուրբ Հոգու` մեր Օգնականի  հետ համագործակ­ցությունն է (Հովհ.14.26` «…Նա ձեզ ամենը պիտի սովորեցնի, և ինչ որ ձեզ ասեցի` մտքներդ պիտի բերի»):

1)  Սուրբ Հոգին` մեր Աստվածային Օգնականը.

ա)  Ամեն բան բարու գործակից` ոչ ինքնաբերաբար.

Հռ.8.28-ում կարդում ենք, թե ամեն բան բարու գործակից է լինում նրանց համար, ովքեր սիրում են Աստծուն: Այսուհանդերձ, այս խոսքը սկսվում է «սակայն» կամ «ընդ որում» շաղկապով, ինչը նրա բովանդակությունը կախվածության մեջ է դնում նախորդ համարներից (8.26,27): Այսպիսով, քրիստոնյաների կյանքում ամեն բան բարու գործակից լինում է ոչ թե ինքնաբերաբար, այլ որոշակի պայմանի` մեր դերակա­տարության առկայության դեպքում, ինչի մասին խոսվում է նախորդ համարներում: 

բ)   Աղոթքի մեջ մեր տկարության մասին.

Հռ.8.26-ում նախ ասվում է Սուրբ Հոգու օգնության մասին մեր տկարությունների մեջ (հու­նարեն` ասթենեյա, որ տառացիորեն նշանակում է «անզորություն» կամ «անկարո­ղու­թյուն»): Այն մասնավորապես վերաբերում է մեր աղոթքի կյանքի ինքնին անարդյու­նա­վետությանը, երբ մենք կանգնում ենք պրոբլեմների «լեռան» առջև:

(1)  Դրա պատճառ­նե­րից մեկը, ինչը նշվում է տվյալ համարում, աղոթքի նյութերի չիմացությունն է:

(2)   Այնուհետև առաքյալն ավելացնում է` «ինչպես հարկն է» (հունարեն` «դեյ», որը ճիշտ կերպով,  պատշա­ճություն, պարտավորվածություն, անհրաժեշտություն  իմաստն արտահայտող իրավա­բա­նական եզր է): Այդ բառը Հիսուս օգտագործում է Անիրավ դատավորի առակի սկզբում Ղուկ.18.1-ում. «Մի առակ էլ ասաց նրանց այն մասին, թե պետք է ամեն ժամանակ աղոթք անել և չձանձրանալ»: Հիսուս այդ բառն օգտագործում է նաև 18 տարի ի վեր տկարության ոգուց կապված ու մարմնով կծկված կնոջ բժշկության կապակցությամբ Ղուկ.13.16-ում. «Բայց սա, Աբրահամի աղջիկը լինելով… արժան չէր, որ շաբաթ օրն այն կապանքից արձակվեր»: «Աբրահամի աղջիկն» արտահայտությունը խոսում է Հին ուխտից եկող նրա իրավունքի մասին:

(3)  Աղոթքի նյութերի չիմացությունն էլ ավելի է մեծանում. երբ Սուրբ Հոգու կողմից մղում ենք ունենում` աղոթելու մեզ անծանոթ անձանց մասին:

գ)   Սուրբ Հոգու օգնությունը.

Բոլոր դեպքերում, Հռ.8.26-ի համաձայն, Սուրբ Հոգին օգնում է մեզ. Նա կարող է մեզ իրավիճակի մասին ինչ-որ բան հայտնել, Սուրբ Գրքից համապատասխան հիմնավորումներ բացել, զորացնել մեր աղոթքը: Իսկ երբ խոսքը վերաբերում է օտար լեզուներով աղոթքի մասին, ապա այն Սուրբ Հոգու տառացի ներշնչմամբ է բարձրացնում մեր հոգին:

2)  «Թիթեռի» օծությունը.

ա)  Բեթելի բախումը.

(1)  Ծննդ.28.10-17-ում պատմվում է Եսավի երեսից Հակոբի փախուստի ժամանակ Բեթելում գիշերման մասին: 28.11-ում «հասնել» բայի փոխարեն եբրայերենում գործածված է «պագա» բառը, որն այստեղ ունի «անսպասելիորեն բախվել» իմաստը: Պատճառն այն է, որ Հակոբը Բեթելում կանգ առավ և գիշերեց այնտեղ մայրաուտի պատճառով (անգլերեն թարգմանությունում` անսպասելիորեն կանգ առավ):

(2)  Սակայն, եթե թարգմանու­թյուն­ներում վայրն օգտագործված է անորոշ հոդով («մի վայր հասավ»), ապա բնագրում ` որոշ­յալ հոդով («հասավ վայրը»): Այստեղից հետևում է, որ Հակոբի համար պատա­հական այդ վայրն Աստծու համար հատուկ էր, ընտրված, որտեղ նախատեսնված էր Հակոբի հետագա կյանքի համար բախտորոշ նշանակություն ունեցած Նրա հանդիպումը (այն թարգմանվում է «Աստծու տուն», իսկ Հակոբի կողմից անվանվեց «Երկնքի դարպաս­ներ»): Այնտեղ Հակոբը պիտի տեսներ հրեշտակների էջքի և բարձրացման տեսիլքը, մտներ Աբրահամի հետ արված ուխտի մեջ, ստանար պահպանության, օրհնությունով վերադարձի, իր սերունդով աշխարհի փրկության և սեփական կյանքի պատմությունը ձևավորող խոստումները:

(3)  Ահա, ինչպես Հակոբն ուղևորվեց իր համար բացառիկ նշանակություն ունեցող այդ վայրը ոչ թե իր շրջահայացության, այլ Աստծու նախասահմանության պատճառով, այդպես էլ երբ մեր բարեխոսական աղոթքները պատասխանվում են, ճիշտ վայրում են «վայրէջք կատարում», ապա դա տեղի է ունենում ոչ թե պատահաբար, այլ  մեր Աստվածային Օգնականի` Սուրբ Հոգու շնորհիվ:

բ)   «Պագա»-ն` թիրախ.

Պագա բազմիմաստ բառը (բարեխոս, հանդիպում, դնել` կրելու համար, սահման, բախվել) եբրայերենում նշանակում է նաև "թիրախ»: Այնպես որ, երբ մեր բարեխոսական աղոթքներում Հակոբի նման թույլ ենք տալիս, որ Նա ճիշտ ժամանակին առաջնորդի մեզ դեպի ճիշտ վայրը, ապա դրանք անհրաժեշտ ժամին ճիշտ կերպով «կբախվեն» ճիշտ մարդկանց և իրավիճակների հետ` բացելով երկնքի դարպասները, մեզ հանդիպման բերելով Աստծու հետ, շարժելով Արարչի հրաշագործ բազուկները, կերտելով պատմու­թյունը, կենսագործելով ճակատագրերը և իրականացնելով Երկնավոր Հոր կամքը:

Երբեմն Հոգով աղոթելիս մենք նմանվում ենք թիթեռներին, որոնք, թվում է թե ,արբածի նման անորոշ թափահարում են իրենց թևիկները, սակայն որոշակի տեղում վայրէջք են կատարում: Այդպես էլ Սուրբ Հոգին մեր աղոթքները ուղղորդում է դեպի անհրաժեշտ «թիրախները»:

գ)   Քլիվլենդցի հովվի վկայությունը.

Թենեսիի նահանգից մի հովվի վկայությունը Կանադայում առաջին անգամ քարոզելիս. Քարոզը սկսելուց 15 րոպե հետո նա լսում է Սուրբ Հոգու ձայնը, որ պահանջում է դադարեցնել քարոզը և աղոթել Հոգով: Քարոզիչը սկսում է բարձրաձայն աղոթել Հոգով` քայլելով բեմի վրա: 20 րոպե հետո հետևի շարքերից մի կին հանկարծ աղաղակում է ու վազում դեպի բեմ: Նա պատմում է, թե իր աղջիկը որպես միսիոներ ծառայում է հեռավոր Աֆրիկայում, և նրա գործընկերներից հեռագիր է ստացել` մահացու հիվանդությամբ վարակվելու մասին: Քանի որ նման դեպքում մահը վրա է հասնում երրորդ օրը , իսկ այդ վայրից քաղաքակրթության հետ կապ կարելի է հաստատել միայն 21 օրում (երթևեկելով սկզբում ոտքով, հետո փղի վրա, այնուհետև նավակով ու ավտոմեքենայով), ապա ան­խու­սափելի մահվանից հետո կկարողանան միայն աղջկա մարմինը ուղարկել ծնող­ներին: Մայրը նաև տեղեկացնում է, թե վերջին արձակուրդի ժամանակ աղջիկն իրեն մի քանի բառ է սովորեցրել հիշյալ աֆիկյան ցեղի բարբառից, որով քարոզիչը հենց նոր ասել է նրան. «Կարող եք ուրախանալ, ձեր աղջիկը բժշկված է»: Ահա թե ինչպես անգամ քա­րո­զի ժամանակ Սուրբ Հոգին կարող է բեռնավորել Աստծու մարդուն բարեխոսական աղոթ­քով` ճիշտ ժամանակին, ճիշտ վայրում, ճիշտ նշանակետի հետ «բախվելու» համար:

3)  Սուրբ Հոգու հետ համագործակցությունը.

ա)  Սուրբ Հոգու օգնությունը` «սյունանտիլամբանոմայ».

Հռ.8.26-ում թարգմանված «օգնում է» բառը հունարենում բարդ բառ է` սյունանտիլամբա­նոմայ, որում «սյուն» նշանակում է «միասին», «անտի»` «ընդդեմ», իսկ «լամբանո»` բռնել ինչ-որ բանից: Այս ամենը նշանակում է` «ինչ-որ բանից ինչ-որ մեկի հետ միասին բռնել ընդդեմ ինչ-որ բանի»: Երբ թույլ ենք տալիս Սուրբ Հոգուն աղոթել մեր միջոցով, ապա Նա մեզ հետ միասին «բռնում» է իրավիճակից` Իր զորությունն ավելացնելով մերին: Ինչպես Զաք.4.6-ում կարդում ենք. «Զորությամբ (զորքով) չէ, և ուժով չէ, հապա Իմ Հոգով»: Բարեխոսական աղոթքը լավագույն օրինակն է այն բանի, թե ինչպես 2Կոր.12.9-ում ենք կարդում, Աստծու զորությունը «տկարության մեջ է կատարվում»: Որովհետև, երբ մեր անկարողության մեջ բարեխոսական աղոթքով կռթնում ենք Տիրոջը, հավատքով հառելով Նրան, օգնություն հայցելով  և թույլ տալով, որ Սուրբ Հոգին բարձրացնի Իր աղոթքը, ապա Նա մարտնչում է մեզ հետ միասին:

բ)   Խորհրդավոր տեսիլքը.

Դատչ Շիթսը պատմում է, որ տարիներ առաջ իր կնոջ որովայնի խոռոչում թարախապարկ են հայտնաբերում, որի հետ միասին կարող էր հեռացվել նաև ձվարանը: Երբ արդյունք չեն տալիս ո'չ ձեռնադրության, ո'չ յուղով օծումի, ո'չ միաբան և ո'չ էլ իշխանության կիրառության աղոթքները, Դատչը հասկանում է, որ անհրաժեշտ է հաստատա­կամությամբ աղոթել (1Տիմ.6.12` հավատքով և համբերությամբ պատերազմելով) : Նա մեկ ամիս շարունակ ամեն օր աղոթք էր բարձրացնում` հիմնվելով Սուրբ Գրքի վրա, գոհանալով Աստվածային խոստումների համար և այնուհետև աղոթում Հոգով: Տերը տեսիլքով նրան ցույց է տալիս, թե ինչպես է ձեռքով բռնում այդ պարկը ու սեղմում: Նույն տեսիլքը Դատչը տեսնում է երկու անգամ, և ամեն անգամ թարախապարկը ավելի ու ավելի փոքրանում է և ի վերջո` անհետանում:

գ)   Հավատարիմ` համագործակցության կոչմանը.

Չերկնչե'նք մեր տկարություններից, այլ թու'յլ տանք, որ Սուրբ Հոգին մեր բարեխոսական աղոթքների միջոցով մեզ հետ միասին «բռնի» մեր պրոբլեմներից և «սեղմի» դրանք:

 

զ.  Բարեխոսական աղոթքը`երկունք.

1)  Երկնող աղոթքը.

ա)  Հոգևոր երևույթներին` ուրույն գնահատական.

Հոգևոր աշխարհում կատարվող երևույթներին չենք կարող գնահատական տալ ֆիզիկական աշխարհում կատարվողի հիման վրա, քանի որ պետք է շեշտադրվի հոգևոր զորության ձերբազատումը (հոգևոր ծնունդը), այլ ոչ թե դրան ուղղեկցող ֆիզիկական երևույթները կամ մարմնի արձագանքը (հառաչանք, լաց, բացականչություն, անչափ մեծ ուրա­խություն, արբածություն, Աստծու զորության ներգործությամբ ընկնելը և այլն): Այնուամենայնիվ, մեզանից յուրաքանչյուրը կարող է բեռնավորվել բարեխոսական աղոթքի երկունքով, այն էլ` կանոնավոր կերպով:

բ) Մենք` Աստծու ծննդկանները.

