Նեեմիայի գիրքը

  • Print

Նեեմիայի գիրքը

 

Անվանումը .     Նեեմիա նշանակում է Տերը մխիթարում է: Նա եղել է արքայական մատռվակ, ով այն ժամանակներում արժանանում էր արքաների մեծ վստահությանը: Սեպտուագինտում և Վուլգաթայում Նեեմիայի գիրքն անվանվում է Եզրասի երկրորդ գիրք: Ժամանակակից եբրայական տեքստերում Եզրասի և Նեեմիայի գրքերը միավորված են, թեև թարգմանությունների մեծ մասում` զատված:

Հեղինակը .       Գրքի մեծ մասն ընդգրկում է Նեեմիայի անձնական օրագրից հատվածներ, գրված է առաջին դեմքով (1.1-7.5: 12.27-43: 13.4-31):

Այնուամենայնիվ, հրեա և քրիստոնյա աստվածաբանները գտնում են, որ հեղինակը Եզրասն է:

Պատճառներն են`

-          սկզբում Եզրասի և Նեեմիայի գրքերը մեկ են եղել,

-          Աստծու բազուկի թեման անցնում է թե' Եզրասի գրքով, թե' Նեեմիայի,

-          Եզրասը, դպիր լինելով, մուտք է ունեցել պարսկական արքունական գրապահոց, ինչը բացառություն է եղել: Դրա հետևանքով էլ հատկապես Եզրասի գրքում մեջբերումներ են արվել պաշտոնական փաստաթղթերից (Եզր.1.2-4: 4.9-22: 5.7-17: 6.3-12):

Գրման ժամանակը . Նեեմիայի գրքի առաջին գլխում նկարագրված իրադարձությունները տեղի են ունենում Ք.ծ.ա. մոտ 446թ.` պարսից Արտաշես արքայի (464-423թ.թ. Ք.ծ.ա.) կառավարման 20-րդ տարում:

Նեեմիան ունեցել է կուսակալության երկու շրջան: Առաջին շրջանը` 445-433թ.թ. Ք.ծ.ա., ընդգրկված է Նեեմիա 1-12 գլուխներում: Երկրորդ շրջանը` 424-410թ.թ. Ք.ծ.ա., ընդգրկված է 13-րդ գլխում:

Եզրասը գիրքը գրել է Ք.ծ.ա. 400թ. ոչ ուշ:

Պատմական ֆոնը . Այդ ժամանակաշրջանում Պարսկական կայսրությունը առաջատար դեր է կատարել Մերձավոր Արևելքում: Թեև վասալ ժողովուրդներին ազատու­թյուն էր տրվում, սակայն պարտված քաղաքների պարիսպների վերականգ­նումը կարող էր հանձնարարվել միայն վստահելի անձանց:

Աստված Նեեմիային արժանացնում է կայսրության պատասխանատու դերա­կա­տարումներից մեկը` լինելու արքայական մատռվակ և վստահելի անձ Արտաշես թագավորի օրոք: Հովսեփի, Դանիելի, Եսթերի և Մուրթքեի նման նա բավակա­նաչափ ազդեցիկ է դառնում արքունիքում:

Ահա և Տերն օգտագործում է Նեեմիայի դիրքը` Երուսաղեմի պարիսպների վերականգնման աշխատանքները գլխավորելու համար:

Մի քանի պատմական տեղեկություն.

-    Եսթեր թագուհին, Արտաշես արքայի խորթ մայրը լինելով (Եսթ.1.9),   կարող էր ազդեցություն ունենալ Նեեմիայի նկատմամբ բարյացկամության հարցում:

-    Հենց Արտաշես թագավորի` Երուսաղեմի վերակառուցման համար տրված 445թ. հրամանով են սկսվում (Դան.9.24-26) Դանիելի մարգարեական 70 շաբաթները:

-    Ք.ծ.ա. 5-րդ դարի Էլեֆանտինի պապիրուսները հաստատում են Նեեմիայի պատմությունը:

-    Նեեմիայի և Մաղաքիայի գրքերը հանդիսանում են կանոնական հինկտա­կարա­նական վերջին գրքերը ժամանակի առումով:

Այնպես որ, Աստծու հաջորդ ուղերձն Իսրայելը ստանում է 400 տարվա լռությունից հետո Մաթևոսի (գլ.1) և Ղուկասի (գլ.1,2) ավետարաններում ներ­կա­յացված` Հովհաննես Մկրտչի և Հիսուս Քրիստոսի ծնունդների մասին հայտնություններով:

 

Նեեմիայի գիրքը կարելի է բաժանել երեք մասի`

-          Երուսաղեմի պարիսպների վերակառուցումը (1.1-7.73),

-          Աստծու հետ ուխտի նորոգումը (8.1-10.39),

-          Միաբանության ամրապանդումը (11.1-13.31):

 

Նեեմիա 1.1-2.8. Նեեմիայի պատասխանված աղոթքը

 

1.1-3. Ստացած տեղեկությունը.

