Մեկնություններ Հովելի գրքի վերաբերյալ

 

Մեկնություններ Հովելի գրքի վերաբերյալ

 

 

 

ա. Հեղինակի մասին.

 

Հեղինակի անունը նշանակում է Տերը (Յահվեն) Աստված է։

 

Հովել մարգարեի վերաբերյալ շատ աղքատիկ տեղեկություններ են հասել։ Նշվում է, որ նա Փաթուելի որդին է (1.1)։

 

բ. Գրքի գրման ժամանակի մասին.

 

Ընդունված է, որ փոքր մարգարեների գրքերի դասավորությունը Աստվածաշնչում նշանակություն ունի նրանց գրման ժամանակի որոշման համար։ Գրքի ժամանակի մասին առաջարկվել են տարբեր տեսակետներ՝ Ք.ծ.ա. IX-II դ.դ. ընկած ժամանակահատվածում։

 

1) Ըստ առաջին տեսակետի՝ գիրքը գրվել է Ք.ծ.ա. IX դարում (Վաղ մինչգերության շրջան, ավելի կոնկրետ՝ յոթնամյա Հովասի թագավորությունից հետո՝ 878-838 Ք.ծ.ա.)՝ ի նկատի ունենալով այն հանգամանքը, որ եբրայական կանոնում Հովելի մարգարեությունը գտնվում է Հովսիայի և Ամովսի մարգարեությունների միջև։ Նաև Տյուրոսի, Սիդոնի, Փղշտիայի, Եգիպտոսի և Եդովմի՝ հնում Իսրայելի թշնամիների մասին հիշատակության հանգամանքը (Հովել 3.4,19).

 

2) Ըստ երկրորդ տեսակետի՝ Ուշ մինչգերության շրջանում (597-587 թ.թ. Ք.ծ.ա.).

 

3) Համաձայն երրորդ տեսակետի՝ Հետգերության շրջանում։

 

 

գ. Գրման նպատակը.

 

1) Գրքի գրման առիթը եղել են 2 բնական աղետները և ռազմական ներխուժման վտանգը Հուդայի երկիր.

 

2) Նշվում են երեք նպատակներ.

 

ա)  Իսրայել ժողովրդին ապաշխարությամբ բերել դեպի Տիրոջը (Հովել 1.14։2.15,16).

 

բ)   Բարձրացնել բարեխոսական աղոթք Աստծու ողորմածության համար (2.12-17).

 

գ)   Հաղորդել Աստծու մարգարեական պատգամը իր ժողովրդին (2.18-3.21)։

 

դ. Բնորոշ գծերը.

 

1) Ազգային աղետները (մորեխի հարձակումը, երաշտն ու սովը, հրդեհները, ռազմական ներխու­ժումը) դիտվում են որպես հոգևոր և բարոյական անկման հետևանք.

 

2) Աստծու կողմից աղետների թույլատվությունը հետապնդում է իր ժողովրդին արթնու­թյան տա­նելու նպատակ.

 

3) Գրքում ներկայացված է Աստծու հետ մտերիմ հարաբե­րու­թյուններ ունեցող բարեխոսի կերպարը.

 

4) Գիրքը պարունակում է Հին կտակարանում ամենահիմնարար մարգարեությունը Սուրբ Հոգու հեղման մասին.

 

ե. Կատարումը Նոր կտակարանում.

 

1) Սուրբ Հոգու հեղման մասին մարգարեությունը (Հովել 2.28-32) մեջբերվում է Պետրոսի կողմից Հոգեգալստի օրը (Գործք.2.16-21).

 

2) Պետրոսը մեջ է բերում նար փրկության համար Տիրոջ անունը կանչելու անհրաժեշ­տու­թյան հատ­վածը (Հովել.2.32։3.14։ Գործք 2.21,37-41)։ Նույն հատվածը հանդիպում ենք նաև Պողոսի մոտ՝ Հռ.10.13.

 

3) Վերջին օրերին կատարվելիք նշանների մասին (Հովել 2.30,31) հիշատակում են Տեր Հիսուսը (Մաթ.24.29), Պետրոս առաքյալը (գործք 2.19,20), ինչպես նաև Հովհաննեսը Պատմոսում (Հայտն.6.12-14).

 

4) Հայտնությունում իր հետագա զարգացումն է գտնում (Հայտն.14.18-20։16.12-16։19.19-21։20.7-9) Հովելի մարգարեությունը Աստծու դատի մասին Հովսափատի ձորում (Հովել 3.2,12-14).

 

5) Սուրբ Հոգու հեղման համեմատումը բերքահավաքի և անձրևների հետ (Հովել 2.23-27), ինչպես նաև նրանցից հետո նկարագրվող երկնային նշանները վերջին ժամանակներում (2.30-32) ցույց են տալիս, որ Սուրբ Հոգու առաջին հեղումը կատարվում է Հոգեգալստի ժամանակ, վերջինը՝ ժամանակների վերջում։

 

զ. Բովանդակությունը.

 

Նախաբան (1.1).

 

1)   Հուդայի աղետները (1.2-20).

 

ա)  Երկրի ամայացումը մորեխի պատճառով (1.2-12).

 

բ)   Մարգարեի կոչը՝ ապաշխարության (1.13,14).

 

գ)   Հարվածի առնչությունը Տիրոջ օրվա հետ (1.15-20).

 

2)   Առավել ծանր պատժի անխուսափելիությունը (2.1-17).

 

ա)  Ավերիչ բանակը (2.1-11).

 

բ)   Համաժողովրդական ապաշխարության կոչ և ազատագրության հույսը (2.12-17).