Հովհ.7.38-ում կարդում ենք. «Ով Ինձ հավատում է… նրա ներսից կենդանի ջրի գետեր կբխեն»: Բնագրում «ներսից»-ը` կոյլիա (որովայն, արգանդ):

Մենք կյանքի աղբյուրի կրողներն ենք, որ աղոթքով թույլ ենք տալիս Տիրոջը` այդ կյանքն ի հայտ բերելու:

գ) Օրինակներ.

Դատչ Շիթսի վկայությունը. Տաս տարեկան հասակում մի գիշեր նա մորաքրոջ դարձի համար աղոթքի բեռ է ունենում: Իջնում է անկողնուց, ծնկի գալիս և լացով խնդրում նրա փրկության մասին: Նա անկողին է մտնում միայն այն ժամանակ, երբ բարեխոսական աղոթքի բեռը պարպվում է: Մի քանի օր հետո մորաքույրը զանգում է և ասում, թե ցանկանում է կիրակի առավոտյան գալ եկեղեցի: Եվ այսպես, Դատչի բարեխոսական աղոթքի երկունքի հետևանքով մորաքույրը երկար ճանապարհ է անցնում` եկեղեցում իր սիրտը Տիրոջը հանձնելու նպատակով:

Դեվիդ և Պոլի Սիմհենների ավելի քան քառամյա աղոթքն իրենց որդի Ջոնաթանի փրկության համար. Ջոնաթանը 17 տարեկան հասակում աստիճանաբար հեռանում է Աստծուց` դառնալով խռովարար թմրամոլ, որի հետևանքով տառապում է շաքարախտով և հաճախ ընկնում հիվանդանոց: Ծնողներն ամեն օր նրա համար բարեխոսական աղոթք են բարձրացնում` դավանելով Տիրոջ խոստումները, խնդրելով, որ Սուրբ Հոգին շարժվի նրա վրա, որտեղ էլ որ գտնվի, կյանք ծնի նրա մեջ: Մայրը հաճախ որդու սենյակում Հիսուսի անունով հռչակում է նրա կյանքում Աստծու ծրագրի, հոգևոր կոչման մասին, բարեկամների հետ երբեմն ժամերով աղոթում նրա համար, նաև հովվի հետ միասին, աղոթելով հագուստի համար, քանդում թմրամոլության կապանքը, հռչակում, որ օծությունը կկոտրի թմրադեղերի մեղքի, ամբարիշտների հետ ընկերակցության և այլասերվածության ազդեցությունը, խնդրում նրա ընկերների ապաշխարության համար: Տերը Ջոնաթանի հորը նախ մի անգամ տեսիլքով ցույց է տալիս նրա հրեշտակային պահպանության մասին, անգամ երբ որդին բանտում է գտնվում, այնուհետև հայտնում է աղոթքների պատասխանը ստանալու մասին. իսկ հետո Ջոնաթանը սկսում է կարդալ Աստվածաշունչը, ատել թմրադեղերի իշխանությունը, մտահոգվել ընկերուհու ապաշխա­րության մասին: Շուտով աղոթաժողովում նորոգում է իր ապաշխարությունը, ինչին հետևում է նաև ընկերուհունը.

2)  Սուրբ Հոգին` Երկունքի Հոգի.

ա) Մի քանի սուրբգրային հատված երկունքի աղոթքի մասին.

(1)  3 Թագ.18.41-45-ում մի կողմից` Եղիան Աքաաբին հայտնում է անձրևի մասին («Անձրևի սաստիկ ձայն կա»), մյուս կողմից` բարձրանում Կարմեղոս լեռը և աղոթում անձրևի համար: Եղիայի աղոթքի դիրքը հիշեցնում էր կանանց դիրքը ծննդաբերելիս այդ  ժամանակ ներում: Իսկ Հակ.5.17-ում նրա աղոթքը որակվում  «ջերմեռանդ» բառով:

(2)  Հովհ.11.33,35,38,41-43-ում կարդում ենք Ղազարոսի գերեզմանի մոտ Քրիստոսի` հոգով խռովքի (բնագրում` սգումի) և հուզմունքի (հունարեն` տարասո` ներքնապես շարժվել, վրդովվել, անհանգստանալ) մասին: Հիսուսի արցունքները միայն բարե­կամի արցունքներ չէին, այլ հոգու ներքին շարժման, աղոթքի երկունքի հետևանք, որի արտահայտությունն է 41 համարը («Հայր, գոհանում եմ Քեզանից, որ Ինձ լսեցիր»): Այն ձերբազատում է Ղազարոսին հարություն տվող Սուրբ Հոգու ստեղծարար զորությունը:

(3)  Մաթ.26.36-39-ում` Հիսուսի գեթսեմանյան աղոթքի երկունքը փրկագործու­թյան համար: «Իմ հոգին մահվան չափ տրտում է» արտահայտության մեջ օգտագործված է հունարեն «տանատոս» բառը, որը նշանակում է մահ` որպես մեղքի հատուցում (ինչին հանգեցրեց նաև Ադամի անկումը):

(4)  Հռ.8.26-28-ում` Սուրբ Հոգու անբարբառ հառաչանքներով բարեխոսությունը:

(5)  Գաղ.4.19-ում` Պողոսի երկունքը գաղատացիների մեջ Քրիստոսի կերպարանա­վոր­ման համար:

բ)   Հետևություններ.

(1)  Այդ ամենին մասնակցում է Սուրբ Հոգին (Ծննդ.2.7-ում խոսվում է մարդու ստեղծա­գործության, Եզեկ.37.9,10,14-ում` չորացած ոսկորներից Իսրայելի վերակենդա­նացման, Ղուկ.1.34,35-ում`Հիսուսի ծննդյան, Հովհ.3.3-6-ում` մեր վերստին ծննդի, իսկ Գործք.2.1-4-ում հոգևոր մկրտության մասին),

(2)  Արդյունքում տեղի է ունենում կամ հոգևոր ծնունդ, աճ կամ ֆիզիզկական հրաշքներ,

(3)  Այդ աղոթքը կարող է լինել ջերմեռանդ, ուղեկցվել լացով և հառաչանքներով:

գ) Սուրբգրային համարներ, որոնցում Սուրբ Հոգու կողմից կյանք առաջ բերելու աշխատանքը նկարագրող բառերն օգտագործվում են նաև մեր աղոթքների կատարած աշխատանքի դեպքում.

(1)  Ծննդ.1.2-ում երկրի անձևության համար բնագրում օգտագործված է եբրայերեն «թոհի» բառը, որը նշանակում է ամայություն, անապատ, չօգտագործված, անօգտա­կարություն, անկյանք: Գաղափարը կյանքի և կարգի բացակայությունն է:

(2)  Սուրբ Հոգու շրջելու (անգլերեն` շարժվելու) համար օգտագործված է եբրայերեն «րահաֆ» բառը, որը նշանակում է ամպերում սավառնել, ճախրել թռչնաընտանիքի նման: Այն ծնունդի, կյանքի կոչելու, վերարտադրության համանմանությունն է, նաև` գուրգուրելու, պտուղն իր մեջ կրելու, հասունացնելու: Համադրելով Հովհ.1.1-3-ի և Կող.1.16-ի հետ` այստեղ գործ ունենք, Աստծու Որդու խոսքի համաձայն, Սուրբ Հոգու ստեղծագործ զորության արձակման և արարման մասին:

(3)  Դա հաստատվում է Սաղմ.90.2-ով («Դեռ սարերը չէին ծնվել և երկիրն ու աշխարհը (տիեզերքը) չէին ստեղծվել…»), որտեղ արարչագործության ժամանակ Սուրբ Հոգու գործողություն­ներն անվանվում են` ծնել («յալադ») և ստեղծել («հոլ»): 2Օր.32.18-ում և Հոբ 15.7-ում այդ բառերը նույնպես թարգմանվում են` ծնել և ստեղծել:

(4)  Սակայն Ես.66.8-ում, երբ խոսք է գնում Սիոնի երկնելու և ծնելու մասին («Մի՞թե երկիրը մեկ օրում է ծնում, կամ ազգը մի անգամից է ծնվում, որ Սիոնը երկնում և իսկույն ծնում է իր որդիներին»), նույնպես օգտագործվում են «հոլ» և «յալադ» բառերը: Այսպիսով, Ծննդ.1.2-ի «րահաֆ»-ին (Սուրբ Հոգու շրջելը, ստեղծելը, ծնունդ տալը) համարժեք «յալադ» և «հոլ» բառերը (Սաղմ.90.2-ում, 2Օր.32.18-ում և Հոբ 15.7-ում` ծնել և ստեղծել) Ես.66.18-ում օգտագործվում են նաև երկնել և ծնել իմաստով:

(5)  Այս ամենը համադրելով 3-րդ կետում բերված համարների հետ` եզրակացնում ենք, որ ի պատասխան մեր աղոթքի երկունքի` Սուրբ Հոգին կատարում է Իր արարչագործ աշխա­տանքը` ճախրելով մեր բարեխոսյալների վրա, հայտնություններ տալով, հանդիմա­նելով, ձերբազատելով Իր զորությունը, կապանքներ քանդելով, նրանց Տիրոջը բերելով և նոր կյանք ստեղծելով:

(6)  Ի հաստատումն դրա` ավելացնենք, որ 2Օր.32.18-ում մինչ մեր արդեն նշած` Իսրա­յե­լին  ծնելու և ստեղծելու բառերի օգտագործումը 10 և 11 համարներում` խոս­վում է իս­րա­յելի ամայության (թոհի) և Տիրոջ` նրա վրա շրջելու մասին (րահաֆ): Եբր.11.11-ում խոսվում է Սառայի որդեծնության զորությունն ընդունելու մասին (դինամիս` Սուրբ Հոգու հրաշագործ զորությունը): Այնպես որ մարմնավոր Իսրայելին կյանք տվող Սուրբ Հոգու «թուխս նստելը» ասում է նաև հոգևոր Իսրայելին կյանք տալու մասին:

(7)  Ղուկ.1.35-ում խոսվում է Սուրբ Հոգու` Մարիամի վրա հովանի լինելու մասին (հունարեն` էպիսկիաձո` փառքի մշուշով պատել, գերբնական ազդեցություն թողնել, ստվեր գցել, համարժեքն է եբրայերեն «րահաֆ»-ի) Հիսուսի ծնունդի նպատակով:

(8)  «Էպիսկիաձո»-ն օգտագործվում է նաև Մաթ.17.5-ում այլակերպության լեռան վրա Աստծու փառքի ամպի հովանի լինելու և Գործք 5.15-ում Պետրոսի ստվերը (Սուրբ Հոգու հովանին) հիվանդների վրա ընկնելու դեպքերում:

3)  Սուրբ Հոգու անձրևի հեղումը.

ա)  Եկեղեցու պատմության ընթացքում ժամանակ առ ժամանակ Սուրբ Հոգու շարժումը եղել է այնքան զորավոր, որ այն համակել է առանձին տարածքներ (եկեղեցաշենքեր, քաղաքներ): Այն կարող է տեղի ունենալ նաև այսօր ամբողջ ժողովուրդների հետ` ի պատասխան եկեղեցու բարեխոսական աղոթքի: Իսկ այսօր երկինք են բարձրանում աննախադեպ քանակի աղոթքներ: Հզոր արթնությունները ջերմեռանդ աղոթքների հետևանք են:

Քերոլ Միլսպոֆը Կոլորադո Սպրինգսից Գերմանիայում իր քրիստոնեական խորհրդատվա­կան ծառայության մասին պատմում է, թե նա միշտ բարեխոսական աղոթք է բարձրացրել իր հաճախորդների համար: Ամիսներ շարունակ նա բարեխոսական աղոթքի բեռ է ունենում չվերածնված և շատ խնդիրներ ունեցող ամուսնական մի զույգի համար: Զրույցներից մեկի ժամանակ Սուրբ Հոգին հզոր կերպով հովանի է լինում նրանց վրա, իսկ հաջորդ անգամ, երբ Քերոլը երկունքի աղոթք է ունենում նրանց համար, ապաշխարում են:

բ)   1990թ. Դատչ Շիթսը հայտնություն է ստանում, թե ինչպես արագորեն արևելաեվրո­պական երկրների քաղաքական համակարգը կործանվեց, այնպես էլ արթնությունն այնտեղ կտարածվի: Այդ ժամանակ էլ Տերը լուսաբանում է նրան Ես.66.7,8-ը, որտեղ ասված է, թե ինչպես երկիրն է մեկ օրում ծնվում, այնպես էլ Սիոնը կերկնի և իսկույն կծնի իր որդիներին: Այսպիսով, կգա Հոգու մի այնպիսի շարժում, որ ամբողջ ժողո­վուրդ­ներ կընդունեն Քրիստոսին: Եվ այդ ամենը` Սիոնի (ըստ Եբր.22.23-ի և 1Պետ.2.4-10-ի` Եկեղեցու) երկունքի շնորհիվ:

գ)   Այսպիսով, իրար կողքի դնելով արարման, Իսրայելի ծնունդի և Մարիամի հղիացման հատվածները, բարեխոսական աղոթքի երկունքը կարելի է ձևակերպել այսպես. այն որոշակի իրավիճակում ինչ-որ բան առաջացնելու, ստեղծելու կամ կյանքի կոչելու նպատակով Սուրբ Հոգու արարչագործ զորության ձերբազատման տանող աղոթքն է: Այդպիսի աղոթքը միշտ չէ, որ արագ է արդյունավորվում: Բոլոր դեպքերում այն հնարավորություն է տալիս Սուրբ Հոգուն` ծածկելու բարեխոսյալին Իր կենարար զորության հովանիով:

 

Ամփոփում. Ի պատասխան մեր բարեխոսական աղոթքների` Սուրբ Հոգին կամենում է ձերբազատել Իր ստեղծագործ զորությունը` կենսագործելու գողգոթյան փրկագործու­թյունը «թոհի» իրավիճակներում և նոր կյանք տալու, հոգևոր ժողովուրդ ստեղծելու, բժշկելու և ազատագրելու, Քրիստոսին մեր մեջ կերպարանելու, պտղաբերելու:

Երբ Դատչ Շիթսը ինքնասպանության հակում ունեցող երեք մարդկանց հետ օրական մի քանի ժամ խոսում է, Տերը հայտնում է, որ եթե այդքան ժամանակ ծախսվեր Սուրբ Հոգու զորության ձերբազատման համար, ապա արդյունքը վաղուց կլիներ: Երբ Շիթսն աղոթում է Սուրբ Հոգու` նրանց պարուրելու համար (րահաֆ, էպիսկիաձո), կապանքներն ընկնում են և հաղթանակն ապահովվում:

Եվ ինչպես Եղիայի աղոթքը անձրև բերեց, այնպես էլ Սուրբ Հոգով բարեխոսական աղոթքի երկունքին կհետևի արթնության անձրևը և միլիոնավոր մարդիկ կծնվեն Աստծու թագավորությունում:

Ուրեմն, Եղիայի նման գրավե'նք մեր դիրքերը…

 

է.  Բարեխոսական աղոթքը` մարտ.