Արտաշեսի թագավորության 20-րդ տարվա (464-444թ.թ. Ք.ծ.ա.) Քասղև ամսին (նոյեմբեր-դեկտեմբեր) Շուշան մայրաքաղաքում Նեեմիան իր ազգական Անանիից, որը մասնակցել էր Եզրասի ղեկավարությամբ Ք.ծ.ա. մոտ 458թ. տեղի ունեցած երկրորդ վերադարձին, իմանում է Երուսաղեմի հայրենակիցների նեղության, անարգության և պարիսպների` նախկինի պես քանդված, դռների` այրված լինելու մասին: Հավանաբար խոսքը վերաբերում է Եզր.4.7-23-ում ներկայացված դժվարություններին:

1.4-11. Նեեմիայի աղոթքը` որպես Սուրբ Գրքի ամենաազդեցիկ աղոթքներից մեկը (ինչպես օրինակ` Եզր.9.6-15-ը, Դան.9.4-19-ը և այլն).

1.4.    Թեև Նեեմիան քահանա կամ մարգարե չէր, սակայն մեծ տրտմություն ապրեց («սուգ արեցի մի քանի օր») Երուսաղեմի վիճակի համար և դիմեց ծոմով աղոթքի:

1.5.    Աղոթքում վկայակոչվում է Աստծու հավատարմությունն Իր ուխտին և ողորմությունը բարեպաշտների հանդեպ, որի համաձայն բաբելոնյան գերությունից 70 տարի հետո կատարվեց Նրա խոստումը: Հետևաբար, Աստված չէր կարող Իր խոստումի իրականացմանը դիմակայող վտանգի ժամանակ չմիջամտել:

1.6,7. Այնուհետև խոստովանություն է բարձրանում իր ժողովրդի մեղքերի մասին («չենք պահել պատվիրաններն ու կանոնները»):

1.8-10. Նեեմիան վկայակոչում է Աստծու խոստումը` Իր ժողովրդի դարձի ժամա­նակ Երկրի ծայրերից անգամ նրան վերադարձնելու մասին (2Օր.4.25-31: 28.63-65: 30.1-5):

1.11. Նա խնդրում է, որ Տերն օգնի ժողովրդին և բայրացկամություն դնի արքայի սրտում` հաջողելու նրա խնդրանքի կատարումը:

2.1,2.    Քասղևից մինչև Նիսան` 4 ամիս շարունակ Նեեմիան աղոթում է այս խնդրի լուծման համար, ինչն ասում է նրա հավատքի և հաստատակամության մասին:

Եվ ահա, երբ արքայի առջև կանգնելիս նախապես համտեսում է գինին նրան մատուցելուց առաջ, չի կարողանում թաքցնել իր ժողովրդի համար ունեցած ցավը:

2.3.    Թագավորի հարցմանն ի պատասխան` Նեեմիան ներկայացնում է հայրենի քաղաքի գերեզմանատան ավերվածությունը և դարպասների այրված լինելը: Գերեզմանատունը խորհրդանշում էր նախնիներին, ումից հոգևոր ժառանգություն էին ընդունել: Այրված դարպասներն ասում էին քաղաքային մեռած կյանքի մասին:

2.4,5.    Երբ թագավորն ուզում է իմանալ երկյուղի մատնված Նեեմիայի խնդրանքի մասին, նա կրկին աղոթքով դիմում է Աստծուն, ինչն արել էր ամիսներ շարունակ:

Այդպես հաճախ Աստված պատասխանում է առանձին պահերի բարձրացրած մեր աղոթքներին, երբ դրանց նախորդում է հաստատակամ բարեխոսությունը:

Այնուհետև նա արքային խնդրում է ուղարկել իրեն Հրեաստան` վերակառուցման գործի համար (այն կարող էր վերաբերել թե' պարիսպներին, թե' վարչական կյանքին):

2.6-8.   Երբ արքան թագուհու նեկայությամբ տալիս է իր համաձայնությունը և ճշտում վերա­դարձի ժամանակը, Նեեմիան խնդրում է թագավորի կողմից հետևյալ պաշտոնական նամակներն իր լիազորությունների մասին.

-   Եփրատ գետից այն կողմ իշխաններին, որ աջակցեն նրան` երեք ամսվա ուղևորու­թյունից հետո Հրեաստան հասնելու,

- արքայական անտառի տեսչին` Աստծու տան աշտարակի, քաղաքային պարիսպների դարպասների և իր տան համար փայտ տրամադրելու համար:

Նեեմիան ստանում է իր բոլոր խնդրանքների պատասխանը և արձանագրում. «Որովհետև Աստծու բարի ձեռքը ինձ վրա էր»:

Նման հաստատումների հանդիպել ենք նաև Եզրասի գրքում (Եզր.1.5: 7.6):

Դա ասում է այն մասին, որ Աստծու կամքն իրականացվում է Նրա մարդկանց միջոցով:

 

Դաս .   Խնդրենք, որ Տերը`

-          մեր սիրտը դարձնի Իր սրտի շարունակությունը, որպեսզի Նրա թագավորության բարօրության համար մտահոգությունը դառնա նաև մեր սեփական խնդիրը.

-          Սուրբ Հոգով դարձնի մեզ Իր ժողովրդին սիրող, խոստովանող, հաստատակամ և հավատավոր բարե­խոս­ներ` հետա­մուտ լինելու աղոթքի բարձրացմանը մինչև պատասխան ստանալը:

Նեեմիայի նման`

-          բերենք մեր դիրքն ու առավելությունները Աստծու կամքի զոհասեղանի վրա` ի նպաստ Իր թագավորության բարգավաճմանը.