 

3)   Տիրոջ ապագա օրը (2.18-3.21).

 

ա)  Արթնության մարգարեական խոստումը (2.18-27).

 

բ)   Սուրբ Հոգու հեղման մարգարեական խոստումը (Գործք. 2.28-32).

 

գ)   Դատի և փրկության մասին մարգարեական խոստումը (3.1-21).

 

(1)  Ազգերի համար (3.1-15).

 

(2)  Սիոնի համար (3.16-21).

 

 


 

 

 

Նախաբան (1.1)

 

ա)  Գիրքը սկսվում է «Տիրոջ խոսքը, որ եղավ» մարգարեական մուտքով.

 

բ)   Ովսե 1.1.-ում, Միքիա 1.1-ում, Սոփոնիա 1.1-ում, Զաքարիա 1.1-ում նշված է նաև մարգարեության ժամանակը.

 

գ)   Հովելը Աբդիայի, Հովնանի, Նաումի, Ամբակումի և Մաղաքիայի նման ժամանա­կագրա­կան հղում չի նշում.

 

դ)   Նախաբանը մեր ուշադրությունը կենտրոնացնում է մարգարեության վրա (որպես Տիրոջ ուղղակի և մարգարեի միջոցով փոխանցվող խոսքի).

 

 

 

Գլուխ 1.

 

1.      Ո՞ւմ է ուղղում խոսքը (խ.2).

 

Ծերերին (ընդհանուր իմաստով) և Հուդայի բոլոր բնակիչներին։

 

2.      Ի՞նչ է պատվիրվում ունկնդիրներին (խ.3).

 

Աննախադեպ արհավիրքի մասին պատմել հետագա սերունդներին։

 

3.      Մարախների 4 տարբեր խմբերի նշանակությունն են (խ.4)՝

 

-    խառնիճ (եբր.՝ գազամ, որ նշանակում է կտրող, ավերող),

 

-    պարս կազմող մորեխ (եբր.՝ ըրբե, որ նշանակում է բազմապատկվել),

 

-    ջորեակ (եբր.՝ ելեք, որ նշանակում է ցատկող),

 

-    երևիլ (եբր.՝ հասիլ, որ նշանակում է խժռել)։

 

Մեկնաբանական ո՞ր ուղղությունն է գերադասելի. սրանք զարգացման 4 փուլե՞ր են, թե՞ միջատների ներխուժման հաջորդական ալիքներ.

 

Երկրորդը։

 

4.      Մարդկանց ո՞ր խմբին է դիմում մարգարեն առաջին հերթին և ի՞նչ կոչով (խ.5).

 

Արբածներին՝ գինարբուքից արթնանալու և ողբալու կոչով։

 

5.      Ինչպե՞ս է նկարագրված մարախների պարսերի քանակը, ավերածությունը և վնասակարությունը (խ.6).

 

Քանակը՝ անթիվ, ավերածությունը՝ զորավոր, վնասակարությունը՝ առյուծի ժանիքների պատճառած վնասի նման։

 

6.      Որթատունկի և թզենու ավերումը ի՞նչ է խորհրդանշում (խ.7).

 

Լինելով ընտրագույն մրգատուները՝ նրանց ավերումը խորհրդանշում է Հուդայի ամբողջական անկումը։

 

7.      Ի՞նչ կույսի է դիմում մարգարեն և անասելի սգի ի՞նչ պատկեր գործածում (խ.8).

 

ա. Կույսը ողջ ազգի խորհրդապատկերն է.

 

բ. Սուգը համեմատվում է այն աղջկա վշտի հետ, որի նշանածը դեռ չամուսնացած՝ մահանում է։

 

8.      Որո՞նք էին հացի ընծայի և ընծայահեղման գինու դադարեցման պատճառները, և ի՞նչ էին նրանք խորհրդանշում (խ.9,10).

 

ա. Երեք հիմնական բերքատեսակների՝ ցորենի, խաղողի և ձիթապտղի վերացումն էր.

 

բ. Դրանք օգտագործվում էին հացի ընծայի և գինու ընծայահեղման համար, որոնք զուգորդվում էին ամենօրյա ողջակեզների բերման հետ (Ելից 29.38։ Թվ.28.1).

 

գ. Իր հերթին այդ զոհաբերությունները պայմանն էին Իսրայել ժողովրդի հետ Աստծու հանդիպման (Ելից 29.42,43).

 

դ. Այս ամենի հետևանքով իրենց հանապազօրյա ծառայությունից զրկված քահանա­ները սգում էին։

 

9.      Ուրախության վերացման ի՞նչ պատճառ կարելի է տեսնել երկրագործների ու այգեգործների սգի մեջ (խ.11,12).

 

Բերքի ոչնչացման պատճառով չէին նշվելու նաև Առաջին բերքի, Պենտեկոստեի և Տաղավարների տոները (2Օր.26.1-12։16.9-12։16.13-15)։

 

10.  Հովել 1.13,14-ում, ընդդեմ համազգային աղետի, ի՞նչ միջոցների է կոչում մարգարեն.

 

ա. Քահանաների՝ գիշերը տաճարում անցկացնելը (շուրջօրյա աղոթքը).

 

բ. Քուրձը՝ որպես ապաշխարության և Աստծու առջև խոնարհության արտահայտություն՝ Նրա ողորմությանն ու ներմանն արժանանալու համար.

 

գ. Ծերերին և Հուդայի բոլոր բնակիչներին հոգևոր ժողովի հրավիրումը ։

 

11.  Համաձայն Հովել 1.15-ի՝ մարախների հարձակման հետևում ի՞նչը պիտի տեսներ Իսրայելի ժողովուրդը.