1)  Բարեխոսական աղոթքը` չզատված հոգևոր պատերազմից.

ա)  Ոմանք կարծում են, թե Հիսուս արդեն հոգ է տարել սատանայի անվնասության համար և մեզ անելիք չունենք:

Այլք հավատում են, որ մեր սուրբ կյանքը և հնազանդությունը արդեն կապում են սատանային և կարիքը չունենք նրա հետ առնչվելու:

Ուրիշներն ընդունում են, որ մենք գործ կարող ենք ունենալ միայն մարդկանց մեջ բնակվող չար ոգիների, այլ ոչ` տարածքային ոգիների հետ:

բ)   Մինչդեռ արդեն ասվել է սկզբում, որ բարեխոսությունն իր մեջ ներառում է թե' հաշտություն ու միավորում, թե' բաժանում: Այդ էր անում Տեր Հիսուսը: Այն նաև մեր պատականությունն է: Ու թեև հաղթանակն արդեն կատարված փաստ է, սակայն անհրաժեշտ է, բռնելով այն, հոգևոր պատերազմի մեջ մտնել թշնամու հետ:

Ջեկ Հեյֆորդն իր «Աղոթքն արարում է անհնարինը» գրքում գրում է. «…Տեսնել աղոթքի երկու կողմերը… Անհրաժեշտությունը կարեկցանքի, հոգածության… համակրանքի. հառաչանք­ների մարդկանց կյանքում կատարվածի հանդեպ… խորը ցավի ապրումի: Բայց նաև այն գիտակցումն է բարկության վայրի ու ժամանակի… երբ հակառակորդի նենգամտությունը հաջողությամբ ավերումներ է բերում. վրդովմունքի… որ թշնամին խախտում է Քրիստոսին իրավամբ պատկանող տարածքի սահմանները. խիզախու­թյան, երբ դիվային հորդանները հայտարարում են իրենց ներկայության մասին. հարձակման, երբ Սուրբ Հոգին առաջ է անցնում»:

գ)   Բարեխոսությունն անհնար է զատել հոգևոր պատերազմից: Ըստ Դատչ Շիթսի` Սուրբ Գրքում «պագա» բառը 15 անգամ օգտագործվում է այդ համատեքստում: Երբ խոսքը վերա­բերում է պատերազմին, ապա այն թարգմանվում է` գրոհ, հարձակում, հարված, խոցում և այլն (Դատ.8.21: 1Թագ.22.11-19: 2Թագ.1.11-16):

2)  Անգիտության համար վճարած գինը.

ա)  2Կոր.2.11-ում կարդում ենք. «Որ սատանան մեզ զրկանք չանի, որ նրա խորհուրդներին անտեղյակ չենք».

(1)  Այս խոսքը մեզ կոչ է անում չմնալ սատանայի մասին անգիտության մեջ (հունարեն` ագնոէո, որտեղից էլ` ագնոստիկ բառը).

(2)  Խորհուրդները (հունարեն` նոեմա) նաև նշանակում են ծրագրեր, մտահղացումներ, դավադրություններ, որովհետև այդ ամենը ծնվում են մտքերի միջոցով: Այսպիսով, առաքյալը մեզ կոչ է անում անտեղյակ չմնալ, թե ինչպես է թշնամին խորհում և գործում` նրա ծրագրերին, մտահղացումներին, դավադրություններին: Այստեղից` Աստված կամենում է մեզ հայտնել սատանայի խորհուրդները.

(3)  Ուրեմն, եթե մենք անտեղյակ ենք սատանայի խորհուրդներին, նա կարող է մեզ զրկանք պատճառել .

(ա) «Զրկանք պատճառել»-ը հունարեն` պլեոնեկտեո, որտեղ պլեոն` մեծ մասը, էխո` ունենալ կամ պահել, այսպիսով` մեծ մասն ունենալ կամ պահել.

(բ)  2Կոր.2.11-ի առաջին մասը կարելի է նաև թարգմանել` «Որ սատանան չշահի…»:  Հետևաբար` սատանան շահում է, երբ անտեղյակ ենք նրա ճանապարհներին: Ինչպես բռնցքամարտի մեջ երկար ձեռքեր ունեցող մարզիկը.

(գ)  Այդ բառը կարելի է թարգմանել նաև ինչ-որ մեկին զոհ դարձնել, խաբել և օգտագործել («Որ սատանան մեզ զոհ չդարձնի կամ խաբի…»):

բ)   Ամփոփում. Ինչ չափով անգիտության մեջ ենք մնում սատանայի խորհուրդների և գործողությունների վերաբերյալ (ծրագրերի, դավադրությունների, մտահղա­ցում­նե­րի), այդ չափով էլ նա մեզ կդարձնի իր հնարքների զոհը, կխաբի և կօգտագործի, կզրկի, մեծ մասը կշահի: Կշահի մեր ունեցվածքը, ընտանիքներին, հասարակու­թյանը, կառավարությանը և այլն:

(1)  1Թես.2.18-ում կարդում ենք, թե սատանան խափանեց Պողոսի Թեսաղոնիկե գնալը, թեև Պողոսը անհամեմատ ավելի շատ ճակատամարտերում էր հաղթել:

(2)  Այդպես չէ՞ արդյոք մեր կրթական, լրատվության, մշակույթի, տնտեսու­թյան, կառավարման մարմինների ոլորտներում այսօր:

(3)  Այսպիսով, Աստված ստեղծել է օրենքներ ու սկզբունքներ (ցանքի և հունձքի, պատճառի և հետևանքի) և մարդուն տվել է ազատ կամք, որպեսզի նա կառավարի երկիրը: Սատանան նույնպես հասկանում է այդ օրենքները և ջանում, որքան հնարավոր է, շատ շահել: 

գ)   Ոչ` սատանայի խորհուրդների անտեղյակությանը.

Տալսայից (Օկլահոմա) մի հովիվ պատմում է մի երիտասարդի մասին, ով երբեք հաստա­տուն չի եղել իր կյանքում և Աստծու հետ հարաբերություններում: Նա պարբերաբար կորցնում էր իր աշխատանքը, թողնում հոգևոր կյանքը, իսկ նրա համար բարձրացված բարեխոսական աղոթքները չէին օգնում:

Մի անգամ հովվին աղոթքի ժամանակ Տերը ցույց է տալիս երեք չար ոգիների, որոնք նրան հետևում էին միշտ: Տերը նաև հայտնում է դրանցից յուրաքանչյուրի խնդիրն ու գործունեությունը: Այդ ժամանակ հովիվը Հիսուսի անունով կապում է նրանց և հրամայում թողնել երիտասարդին: Ազատագրական այդ աղոթքին հետևում են երիտասարդի կայունությունն ու հաջողությունը թե' հոգևոր կյանքում, թե' բիզնեսում: Ուրեմն, քանի դեռ սատանայի խորհուրդները գաղտնի են մնում, նա հաղթում է:

3)  Առաջնորդվել բանաձևերո՞վ, թե՞...

ա)  Հոգևոր պատերազմի մասին ասող սուրբգրային մի շարք հատվածներ.

(1)  Մենք գտնվում ենք պատերազմական իրավիճակում (2Կոր.10,4: 1Տիմ.1.18).

(2)  Զինվորներ ենք այդ պատերազմում (2Տիմ.2.2-4).

(3)  Կոչված ենք մարտնչելու խավարի թագավորության բոլոր մակարդակներում (Եփ..6.12).

(4)  Պարտավոր ենք հակառակ կանգնել թշնամուն (Հակ.4.7: 1Պետ.5.9).

(5)  Կոչված ենք` հարձակվելու սատանայի և նրա թագավորության վրա (Ղուկ.10.19: Հռ.16.20).

(6)  Մեզ հանձնարարված է հեռացնել չար ոգիներին (Մարկ.16.18).

(7)  Ունենք կապելու և արձակելու իշխանություն (Մաթ.16.19).

(8)  Օժտված ենք հզոր սպառազինությամբ` խավարի թագավորությանը հաղթելու (2Կոր.10.4: Եփես.6.10-20).

բ)   Այսուհանդերձ, Աստված մանրամասն բանաձևեր չի տալիս մեզ` վերոհիշյալ ռազմա­կան գործողությունները իրականացնելու, ինչպես նաև երկրպագության կամ եկեղեցու կառավարման համար: Նա մեզ տալիս է Իր սկզբունք­ները` Սուրբ Հոգու առաջնորդու­թյամբ իրականացնելու.

գ)   Այսպիսով, Սուրբ Գրքում հազվադեպ են ներկայացվում բացարձակ ճշմարտություն­ներ մեթոդների բնագավառում: Հետևաբար, մեզ անհրաժեշտ է ընթանալ Սուրբ Գրքի մեզ տրված հայտնության համեմատ` Սուրբ Հոգու առաջնորդությամբ: Իսկ Նա ճշտորեն կներշնչի մեզ ինչ անել համապատասխան իրավիճակում…

4)  Կոչված` առաջամարտիկ լինելու.

ա)  Նախորդ կետում մեջբերված սուրբգրային հատվածներում խոսվում է ոչ թե պաշտպանության, այլ հարձակման մասին:

Եփես.6-ում «ընդդեմ» բառն (հունարեն` «պրոս», որը «պրո»-ի ուժեղացված ձևն է) օգտագործվում է 5 անգամ: 6.12-ում ունենք. «Որովհետև մեր պատերազմը արյան և մարմնի հետ (հուն.`դեմ) չէ, այլ իշխանությունների ու պետությունների հետ (դեմ), այս աշխարհի խավարի աշխարակալների հետ (դեմ), այն չար ոգիների հետ (դեմ), որ երկնքի տակ են»: Եփես.6.11-ում խոսվում է սատանայի հնարքներին (հուն.` հնարքների դեմ) հակառակ կանգնելու, իսկ 6.13-ում` չարության օրը հակառակ կանգնելու (հուն.` դիմակայելու) մասին:

բ)   «Պրո»-ն հունարենում նշանակում է ինչ-որ բանի առջև կանգնել: Այն հանդես է գալիս «պրոֆե­սիոնալ» բառում (կրճատ ձևը անգլերենում` պրո, ռուսերենում` պրոֆի):

Այսպիսով` Եփես.6-ում մեզ կոչ է արվում դառնալ առաջամարտիկ, կանգնել առջևում և հանդիպել մրցակցին:

գ)   Մենք իրավունք չունենք նմանվել այն կուլտուրիստ-մարմնամարզիկին, ում աֆրիկացի գյուղապետը դիմում է հարցով` «Ի՞նչ նպատակով ես օգտագործում մկաններդ» և ստանում հիասթափեցնող պատասխան` ցուցադրության համար:

Մենք զորավոր ենք Տիրոջով` հակառակորդի դեմ մարտնչելու համար, սակայն հաճա՞խ ենք օգտագործում մեր սպառազինությունն` ընդդեմ թշնամու:

5)  Երկրպագությունը և հոգևոր պատերազմը.