-          պատասխանատու պահերին մեր հայացքը չկտրենք Աստծուց և իմաստություն խնդրենք` մեզ ընձեռած հնարավորություններն օգտագործելու համար:

Հոժարենք դառնալ Աստծու բազկի շարունակությունը` մշտապես դավանելու. «Որովհետև Աստծու բարի ձեռքը ինձ վրա է»:

 

Նեեմիա գլուխ 3. Պարիսպների վերակառուցումը

 

1.   Միաբանության և համակարգման կարևորությունը.

Կառուցման աշխատաքների մասին պատմվում է տեղամաս առ տեղամաս ժամսլաքի հակառակ ուղղությամբ` սկսած հյուսիս-արևելյան Ոչխարաց դարպասից, մինչդեռ միաժամանակ կառուցվում է պարսպի մոտ քառասուն հատված:

ա.   Թվարկվում են 10 դարպասներ, որոնց խորհուրդին անդրադառնալն առանձին ուսումնասիրության նյութ է` Ոչխարաց, Ձկանց, Հին, Ձորի, Աղբի (որոն բացվում էին Ենոմի ձորի ուղղությամբ), Աղբյուրի (Սելովամի ավազանի ուղղությամբ), Ջրի, Ձիերի, Արևելյան, Մափկաթի (Դիտարանի):

      Նշվում են դարպասների մասերը` դռները, կողպեքն ու նիգերը.

բ.    Այս ամենը իհարկե հնարավոր չէր լինի առանց արդյունավետ ղեկավարման (որում գլխավոր դերակատարությունն ընկնում էր Նեեմիայի վրա, թեև այդ մասին նա չի նշում) և սերտ համագործակ­ցության.

գ.    Երուսաղեմի պարիսպների վերակառուցումը (Տաճարի կառույցից` Եկեղեցու զար­թոն­քից հետո) մեզ համար կարող է խորհրդանշել թե' երկրպագության, բարեխոսա­կան աղոթքի ու հոգևոր պատերազմի բարձրացումը, թե' հասարակական կյանքի տարբեր ոլորտների հոգևոր անվտանգության ապահովումը (կրթություն, ընտանիք և համազգային բարոյա­կան գիտակցություն, գի­տամշա­կութային ոլորտ, լրատվություն, կառավարում, տնտեսություն):

2.   Միաբանության հետ` բազմազանություն.

ա.   Համախմբման տարբեր մոտիվները.

1)    Ոմանք աշխատում էին ընտանիքներով (3.12-ում հիշատակվում են անգամ   Երուսա­ղեմի ենթաշրջանի իշխանադստրերը), այլք` միայնակ.

2)    Ոմանք միավորվել էին` ըստ բնակության վայրի, այլք` ըստ սոցիալական /քահա­նա­ներ,   շրջանի (3.15) և ենթաշրջանների (3.9,17) իշխաններ/ կամ մասնագիտա­կան ընդ­հան­րության (ոսկերիչներ, վաճառականներ).

3)    Ուրիշները կառուցում էին հենց իրենց տների դիմաց:

բ.    Միաբանության հիմքերը.

Եփես.4.4-6-ում բերվում են մեր միաբանության 7 հիմքերը.

1)    Մեկ Հայր Աստված.

2)    Մեկ Տեր Հիսուս Քրիստոս.

3)    Մեկ Սուրբ Հոգի.

4)    Մեկ հավատք` հիմնված Աստծու խոսքի վրա.

5)    Մեկ մկրտություն` որպես հավատքի դավանություն.

6)    Մեկ Մարմին-Եկեղեցի.

7)    Մեկ ամբողջական փրկության հույս.

գ.    Միաբանության մեջ Եկեղեցուն բազմազանությունը հատուկ պիտի լինի նաև այսօր.

1)    Հռ.12.3-8-ում կարդում ենք զանազան պարգևներին համապատասխանող ծառայու­թյուն­ների մասին (մարգարեություն, ուսուցում, հորդորում, բաշխում, կառավարում, բարե­գոր­ծություն).

2)    1Կոր.12.4-7-ում նշվում է, թե զանազան պարգևների հետևում կանգնած է նույն Սուրբ Հոգին, սպասավորությունների հետևում` Տեր Հիսուս Քրիստոսը, իսկ ներգործության զորությունը բխում է նույն Աստվածային աղբյուրից ընդհանուր շինության համար.

ա)   12.12,13-ում շեշտվում է Մարմնի մեկությունը.

բ)    12.8-11-ում թվարկվում են Սուրբ Հոգու 9 պարգևները.

գ)    12.13-ում նշվում է ազգային և սոցիալական տարբերությունները (հրեաներ և հույներ, ծառաներ և ազատներ).

դ)    12.14-26-ում ներկայացվում է Մարմնի առանձին անդամների անհրաժեշտությունը, փոխկապակցվածությունը և փոխհոգածությունը.

ե)    12.27-30-ում թվարկվում են տարբեր սպասավորություններ (առաքյալներ, մարգարե­ներ, վարդապետներ, օգնու­թյան, կառավարման սպասավորություններ, հրաշա­գոր­ծու­թյուն­ների, բժշկությունների, պատգամահաղորդ լեզուների   և մեկնու­թյան պարգևներ).

3)    Եփես.4.1-3-ում խոսվում է միաբանության համար անհրաժեշտ հոգևոր կապերի մասին (սիրո համբերություն` խոնարհության և հեզության հետ միասին, խաղա­ղություն).