 

Արդարացի ցասումով միջամտող Աստծու դատապարտական ձեռքը։

 

12.  Հովել 1.16-18-ում ի՞նչ պատկերով է ամփոփված համազգային աղետը.

 

ա. Արտերը խարշակահար են եղել.

 

բ. Սերմերը փտել են հողակոշտերի տակ,

 

գ. Ամայացել են շտեմարանները, քանղվել ամբարները.

 

դ. Կտրվել է կերակուրը.

 

ե. Աստծու տանը դադարել է ուրախությունը.

 

զ. Հեծում (հառաչում) են անասունները։

 

է. Անարոտ թափառում են արջառները (խոշոր եղջերավորները) և սովից տանջվում սակավապետ ոչխարները։

 

13.  Նկարագրել Հովելի բարեխոսական աղոթքի ազդեցիկությունը 1.19,20-ում.

 

ա. Տիրոջը ներկայացնելով, թե երաշտից այրվել են անապատային (չմշակված) արոտները և դաշտային կեղևաթափ ծառերը,

 

բ. չորացել են ջրերի վտակները,

 

գ. իսկ անասունները, սաղմ.42.1-ի համաձայն, փոխանակ ծարավելու ջրերին՝ փափագում են Աստծու օգնությունը,

 

դ. հետևաբար առավել որքան մարդիկ դրա կարիքն ունեն.

 

ե. այդ նպատակով էլ Հովելը բարձրացնում է իր աղաղակը։

 

 


 

 

Գլուխ 2.

 

1.      Հովել 1.14-ի ապաշխարության կոչի և 2.1-ի հանրահավաքի միջև ի՞նչ տարբերություն է նկատվում.

 

1.14-ում կոչը արվում էր մարգարեի կողմից, իսկ 2.1-ում՝ Տիրոջ։

 

2.      Ինչպե՞ս է նկարագրված Տիրոջ օրը Հովել 2.1բ-ում և 2.2ա-ում (ի լրացումն 1.15-ի).

 

Այն ամեն լուսատու մթագնող մեգի, ամպի, մառախուղի և Աստծու արդար բարկության խավարի օրն է։

 

3.      Ինչպե՞ս է նկարագրված մարախների բանակը 2.2բ-5-ում.

 

ա. Նրանց շարժման արագությունը համեմատվում է արշալույսի տարածման հետ.

 

բ. Ավերիչ ուժը համեմատելի է լափող կրակի հետ, որը դրախտավայր-երկիրը վերածում է ամայի անապատի.

 

գ. Նրանց կերպարանքը և վազքը նմանեցված է ձիերի հետ (ի դեպ՝ իտալերենում և գերմաներենում մորեխները կոչվում են փոքրիկ կամ դաշտային ձիեր).

 

դ. Թևերի շարժման ձայնը համեմատվում է սուրացող կառքերի և ճարճատող կրակի ձայն ի հետ։

 

4.      Ինչպե՞ս է նկարագրված մարախների բանակի հարձակումը քաղաքների վրա 2.6-9-ում.

 

ա. Նրանք պիտի շրջանցեն պարիսպները, մտնեն տները.

 

բ. Ցավ և սարսափ պիտի պատճառեն մարդկանց։

 

5.      Ի՞նչ մեկնաբանություններ են տրվում նկարագրվող աղետի և Տիրոջ օրվա հետ առնչու­թյա­­նը («Երկիրը պիտի դողա, երկինքը սարսի, արեգակն ու լուսինը պիտի խավարեն…»)

 

ա. Հովելի մարգարեությունը մինչգերության շրջանին վերագրողները մորեխների բանակի հետևում տեսնում են ասորական և բաբելոնյան հարձակումները.

 

բ.Հիմնականում Հովելի մարգարեությունը հետգերության շրջանին վերագրողները նրա հետևում տեսնում են Նեռի բանակի վախճանաբանական հարձակումը.

 

գ. Ռոբերտ Չիսհոլմն այն համարում է հրեշտակային բանակ, իսկ 2.11-ի նկարագրու­թյու­նն Աստծու՝ որպես Անպարտելի զորահրամանատարի հայտնություն։

 

6.      Ո՞րն էր Հովել 2.12,13ա-ում պահանջվող ապաշխարությունը.

 

ա. Այն պետք է լիներ ներքնապես ու սրտանց.

 

բ. Սրտի պատռումը նշանակում էր Աստծու կամքի տակ այն կոտրելը (Սաղմ.51.17).

 

գ. Ճշմարիտ ապաշխարությունը պետք է արտահայտվի առ Աստված դարձով։

 

7.      Ապաշխարության կոչը Հովել 2.13բ-ում ինչի՞ վրա էր հիմնվում (ի նկատի ունենալ նաև Ել.32.12-14-ը և Երեմ.18.5-12-ը).

 

ա. Աստծու սիրո, բարության և ողորմածության հավատի,

 

բ. Ուխտի հանդեպ Նրա հավատարմության,

 

գ. Մեղավորի զղջմանը Նրա արձագանքի վրա։

 

8.      Հովնանի 3.9-ի և Հովելի 2.14-ի համադրությունից ի՞նչ եզրակացության ենք գալիս.

 

ա. Հովնանը Նինվեի ապաշխարության դեպքում ասում էր Աստծու՝ Իր բարկությունից դառնալու մասին.

 

բ. Հովելն՝ Աստծու օրհնության և վերականգնման մասին։

 

9.      Ապաշխարության կոչը Հովել 2.15,16-ում 1.14-ի և 2.1-ի համեմատությամբ որքանո՞վ էր առավել ամբողջական.