ա)  Հոգևոր պատերազմը սկսվում է երկրպագությունից: 2Կոր.11.3-ում Պողոսը մեզ զգուշաց­նում է հետ չկանգնել Քրիստոսի վրա եղած միամտությունից (հուն.` Քրիստոսի անկեղծ և սուրբ նվիրումից): Քանի որ ինչպես ծառի բարձրությունից հետևում է նրա արմատ­ների խորությունը, այնպես էլ որքան մենք բազմակողմանիորեն աճենք Աստծու թագա­վորության մեջ, այնքան պետք է խորացնենք մեր հարաբերությունները Նրա հետ: Այդ է պատճառը, որ 2Կոր.11.3-ում Պողոսը գրում է Քրիստոսի նվիրումից մեզ հեռացնելու` սատանայի գայթակղության վտանգի մասին:

Հին կտակարանում Տիրոջ սպասման մասին երեք բառ է օգտագործվում:

(1)  Առաջինը` «դումիա», որը նշանակում է լռելյայն սպասել հանդարտ, ամուր ապավինումով: Այդ մասին Սաղմ.62.1.2-ում կարդում ենք. «Իմ անձը լռիկ միայն Աստծուն է սպասում. Նա է իմ Փրկությունը: Նա է իմ Վեմն… Ապավենը. բնավ պիտի չսասանվեմ»:

(2)  Երկրորդը` «խակա», որը նշանակում է ձգտել, ինչ-որ բանից բռնել, կարոտել, ծարավել: Այդ բառն օգտագործված է Սաղմ.33.20-ում. «Մեր անձը Տիրոջն է սպասում, Մեր Օգնու­թյունն ու Վահանը Նա է»: Դրանով էր համակված Դավիթը, երբ Սաղմ.42.2-ում և 63.1,2-ում գրում էր. «Հոգիս ծարավի է Աստծուն, Կենդանի Աստծուն. ե՞րբ պիտի գամ ու երևամ Աստծու առջև»… «Դու ես իմ Աստվածը, ես առավոտից Քեզ եմ փնտրում. հոգիս ծա­րավում է Քեզ ու մարմինս Քեզ է փափագում… Քո զորությունն ու փառքը տեսնելու համար…»:

(3)  Երրորդը` «կավա», որը նշանակում էր սպասել լարումով, կրակոտ սպասում, ինչ-որ բան կապել, միահյուսվել-միավորվել: Այն պատկերված է Սաղմ.27.14-ում («Տիրո'ջը սպասիր», զորացի'ր ու սիրտդ թո'ղ զորանա: Դարձյա'լ Տիրոջը սպասիր») և Ես.40.31-ում («Տիրոջն ապավինողների ուժը պիտի նորոգվի. նրանք արծիվների պես թևերով վեր պիտի ելնեն , պիտի վազեն ու չթուլանան, պիտի քայլեն ու չհոգնեն»):

բ)   Սաղմ.37.7,9,34 -ում Տիրոջ սպասումը կապված է մարտի հետ. «Տիրոջը համբերի'ր ու Նրան սպասի'ր և մի' նախանձիր իր ճամփան հաջողությամբ գնացողին ու խաբեություն անող մարդուն… Քանի որ չարագործները պիտի կորսվեն, սակայն Տիրոջը համբերող­ները երկիրը պիտի ժառանգեն… Տիրոջը համբերի'ր ու Նրա ճամփան պահի'ր, և Նա քեզ պիտի բարձրացնի, որպեսզի երկիրը ժառանգես: Ամբարիշտների կործանումը պիտի' տեսնես»: Ինչպես տեսնում ենք, Տիրոջ սպասումն ընդունակ է դարձնում` տիրելու մեր ժառանգությանը: «Ժառանգել»-ը «յարեշ» բառի թարգմանու­թյունն է, որ նշանակում է նաև տիրել, նվաճել ռազմական ուժի օգնությամբ: Նման Դավթին, որ փնտրում էր Տիրոջ երեսը, ծարավում էր Նրա հետ հանդիպմանը, երկրպագում և սաղմոսերգում, բայց նաև Սուրբ Հոգու զորությամբ բռնում առյուծի բաշից ու կտրում նրա գլուխը: Այսպիսով` Տիրոջ սպասումի ու երկրպագության մեջ ծնվում են հոգևոր պատերազմն ու հաղթությունը:

գ)   Երբ Մարիամը լսում էր Հիսուսի խոսքը` ոտքերի մոտ նստած, Ղուկ.10.40-ում կարդում ենք, թե Մարթան շատ էր մտահոգ հյուրասիրության հարցով: Բնագրում գրված է, թե նա ուշադրությունը շեղել-կենտրոնացրել էր իր պատրաստությունների կամ ծառայու­թյուն­ների վրա: Այդ բառի հունարեն բնագիրը («պերիսպաո») տառացիորեն նշանակում է շարժվել փակ շրջանով: Ուրեմն ծառայությունն ինքնին կարող է մեզ շեղել Հիսուսից և դնել փակ շրջանի մեջ:

Հոգևոր պատերազմը և աղոթքը մեզ նույնպես կարող են ապակենտրոնացնել Հիսուսից, դառնալ անկյանք, օրինական, ծիսական, անխուսափելի և պարտադիր աշխատանք: Այսպիսով մենք այնքան ենք զբաղվում Տիրոջ համար, որ ժամանակ չենք գտնում` լինելու Նրա հետ: Մեր ծառայությունն ընթանում է փակ շրջանով, առանց օծության և չի նպաստում Աստծու թագավորության շինությանը:

Դատչ Շիթսի անձնական վկայությունը. Տարիներ առաջ ծանր ժամանակներ է ապրել, մինչ մտերիմ բարեկամը զանգել է և փոխանցել Տիրոջից առած տեսիլքը, որում Դատչը քայլում է փակ շրջանով: Այն սթափեցնում է նրան, դուրս հանում ինքնին զբաղվա­ծու­թյան շրջանակից, մտցնում Տիրոջ ներկայության մեջ և բերում Նրա առաջնորդությանը:

Ի պաասխան Մարթայի հանդիմանությանը` Հիսուսն ասում է. «Մարիամը բարի բաժինն ընտրեց, որ չի վերցվի նրանից»: Բնագրում «բարի» բառի համար օգտագործված է «ագատոս»-ը, որի հակադիր բառն է «կալոս»-ը (թարգմանվում է` լավ): «Կալոս»-ը արտաքնապես լավն է, որ գործնականում կարող է չլինել արժեքավոր: Մինչդեռ «ագատոս»-ն ունի օգտակար, առավելություններ ունեցող, պիտանի իմաստը: Այսպիսով, երբ Մարիամի նման ժամանակ ենք տրամադրում` Հիսուսի ոտքերի մոտ խոնարհվելու, ապա մեր մեջ Նրանից ինչ-որ բան է ներդրվում: Այնպես որ, ոչ միայն արտաքնապես լավն ենք դառնում, այլև պիտանի և օգտակար: Նրա ներկայության մեջ սպասելով` թույլ ենք տալիս, որ մեր յուրաքանչուր ծառայություն, ներառյալ հոգևոր պատերազմը և բարեխոսությունը, ծնունդ առնի Տիրոջ հետ մեր հարաբերություններից:

6)  Աստծու ժամանակը, պայմանները և մեթոդները.

ա)  Մեր գործողությունները պիտի չդառնան պատասխանը սատանայի սադրանքների, նրա ժամանակի և պայմանների: Աստված է ընտրում մեր մարտի ժամանակը և պայմանները:

բ)   Հեսուի գրքի վեցերորդ գլխում կարդում ենք Երիքովի ճակատամարտի հաղթության թե' ժամանակի, թե' պայմանների, թե' մեթոդների մասին: Հաղթության ժամանակը 7 օր էր: Պայմանը` միայն Ռախաբի ազատագրությունը և երիքովցիների ողջ ունեցվածքից հրաժարումը (այրումը): Մեթոդները` 7 օր քայլելը, յոթերորդ օրը` 7 անգամ և քահանաների յոթերորդ շեփորահարումից հետո աղաղակումը: Ահա ինչպես իսրայելցիները, մենք նույնպես հոգևոր պատերազմի ժամանակ այսօր պիտի հետևենք մեր Գերագույն Գլխավոր Հրամանատարին:

Տերը հրամայեց Դավթին մարտի մեջ մտնել, երբ քամին կշարժի թթենիների կատարները (2Թագ.5.24): Նա պահանջեց Սավուղից 7 օր սպասել մինչև Սամուելի գալը և զոհ մատուցելը (1Թագ.13.8-14): Սակայն թշնամու առկայությունը, ժողովրդի ցրվելը և Սամուելի ուշացումը հարկադրեցին Սավուղին զոհ մատուցել: Ահա, գալիս է Սամուելը և խստորեն հայտարարում, որ անհնազանդության պատճառով թագավո­րությունը կվերցվի նրանից և կտրվի Աստծու սրտին համապատասխան մարդուն: Տերը չէր կարող թույլ տալ, որ Իր ժողովրդին առաջնորդի մի մարդ, ով ընդամենը արձագանքում է հանգամանքներին և կառավարում իր պատկերացումների համաձայն: Մինչդեռ անհրաժեշտ է հանձնվել Տիրոջ առաջնորդությանը…

գ)   2Մն.20.1-30-ում Հովսափատ թագավորի պատերազմում և Գործք 16.16-36-ում Պողոսի և Շիղայի դեպքում բանտում հաղթության բանալին երկրպագությունն էր (1):

Բուրբոնի փողոցով ընթանալիս Շիթսի թիմը երկրպագության («Էմմանուել») երգ էր եր­գում, որի հետևանքով հանդիմանության հոգին իջնում է շուրջը: Հետիոտնի համար նախա­տեսված խաչմերուկներից մեկում, շրջան կազմած, ծնկի են գալիս: Անցորդներից մեկն իրեն նետում է այդ շրջանակի մեջ և լաց լինելով ասում, որ ցանկանում է ճանաչել Աստծուն:

Քանի որ երկրպագությունը գահին է բազմեցնում Տիրոջը (Սաղմ.22.3), ապա սատանան գահավիժում է (Սաղմ.149.5-9` «…Աստծու գովասանքը նրանց շուրթերին լինի, և երկսայրի սուր` ձեռքին…»):

(2)  Դատչ Շիթսը վկայակոչում է, որ տարիներ առաջ Մարդի Գրասի քաղաքի փողոցներում ծառայելիս Տերը ներշնչում է լռելյայն քայլել, որի ընթացքում Նրա ներկայությունը և ակնածալից երկյուղն իջնում են ողջ շրջանի վրա:

(3)  Երբեմն Սուրբ Հոգին ընտրում է սիրո, բարության, ներման ռազմավարությունը: 1992թ. նոյեմբերի 12-ին Կոլորադոյի Դենվեր քաղաքի մի այգում Դատչ Շիթսը մասնակցում է բնիկ ամերիկացիների և Եվրոպայից ներգաղթյալների հաշտության արարողությանը` Ջին Սթիվենսոնի ծառայության կողմից կազմակերպված: Ներգաղթյալները ներում են խնդրում` բնիկների հողը նվաճելու, նրանց նախնիներին սպանելու համար: Եվ երբ բնիկներից մեկն իր ժողովորդի կողմից հաշտության ձեռք է մեկնում, ասես ինչ-որ բան կոտրվում է հոգևոր ոլորտում, ցուրտ և մռայլ օրը ջերմանում է: Սիրո և խոնարհության արարքը վերածվում է հոգևոր ամրոցներ քանդող ճակատամարտի:

(4)  Այլ դեպքերում Սուրբ Հոգին կարող է միաբանել Իր մարդկանց` թշնամու մեջքը կոտրելու համար: 20-րդ դարի առաջին կեսին միսիոներ Ջոն Գ.Լեյկը պատմում է Հարավային Աֆրիկայի մեծ մասում տարածված տենդի համաճարակի մասին, որի հետևանքով բնակչության քառորդ մասը մեկ ամսվա ընթացքում մահանում է: Մարդկանց թաղում էին ուղղակի ծածկոցների մեջ: Մի հզոր բարեխոս օրեր շարունակ, ծառի տակ նստած, աղոթում է ընդդեմ համաճարակի: Այնուհետև նա ասում է Լեյկին, որ եթե որևէ մեկը միանա իրեն, ապա հաղթանակը ձեռք բերվի: Երբ Լեյկն աղոթում է նրա հետ միասին, հոգևոր աչքերով տեսնում է դևերի մի ամբոխի: Սուրբ Հոգին իջնում է Լեյկի ընկերակցի վրա, նա սկսում է հեռացնել դևերի այդ բանակին: Հաջորդ առավոտյան տենդի համաճարակը կանգ է առնում:

(5)  Հոգևոր պատերազմը կարող է նաև մղվել աղաղակով, որի մասին կարդում ենք Սուրբ Գրքի հետևյալ հատվածներում.

-  «Դու ո՞վ ես, ով մեծ սար. դու Զորաբաբելի առջև դաշտ ես, և նա դուրս պիտի հանի անկյունաքարն աղաղակների ներքո` շնո~րհք, շնո~րհք նրան» (Զաք.4.7).

-  Իսրայելն աղաղակում էր ընդդեմ Երիքովի (Հեսու 6.16).

-  Գեդեոնի բանակն աղաղակում էր մարտից առաջ (Դատ.7.20).

-  Հիսուսն բարձրաղաղակ ավանդեց Իր հոգին խաչի վրա (Մաթ.27.30).

-  Իսրայելն աղաղակում էր, երբ բարձրացվում էր Ուխտի տապանակը. «Բարձրացի'ր, Տե'ր, և թո'ղ ցրվեն Քո թշնամիներն ու փախչեն Քեզ ատողները Քո առջևից» (Թվ.10.35: Սաղմ.68.1).

