«Հայակրոնություն»` թշնամանքի փոխարեն սիրո կենսաբուխ գրիչ

  • Print

«Հայակրոնություն»` թշնամանքի փոխարեն սիրո կենսաբուխ գրիչ


Խոսքը վերաբերում է «Իրավունք» թերթի ս.թ. հունիսի 11-ի համարում հրապարակված գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանի «Եղծ աղանդոց կամ հայակրոնության հրամայականը» հոդվածին:

Ա. Նրանում բազմամյա լրագրողը խոստովանում է, որ կյանքում առաջին անգամ է մասնակցել կրոնի ազատությանը նվիրված քննարկմանը, որի արդյունքում հոդվածում զետեղում է կրոնական կազմակերպությունների մասին ոչ կոմպետենտ արտահայտություններ, «Արորդաց ուխտի» գովազդը և մարդատյա­ցության պոռթկումներ.

1. Հոդվածագրի` նյութին ոչ լավատեղյակության փաստերից են.

ա. Խոսելով «ավանդապահ ուղղություն ունեցող մասնակիցների» մասին` նրանցում տեղ չի տալիս Հայ Ավետարանական ընտանիքի եկեղեցի­ներին, որոնց արմատները գնում են Հայաստանի խարհրդայնացումից այն կողմ.

բ. Ահազանգելով «Օպուս Դեի» կաթոլիկական կազմակերպության նաև Հայաստանի համար «վտանգավորությունը»` նրան աղանդ է համարում` տեղյակ չլինելով, որ կազմակերպությունը գործում է Հռոմի պապերի օրհնությամբ` դառնալով քրիստոնեական դաստիարակության յուրօրի­նակ շարժում.

գ. Առաջարկելով բոլոր կրոնական կազմակերպությունների պարտադիր «հայաստանակենտրոնությունը»` չի բացատրում, թե դրա հետևանքով ինչպե՞ս կարելի է խղճի ազատության մասին գործող օրենսդրությունը, ինչպես ինքն է ասում` «կրճատել 3-4 անգամ, ու կարիք չի լինի նախաձեռնել օրենսդրական և ենթաօրենսդրական կիսամիջոցներ, որոնք այսօր կոչված են գոնե մասամբ պաշտպանել Առաքելական եկեղեցու օրինական շահերը» (?):

[Թեև Ավետարանական ընտանիքի բազմաթիվ եկեղեցիների կենտրոնները միշտ Հայաստանում են գտնվել, իսկ Հայ Ավետարանական Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդը կազմված է հայորդիներից, սակայն դեռևս 17.02.09թ.-ին «Խղճի ազա­տության մասին». գործող օրենքի վերաբերյալ դիտողությունների ու փոփո­խությունների առաջարկություն­ներում մի խումբ ավետա­րա­նական գործիչ­ներս նշել էինք.

«Ժամանակավրեպ է… հոդված 13-ի առաջին մասը, որտեղ ասված է, թե ՀՀ տարածքից դուրս գտնվող հոգևոր կենտրոններ ունեցող կազմակերպությունները չեն կարող ֆինանսավորվել նրանց կողմից։ Մի՞թե դա նշանակում է, թե Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդը կամ այլ միջազգային կրոնական կազմակերպություններ, որոնք մասնաճյուղեր կարող են ունենալ Հայաստանում, իրավունք չպիտի ունենան նրանց ֆինանսավորելու։ Կամ, երբ այսօր հայության թիվը Սփյուռքում մի քանի անգամ գերազանցում է Մայր Հայրենիքի թվին, մի՞թե Արտերկրի բոլոր հայկական, օրինակ՝ Ավետարանական, քրիստոնեական մյուս եկեղեցիները պետք է ստորադասվեն Հայաստանյան եկեղեցիներին։