 

ա. Ծոմի համար հավաքվելու կոչը հնչեցվում է շեփորով.

 

բ. Հավաքը պետք է ուղեկցվի սրբացումով.

 

գ. Կարիքի հրատապության պատճառով առավել լայն է բնակչության ընդգրկումը. համազգային ապաշխարությանը մասնակից պետք է լինեին անգամ մանուկները, արտոնություններից օգտվող հարս ու փեսաները (2Oր.20.7։24.5)։

 

10.  Ի՞նչն էր լինելու քահանաների բարեխոսական աղոթքի հիմնական շարժառիթը (2.17).

 

Նրանք պիտի աղոթեին ոչ միայն իրենց ժողովրդի ազատագրության, այլ դրանով՝ մանավանդ Աստծու անվան ու փառքի մեծարման համար։

 

11.  Հովել.2.12,13,15,16-ում նկարագրված ապաշխարության պայմանները (ողջ սրտով, դարձով, մինչև իսկ մանուկների ու նորապսակների ընդգրկումով), համաձայն 2.18-ի, ի՞նչ արձագանք են առաջացնում Տիրոջ կողմից.

 

ա. Աստծու նախանձավորությունը, որ միշտ դրսևորվում է Իր անվան ու փառքի համար (Ել.20.5։ 2Օր.4.23,24։32.21։ Ես.42.8), բարձրանում է նաև Իր երկրի համար (Ես.9.7։37.32։ Եզ.36.5,6։ Զաք.1.14).

 

բ. Այն զուգակցվում է նաև առ Իր ժողովուրդը ողորմածության հետ (ինչպես Ել.20.5-ին հաջորդում է 20.6-ը), քանի որ առաջին դեպքում արտահայտվում է Աստծու սիրո այրումը, իսկ երկրորդում՝ սիրո գթառատությունը։

 

12.  Ես.7.14-ում մեջբերված մեր Փրկչի ծննդյան մասին մարգարեությունը («Ահա կույսը պիտի հղիանա…») արվել է Ք.ծ.ա. 735թ., երբ Իսրայելի և Սիրիայի թագավորները միասնաբար հարձակվել էին Հուդայի թագավորության վրա (4Թագ.16.5)։ Եսայի մարգարեն հայտնում է Հուդայի Աքազ թագավորին, թե թշնամական հարձակումը կձախողվի և որպես նշան տալիս է… մեր Փրկչի ծնունդը։ Սակայն Ես.8.1-4-ում մարգարեական այդ հեռահար կանխասացության հետ միասին մարգարեն պիտի ունենար խորհրդավոր անունով մի որդի (Այդ անունը խորհրդանշելու էր նշված երկու թագավորությունների կործանումը Ասորեստանի թագավորի կողմից Ք.ծ.ա 734թ.)։

 

Մարգարեական հեռավոր և մերձավոր մտահղացման այս օրինակը նկատի առնելով՝ ինչպե՞ս կարելի է մեկնաբանել Հովել.2.19,20-ում աղետահար ժողովրդին տրված Տիրոջ պատասխանը.

 

ա. Ցորենի, գինու ու յուղի պարգևումը՝ կշտացնելու աստիճան, իբրև 1.10-ում նշված կորուստների հատուցում, անհրաժեշտ է մեկնաբանել որպես վերականգնում և առատություն.

 

բ. Իսրայել ժողովրդին այլևս ազգերի մեջ նախատինք չանելը ճիշտ կլինի ընկալել վախճանաբանական առումով (Եզ.38.14-16).

 

գ. Հյուսիսային զորքի հեռացմանը կարելի է տալ երեք մեկնաբանություն։ Այն՝

 

1) վերաբերում է մորեխների պարսին, որին Տերը քամու միջոցով Ել.10.19-ի նման քշելու է դեպի Մեռյալ և Միջերկրական ծովերի միջև ընկած անապատը. այս դեպքում գարշահոտու­թյունը գալիս է ջրերում և բուսազուրկ անապատում սատկած մարախներից.

 

2) վերաբերում է բաբելոնյան զորքին, որի մասին կարդում ենք նաև Եր.1.13-15-ում, 4.6-ում և 6.1-ում. այդ դեպքում գարշահոտությունը բարձրանում է սպանված զինվորների դիակներից (Ես.34.3։Ամ.4.10) .

 

3) ունի վախճանաբանական երանգ. այս դեպքում նշվածն այն վայրն է, որտեղից Գոգը (Ռովսի, Մոսոքի և Թոբելի իշխան) պիտի հարձակվի Իսրայելի վրա (Եզ.39.1,2)։

 

13.  Ինչո՞վ է պատճառաբանվում երկրին, ընտանի կենդանիներին և Սիոնի որդիներին ուղղված՝ վախը թոթափելու մարգարեի կոչերը 2.21-24 համարներում.

 

ա. Երկիրն իր վախը (և 1.10-ում նշված սուգը) պիտի փոխի ուրախության, որովհետև Տերը մեծ բաներ է անում (այնպես որ 2.20-ում նշված մարախների մեծ չարագործությունը չի կարող համեմատվել Տիրոջ մեծ փրկության հետ).

 

բ. Կենդանիների տառապանքը (1.18,20), ինչպես նաև արտերի (1.10), թղենիների և որթատունկերի (1.12), ծառերի (1.12) և արոտների (1.19,20) ավերումները պիտի հաղթահարվեն պտղաբերությամբ.