Իսրայելի երիտասարդ Հովաս արքան հանդիմանություն ստացավ Եղիսե մար­գա­րեից նետն արձակելիս ոչ բավարար վճռականության համար (4Թագ.13.14-19):

(6)  Այլ դեպքերում Սուրբ Հոգու ռազմավարությունը կարող է հանգել միայն տվյալ իրավիճակում Խոսքի հռչակմանը:

(7)  Դատչ Շիթսը վկայում է, որ երբ ինքը ջանացել է հաշտեցնել թշնամացած երեք մարդկանց և աղոթել նրանց համար, Սուրբ Հոգին նրան քաջալերել է կապել չարության ու բռնու­թյան ոգուն և հռչակել Տիրոջ կամքը: Հաջորդ օրը նրանց գտնում է խաղաղված ու փոխված վիճակում:

7)  Մեր ժառանգության նվաճումն ու պաշտպանությունը.

ա)  Նախ հիշենք, որ սատանան արդեն Գողգոթայով պարտված է, իսկ նրա իշխանությունը` ջախջախված (Ծննդ.3.15): Նշված համարում օգտագործված եբրայերեն գլուխ բառը (ռոշ) նշանակում է նաև իշխանություն: Սաղմ.2.9-ում Քրիստոսի մասին մարգա­րեաբար ասված է. «Երկաթե գավազանով կջարդես նրանց և բրուտի ամանի պես կփշրես»: Համադրելով Ծննդ.3.15-ը Սաղմ.2.9-ի հետ` ունենում ենք, որ Քրիստոս սա­տա­նա-օձի իշխանությունը պիտի ջախջախի: Ընդգծենք, որ Սուրբ Գիրքը չի ասում, թե Հիսուս մեզ ազատագրեց սատանայի զորությունից, այլ իշխանությունից (էքսուսիա), կամ իր զորությունը մեր (Հիսուսին տեր դավանողների) նկատմամբ կիրառելու իրավունքից.

-  «Որ մեզ փրկեց խավարի իշխանությունից (էքսուսիա) և փոխադրեց Իր սիրելի Որդու արքայության մեջ» (Կող.1.13).

-  «Ահա իշխանություն (էքսուսիա) եմ տալիս ձեզ` կոխրճելու օձերի, կարիճների և թշնամու ողջ զորության (դինամիս) վրա և ձեզ ոչինչ չի վնասի»  (Ղուկ.10.19).

-  «Իշխանություններին և պետություններին մերկացնելով` հայտնապես խայտառակեց և նրանց հաղթեց…» (Կող.2.15): «Մերկացնել»-ը (հուն.` ապեկդյուոմե) նշանակում է անցանկալի անձից գլուխն ազատել (նաև` փորոտիքը թափել, քոթակել);

Զորությունը երբեք Աստծու և սատանայի միջև վեճի առարկա չեր կարող լինել: Խոսքը վերաբերվել է միայն այն իշանությանը, որ սատանան ձեռք է բերել Ադամի միջոցով: Քրիստոս եկավ սատանային ոչ թե զորությունից, այլ իշխանությունից զրկելու, որպեսզի վերադարձնի Ադամի զիջած իշխանությունը: Սատանան այսօր էլ է շրջում «մռնչող առյուծի նման» (1Պետ.5.8), գործածում է իր «հրեղեն նետերը» (Եփես.6.16):

բ)   Մենք կոչված ենք խաչի հաղթանակը կրկին ներկայացնել, իրացնել, կենսագործել ու մարմնավորել և Քրիստոսի աշխատանքն ընդլայնել: 1Տիմ.6.12-ում Պողոսը Տիմոթեոսին պատվիրում է պատերազմել հավատքի պատերազմը և բռնել արդեն ունեցած հավիտե-նական կյանքը: Հունարեն բռնել բառը (էպիլամբանոմե) նշանակում է տիրապետել: Նման Հին կտակարանում Իսրայելին տրված ժառանգության, որին նա պետք է տիրա­պետեր: Մոֆաթն այդ հատվածը թարգմանում է այսպես. «Ձերը դարձրե'ք այն հավի­տե­նական կյանքը, որին կոչված եք»: Ուեստը թարգմանում է. «Տիրե'ք հավիտե­նական կյանքին, որի մասնակցությանը դուք կոչված եք»:

Ահա այդպես մենք պիտի նվաճենք, տիրենք և պահպանենք Քրիստոսով մեր ժառանգու­թյունն աշխարհից, մարմնից և սատանայից, քանի որ սատանան օրինախախտ է և կջանա օգտագործել իր զորությունը մեր նկատմամբ, եթե չգիտակ­ցենք Քրիստոսով մեր իշխանությունը: Իշխանությունն է վերահսկում զորությունը: Այս ճշմարտությունը պատկերված է Ելից 17.8-13-ում Իսրայելի և Ամաղեկի պատերազմում: Քանի դեռ Աստծու գավազանը բռնած Մովսեսի ձեռքերը բարձրացված էին լեռան կատարին,  Հեսուն էր հաղթում ճակատամարտում, երբ նրա ձեռքերն իջնում էին, Ամաղեկն էր հաղթում: Այսպիսով հոգևոր ոլորտի անտեսանելի պատերազմն էր կանխորոշում ճակատամարտի ելքը, իսկ Մովսեսի գավազանը խորհրդանշում էր Աստծու իշխանությունն ու կառավարումը:

գ)   Կարևոր է հասկանալ, որ մենք հոգևոր պատերազմում Աստծու դեմ չենք մարտնչում: Ոմանք այդպես են հասկանում Ծննդ.32.22-32-ում Հակոբի մարտնչումը Տիրոջ հրեշտակի հետ, երբ Հակոբն ասում է. «Չե'մ թողնի Քեզ մինչև ինձ չօրհնես» (32.26): Նախ` Աստված Ինքն էր թույլ տվել այդ «մենամարտը», քանի որ Տիրոջ մի հրեշտակը կարող էր ոչնչացնել հազարավորների (2Մն.32.21): Երկրորդ` Աստված և Հակոբը տարբեր նպատակներ էին հետապնդում. Հակոբը պաշտպանություն էր փնտրում Եսավից, մինչ Աստված կամենում էր տեսնել Հակոբի փոփոխությունը: Այդ պատճառով Տիրոջ հրեշտակը Հակոբից հարցնում է նրա անունը, որը շատ բնութագրական էր: Հակոբի պատասխանին հետևում է Աստծու օրհնությունը և նրա անվանափոխությունը: Ինչպես նաև Հակոբի զուգամկանի` մշտապես նրան ուղեկցող խախտումը (անձի կոտրումը խորհրդանշող): Այստեղից` հաղթության ճանապարհն անցնում է անձի խաչակրությամբ (Մաթ.16.24-26: Ղուկ.9.23-25):

Ինչ վերաբերվում է առ Աստված մեր աղոթքին, ապա մենք պետք է մոտենանք Նրան որդիական համարձակությամբ (Եբր.4.16), խնդրենք Իր կամքի համաձայն (1Հովհ.5.14), քանի որ Նրա գործակիցներն ենք, ոչ` մրցակիցները (2Կոր.6.1):

Ջեկ Հեյֆորդն այսպես է բացատրում Մաթ.16.18,19-ը. «Դուք կկանգնեք որոշման անհրա­ժեշ­տության առջև. կապե՞լ այն, թե ո՞չ: Հետագայում տեղի ունեցածը կախված կլինի ձեր որոշումից: Եթե դուք անձամբ և գիտակցաբար սկսել կապել այն երկրի վրա, ապա կհայտնաբերեք, որ այն պահին, երբ դուք դա կանեք, այն արդեն կապված կլինի երկնքում»:

Այսպիսով` շատ բան է կախված մեր հնազանդությունից և պատասխանատու գործողություններից:

Սյու Դոտիի վկայությունը. Նա Տիրոջից ներշնչվում է բարեխոսների մի խմբով ուղևորվել աղոթքի զբոսանքի որոշակի ուղերթով: Նախ նա խոսում է հովվի հետ, այնուհետև նստում համապատասխան ուղերթի մեքենան: Երբ մոտենում է մի կինոթատրոնի, Սուրբ Հոգին պատվիրում է հեռացնել պոռնոգրաֆիայի և կրքի ոգիներին, աղոթել: Հաջորդ օրը քաղաքապետարանը անսպասելի ստուգում է կատարում, խախտումներ հայտնաբերում և կինոթատրոնը փակում (թեև դրանից քիչ առաջ կինոթատրոնը հաջողությամբ անցել էր ստուգումը): Դա կայրոս ժամանակն էր բարեխոսության համար, որի հետևանքով դիվային ամրոցները քանդվում են:

 

ը.  Բարեխոսական աղոթքը` «ականադրություն և պայթեցում».

1)  Մտային ծածկի հանման անհրաժեշտությունը.

ա) Ծածկը և հայտնությունը.

2 Կոր.4.3.,4-ում կարդում ենք, թե Ավետարանը ծածկված է կորսվածների համար, ում սրտերն այս աշխարհի չաստվածը կուրացրեց, որ Քրիստոսի լույսը չծագի նրանց մեջ: «Ծածկված» բառը հունարենում «կալիպսիս»-ն է: Ծառն օրինակ ծածկված-պատված է կեղևով, մարդու մարմնի ներքին օրգանները` մաշկով: Նորկտակարա­նա­կան «հայտ­նու­թյուն» բառը հունարենում «ապոկալիպսիս»-ն է, որտեղ «ապո» նախածանցը հակառակ գործո­ղության իմաստն ունի: Այսպիսով` ապոկալիպսիս նշանակում է ծածկը հանել, բացել, բացահայտել:

բ)  Բարեխոսական աղոթքի մի նշանակությունը անհավատների մտքերի վրայից ծածկոցի հեռացումն է: 2Կոր.10.4-ում խոսք է գնում այդ ծածկի մասը կազմող ամրոցների քանդման մասին, որտեղից չար ոգիները կառավարում են: Ահա անհավատներն Ավետարանի ճշմարտությունները հասկանալու համար կարիքն ունեն այդ ծածկի քանդման` հայտնության, քանի որ Ավետարանի պատգամը զտվում է նրանց հավատալիքների համակարգում և տեղ հասնում բոլորովին այլ կերպ: Նրանք չեն կարողանում տեսնել Աստծու պատկերը եղող Քրիստոսին (ինչի մասին նույնպես ասվում է 2Կոր.4.4-ում), Ով Իր սիրով առինքնում է մեզ:

գ)  Աղավաղված տեսողությունը.

Երեկոյան մեքենայով տուն վերադարձող մի կնոջ թվում է, թե բեռնատարի վարորդը հետապնդում է իրեն: Խուճապահար կինը մտնում է տեխսպասարկման կայան, մեքանայից դուրս թռչում և աղաղակելով իրեն ներս գցում: Այն ժամանակ բեռնատարի վարորդը մոտենում է կնոջ մեքենային, կտրուկ շարժումով բացում հետնադուռը և դուրս քաշում մի տղամարդու, ով թաքնվել էր նրա նստարանի հետևում: Մինչդեռ կինը փաստորեն փախչում էր փրկչից, որ նկատել էր նրա մեքենայում թաքնված ահաբեկչին: Ահա այդ կնոջ նման անհավատի ընկալումն էլ է աղավաղված, ով փախչում է իրեն կործանումից փրկող Աստծուց: Մինչդեռ նրանք, ովքեր ճանաչում են Տիրոջը, գիտեն, որ Նա սիրում է մեզ և կյանքը տվեց` Իր երջանիկ զավակները դարձնելու նպատակով:

2Կոր.4.4-ում Քրիստոսի Փառավոր Ավետարանի լուսավորության ծագման մասին խոսելիս օգտագործվում է «ֆոտիսմոս» բառը, որը նման է Եփես.1.18-ում գործածված «ֆոտիձո»` «լույսը ներս թողնել» բառին («Որ ձեր սրտերի աչքերը լուսավորվելով` գիտենաք…»): Այստեղից էլ առաջացել է ֆոտոգրաֆիա (լուսանկարչություն) բառը: Երբ լուսանկարչական ապարատի փականակը բացում ենք, լույսը ներս է ընկնում և առաջանում է լուսանկարը:

Համեմատելով` կարող ենք ասել, որ անկախ այն բանից, թե որքան փառավոր է Տեր Հիսուսը, եթե մտային ծածկը (փականակը) չհանվի, Նրա ճշմարիտ պատկերը չենք ունենա: Այդ է պատճառը, որ երբ մենք մարդկանց, առանց ճշմարիտ հայտնություն ունենալու,  առաջնորդում ենք` ապաշխարության աղոթքը բարձրացնելու, այն ոչ մի փոփոխություն առաջ չի բերում: Որովհետև աստվածաշնչական ապաշխարությունը հետևում է աստվածաշնչական հայտնությանը:

2)  Ճշմարիտ ապաշխարությունը.

ա) Մեթանոյան և էպիստրեֆոն.

Կյանքի ուղղության փոփոխությունը` շրջադարձը կամ դարձը (հուն.` «էպիստրեֆո») տեղի է ունենում ապաշխարության արդյունքում (հուն.` «մեթանոյա»` նոր հասկացո­ղու­թյուն, մտածողության փոփոխություն ունենալ): Ապաշխարությունը` նոր հասկացողու­­թյունը, գալիս է Աստծուց մտային ծածկի հեռացման կամ հայտնության շնորհիվ: Այն հակադիր է Ադամի կատարած ընտրությանը. եթե նա նախընտրեց բարու և չարի սեփական իմացությունը, ապա այժմ անհրաժեշտ է նոր լույս ստանալ Աստծուց: Գործք 26.18-ում կարդում ենք, որ Պողոսը կոչված էր` հեթանոսների աչքերը բացելու (ծածկի հեռացում, լուսավորություն, հայտնություն և ապաշխարություն բերելու), որ նրանք դառնան (էպիստրեֆո) խավարից լույսին:

բ)  Տեղեկատվությո՞ւն,  թե՞  հայտնություն.