Առաջնորդվելով նույն տրամաբանությամբ՝ փաստորեն Հայաստանի Ռուս Ուղղափառ եկեղեցին կարող է ֆինանսավորվել ցանկացած երկրից կամ Ռուսաստանի ցանկացած մարզից ու քաղաքից, ցանկացած անհատ գործարարից, բայց ոչ՝ Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքարանից։ Նույնը վերաբերում է Հայ Կաթողիկե եկեղեցուն։

Այս օրենքի հեղինակները մտածե՞լ են, թե ինչ կլինի, եթե նման արգելք տեղ գտնի Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի կամ հարևան Վրաստանի օրենքում։ Այդ դեպքում Մայր Աթոռ Ս. Էջմիածինը իրավունք չի ունենա` օգնության ձեռք մեկնելու Ռուսաստանի, Ուկրաինայի կամ Վրաստանի (Ջավախքի) որևէ հայկական եկեղեցու։

Ի վերջո, չէ՞ որ կան ֆինանսավորման տարբեր նպատակներ՝ բարեգոր­ծական, եկեղեցաշինական, գրահրատարակչական և այլն։ Կամ մի՞թե հոգևոր կենտրոնների ուշադրությանը պիտի չարժանանան ծերության կամ հիվանդության հետևանքով անաշխատունակ հոգևորականներին կենսաթոշակ նշանակելը, բուժման համար վճարելը։ Չթվարկելով բոլոր այն դեպքերը, երբ հոգևոր (վարչական) կենտրոնները, անկախ գտնվելու վայրից, ուղղակիորեն պարտավոր են ֆինանսավորել իրենց տարասփյուռ հոգևորականներին ու համայնքներին, մեր օրենքներում նման արգելքներ հորինելիս միշտ պետք է հիշել աշխարհի տարբեր երկրներում մեր հայկական եկեղեցիներին ու համայնքներին, որոնց նկատմամբ խիստ անցանկալի կլիներ այնտեղ օրենսդրորեն նման արգելքների կիրառումը»։]

Ավելին. տուրք տալով կամակայությանը և իրավական նիհիլիզմին` հայ­րե­նասեր գործիչն առաջարկում է «պարզ մեխանիզմ` ՀՀ տարածքում թույ­լատ­րելի և օրինական համարել միայն այն կրոնական կազմակեր­պությունների գործունեությունը,, որոնց հոգևոր կենտրոնը գտնվում է Հայաստանում»: Սրանով իսկ քաղաքականացնելով հոգևորը և հայաս­տա­նակենտրոնությանը վերագրելով սոսկ ֆիզիկական չափումներ…

դ. Բողոքելով «տոլերանտական» տերմինաբանության դեմ և պահանջելով «աղանդ» և «հոգևորսություն» տերմինների շրջանառության մեջ թողնելը, այդպես էլ չի տալիս դրանց բացատրությունը:

2. Անձնական համակրանք տածելով «Արորդաց ուխտի» հանդեպ` հարգելի ընդդիմախոսը զուր ջանքեր է թափում նրան Հայ Առաքելական եկեղեցու դաշնակիցը դարձնելու.

ա. Հոդվածում նա արժանապատիվ Վահրամ քահանա Մելիքյանին և քուրմ Գեղամ Ասլիբեկյանին «նստեցնում է» կողք-կողքի` նրանց միջև «չնկատելով» Ավետարանական հավատքի քրիստոնյաների հովիվ` վեր. Ահարոն Ղազարյանին.

բ. Եթե Հայ Առաքելական եկեղեցին ներկայացվում է որպես «մեր պատմու­թյան 17 դարերի մշտական ուղեկիցը», ապա Արորդաց ուխտը «արտա­ցոլում է հազարամյակների խորքից եկած ավանդույթներն ու մտածողու­թյունը», «ազգահավաքը»: Մինչդեռ ժամանակակից հայ հեթանոսների բանավոր կամ գրավոր արտահայտված անհանդուրժողականությունը Հայ Առաքելական եկեղեցու հանդեպ հայտնի է բոլորիս.