 

գ. 1.16-ում վերացած ուրախությունն ու ցնծությունը կրկին դառնում են Աստծու ընտրյալ ժողովրդի՝ Սիոնի որդիների տրամադրությունը, քանի որ՝

 

1) կրկին հեղվելու են ամառային երաշտը կոտրող, վաղ (կամ առաջին), աշնանային, ինչպես նաև հասկերի չորացումը կանխող վերջին, գարնանային անձրևները, այն էլ՝ իրենց նախկին հաճախականությամբ.

 

2) կալերը պիտի լցվեն ցորենով, հնձանները գինով և յուղով։

 

14.  Հովել 2.23-ում Սիոնի որդիների ուրախության կոչից հետո նշվող եբրայերեն «լիսդաքա մորեհ» արտահայտությունը թարգմանվում է տարբեր կերպ.

 

ա. Տերն անձրև կտա «պետք եղած չափով»,

 

բ. անձրև կտա «քո արդարացման համար» (խոսքը գնում է Տիրոջ փրկարար միջամտության մասին Իր ժողովրդի կյանքում),

 

գ. անձրև կտա «արդարորեն» (խոսքը վերաբերում է Տիրոջ արդարությանն Իր ժողովրդի պաշտպա­նության գործում).

 

դ. կտա «ուսուցիչ արդարության» (ինչպես և թարգմանված է արևելահայերենում)։

 

Վերջին տարբերակը օգտագործվում է Վուլգաթայում և Թարգումում (Աստվածաշնչի համապատաս­խանաբար՝ լատիներեն և արամերեն թարգմանություններում)։

 

Նշված տարբերակներից ո՞րն է համարվում ամենաքիչ հավանականը մեկնաբանների կողմից. Վերջին տարբերակը։

 

15.  Հովել 2.25-ում մարախների պարսը մի կողմից՝ ներկայացվում է ուղարկված Տիրոջից, մյուս կողմից՝ Տերը խոստանում է հատուցել նրանց պատճառած վնասը։

 

Ի՞նչ կրկնակի դաս կարելի քաղել սրանից.

 

ա. Կործանարար բանակը, գործելով Տիրոջ թույլտվությամբ առավել մեծ արհավիրք կարող է պատճառել, եթե Աստծու ժողովուրդը չդառնա Նրան (Ամովս 4.6-12).

 

բ. Մյուս կողմից՝ Տերը պատրաստ է հատուցել Իր ժողովրդի կրած վնասը, եթե նա փնտրի Աստծու երեսը (2Մնաց.7.14)։

 

16.  Աստծու ժողովրդի՝ թշնամիների առջև չամաչելու ի՞նչ պայմաններ են բերվում 2.26,27-ում.

 

ա. Տիրոջ հրաշագործ վերականգնման համար Նրա անվան օրհնաբանությունը.

 

բ. Աստծու ներկայության, Նրա անփոփոխ էության և Իր ժողովրդի հետ արված ուխտի հավատարմության հայտնությունը։

 

17.  Թվոց 11.29-ում կարդում ենք բոլոր իսրայելցիների մարգարեանալու՝ Մովսեսի փափագի մասին։

 

Աստծու և Իր ժողովրդի կատարյալ հարաբերությունների նոր դարաշրջանի մասին ի՞նչ է ասում Հովելի մարգարեությունը 2.28,29-ում.

 

Աստծու Հոգին, որ նախկինում իջնում էր առանձին ընտրյալների՝ քահանաների, թագա­վոր­ների և մարգարեների վրա, Հոգեգալստի օրվանից  առատորեն պիտի հեղվի «ամեն մարմնի» վրա։

 

18.  Այդ հեղման մեջ ինչպե՞ս է նկարագրված ըստ սեռի, տարիքի և սոցիալական դրության խտրականության բացակայությունը (համեմատել Գաղ.3.28-ի հետ).

 

Սուրբ Հոգին անխտրաբար պետք է հեղվի տղամարդկանց ու կանանց, ծերերի ու երիտասարդների, ազատների ու ծառաների վրա։

 

19.  Մարգարեական ի՞նչ դրսևորումներ է պարունակում այդ հատվածը.

 

Ծերերը երազներ պիտի տեսնեն, երիտասարդները՝ տեսիլքներ, իսկ տղամարդիկ ու կանայք պիտի մարգարեանան։

 

20.  Ռազմավարական նշանակություն ունեցող Հովելի մարգարեության կատարման սկիզբը ինչպե՞ս հռչակեց Պետրոս առաքյալը.

 

ա. Պետրոսը հռչակեց Տեր Հիսուսի հարության, համբարձման և հավիտենական թագա­վո­րության մասին Դավթի կանխասացությունները (Գործք 2.22-36։Սաղմ.16.8-11։ 110.1,4։ 2Թագ.7.16).

 

բ. Նաև՝ Հոգեգալստով Եկեղեցու ստեղծումը և Սուրբ Հոգով նոր դարաշրջանի թևակոխումը (Եփես.2.11-22).

 

գ. Եկեղեցու համաշխարհային առաքելությունը, երբ «ամեն մարմին» արտահայտությունը ստանում է «ամեն հավատացյալ» իմաստը (Հռ.1.16։10.12։ Գաղ.3.6-9)։

 

21.  Աստծու թշնամիների համար Տիրոջ դատի օրվանը նախորդող ի՞նչ ահազդու իրադարձու­թյուններ են նկարագրված Հովել 2.30,31-ում.

 

ա. Կործանարար պատերազմը խորհրդանշող կրակը, ծուխը և արյունը.