Եթե տեղեկատվությունը վերաբերում է մտքին, ապա աստվածաշնչական հայտնությունը, ներգործելով նաև մտքի վրա, ծագում է սրտում: Իսկ հոգևոր զորությունը ձերբազատ­վում է միայն հայտնության հետևանքով, երբ գրված խոսքը դառնում է կենդանի խոսք (լոգոսը` ռեմա): Այդ պատճառով մենք` հավատացյալներս, ոչ միայն պետք է ընթեր­ցենք խոսքը, այլև խորհրդածենք նրա մասին` աղոթելով սաղմոսերգուի նման. «Բա'ց իմ աչքերը, որ Քո օրենքի հրաշքները տեսնեմ» (Սաղմ.119.18): Եբրայերենում «բաց»-ը («գալա») նշանակում է նաև ծածկոցը հանել:

Սերմնացանի առակը ցույց է տալիս (Մաթ.13), որ աստվածաշնչական ճշմարտությունները մեր սրտերի մեջ ընկնում են սերմերի նման, որոնք պետք է աճեն և  վերածվեն պտղաբեր հայտնությունների:

Մինչդեռ մարդն անկումով կյանքի իմաստը փնտրեց տեղեկատվության մեջ («փափա­գելի էր` իմաստուն անելու համար»` Ծննդ.3.6), սակայն այն կարող է չբերել Աստծու ճշմարիտ ճանաչողությանը: Հովհ.5.39-ում կարդում ենք, ինչպես Հիսուս փարիսեցի­ներին կոչ է անում գրքերը քննել, որոնք, թվում է, թե նրանք գիտեին: Սակայն փարիսեցիները Հին կտակարանում չէին տեսնում Հիսուսի մասին վկայությունը: Այսօր էլ շատերը Սուրբ Գիրքը գիտեն որպես տեղեկատվություն, սակայն Աստծուն չեն ճանաչում, որովհետև Նրա հայտնությունները չունեն, որոնք էլ Աստծու խոսքը դարձնում են «հոգի և կյանք» (Հովհ.6.63): Այնպես որ, Սուրբ Հոգու հայտնությունն է մեզ բերում աստվա­ծաշնչա­կան հավատքի և կյանքի ճշմարիտ փոփոխության: Առանց դրա մեր խոսքն ուղղվում է միայն եսական բանականությանը, որը միշտ իր շահն է փնտրում: Պետք է գիտակցենք, որ միայն ինտելեկտով մենք կարող ենք քարոզել հումա­նիստական մի ավետարան, որն ուղղված է մարդկային եսասիրության բավարարմանը: Արդյունքում, լավագույն դեպքում, կունենանք եսակենտրոն և հումանիստ «նորա­դարձներ»: Իսկ երբ քարոզում ենք Ճշմարիտ Ավետարանը, որն իր մեջ ներառում է ապաշխարությունը և Հիսուս Քրիստոսին սեփական կյանքի Տեր հռչակելը, ապա անհրաժեշտ է, որ ունկնդիրներն ունենան աստվածաշնչական հայտնություն: Հակա­ռակ դեպքում նրանց հետ կկատարվի այն, ինչ կարդում ենք 1Կոր.2.14-ում. «Շնչավոր մարդը Աստծու Հոգու բաները չի ընդունում, քանի որ  դրանք իրեն հիմարություն են, և չի կարող իմանալ. որովհետև հոգևոր կերպով են քննվում»:

գ)  Ճշմարիտ ապաշխարության ծնունդը.

Սուրբ Հոգին հայտնության միջոցով ճշմարիտ ապաշխարություն է առաջացնում և ծնում քրիստոսակենտրոն հավատացյալների:

Մի քույր տարիներ շարունակ աղոթել է իր քրոջ և փեսայի ապաշխարության համար, սակայն ապարդյուն: Նրանք առաջվա նման շարունակում են մնալ քրիստոնեության ծաղրողներ և հալածիչներ, ինչի հետևանքով քրոջ սիրտը կարծրանում է նրանց նկատ­մամբ: Այդ ժամանակ Սուրբ Հոգին սկսում է աշխատել քրոջ սրտի հետ. նա ապաշխա­րում է իր վերաբերմունքի համար, ներում նրանց, ինչն անհրաժեշտ է բարեխոական աղոթք բարձրացնելու համար: Այդ մասին կարդում ենք Մաթ.7.5-ում. «Նա'խ քո աչքի գերանը հանիր, հետո պարզ պիտի տեսնես` եղբորդ աչքի շյուղը հանելու»:

Այնուհետև քույրն աղոթում է, որ Տերը հանի անհավատության ծածկը նրանց հոգևոր աչքերից: Ամիսներ անց, երբ նա զանգում է քրոջը, իմանում է, որ փեսայի սրտում  առավոտյան արթնանալիս եկեղեցի գնալու ցանկություն է առաջացել: Նրանք մասնակցել են պաշտամունքի և ապաշխարության կոչի ժամանակ իրենց սրտերը հանձնել Քրիստոսին: Ապաշխարած քույրը նաև ներողություն է խնդրում իրենց վերաբերմունքի համար: Ամիսներ հետո ապաշխարում է նաև նրանց հայրը:

3)  Ամրոցների քանդումը.

ա) Կուրացած հպարտությամբ.

2Կոր.4.4-ում կուրացնելը հունարենում «տուֆլոո» բառն է, որը նշանակում է միտքը բթացնել: Նրա արմատը` «տուֆո»-ն, ունի ծուխ հանել իմաստը, ինչը մարդուն թույլ չի տալիս տեսնել: Նույն արմատից ծագում է նաև «տուֆոո» բառը, որը նշանակում է գոռոզ, հպարտ կամ փառասեր: Այսպիսով, հենց հպարտությունը կազմում է այն ծխածածկույթը, որը թույլ չի տալիս տեսնել: Այն մարդուն անցել է սատանայից և տանում է նրան հոգևոր կուրության: Հենց հպարտությունն է դառնում պատճառը, որ մարդիկ մերժում են Քրիստոսին` լինի գործերի վարդապետությամբ, թե իրենց կյանքի տնօրինությունը ուրիշին հանձնել չկամենալով: Սակայն Փիլ.2.10,11-ում կարդում ենք, որ ի վերջո Հիսուսի անվանն ամենը պիտի ծնրադրեն և Նրան Տեր դավանեն:

Մի նավապետ հեռվում տեսնում է աղոտ կրակներ: Նա կարգադրում է ուղարկել ուղերթը 10 աստիճանով դեպի հարավ փոխելու հաղորդագրություն: Պատասխան հաղոր­դագրու­թյու­նում նրան է առաջարկվում ուղերթը փոխել 10 աստիճանով դեպի հյուսիս: Նավապետը կրկնում է իր պահանջը և ավելացնում, թե ռազմանավի նավապետ է խոսում: Պատասխան հաղորդագրության մեջ կրկնվում է նախկին պահանջը և ավելացվում, որ խոսում է փարոսը:

Ահա այդպես էլ Աստված` աշխարհի Լույսը, ընկած մարդկությանը վաղուց ի վեր ջանում է փոխել տալ նրա ուղերթը: Սակայն հպարտությունը, մարդկանց դարձնելով իրենց կյանքի նավա­պետը, թույլ չի տալիս ուշադրություն դարձնել կործանարար ուղերթի վերաբերյալ Աստծու նախազգուշացումներին:

Այն, որ աշխարհում փրկված կանանց թիվը գերազանցում է փրկված տղամարդկանց թվից, մի՞թե չի ասում, որ վերջիններիս մոտ հպարտության արմատներն ավելի խորն են տարածված, իսկ ընտանիքի անդամների պաշտպանության, դաստիարակության, հո­գա­ծության նրանց պարտականությունները գլխիվայր են շրջված: Առաջնորդելու պատաս­խանատվությունը վերածվել է իշխելու, խոնարհությունը` հպարտության: Մինչդեռ Տեր Հիսուսը, անսահման իշխանությամբ ու զորությամբ օժտված, ծառայու­թյան բացառիկ օրինակ դարձավ մեզ համար:

Այդ չ՞է նաև պատճառը, որ հոգեբանական խորհրդատվության կարիքն ավելի շատ կանայք ունեն կամ որ կնոջ ու մոր կերպարին ավելի հարիր է մեղմությունը:

բ)  Կորսվածների համար աղոթքը.

2Կոր.10.5-ում մենք գտնում ենք կորսվածների համար աղոթքի մի կարևոր բանալի. «Մեր… զենքերը մարմնավոր չեն, այլ Աստծուց զորություն առած` ամրոցներ քանդելու: Մենք խորհուրդներ ենք քանդում և Աստծու իմացության դեմ հպարտացած բոլոր բարձր  բաներն ու բոլոր մտքերը Քրիստոսին ենք հնազանդեցնում և գերեվարում»:

Նախ` ուշադրություն դարձնենք, որ հոգևոր պատերազմի մեջ մեր զենքերը չեն կարող լինել մարմնավոր. մարդկանց չենք կարող Աստծու համար շահել ինտելեկտուալ մակարդակում կամ նորարարական մեթոդներով: Այդպիսի միջոցները կարող են բորբոքել այլոց կողմից «չվերահսկվելու» նրանց հպարտությունը:

Մյուս կողմից` մենք ունենք հոգևոր ամրոցների քանդման Աստվածային զորավոր զենքեր:

«Զորություն» բառը հունարենում «դինատոս»-ն է, որը Նոր կտակարանում ունի նաև «հրաշք» և «հնարավոր» իմաստները: Եթե մեր շրջապատում կան մարդիկ, ովքեր, թվում է թե, շատ հեռու  են ապաշխարությունից և մենք նրանց համար բարեխոսական աղոթք ենք բարձրացնում, ապա 2Կոր.10.4-ը մեզ քաջալերում է, որ Աստված կարող է նրանց համար հրաշքներ գործել և նրանց ապաշխարությունը դարձնել հնարավոր: Չմոռանանք նաև, որ այդ բառից առաջացել է ժամանակակից դինամիտ բառը, այնպես որ մեր բարեխոսական աղոթքը կարող է պայթեցումներ կատարել…

Քանդել բառի հունարենը «կատայրեսիս»-ն է: Նրա նշանակություններից մեկը բռնիորեն քանդելն է, այսինքն բարեխոսական աղոթքի հրաշագործ դինամիտի միջոցով մենք կարող ենք կործանել դիվային ամրոցները: Եվ եթե այսօր շինարարները, դինամիտը ճիշտ տեղերում դնելով, կարողանում են վայրկյանների ընթացքում քանդել հսկայական շինությունները, ապա բարեխոսական աղոթքի դեպքում կարող է պահանջվել շատ ժամանակ: Միայն թե անհրաժեշտ է հոգևոր դինամիտը դնել ռազմավարական առումով ճիշտ կետերում: Ի վերջո` տեղի կունենա հզոր պայթյուն, դիվային ամրոցը կտապալվի, իսկ բարեխոսյալը կխոնարհվի Աստծու առջև:

«Կատարեյսիս«-ի մյուս նշանակությունն է պաշտոնանկ անել, նոր տիրապետություն հաստատել:

Եվա Պոֆամի վկայությունը Օհայոյից.

Մանկատանը նա հոգևոր մի քրոջ հետ հանդիպում է դիվահար Մերիին, ումից բոլորը վախենում էին: Ամեն անգամ նրան մոտենալիս Մերին սկսում է ցնցվել, կոպիտ ձայներ արձակել, հայհոյանքներ տեղալ և ասել, թե չի ցանկանում նրանց ներկայությունը: Իր ագրեսիվ բնավորության պատճառով Մերին հոգածության չէր արժանանում: Հոգևոր ամրոցների քանդման համար ծոմա­պա­հությամբ աղոթքների շնորհիվ Մերին սկսում է թույլ տալ` մտնելու իր սենյակը: Աստված բաց է անում աղոթողներին, որ մանուկ հասակում Մերիին դաժան ծաղրի են ենթարկել, և նրանք, կապելով սատանային, քանդելով նրա մտային կապանքը, արգելում են դիվային զորության ներգործությունը: Բարեխոսները նաև խնդրում են, որ Տերը պարսպապատի նրան և այցելի տեսիլքներով ու երազներով: Եկեղեցին նույնպես սկսում է աղոթել նրա համար: Շաբաթներ հետո Մերին իր սիրտը հանձնում է Տիրոջը, ինչի հետևանքով տեղի են ունենում անգամ արտաքին փոփոխություններ (ձայնի մեղմացում, տեսքի փոփոխություն): Հետո գլխավոր բժիշկը շնորհակալություն է հայտնում աղոթողներին, իսկ բուժանձնակազմը կարողա­նում է անհրաժեշտ հոգատարության ցուցաբերել նրան:

Այսպիսով, բարեխոսական աղոթքի շնորհիվ Աստծու իշխանությամբ մենք ի զորու ենք քանդել դիվային ամրոցները և գողգոթյան խաչով Հիսուսի տարած իրավաբանական հաղթանակը մարմնավորել` ջախջախելով թշնամու իշխանությունը:

գ)  Սատանայի ամրոցները.