ա)   Եփես.4.7-10-ում ընդգծվում է Քրիստոսի համբարձումով յուրաքանչյուրիս` Եկեղե­ցու համար Աստվածատուր պարգև լինելը.

բ)    Եփես.4.11-ում ներկայացվում է հնգաթև սպասավորությունների առաջատար թիմը (առաքյալներ, մարգարեներ, ավետարանիչներ, հովիվներ, ուսուցիչներ).

գ)    Եփես.4.12-16-ում բացատրվում է առաջատար սպասավորությունների նպատակը` յուրաքանչյուրին ծառայության մեջ ներգրավելու, Աստվածճանաչության, հավատ­քի, սիրո և հասունության մեջ աճելու, Եկեղեցու շինության և Քրիստոսին հավաքա­կանորեն ներկայացնելու:

3.   Նեեմիայի 3-րդ գլխում ներկայացվում են նաև ընդհանուր գործի մեջ մասնակցության տարբեր աստիճաններ.

ա.   3.5-ում խոսվում է տոհմիկ թեկուացիների անմասն մնալու մասին (թերևս 6.17-19-ում նշված տեղական իշխան Տուբիայի հետ խնամության պատճառով).

բ.    3.20-ում` Բարուքի փութաջան աշխատանքի մասին.

գ.    Եղիասիբ մեծ քահանան (Հեսու քահանայապետի թոռը) և նրա քահանա եղբայրները Ոչխարաց դասրպասները բարձրացնելուց բացի կառուցում են երկու տեղամաս` մինչև Մեայի և Անանայելի աշտարակները և այլն:

 

Հոգևոր դասեր. 1. Խնդրենք, որ Տերն Իր Սուրբ Հոգով ուսուցանի մեզ միաբանության մեջ բազմազանության և բազմազանության մեջ միաբանության դասը.

2. Կարևորենք միաբանության հոգևոր կապերը (խաղաղություն` Եփես.4.3, սեր` Կող.3.14).

3. Մեզ համար մեծ պատիվ և օրհնություն համարենք Տիրոջ սպասավորության համար ընծայահեղումը (Փիլ.2.17` «Թեև ընծայվեմ ձեր հավատքի պատարագի և պաշտամունքի վրա` ուրախ եմ...»: 2Տիմ.4.7,8` «Բարի պատերազմը պատերազմեցի...»):

 

Նեեմիա գլուխ 4.

 

1.   Նեեմիա 4.1-6. Թշնամու առաջին դիմակայությունը` ծաղր.

ա.   Թշնամու ծաղրը (4.1-3).

1)    Սամարիայի նահանգապետ Սանաբաղատի բարկությանը հետևում է ծաղրը (4.1).

2)    Հրեաներին թշվառ է անվանում և կասկած հայտնում շինարարության թույլատրու­թյան վերաբերյալ:

Հայտարարում է, թե այրված քարերը փոշու դեզերի տակից չեն կարող կենդանանալ (4.2).

3)    Սանաբաղատին իր չար ծաղրով միանում է ամոնացի Տուբիան, թե «մի աղվես էլ բարձրանա, նրանց պարիսպը կքանդվի» (4.3).

բ.    Նեեմիայի աղոթքը (4.4,5).

1)    Նեեմիան նախատինքը հանձնում է Իր Աստծուն.

2)    Քանի որ ուներ միայն հինկտակարանական հայտնությունը, ապա աղոթքի մեջ անգամ հետևում է «աչքի դեմ` աչք, ատամի դեմ` ատամ» սկզբունքին («Նախատինքը դարձրու նրանց գլխին և մատնիր` ավար լինելու»).

3)    Իսկ մենք քրիստոնյաներս ունենք ուրիշ պատվեր` Մաթ.5.43-48: 18.21,22: Հռ.12.14,17-21.

գ.    Աղոթքի հետևանքը (4.6).

1)    Շինարարությունը շարունակվում է.

2)    Կառույցը հասնում է կեսին.

3)    Ժողովուրդը քաջալերվում է:

2.   Նեեմիա 4.7-12. Թշնամու երկրորդ դիմակայությունը` սպառնալիք.

ա.   Թշնամական կոալիցիայի ստեղծումը.

1)    Պարսպի շինարարների դեմ մեծ ընդդիմություն է առաջանում (4.7).

2)    Սանաբաղատին և Տուբիային միանում են արաբացիները, ամոնացիները և ազովտա­ցիները (4.8).

3)    Թշնամին ձեռնարկում է գաղտագողի հարձակում (4.11).

բ.    Շինարարները կրկին բարձրացնում են իրենց աղոթքը և անցնում շուրջօրյա պահպանության (4.9).

գ.    Ներքին խնդիրների առաջացումը.

1)    Թշնամու հոխորտանքին ավելանում է նաև աղբի հեռացման ծավալուն աշխատանքի ծանրությունը.

2)    Այն հուսալքություն է առաջացնում շինարարների մոտ (4.10).

3)    Դրան ավելանում են շինարարների ազգականների տրտունջը և աշխատանքը` թշնամու հարձակման պատճառով հարազատներին հետ վերադարձնելու նպատակով.

 

3.   Նեեմիա 4.13-23. Նեեմիայի իմաստուն մարտավարությունը.

ա.   Նեեմիայի զորակոչը (4.13-15).