 

բ. Արեգակի և Լուսնի խավարմամբ ներկայացված տիեզերական ցնցումները, որոնց հա­ջորդում է մեր Տիրոջ երկրորդ գալուստը (Մարկ.13.24,25։ Ղուկ.21.25,26։ Հայտն. 6.12,17)։

 

22.  Ի՞նչ մեկնաբանություն կարելի է տալ Հովել 2.32-ում նշված՝ «Ամեն, ով Տիրոջ անունը կանչի, կփրկվի» արտահայտությանը.

 

ա. Պետրոսը Հովելի այդ խոսքը ուղղում է պենտեկոստեյան հրաշքին ականատես հրեանե­րին՝ նրանց ապաշխարության կոչելով.

 

բ. Պողոսը Տիրոջ անունը կանչելը կապում է փրկարար հավատքի դավանության հետ, որը բերում է արդարացում (Հռ.10.9-13).

 

գ. Հովելի 2.32-ի երկրորդ մասը («Որովհետև Սիոն սարի վրա և Երուսաղեմում փրկություն կլինի Տիրոջ ասածի պես. և այն մնացորդի վրա, ում Տերը կկանչի») մեզ ասում է Իսրայելի վերականգնման հազարամյա թագավորության մասին։

 

 

 

 


 

 

Գլուխ 3.

 

1.      Համեմատելով Հովել 2.30-32-ը 3-րդ գլխի հետ՝ կառուցվածքային ի՞նչ ընդհանրություն ենք նկատում, որն ասում է Տիրոջ օրվա 2 փուլերի մասին.

 

ա. Տիրոջ օրվա առաջին փուլը դատաստանի օրն է (Հովել 1.15։2.1,2,31։3.15։ Ամոս 5.18-20։ Աբդիա 15։ Սոփ.1.7։2.2։ Զաք.14.1։ Մաղ.4.5։ Ես.13.10։ Մաթ.24.29։ Հայտն.6.12), իսկ երկ­րորդ փուլն՝ Աստծու ժողովրդի արդարացման օրը (Հովել 2.32։ Զաք.14.8,9։ 1Կոր.1.8։5.5։ 2Կոր.1.14։ Փիլ.1.10։2.16։ 1Թես.5.9։ 2Պետ.3.10-13։ Հայտն.21.1։ ).

 

բ. Հովել 2.30,31-ում նշված դատը մեկնաբանվում է 3.1-15-ում, իսկ 2.32-ում Աստծու ժողովրդին տրված հույսը՝ 3.16-21-ում։

 

2.      Ինչպե՞ս կարելի է մեկնաբանել Հովել 3.2-ում ներկայացված այն ազգերի դատը, որոնք նվաճում են Իրայելին և տարասփյուռ դարձնում նրա ժողովրդին.

 

ա. Հովել 3.4-ում թվարկվում են Հուդայի դրացիները՝ Տյուրոսը, Սիդոնը (Փյունիկիայի գլխավոր քաղաքները, որոնց հետ կարճա­ժամկետ դաշինք է ունեցել Սողոմոնը՝ 3Թագ.7.13,14։9.10-14), Փղշտիան (իր 5 գլխավոր քաղաքներով՝ Գազա, Ազովտ, Ասկաղոն, Գեթ և Ակկարոն), իսկ 3.19-ում՝ Եգիպտոսն ու Եդովմը, որոնք պատմության ընթացքում հարստահարել են Իսրայելին։

 

բ. Հովել 3.5-ում նրանց նկատմամբ մեղադրանք է բարձրացվում, թե կողոպտել են Տիրոջ տան և արքայական ապարանքի գանձերն իրենց մեհյանների համար.

 

գ. Հովել.3.9,12-ում պատկերը ստանում է համաշխարհային բնույթ, և նշված ժողովուրդները դառնում են Իսրայելի հալածիչների ներկայացուցիչները։

 

3.      Հովել 3.3,4,6-ում ինչպե՞ս է ներկայացված Իսրայելի թշնամիների դաժան վերաբերմունքին տրված Աստծու գնահատականը.

 

ա. «Իմ ժողովրդի համար վիճակ գցեցին» արտահայտությունն ասում է անշունչ առարկա­ների նկատմամբ եղած վերաբերմունքի, գերիներին՝ որպես ապրանք, ստրկացնելու մասին։

 

բ. Տղաներին փոխանակում էին մի պահ հաճույք ստանալու համար, իսկ աղջիկներին՝ մի թաս գինու հետ.

 

գ. 3.6-ում խոսվում է Հուդայի որդիներին հույներին (բնագրում՝ Էգեյան ծովի երկու ափերին բնակվող հոնիացիներին) ստրակության վաճառելու մասին (Եզեկիելն իր մարգարեության 27.13-ում նույնպես անդրադառնում է հոնիացիների և փյունիկների միջև ծավալվող առևտրին ու հրեաների ստրկավաճառությանը), ինչն իր գագաթնակետին է հասնում Ք.ծ.ա. 7-րդ և 6-րդ դ.դ.։

 

4.      Ինչպե՞ս կարելի է մեկնաբանել Հովել 3.2-ում նշված Հովսափատի հովիտը.

 

ա. Այն կարող է լինել Մակեդով հովիտը Պաղեստինի հյուսիսում՝ Արմագեդոնի ճակատա­մարտի վայրը (Հայտն.16.16).

 

բ. Որոշ մեկնիչների կարծիքով կարող է լինել նաև Տիրոջ երկրորդ գալուստով և Ձիթենյաց լեռան պատռվելով առաջացող ձորը (Զաք.14.4,5).