գ. «Երկուսն էլ նույն տոներն են տոնում, երկուսն ել գործնականում նույն ավանդույթների պահապանն են…»,- եզրակացնում է հայ մտավորա­կա­նը` նսեմացնելով քրիստոնեական արժեքները, քրիստոնեությունը, որպես միաստվածության, սիրո, մարդու բարձրա­գույն բարոյականության և աստվածապատկեր արարումի կրոն, իջեց­նե­լով բազմաստվածության աստիճանին և մոռանալով, որ Էջմիածնի Մայր տաճարը կառուցված է նախապես քանդված հեթանոսական զոհասեղանի վրա:

[Տեղյա՞կ է արդյոք լրատվության ղեկավարը, որ Հայ Առաքելական, Կաթոլիկ և Ավետարանական ընտանիքի եկեղեցիների դավանաբանության հիմքն Աստվածաշունչն է` ընդունելով Վաղ շրջանի Եկեղեցու Հավատո հանգա­նակը, որ նրանք համագործակցում են Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդում, ԱՊՀ Երկրների Միջհարանվանական Խորհրդատվական Կոմիտեում, Սփյուռքում և Մայր Հայրենիքում:]

2. Սիրելի հայորդու խոսքը համակված է թշնամական ատելությամբ` իր իսկ հայրենակիցների հանդեպ.

ա. Նա առաջնորդվում է մի ազատամարտիկի խոսքով, թե` «Ձեր գործի մեծու­թյունը չափեք թշնամու ատելության չափով», թեև վստահ եմ, որ ազա­տա­մարտիկը, թշնամի ասելով, երբեք էլ իր հայրենակիցներին նկատի չի ունեցել.

[Առիթ չի՞ ունեցել հայ մտավորականը տեղականալու, որ թուրքական քարոզչությունը հատկապես Ավետարանական եկեղեցուն է մեղադրել ազատագրական շարժման «հրահրման» մեջ, որ Սողոմոն Թեհլերյանը, Մուսա լեռան ազատամարտի կազմակերպիչ Տիգրան Անդրեասյանը, Հրանտ Դինքն ու Մոնթե Մելքոնյանը, աշխարհահռչակ Վիլյամ Սարոյանն ու արևմտահայ գրող Տիրան Չրաքյանը և այլք ավետարանական ծագում ունեն, որ Եղեռնից հետո Ավետարանական եկեղեցու կողմից ստեղծվել են բազմաթիվ որբանոցներ, Սփյուռքում միակ բարձրագույն Հայկազյան համալսարանը, Մայր Հայրենիքում և Արցախում զգալի բարեգործական ծրագրեր են իրականացվել:]

բ. Իր «կրոնական» հայացքները չկիսողներին դնում է հոմոսեքսուա­լիստ­ների կողքին (ի՞նչ ասես այս խոսքերի հեղինակին).

գ. Ի՞նչ բարոյական իրավունքով է հայաստանաբնակ լրագրողն անվստա­հություն և թշնամանք սերմանում մեր կաթոլիկ հայրենա­կից­ների նկատմամբ` նրանց գցելով Վատիկանի «հատուկ ծառայության» «ճիրանն­երը» և գուշակություն անում այն օրվա մասին, երբ «մեր հայրենակիցների պատկառելի զանգվածը» կվերածվի «գործակալական ցանցի»:

դ. Եվ եթե հայ կաթոլիկներից, «ամոթանք» տալով, պահանջում է անկա­խանալ Վատիկանից, ապա մյուս «աղանդավորական» կառույցների առաջին դեմքերի հետ հաշվեհարդար է ուզում տեսնել «մի կանիստր բենզինով…»:

[Ծանո՞թ է արդյոք «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիրը և սահմա­նադրա­կան իրավունք ջատագովող կուսակցության ներկայացուցիչը ՀՀ ՔՕ 226.1 և 226.2 հոդվածներին, որոնցով պատիժ է նախատեսվում կրոնական թշնամանքի հարուցման դեպքերի կապակցությամբ:]

Բ. Պատասխանելով religions.am-ի կողմից տրված` հասարակական մտածո­ղության մեջ մարդու արժեքի կարևորման հարցին` նշել էի, թե`

- Մարդու վրա ամենամեծ ներգործությունն ունենում է ոչ թե սոսկ քարոզչությունը, այլ նրա հանդեպ սերը.