1)    Նեեմիան հավաքում է հայրենակիցներին մարտի այնպես, ինչպես հնում վարվում էին նման իրավիճակներում Մովսեսը, Հեսուն, այլ առաջնորդներ (4.13).

2)    Նա քաջալերում է այնպիսի խոսքերով, որոնք ծանոթ էին Սուրբ Գրքից (4.14-ը` «նրանց երեսից մի' վախեցեք», համեմատել Ել.14.13,14-ի հետ, 4.15-ը` «Աստված նրանց խորհուրդները խափանեց», Ել.15.14-16-ի հետ, իսկ 4.20-ը` Ել.14.14-ի և Դատ.6.34-ի հետ).

3)    Թշնամու ծրագրի բացահայտումը և իսրայելցիների մարտականությունը Նեեմիայի գլխավորությամբ կասեցնում է հակառակորդի դավադրությունը (4.15).

բ.    Շինարարության և շուրջօրյա պահպանության զուգակցումը (4.16-18).

1)    Նեեմիան միաժամանակ կազմակերպում է և' շինարարությունը, և' պահպանությունը (4.16,21).

2)    Շինարարները նաև շարունակում են կրել զենքերը (4.17,18).

3)    Ձեռք է բերվում իշխանների միաբանությունը (4.16).

գ.    Նեեմիայի ձեռնարկած արտակարգ իրավիճակը (4.19-23).

1)    Փողհարը միշտ լինում էր Նեեմիայի կողքին, իսկ ժողովուրդը նախազգուշացված էր` շեփոհարության ժամանակ հավաքվելու անհրաժեշտ վայրում.

2)    Նեեմիան պահանջում էր ցերեկային աշխատանքից հետո գիշերել Երուսաղեմում` պաշտպանությունն ապահովելու համար (4.22):

Նաև ինքն իր եղբայրների, ծառաների և թիմակիցների հետ անձնական օրինակ էր ցույց տալիս` իրենց հանդերձները գիշերն անգամ չհանելով` 4.23 (որոշ թարգմանու­թյուն­­նե­րում` բացի լվացվելուց, ուրիշներում` ջրի գնալիս).

3)    Ու այս ամենի մեջ Նեեմիան կռթնում էր Աստծու զորությանը («Մեր Աստվածը պատերազմելու է մեզ համար»):

 

Հոգևոր դաս. 1. Չընկճվել թշնամական ծաղրից, սպառնալիքից, ներքին խնդիրներից.

2. Շարունակել կռթնել Աստծու զորությանը.

3. Սովորել Նեեմիայի մարտավարությունից`

ա.   Թշնամական հարձակման ժամանակ հայտարարել հոգևոր զորակոչ.

բ.    Հոգևոր սպասավորությանը զուգակցել հոգևոր պատերազմի աղոթքը.

գ.    Հասնել այն բանին, որ արտակարգ իրավիճակի զգացողությունը համակի բոլորին.

դ.    Բարձրացնել շուրջօրյա պահպանության (նաև երկրպագության ու բարեխոսության աղոթքի խորանը).

ե.    Թիմակիցների հետ միասին անձնուրացության և հոգևոր պարտքի զգացողության օրինակ ծառայել այլոց:

 

Նեեմիա գլուխ 5.

 

1.   Նեեմիան սոցիալական և բարոյական մարտիկ.

ա.   Սոցիալական խնդիրների սրումը (Նեեմ. 5.1-5).

Շինարարության պատճառով հրեաներն անհրաժեշտ չափով չէին կարողանում կատարել գյուղատնտեսական աշխատանքները: Բացի այդ, նախկին կառավարիչները մեծ հարկեր էին դրել ժողովրդի վրա (5.15): Այս պատճառով`

1)    Ոմանք չէին կարողանում անհրաժեշտ չափով հաց գնել և կերակրել իրենց ընտանիքներին (5.2).

2)    Ուրիշները հաց ձեռք բերելու համար գրավ էին դրել սեփական ունեցվածքը.

3)    Այլք իրենց ունեցվածքը գրավ էին դնում` պետական հարկերը վճարելու նպատակով դրամ ձեռք բերելու համար.

Նշված պատճառներով շատերը երեխաներին ստրկության էին վաճառում (Ղևտ.25.39-43):

բ.    Նեեմիայի պայքարը հայրենակիցների բարոյական գիտակցության բարձրացման համար (Նեեմ. 5.6-13).

1)    Նեեմիան վրդովված հանդիմանում է ավագանուն հայրե­նա­կից­ների հանդեպ վաշխառուության համար, ինչն արգելված էր օրենքով` 5.6,7 (Ել.22.25-27: Ղևտ.25.36: 2Օր.23.20):

Մանավանդ հանդիմանում է հայրենակիցներին ստրկացնելու համար (5.8,9,10ա).

2)    Կոչ է անում վերադարձնել պարտապաններին նրանց արտերը, այգիները, տները, դրամը և մթերքը (5.10բ,11).

3)    Երբ տոհմիկ հրեաները խոստանում են հնազանդվել Նեեմիայի կոչին (5.12,13)`

ա)   Նա պահանջում է, որ այն հաստատվի քահանաների ներկայությամբ տրված երդումով.

բ)    Աստծու պատժող ձեռքերի մեջ է հանձնում երդումնազանցներին.