 

գ. Բոլոր դեպքերում Հովսափատի հովիտն ունի ոչ թե աշխարհագրական, այլ իմաս­տա­բանական նշանա­կու­թյուն (Հովսափատ՝ Տերը դա­տում է), որը 3.14-ում հանդես է գալիս որպես Վճռի հովիտ։

 

5.      Ինչպե՞ս կարելի է մեկնաբանել Իսրայելի թշնամիների նկատմամբ եղած հատուցումը 3.7,8-ում՝ մասնավորապես Տիրոջ կողմից արթնացած և նախկինում գերության մատնված հրեաների միջոցով.

 

ա. Հովելի մարգարեության գրման մինչգերության շրջանի տեսանկյունով այն մասնա­կիորեն կատարվում է Հովսիա և Եզեկիա քագավորների օրոք (2Մնաց.26.6։ 4Թագ.18.6-8)։ Սաբեան, ուր պետք տարվեն Հուդայի՝ ստրկության վաճառ­ված թշնամիները, մեկնաբանների գերակշիռ մասի կարծիքով այսօրվա Եմենի տարածքն է.

 

բ. Հետգերության շրջանի տեսանկյունով մասնակի կատարում կարելի է դիտել նաև Ք.ծ.ա. 332թին Ալեքսանդր Մակեդոնացու կողմից Տյուրոսի և Գազայի բնակիչների ստրկության վաճառումը և հրեաների նկատմամբ բարյացկամությունը։ Հետագայում նման քաղաքակա­նություն է վարում նաև Անտիոքոս Երրորդը սիդոնացիների հանդեպ Ք.ծ.ա. 3-րդ դարում.

 

գ. Ընդհանուր առմամբ՝ Փղշտիան և Փյունիկիան, ինչպես Ես.25.10-12-ում Մովաբը և Աբդիայի մարգարեու­թյու­նում հիշատակված Եդովմը, վախճանաբանական հեռանկարի խորհրդապատկերներն են։

 

6.      Հով.3.9-ում ազգերի՝ Արմագեդոնի ճակատամարտին դուրս գալու կոչը Աստծու տնօրինո՞ղ, թե՞ թույլատու կամքի մասին մեզ կարող է ասել.

 

Թույլատու կամքի մասին։

 

7.      Հակառակ Մեսիական խաղաղության թագավորության (Ես.2.4։ Միք.4.3)՝ ինչպե՞ս է պատ­կերված Վերջին օրերին Իսրայելի դեմ դուրս եկող պետությունների ռազմականացումը Հով.3.10-ում.

 

«Խոփերից սրեր պիտի կռեն, գերանդիներից՝ նիզակներ»։ Թույլն անգամ պիտի համակվի ագրեսիվությամբ («Պիտի ասի՝ ես տղամարդ եմ»)։

 

8.      Արմագեդոնի ճակատամարտին արթնացած հրեաների դեմ դուրս եկած պետությունների բանակները (Հով.3.11,12,14) իրականում ու՞մ դեմ են պատերազմում.

 

Տիրոջ դեմ։

 

9.      Ինչպե՞ս մեկնաբանել Հովել 3.13-ում՝

 

ա. Հունձքի հասունացումը (Ես.17.4-6։63.1-6։Օվս.6.11։Մաթ.13.36-43։Հայտն.14.14-16).

 

Ինչպես հասունացած հասկերի հունձքից հետո մղեղն անջատվում է ցորենից, այնպես էլ մեղքի կուտակմանն ընդդեմ Աստծու դատի հետևանքով չարերը պիտի զատվեն - դատապարտվեն.

 

բ. Հնձանի լցվելն ու ավազանների հորդումը (Հայտն.14.17-20։ 19.15).

 

Խոսքը գնում է մեղքի առատության և մեղավորների հանդեպ՝ խաղողի ճզմվելով խորհրդապատկերված  Աստծու դատի մասին։

 

10.  Ժամանակին տիեզերքն արարող, իսկ այժմ այն ցնցող (Արեգակի, Լուսնի, աստղերի խավարում, երկնային մարմինների և Երկրի սասանում) խոսքը ինչի՞ երաշխիքը պիտի դառնա Իսրայելի համար՝ ըստ Հովել 3.15-17-ի.

 

ա. Իսրայել ժողովրդի ապավենը (Սաղմ.14.6։46.2։61.4։62.8,9։71.7։73.28։91.2,9։ 94.22։ 142.6) և ամրոցը (Սաղմ.27.1։31.5։37.39։52.9։Ես.25.4) լինելու.

 

բ. Աստծու՝ Իր ժողովրդի մեջ ներբնակության (Հովել 2.27։Եզեկ.12.15,16,20։13.4).

 

գ. Երուսաղեմի սրբացման (Հովել 2.32։ Զաք.14.20,21)։

 

11.  Ինչպե՞ս կարելի է մեկնաբանել Եգիպտոսի և Եդովմի՝ Հուդայի որդիների նկատմամբ անիրավությունների և նրանց ամայացման մասին Հովել 3.19-ի խոսքը.

 

ա. Եգիպտոսի բռնության, ներխուժումների և պատճառած ավերածությունների մասին. 1) Դեռևս Ելից 13.3-ում Եգիպտոսը ներկայացվում է որպես «ծառայության (ստրկության, գերության) տուն». 2) 3Թագ.14.25,26-ում և 2Մնաց.12.2-12-ում կարդում ենք Սուսակիմ կամ Շեշոնկ I-ի հարձակման մասին Ք.ծ.ա. 925թ.. 3) 2Մնաց.14.9-15-ում և 16.8-ում կարդում ենք Օզորկոն կամ Սովա I-ի և նրա եթովպացի զորավար Զարայի հարձակման մասին Ք.ծ.ա. 897թ.. 4) Համաձայն 4Թագ.23.28-30-ի՝ Հովսիա թագավորը սպանվում է եգիպտական փարավոն Նեքավով II-ի կողմից Մակեդովում Ք.ծ.ա. 609 թվին.