- Հասարակությունը պիտի տեսնի նաև քրիստոնեական արժեքներ կրող եկեղեցիների համերաշխությունն ու համագործակցությունը.

- Եկեղեցու միասնականությանն անհրաժեշտ է գումարել ազգային զարթոնքի յուրօրինակ մի համահավաքի ստեղծումը, որտեղ ի մի պիտի գանք մտահոգ բոլոր հայրենակիցներս…

Ինձ մնում է քրիստոնեաբար հորդորել պարոն Հովհաննես Գալաջյանին.

3. Դադարեցնելու հայ հասարակության մեջ ատելություն ու թշնամանք, պառակտում ու օտարացում, լարվածություն ու առճակատում առաջացնող գործունեությունը.

4. Վստահելու, թե բազմադարյան և գանձաշատ հոգևոր հարստություն ունեցող Հայաստանյայց Առաքելական Եեկեղեցին նման պաշտպանության կարիքը չունի` մանավանդ իր իրական դաշնակիցները հանդիսացող` Հայ Կաթողիկե և Ավետարանական Ընտանիքի եկեղեցիներից.

5. Հարգելու 2008թ. սեպտեմբերի 24-ին ամերիկահայության ընդունե­լության ժամանակ ՀՀ Նախագահի արտասանած ծրագրային ելույթը.

- Յուրաքանչյուր հայ պետականության կրողն է, իսկ բոլորս միասին այն կերտողները.

- Միասնականությունը մեզ այսօր պետք է առավել, քան երբեք.

- Հայության կարողությունը բոլոր հայերի հավաքական կարողությունն է.

- Մշակութային, լեզվական, կրոնական բազմադեմությունը արատ չէ ամենևին, որի դեմ պետք է պայքարել, այլ հայությանը տրված առավելություն, որ յուրահատուկ հնարավորու­թյուններ է ընձեռում.

- Հայկական ինքնությունը պիտի լինի մարդակենտրոն, ազատակենտրոն ու իրավա­կենտրոն.

- Ազատության և իրավունքի վրա հիմնված ինքնությունն է առավել քան հրապուրիչ և զորացնող.

- Հայ ինքնության հանելուկի բանալին Հայաստան երկիրն է.

- Հայի ինքնությունը… պետք է հրաժարվի լեզվական, կրոնական, մշակութային, կուսակցական կամ գաղափարական տարանջատումներից.

- Հարատևման բանալին բազմազանությունն է… Հայկական ինքնության հովանու տակ բազմազանությունը.

- Հայկական բազմազանության շաղախը հանդուրժողականությունն է։

6. Ականջ դնելու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Բ-ի (հետագայում՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա)` զտարյուն մտավորականի արյան և մելանի ընդհանրության մասին խոսքին, որում նա մասնավորապես ասել էր, թե գրիչը դարձել է իր «վեցերորդ մատը»:

Նաև վերընթերցելու գոնե Հիսուս Քրիստոսի Ավետարանն ու Նարեկացու Մատյանը, որպեսզի ատելության «կանիստրը» փոխարինվի հայրենակերտ գրչով, իսկ մահասփյուռ «բենզինը»` վերոհիշյալ քրիստոնեական հրաշք-արժեքներում շրջանառող սիրո շինիչ խոսքի մելանով…

Հայաստանի Ամբողջաավետարանական քրիստոնյաների
եկեղեցու ավագ հովիվ`
պատվ. դոկտ. Սամվել Նավոյան

Comments:

Add comment


Security code
Refresh