«Ամրոց» բառի հունարեն համարժեքն է «օխուռոմա»-ն, որն առաջացել է ունենալ կամ պահել իմաստն արտահայտող «էխո» բառից: Ամրոցն այն վայրն է, որտեղից սատանան կարող է ինչ-որ մեկին ամուր բռնել: Նշանակում է նաև բանտ, զնդան: Եթե խրամատի միջոցով հնարավոր է լինում դիրքերը պահել, ապա ամրոցի միջոցով` ամբողջ տա­րածք­ներ: Այսպիսով անհավատները դառնում են սատանայի գերիները, ստրուկ­ներն ու բանտարկյալները: Քրիստոսն, ի հակառակ դրա, եկավ գերիներին ազա­տագրու­թյուն հռչակելու (Ղուկ.4.18), ինչն այսօր պետք է հնչի եկեղեցու շուրթերից:

2Կոր.10.3-5-ում նշվում են ամրոցների կամ զնդանների երեք բաղադրիչներ, որոնք մենք կոչված ենք քանդել, գահավիժել, ցած գլորել, կործանել ու տապալել Աստծու զորությամբ` թե' առանձին անհատների, թե' մարդկանց խմբերի համար մարտնչելով:

(1) Խորհուրդների քանդումը.

Ամրոցներից առաջինը նշվում են խորհուրդները (լոգիսմոս), որոնք նշանակում են ողջ մտածելակերպը: Լոգիսմոսից առաջացել է լոգիկան (տրամաբանությունը): Այն կյանքի ընթացքում հավաքված ողջ տեղեկատվության և իմաստության համախումբն է, նրա հավատամքը: Մոֆաթը նրա մեջ տեսնում է համոզմունքները: Հակոբոս առաքյալն այն անվանում է երկրավոր, շնչավոր և դիվական (Հակ.3.15): Մտակերտ­վածքը ներառում է փիլիսոփայությունը, կրոնը, հումանիզմը, հոգեբանությունը, խեղաթյուրումները և այն ամենը, ինչը մարդուն հարկադրում է մտածել որոշակի կերպով: Ահա Ավետարանի պատգամն անցնում է անհավատ մարդու ենթագիտակ­ցությամբ, որն ընդգրկում է լոգիսմոսը, և ստացվում է այնպես, որ նա կարծես չի էլ լսում, թե մենք ինչ ենք նրան ասում: Օրինակ` մերժվածության զգացումով տառա­պողը դժվարանում է հավատալ Աստծու սիրուն, բարոյական կյանք ունեցողը տեղ չի տալիս մեղքի գիտակցությանը: Այստեղ է, որ առաջանում է բարեխոսական աղոթքի անհրաժեշտությունը` քանդելու համար խորհուրդների ամրոցը, թեև օծված խոսքը նույնպես ներգործուն է: Ամրոցների քանդումով և սրտի «հողի» հերկումով խոսքի սերմի աճի համար պայմաններ են ստեղծվում:

Առանձին մարդկանց համար բարեխոսական աղոթք բերելիս անհրաժեշտ է խնդրել, որ Սուրբ Հոգին հայտնի մեզ նրանց «խորհուրդների ամրոցի» մասին, որպեսզի կարողանանք Տեր Հիսուսի անունով քանդել այն, մինչև մարդը կդառնա Տիրոջը:

(2) Աստվածճանաչության դեմ ապստամբող բարձրամտությունը.

«Բարձրամտության» հունարեն համարժեքը «հիփսոմա»-ն է, որը Բարձրյալ բառի հետ ունի նույն արմատը: Այն կապված է հպարտության հետ, որը հայտնաբերեցինք 2Կոր.4.3,4-ում գործածված «կուրացնել» բառի արմատում: Այն արտահայտում է նաև մարդու` Աստծուն հավասար լինելու մասին սատանայի բերած սուտը (Ծննդ.3.5): Այն ներառում է Աստվածճանաչության դեմ բարձրացող ամեն մտածողություն:

Այսպիսով, բարեխոսական աղոթքով մենք կարող ենք քանդել նաև այս ամրոցը: Որպեսզի մարդիկ խոնարհվեն Քրիստոսի առջև: «Կենդանի Աստվածաշնչում» վերոհիշյալ հա­մարը թարգմանված է այսպես. «Այդ զենքը կարող է քանդել ամեն հպարտ փաս­տարկ` ընդդեմ Աստծու և յուրաքանչյուր պարիսպ` նրան գտնելը թույլ չտալու համար կառուց­ված: Այդ զենքով ես կարող եմ գերեվարել խռովարարներին և նրանց վերադարձնել դեպի Աստծուն` դարձնելով այնպիսի մարդիկ, ում սրտի փափագն է Աստծուն հնազանդ­վելը»: Ուշադրություն դարձնենք ընդգծված բառերին:

(3) Ամեն մտքի գերեվարումը.

«Միտք» բառի հունարեն համարժեքը «նոեմա»-ն է, որը նշանակում է նաև ծրագիր, մտահղացում, խարդավանք և դավադրություն: Այն արտահայտում է նաև փորձություն իմաստը, որը սատանան օգտագործում է հավատացյալի վրա հարձակվելու համար: Բարեխոսական աղոթքով մենք պետք է կապենք սատանայի ծրագրերը, պարսպապատենք բարեխոսյալին նրա մտքերից և փորձությունից:

Մերելին Օ'Գեռնի վկայությունը.

Տարիներ շարունակ նա աղոթում էր թմրադեղերի, ընկճվածության և բարկության կա­պանք­ների մեջ գտնվող եղբոր ապաշխարության համար, իսկ հանդիմանու­թյուններն ավելի են գրգռում նրան: «Բարեխոսական աղոթք» դասընթացին ծանոթանալուց հետո Մերելինն ամուսնու հետ միասին սկսում է աղոթել, որ`

-  Տերը հեռացնի եղբոր մտքի ծածկը և լուսավորի ու պարուրի Սուրբ Հոգով,

-  քանդվեն Աստվածճանաչության դեմ ծառացող բարձրամտությունը, հպարտությունն ու խռովությունը (հիփսոման),

-  տապալվեն խորհուրդների, վախի, մատերիալիզմի, ռացիոնալիզմի ամրոցները (լոգիսմոսը),

-  սատանան կապվի և չկարողանա տիրել եղբորը, քանդվեն նրա մտային կապանքները (նոեմա),

-  Աստծու սպառազինությունը դրվի նրա վրա:

Շաբաթներ հետո Տերը հանդիպում է եղբորը, նվաճում նրան և անգամ համակում միսիոներական աշխատանքի փափագով: 

Համաձայն 1Հովհ.5.19-ի` ողջ աշխարհը չարության մեջ է: Սակայն Գործք 26.18-ն ասում է, որ մենք կոչված ենք` մարդկանց առաջնորդելու խավարից դեպի լույսը, սատանայի իշխանությունից դեպի Աստծուն, այսինքն` մարմնավորելու Քրիստոսի ազատությունը նրանց կյանքում:

Անհավատը չի կարող մարտնչել իր համար և հաղթել խավարին: Նաև չի կարող հասկանալ Ավետարանը, քանի նրա միտքը փակված է սատանայի ծածկոցով: Այդ մենք` բարեխոսներս ենք կոչված մարտնչելու նրա համար: Եվ հակառակ խավարի դիմադրությանը` Աստծու խոսքը մեզ ուղղում է հետևյալ քաջալերանքը. «Նրանց երեսից մի' վախեցեք, հիշեցե'ք Մեծ ու Ահեղ Տիրոջը և պատերազմեցե'ք ձեր եղբայրների, ձեր որդիների ու աղջիկների, կանանց և տների համար» (Նեեմ. 4.14)

 

թ.  Բարեխոսական աղոթքը` հարված նշանակետին կամ «կայծակահարություն».

1)  Աստծու լույսի մասին խոսող սուրբ-գրային հատվածներ.

ա) Սուրբ-գրային հատվածներ, որտեղ խոսվում է Աստծու լույսի մասին.

«Աստված լույս է և ոչ մի խավար չկա Նրանում» (1Հովհ.1.5).

«Որ միայն Նա անմահություն ունի` անմատույց լույսի մեջ բնակված, ում մարդկանցից ոչ ոք չտեսավ և չի էլ կարող տեսնել» (1Տիմ.6.16).

«Ամեն բարի տուրք և կատարյալ պարգև վերից է իջնում` Լուսո Հորից…» (Հակ.1.17).

«Եվ եղավ երրորդ օրը առավոտը ծագելիս որոտումներ և կայծակներ էին լինում, և մի թանձր ամպ կար լեռան վրա և սաստկաշունչ փողի ձայն, և բանակի մեջ եղած ողջ ժողովուրդը զարհուրեց» (Ելից 15.16).

«Եվ էակները վազում և փայլատակում էին իրենց կերպարանքով» (Եզեկ.1.14).

«Եվ գահից փայլատակումներ, որոտմունք և ձայներ էին գալիս, և 7 ղամբար` կրակով բռնկված, գահի առջև էին» (Յատն.4.5):

բ)  Սուրբ-գրային հատվածներ, որտեղ խոսվում է Աստծու փառքի ճառագայթման մասին.

«(Աստծու Որդին) Նրա փառքի լույսն է (ճառագայթումը) և էության նկարագիրը, որ Իր զորության խոսքով ամեն բան կրում է» (Եբր.1.3).

«Ահա Տիրոջ հրեշտակը կանգնեց նրանց առջև, Աստծու փառքը նրանց շուրջը ծագեց, և մեծ վախով վախեցան» (Ղուկ.2.9).

«Եվ եղավ, որ աղոթելիս Նրա երեսն այլակերպվեց, և հագուստը ճերմակ ու փայլուն եղավ… Բայց Պետրոսը և նրա հետ եղողները… երբ արթնացան, տեսան նրա փառքը» (Ղուկ.9.29.32): «Փայլուն» բառի փոխարեն բնագրում բառացիորեն նշված է կայծակի նման բռնկուն.

«Եվ քաղաքը ո'չ արեգակի և ո'չ լուսնի կարիքը չուներ, որ լույս տա նրա մեջ, որովհետև Աստծու փառքն էր լուսավորում նրան և նրա ճրագը Գառն էր» (Հայտն.21.23):

գ)  Սուրբ-գրային հատվածներ, որտեղ Աստծու խոսքի սուրը կապված է Նրա լույսի ճառագայթման հետ.

«Եվ փրկության սաղավարտն առեք և Հոգու սուրը, որն Աստծու խոսքն է» (Եփես.6.17).

«Ապաշխարիր, ապա թե ոչ` շուտով քեզ մոտ կգամ և կպատերազմեմ… Իմ բերանի սրով» (Հայտ.2.16).

«Նրա բերանից դուրս է գալիս… սուր, որ նրանով զարկի ազգերին: Եվ Ինքը հովվում է նրանց երկաթե գավազանով, կոխրճում Ամենակարող Աստծու բարկության և սրտմտության… հնձանը» (Հայտ.19.15).

«Աստծու խոսքը կենդանի է և զորեղ և ամեն երկսայրի սրից կտրուկ և թափանցում է մինչև շնչի և ոգու, հոդերի և ծուծքի բաժանելը…» (Եբր.4.12).

«Տիրոջ ձայնը զորեղ է… վեհափառ:  Տիրոջ ձայնը կրակի բոցերն է ճեղքում» (Սաղմ.29.3,7).

«Մարդո'ւ որդի, մարգարեացիր և ասա… «Սուրը, սուրը սրվել է և մաքրվել: Մեծ կոտորած անելու համար է սրվել, փայլատակելու համար է մաքրվել… սրտերը հալելու… համար նրանց բոլոր դռների վրա դրեցի սրի երկյուղը… շինվել է փայլելու համար, սրվել` մորթելու համար…»» (Եզեկ.21.9,10,15).

«Եվ Տերը որոտաց երկնքում և Բարձրյալն Իր ձայնը տվեց… կրակե կայծակներով: Եվ Նա Իր նետերն ուղարկեց և ցրեց նրանց, կայծակներով հարվածեց և շփոթեցրեց նրանց» (Սաղմ.18.13,14)

դ)  Սուրբ-գրային հատվածներ, որտեղ Աստծու լույսը կապված է Նրա դատի հետ.

«Եթե կայծակե սուրս սրեմ և բազուկս դատի անցնի, ապա Իմ թշնամիներին վրեժխնդրու­թյուն պիտի անեմ և Ինձ ատողներին` հատուցում» (2Օր.32.41).

«Նրանց սպանեցի Իմ բերանի խոսքերով: Քո դատաստանները դուրս կգան լույսի նման» (Հովս.6.5).

«Կրակ է գնում Նրա առջևից և չորս կողմը այրում թշնամիներին: Նրա փայլակները լուսավորում են աշխարհը, երկիրը տեսնում է և դողում» (Սաղմ.97.3,4).

«Հրեշտակն այն խնկանոցն առավ, լցրեց զոհասեղանի կրակից, գցեց երկրի վրա և եղան ձայներ, որոտումներ, փայլատակումներ և երկրաշարժ» (Հայտ.8.5).

«Եվ Աստծու տաճարը, որ երկնքում էր, բացվեց և երևացին… Տապանակը… և եղան փայլատակումներ, ձայներ, որոտումներ և երկրաշարժ» (Հայտ.11.19).