գ)    Հասնում է այն բանին, որ ընդհանուր համաձայնության մեջ բոլորը փառաբանում են Աստծուն և կատարում իրենց խոսքը:

2.   Աստվածաշնչական երդումը և խոստումը.

ա.   Քրիստոնյան և երդումը.

1)    Երդումը հանդիսավոր հայտարարություն է, որի ժամանակ վկայակոչվում է Աստված` երդմնազանցությունը պատժելու համար (Ծննդ.24.1-9: Եզր.10.5: 2Կոր.1.23: Եբր.6.13-17).

2)    Ռեֆորմացիայի ժամանակ անաբապտիստներն ընդհանրապես մերժում էին երդումների պրակտիկան` կարևորելով քրիստոնյայի խոսքի հավաստիությունը.

3)    Նրանք վկայակոչում էին Ավետարանի խոսքը Մաթ.5.33-37-ը և Հակ.5.12-ը:

բ.    Աստծուն տրված խոստումը.

1)    Մենք պարտավոր ենք Տիրոջը տված սուրբգրային խոստումներին վերաբերվել լրջորեն (2Օր.23.21: Ժող.5.3-5).

2)    Նաև` կատարելու համար մեր կողմից ոչինչ չխնայել (Հեսու 9.15-18).

3)    Աստված պահանջում է, որ լրջորեն վերաբերվենք մեր խոսքին:

3.   Նեեմիան` հոգևոր պետական պաշտոնյայի օրինակ (5.14-19).

ա.   Նեեմիան` հոգևոր կառավարիչ.

1)    Նա Հուդայի մարզպետն է լինում 12 տարի շարունակ (445-433թ.թ. Ք.ծ.ա): Եվ այդ ընթացքում հրաժարվում է մարզպետի արտոնություններից (5.14).

2)    Ի հակառակ նախկին մարզպետների` ովքեր ոչ միայն իրենք, այլև նրանց պաշտոնյա­ներն էին կեղեքում ժողովրդին (5.15).

3)    Եվ այդ ամենը` պարսպի շինարարությանը բարեխղճորեն մասնակցելու հետ միասին:

բ.    Նեեմիան` բարեսեր կառավարիչ.

1)    Նեեմիան ի պաշտոնե ամեն օր հարյուրից ավելի մարդու էր մասնակից դարձնում իր սեղանին (5.17).

2)    Բացի բազմաթիվ պաշտոնական անձանցից նա, ըստ 5.18-ի, հյուրասիրում էր նաև հարյուրավոր այլ մարդկանց.

3)    Այս ամենի մեջ Նեեմիան իրեն հանձնում էր Տիրոջ ողորմությանն ու շնորհքին (5.19` «...Այս ժողովրդին արարծներիս համեմատ ինձ ի բարին հիշիր»):

 

Հոգևոր դաս .    1. Հոգևոր մարդը անտարբեր չի կարող լինել իր շրջապատի սոցիալական և բարոյական իրավիճակի հանդեպ.

                           2. Քրիստոնյայի խոսքը պիտի ունենա երդման ուժ.

                           3. Աշխարհն այսօր կարիքն ունի Նեեմիայի նման համեստ կենցաղվարություն ունեցող և բարեսեր պետական գործիչների. այդ չափանիշներին լավագույն կերպով կարող են բավարարել քրիստոնյաները:

 

Նեեմիա գլուխ 6.

 

ա. Նեեմիա 6.1-9. Նեեմիայի կեցվածքը թշնամու բացահայտ դավադրության հանդեպ.

1)    4-րդ գլխում մենք կարդացել էինք շինարարությունը կասեցնելու` թշնամու երեք մեթոդների մասին` ծաղր, սպառնալիք, Նեեմիայի զինակիցների վրա գոր­ծադրած հոգեբանական ազդեցություն նրանց հարազատների միջոցով.

2)    6.1-9-ում կարդում ենք Սանաբաղատի, Տուբիայի, արաբացի Գեսամի և մյուս թշնամիների` անձամբ Նեեմիային վնասելու նոր պլանի մասին.

ա)   Թշնամիները բազմիցս ժամադրում են նրան հանդիպման համար Հուդայի` Երուսաղեմից ամենահեռավոր վայրում.

բ)    Նեեմիան մերժում է թշնամու դավադիր հանդիպումների առաջարկը` տեղեկաց­նելով մեծ գործով զբաղված լինելու մասին.

գ)    Նեեմիայի հրաժարման պատճառով 5-րդ անգամ Սանաբաղատը ջանում է նրան ահաբեկել իր ծառայի միջոցով ուղարկած զրպարտագրով (ի դեպ` անկնիք ու բաց նամակով), սանդրանքի է դիմում, թե Նեեմիան մարգարեների միջոցով իրեն թագավոր է հռչակում, ինչի մասին անպայման լուր կտրվի պարսից արքային.

3)    6-րդ գլխի առաջին հատվածն ավարտվում է Նեեմիայի աղոթքով (6.9` «Ո~վ Աստված, զորացրու իմ ձեռքերը») և թշնամական սանդրանքի մերժումով:

Հոգևոր դաս . Մենք նույնպես խնդրենք Տիրոջ իմաստությունը` թշնամու դավադրությանը կուլ չգնալու, մեր բարձր կոչման գիտակցման և հոգևոր պատերազմի կարևորման համար:

 

բ.   Նեեմիա 6.17-19,10-14. Նեեմիայի կեցվածքը յուրայինների կրոնապատիր դավաճա­նության հանդեպ.