 

բ. Եդովմի դիմակայության մասին. 1) Փորձել էր արգելել իսրայելցիներին՝ օգտվելու Եգիպտոսը Ասիային կապող մայրուղուց, երբ վերջինս եգիպտական գերությունից դուրս էր եկել (Թվ.20.14-21։ 21.4։ Դատ.11.17,18). 2) Պատերազմել էր Սավուղի հետ՝ համաձայն 1Թագ.14.47-ի. 3) Ամոնացիների և մովաբացիների հետ դաշնակցելով՝ արշավել էր Հուդայի վրա Հովսափատի օրոք՝ ըստ 2Մնաց.20.1-ի. 4) Դառնախնդում է Հուդայի գերության վրա (Սաղմ.137.7։ Աբդ.8-16).

 

գ. Ամայացման մասին. Թեև Նեղոսը Եգիպտոսի արգասաբերոթյան գրավականն է, սակայն ինչպես Եդովմի, այնպես էլ նրա ամայացումը (ինչպես նշվեց գլուխ 3.7,8-ի մեկնության գ. կետում) վերաբերում է Արմագեդոնի ճակատամարտում պարտությանը։

 

12.  Հազարամյայի ժամանակ Իսրայելի ապագա օրհնությունը, հաղթականությունը և հարատևությունը ինչպե՞ս է նկարագրված Հվել.3.18-20-ում.

 

ա. Հազարամյայի նյութական առատությունը ներկայացված է սարերից խաղողահյութ ծորելու, բլուրներից կաթ հոսելու (ինչպես նկարագրված է Քանանը՝ Ել.3.8։Ղևտ.20.24։ Թվ.13.27։ 2Օր.6.36։ Հեսու 5-6) և Հուդայի ձորերի ջրառատության պատկերներով.

 

բ. Հուդայում թափված անմեղ արյան վրեժը պիտի առնվի թշնամիներից (Հովել.3.4,7,8։19).

 

գ. Ի հակառակ թշնամական երկրների ամայացման՝ Հուդան պիտի հարատևի։

 

13.  Ի՞նչ խորհուրդ ունի Հովել.3.18բ-ում «Տիրոջ տանից մի աղբյուր պիտի դուրս գա և ոռոգի Սատիմի ձորը» ասույթը.

 

ա. Սատիմի (ոչ խոնավասեր ակացիաների) ձորի ոռոգումը Տիրոջ տանից դուրս եկած աղբյու­րով, որը տարածվում է Կեդրոնի հովտից մինչև Մեռյալ ծովի ափերը, նախ խորհրդանշում է Տիրոջ՝ Պտղաբերության աղբյուր լինելը.

 

բ. Եզ. 47.8,9-ում և Զաք.14.8-ում նույնպես  նկարագրված այդ ջրերի վերականգնող ազդեցությունը մեզ կարող է ասել մանավանդ հոգևոր օրհնությունների մասին, որի ամբողջացումը գտնում ենք Հայտն.22.1,2-ում Աստծու գահից բխող Հոգու գետի արգասաբերության մեջ։

 

14.  Բաղդատելով Հովել.3.21-ի հռչակումը («Եվ Տերը պիտի բնակվի Սիոնում») Իսրայել ժողովրդի թշնամիների հետ Վճռի հովտում պատերազմի և Սատիմի ձորում նրա օրհնությունների հետ՝ Տիրոջ օրվա ամենաէական հատկանիշն ի՞նչը կարելի է համարել.

 

Տիրոջ մշտական բնակությունը իր ժողովրդի հետ, ինչը Եզեկիելի մարգարեությունում  անվանվում է Եհովա շամահ (Եզ.48.35), Հովհաննու ավետարանում՝ «Բանը մարմին եղավ և բնակվեց մեր մեջ» (Հովհ.1.14), իսկ Հայտնությունում՝ «Ահա Աստծու խորանը՝ մարդկանց մեջ. Նա կբնակվի նրանց հետ, և նրանք կլինեն Նրա ժողովուրդը…» (Հայտն.21.3)։

 

 


 

Հովելի մարգարեության դասերը.

 

1.      Իր ժողովրդին արթնացնելու համար Աստված կարող է ի գործ դնել իր հայրական գավազանը.

 

2.      Արթնության նախապայմաններն են ճշմարիտ ապաշխարությունը, հավատն առ Աստծու սերն ու ողորմածությունը, Աստծու անվան ու փառքի մեծարման համար միաբան աղոթքն ու օրհնաբանությունը.

 

3.      Եթե Աստծու ժողովրդի չդառնալը կարող է առավել մեծ արհավիրքների պատճառ դառնալ, ապա Նրա երեսը փնտրելը կտանի վերականգման և մեծ օրհնության։

 

4.      Սուրբ Հոգու դարաշրջանում ապրելով՝ բացառիկ գնահատության արժանացնենք Նրա ներբնակության, մատակարարության, ընկերակցության և մտերմության մեծահրաշ շնորհները.

 

5.      Եթե մերժողների համար Տիրոջ օրը դատապարտության օր է, ապա նրա ժողովրդի համար՝ մեր Աստծով կյանքի հավիտենական իմաստավորվածության և պաշտպանվածության, Նրան՝ որպես մեր Օրհնությունների օրհնությունը վայելելու, Նրա հետ փոխներբնակության հավիտենական խորհրդանշան։

 

Comments:

Add comment


Security code
Refresh

Լրացուցիչ տեղեկություն