ե)  Սուրբ-գրային հատվածներ, որտեղ Աստծու լույսը կապված է Նրա ժողովրդի ազատագրության հետ.

«...Երկինքները ձայն հանեցին և Քո նետերն արձակվեցին… փայլատակումները լուսավո­րեցին աշխարհը, երկիրը դղրդաց և դողաց» (Սաղմ.77.18,19).

«Փայլատակիր կայծակով և ցրիր նրանց, նետերդ ուղարկիր և շփոթեցրու նրանց» (Սաղմ.143.6).

«Տերն է իմ լույը և իմ փրկությունը. ես ումի՞ց պիտի վախենամ: Տերն է իմ կյանքի զորությունը, ես ումի՞ց պիտի սարսափեմ» (Սաղմ.27.1).

2)  Խավարին հաղթող Աստծու լույսը.

ա)  «Պագա»-յի նշանակություններից մեկը` նշանակետին խփելն է:

Համաձայն Հոբ 36.32-ի` Տերն Իր ափերի մեջ ծածկում է կայծակը (լույսը) և ուղղորդում դեպի նշանակետը, իսկ Ամբ.3.4-ի` Տիրոջ պայծառ լույսը ճառագայթում էր Նրա ձեռքերից, որոնցում ծածկված էր Նրա զորությունը:

Կայծակի ջերմաստիճանը հասնում է 30 000 աստիճանի` գերազանցելով Արեգակի մա­կերևույթին: Եվ Աստված այդ պատկերն օգտագործում է` Իր դատի մասին պատկերա­ցում տալու համար, քանզի Նրա զորությունը գերազանցում է կայծակահարությանը: Այդ պատճառով էլ Սաղմ.68.2-ում կարդում ենք, որ ամբարիշտները, 97.5-ում` լեռները, իսկ 46.6-ում` երկիրը հալված մոմի նման կկորչեն Աստծու երեսից: Որովհետև մեր Աստվածը մաշող կրակ է (Եբր.12.29):

Այսպիսով, շատ անգամներ Աստվածաշունչն ասում է այն մասին, որ Աստված ուղղում է Իր կայծակե լույսը կամ փառքը կոնկրետ իրավիճակի վրա և հարվածում նշանակետին:

Հազարավոր տարիներ առաջ, երբ Արուսյակը, հպարտությամբ լցված, ապստամբեց Աստծու դեմ, նրա հակամարտությունը տևեց ակնթարթ` մինչ Աստծու կայծակե լույսի հարվածը: Այդ մասին կարդում ենք Ղուկաս 10.18-ում Հիսուսի խոսքի մեջ. «Տեսնում էի սատանային, որ երկնքից վայր էր ընկնում»: Այս մասին Հիսուս ասում է այն համատեքստում, թե աշակերտներն ավելի պիտի ուրախանան Աստծու զավակներ լինելու, քան նրանց վրա իշխանություն ունենալու համար, քանի որ առավել մեծ հրաշք էր Արուսյակի ակնթարթային անկումը:

Այստեղ խոսքը գնում է Աստծու լույսի խավարին հաղթելու մասին, քանզի Աստծու լույսն ավելին է, քան միայն Նրա սրբությունն ու քաղցրությունը. այն ներկայացնում է նաև Նրա զորությունն ու կարողությունը:

բ)   Խավարի թագավորությանը հաղթող Աստծու լույսի փայլատակման վառ օրինակ է հանդի­սա­նում Խաչը: Հովհ.1.4,5-ում կարդում ենք. «Նրանում էր կյանքը, և կյանքը մարդկանց լույսն էր: Եվ լույսը խավարի մեջ լուսավորում էր, և խավարը նրան չճանաչեց (չընդգրկեց)»: Չճանաչեց բառը «կատալամբանո»-ն է, որը կարող է նշանակել ճանաչել-անսալ կամ ձերբակալել, հաղթել-հաղթահարել: Ուեստը և Մոֆաթը Հովհ.4.5-ը թարգմանում են` «խավարը նրան չհաղթահարեց»: Այսպիսով` խաչը հաղթամարտ էր` լույսի հաղթանակն ընդդեմ խավարի, ինչպես կարդում ենք Թվ.10.35-ում և Սաղմ.68.1-ում. «Բարձրացի'ր, Տե'ր, և թո'ղ ցրվեն Քո թշնամիները…»:

Սատանայի մղձավանջներից մեկը տեղի ունեցավ, երբ Աստծու կայծակե լույսը նրան նետեց ցած, մյուսը` երբ բռնկվեց Խաչի վրա` կարծես, հարկադրելով նրան աղաղակել. «Նա վտարեց ինձ երկնքից, իսկ հիմա զրկում է երկրից…» (Ի դեպ, նրա հուսահատ աղաղակը լավ է պատկերված Մել Գիբսոնի «Քրիստոսի չարչարանքները» ֆիլմում):

գ)   Երբ Խաչի վրա ինքնակոչ «լուսո հրեշտակի» հետ հանդիպեց Լուսո արքան, Նա Իրեն վե­րար­տադրեց, ու Իր փառքը բնակեցրեց լուսո որդիների մեջ, ինչի մասին կարդում ենք Եփես.5.8-ում. «Մի ժամանակ խավար էիք, իսկ հիմա` լույս Տիրոջով. լուսո որդիների պես քայլեք»: Կամ` Ես.60.1-3-ում. «Վե'ր կաց. լուսավորվի'ր, որովհետև… Տի­րոջ փառքը ծագել է քեզ վրա… Քայլում են ազգերը դեպի քո լույսը, և թագավորները` դեպի քո վրա ծագած պայծառու­թյունը»:

3)  Կայծակե օծությունը.

ա) Բարեխոսական աղոթքը` կայծակե օծություն (հրթիռակոծում).

Պագան նշանակում է նաև հարված թիրախին և օգտագործվում է Աստծու լույսի կայծակահարության իմաստով: Իսկ Քրիստոսի բարեխոսական աշխա­տան­քը, երբ հանդիպեց սատանային և ջախջախեց նրա իշխանությունը, Լույսի հաղթանակն էր` ընդդեմ խավարի: Բայց մեր բարեխոսական աղոթքը ձերբազատում է Քրիստոսի հաղթությունը և այն կրկին ներկայացնում: Հետևաբար այն գողգոթյան «կայծակահա­րու­թյունը» ուղղորդում է կոնկրետ իրավիճակի վրա և ավերում խավարի թագավորու­թյունը: Նաև, որպես թագավորական քահանայություն, հռչակում ենք խավարից մեզ Իր սքանչե­լի լույսին Կանչողի առաքինությունները (1Պետ.2.9)` փառավորելով Հորը և Որդուն Եկեղեցում (Եփ.3.21):

Որոշ թարգմանություններում Հովհ.1.5-ը («Լույսը խավարում լուսավորում է») շարադրված է այսպես. «Լույսը մշտապես լուսավորում է»: Դա ասում է շարունակական հաղթա­նակի մասին, որը մարմնավորվում է այսօր Եկեղեցու միջոցով: Իսկ Սուրբ Հոգու` մեր մեջ ներդրված զորությունը կործանարար է խավարի թագավորության համար: Միա'յն թե մենք այն վստահորեն գիտակցենք…

Այդպես էլ մեր բարեխոսական աղոթքը թույլ է տալիս Տիրոջը ճառագայթել Իր լույսը դեպի համապատասխան իրավիճակը` հարված հասցնելու` նման կայծակահար և ոլորված ծառին:

բ)  Վկայություններ.

Դատչ Շիթսւ վկայությունը 1979թ. Մարդի Գրաս քաղաքի Բուրբոնի փողոցում անցկացված ավետարանչության մասին, որտեղ տիրում էր խավարի զորությունը.

Տևական աղոթքից հետո նրա թիմը Սուրբ Հոգուց ստանում է հաղթության վստահություն: Այնուհետև բազմաթիվ մարդիկ ընդունում էին Քրիստոսին` դրամատիկ փոփոխու­թյուն­ներ կրելով: Մի երեկո, երբ Դատչը իր գործակցի հետ միասին զրուցում էին երկու ուսանողների հետ, նրանց է մոտենում մի աժդահա դիվահար մարդ` սպանության մոլուցքով համակված, կատաղած շան նման գռմռալով, արյունոտ փրփուրը շուրթերին և ձեռքի մտրակը թափահարելով: Մարդիկ փախչում են աջ ու ձախ: Այդ ժամանակ Դատչի մտքում հնչում են առաքյալի խոսքերը` «Ինձ համար կյանքը Քրիստոս է, մեռնելը` օգուտ» (Փիլ.1.21), իսկ վախը փորձում է ընկճել նրան: Սակայն այն հաղթա­հա­րող բարեխո­սա­կան աղոթքը սկսում է համակել ողջ թիմին` Հիսուսի անունով կապելու խավարի ուժերը այդ մարդու մեջ: Վայրկյաններ հետո նրա տեսքը, ձայնը և վերաբերմունքը փոխվում են, իսկ չար ոգիները` պարտվում: Եվ մարդը դանդաղ հեռանում է` զարմացած ամբոխի հայացքի ներքո:

Լույսը հաղթեց խավարին, Աստծու զորությունը հարվածեց թիրախին` պահպանելով Իր զավակներին:

Դատչ Շիթսի հոր` Դին Շիթսի` Օհայոյի հովվի վկայությունը Հայիթիի միսիոներական ծառայությունից.

Նա քարոզում էր Ավետարանը մի ժողովորդի մեջ, որի ազգային կրոնը վուդուն էր (դիվա­պաշտությունը) և աղոթում հիվանդների համար` համաձայն Մարկ.16.15-18-ի: Դինը Սուրբ Հոգու առաջնորդությունն է ստանում` աղոթելու կույրերի համար: Եվ 20 կույրե­րից 19-ի համար Սուրբ Հոգին առաջնորդում է նրան` հեռացնելու կուրության ոգուն: Աստծու լույսն ընկնում է նշանակետին, ճեղքում խավարը և տեսողություն շնորհում:

գ)  Եզրահանգում.

Եկել է գիտակցելու պահը, որ մենք լցված ենք Աստծու փառքով և լույսով: Պողոսը, 1Կոր.6.19-ում խոսելով մեր մարմինների` Սուրբ Հոգու տաճարը լինելու մասին, տաճար բառի համար օգտագործում էր հունարեն «նաոս» բառը, որը վերաբերում է Սրբություն սրբոցին: Իսկ երբ խոսում էր Սուրբ Հոգու` մեր մեջ ներբնակվելու մասին, օգտագործում էր «շաքան» բառը, որը համապատասխանում է եբրայերեն «շեքինա»-յին` Աստծու փառքին: Այսպիսով` Պողոսը մեզ հիշեցնում էր, որ Քրիստոսով մեր մեջ բնակվում էր Աստծու փառքը, մենք նոր Սրբություն սրբոցն ենք` կենդանի քարերից պատրաստված Աստծու տաճարը: Մասնավորապես այդ մասին է ասվում 2Կոր.4.6,7-ում. «…Ինքը մեր սրտերի մեջ ծագեցրեց Աստծու փառքը ճանաչողության լույսը… Հիսուս Քրիստոսի անձով …Այս գանձն ունենք հողե անոթների մեջ…»:

Այսպիսով, հաղթանակի բանալին Աստծու ներկայությունն է, որ մենք պետք է կրենք մեզ հետ միասին մարտում` պարտության մատնելու Նրա թշնամիներին:

Մենք Նրա փառքի կրողներն ենք, լուսո զինվորները:

Ես.60.1-3-ն այսօր վերաբերվում է Եկեղեցուն. «Վե'ր կաց. լուսավորվի'ր, որովհետև… Տի­րոջ փառքը ծագել է քեզ վրա… Քայլում են ազգերը դեպի քո լույսը, և թագավորները` դեպի քո վրա ծագած պայծառու­թյունը»:

Մենք կոչված ենք խիզախորեն ձերբազատելու Բարձրյալի զորությունը դժվարին իրավիճակներում և թույլ տալու, որ Քրիստոսի հաղթանակը ի հայտ գա ամենուր:

Նա տվել է մեզ Իր անունը, լույսը և սուրը: Թույլ տանք, որ Հիսուս ճառագայթի մեր միջոցով` հարվածելով նպատակակետին, հաղթելու խավարի գործերին:

Մեր անհնազանդ զավակների և ամուսինների համար խնդրենք Աստծու հեզության լույսը` ազատագրելու նրանց մեղքի կապանքներից:

Մեր եկեղեցիների համար խնդրենք, որ Սուրբ Հոգին ճառագայթի` հեռացնելով վեճերն, ինքնագոհությունն ու բաժանումները:

Մեր սրտերը Սուրբ Հոգով բովանդակում են Ուխտի տապանակի պարունակությունը` Աստծու պատվիրանները, կենաց մանանան և քահանայական գավազանը: Նաև` Ուխտի տապանակի վրա հանգչող Աստծու փառքը:

Ուրեմն, հռչակե'նք ինչպես այն ժամանակ. «Բարձրացի'ր, Տե'ր, և թո'ղ ցրվեն Քո թշնամիներն ու փախչեն Քեզ ատողները Քո առջևից» (Թվ.10.35: Սաղմ.68.1):

Comments:

Add comment


Security code
Refresh