1)    Թշնամին այս անգամ կարողանում է գտնել դավաճանների, քանի որ Տուբիան կրկնակի խնամիական կապերով կապված էր հրեա տոհմիկների հետ.

ա)   Նրանք ոչ միայն նամակագրությամբ անհրաժեշտ տեղեկություններ էին փոխա­նակում միմյանց հետ, այլև Նեեմիայի հայրենակիցները թշնամական սպառնա­լիքներ էին տեղ հասցնում.

բ)    Այդպես Պողոս առաքյալն էր Եփեսոսի հովիվներին նախազգուշացնում եկեղեցու որոշ անդամների` հափշտակող գայլերին կուլ գնալու և վնաս բերելու մասին (Գործք 20.28-31).

գ)    2Կոր.11.6-ում Պողոսը գրում է սուտ եղբայրներից կրած վտանգների մասին.

2)    Ամենացավալին թերևս այն էր, որ թշնամուն հաջողվել էր կաշառել քահանայորդի Սեմայային` սուտ մարգարեություն ուղղելու Նեեմիային.

ա)   Սեմայան պատվիրում էր միասին գնալ ու պատսպարվել տաճարի մեջ (ուրիշ թարգմանություններում` տաճարի ներսում` ըստ ոմանց Սրբություն Սրբոցի իմաստով).

բ)    Սրանով Նեեմիան ոչ միայն կհռչակվեր որպես վախկոտ մեկը, այլև քահանայության կողմից կդիտվեր որպես պատվիրանազանց (Թվ.18.7).

գ)    Հասկանալով թշնամու կրկնակի հարված հասցնելու մտադրությունը` նա մերժում է Սեմայային.

3)    Երկրորդ հատվածը նույնպես ավարտվում է Նեեմիայի աղոթքով, որում մասնա­վորապես Տիրոջ ձեռքերի մեջ է բերում կաշառված ու ահաբեկող մարգարեներին:

Հոգևոր դաս . Խնդրենք Սուրբ Հոգու առաջնորդությունը` Նեեմիայի և Պողոսի նման բացահայտելու մոլորված հավատացյալների կողմից սպասվող վտանգները:

 

գ. Նեեմիա 6.15,16. Պարիսպների կառուցման հաղթական ավարտը.

1)    Ի վերջո պարսպի կառուցումը ավարտվում է (6.15` «52 օրվա մեջ»): Այսպիսով, Ք.ծ.ա 586թ. ավերումից 142 տարի հետո Երուսաղեմը կրկին դառնում է ամրացված քաղաք.

2)    Կառույցի ավարտումը սարսափեցնում է դավադիր թշնամիներին և բարձրացնում Աստծու ժողովրդի հեղինակությունը.

3)    Երբ Նեեմիան Տիրոջն ապավինելով դիմակայեց թե' թշնամական սպառնալիքներին, թե' կուլ չգնաց դավաճան հայրենակիցների կրոնապատիր ստերին, այնժամ հաղթա­կանորեն ավարտեց պարսպի կառուցումը, որին այնքան մոտ գտնվելով` վտանգված էր թշնամու կողմից վիժեցմանը:

Հոգևոր դաս . Սուրբ Հոգու հետ մտերմությամբ հաղթահարենք մեր կոչման իրականաց­ման, բարեխոսական աղոթքի պարսպապատման և Աստծու թագավորության պաշտպանության դիվային վիժեցումները:

 

Նեեմիա գլուխ 7.

 

ա. Նեեմ.7.1-3.

1)    Պարսպի շինարարության ավարտից և դարպասների կանգնեցումից հետո դռնապան­ների կողքին նշվում են երգողներն ու ղևտացիները:

Պարսպապատող բարեխոսական ու պատերազմական աղոթքը նույնպես պետք է ուղեկցվի երկրպագությամբ .

2)    Անանին Նեեմիայի ազգականն էր, որ ինչպես արդեն նշվել էր 1-ին գլխում, մասնակցել էր Եզրասի ղեկավարությամբ Ք.ծ.ա. 458թ. տեղի ունեցած երկրորդ վերադարձին և տեղեկացրել Երուսաղեմում հայրենակիցների նեղության, անարգության, պարիսպ­ների քանդված լինելու մասին Նեեմիային (Եզր.4.7-23-ում ներկայացված):

Նեեմիայի հավատարիմ թիմակիցն էր նաև Աստծու տան աշտարակի իշխան Անանիան: Աշտարակը նախատեսված էր Աստծու տան պաշտպանության համար:

Աստծու թագավորության պահպանության համար այսօր էլ մեծ է թիմի նշանա­կությունը:

3)    Հին Միջին Արևելքում ավանդույթ կար քաղաքային դարպասները բացելու միայն ար­շա­լույսին և փակելու մայրամուտին: Նեեմիան պատվիրում է իր զինակիցներին փակ պահել դարպասները մայրամուտից մինչև արշալույս: Փակ պարիսպների վրա պահա­պաններ էին դրվում, որոնց ավելանում էր երուսաղաբնակների` սեփական տների պաշտպանությունը:

Ճշմարիտ առաջնորդները նախ պիտի մտահոգվեն Աստծու թագավորության համար աղոթքի շուրջօրյա պահպանության մասին:

 

բ.    Նեեմ.7.4,5.

1)    Նեեմիան Աստծու առաջնորդությամբ որոշում է մարդահամար անցկացնել: Նա հայտ­նա­բերում է նաև Զորաբաբելի և Հեսուի գլխավորությամբ Ք.ծ.ա. 538թ. վերադարձող առաջին խմբի մարդահամարը.

2)    Որոշ մեկնիչներ մարդահամարի անհրաժեշտությունը կապում են Երուսաղեմի պատպանունակ բնակչության թվի ավելացման անհրաժեշտության հետ:

Զորաբաբելի խմբի մարդահամարի հիշատակումը, որը մեջ է բերել Եզրասն իր գրքում, մեզ ասում է այն մասին, թե Երուսաղեմի բնակիչները հետնորդներն են երկրորդ Ելիցի մասնակիցների.

3)    Եզրասի և Նեեմիայի ցանկերի միջև եղած տարբերությունները կարելի է բացատրել այն բանով, որ Եզրասը ցուցակագրել է վերադառնալ ցանկացողներին, իսկ Նեեմիան` վերադարձածներին.

Աստծու թագավորության ծառայության համար ճշմարիտ զավակի կամեցողությունն ու խոսքը պիտի զուգակցվեն գործնական նվիրման հետ:

 

գ.    Նեեմ.7.6-73.

1)    Եզրաս 2.2-67-ի համանմանությամբ Նեեմ.7.6-69-ում վերադարձողների ցանկը դասակարգվում է հետևյալ կերպ`

ա)   7.8-25-ում նշվում են հրեական ընտանիքների անունները,

բ)    7.26-33-ում` այն քաղաքների անունները, որտեղից արտագաղթել են,

գ)    7.34-38-ում կրկին ցանկը տրվում է` ըստ ընտանիքների,

դ)    7.39-42-ում ներկայացվում են քահանայական ընտանիքները,

ե)    7.43-45-ում` ղևտացիները, երգողները և դռնապանները,

զ)    7.46-60-ում` Նաթանայիմներն ու Սողոմոնի ծառաները, որոնք իսրայելական ծագում չունեին, սակայն ինչպես գերության էին տարվել, այնպես էլ կամովին վերադառնում են Երուսաղեմ,

է)    7.66-69-ում նշվում է վերադարձածների ընդհանուր թիվը (մոտ 50 հազար մարդ` չհաշված կանանց և երեխաներին) և անասունների թվաքանակը.

2)    Սակայն Եզր.2.61,62-ում գտնվեցին նաև այնպիսինները, ովքեր կորցրել էին իրենց տոհմաբանական արմատները:

7.63-65-ում խոսվում է նաև այն քահանաների մասին, ովքեր նույնպես իրենց տոհմա­ծառը չէին պահպանել, որի պատճառով զրկվում են իրենց կոչումից: Կուսակալ Զորա­բա­բելի պատվերով նրանք զրկվում են զոհից («սուրբ բաներից») ուտելուց մինչև Ուրի­մով ու Թուրիմով նրանց վերաբերչյալ Տիրոջից հստակ առաջնորդություն ստանալը:

Աստծու տան, Քրիստոսի մարմնի, զորաբանակի և Հարսի պատկանելիության զգացումը, կոչման գիտակցությունը և Տիրոջ համար ընծայահեղումը մեզ երբեք չպիտի լքի.

3)    7.70-73-ում պատմվում է տաճարի վերակառուցման համար տրվող կամավոր ընծաների մասին, ինչպես և առաջին տաճարի ժամանակ (1Մն.29.1-9):

Նաև` վերադարձողների` իրենց քաղաքներում բնակության մասին, ինչը հիշեցնում է առաջին մուտքն այնտեղ:

Արթնության համար այսօր էլ պահանջվում է մեր ամբողջական ընծայահեղումը:

 

Նեեմիա գլուխ 8.     Ուխտի նորոգումը. Օրենքի ընթերցումը և հինկտակարանական մեծ արթնություններից մեկը.

Տեղի է ունեցել հավանաբար Ք.ծ.ա.445-444 թվերին, երբ Եզրասն արդեն Երուսաղեմում էր մոտ 13 տարի:

 

ա. Օրենքի ընթերցումը (8.1-6)` արթնության դրսևորում .

1)    Մարդիկ իրենք են խնդրում Եզրասին` բերելու Օրինաց գիրքը (8.1).

2)    Ողջ ժողովուրդը հավաքվել էր` լսելու այն (8.2).

3)    Ինչը և արեցին առավոտվանից մինչև կեսօր (մոտ 6 ժամ)` ուշադրությամբ համակված   (8.3).

4)    Եզրասն այն կազմակերպեց բացօթյա` զինակիցներով շրջապատված (8.4).

5)    Ժողովուրդը Գրքի բացումին արձագանքեց հոտնկայս (8.5).

6)    Ընթերցումը սկսվեց Աստծուն ուղղված Եզրասի օրհնությամբ, ինչին ներկաները պատասխանում են ձեռքերը բարձրացնելով և «ամեն» ասելով, իսկ հետո նաև` խոնարհվելով և Տիրոջը երկրպագելով (8.6):

ա)   4Թագ.22-ում Հովսիայի օրերին վերստին հայտնաբերված Օրինաց գիրքը կրկին մեծ արթնություն առաջացրեց Իսրայելի կյանքում:

բ)    Ռեֆորմացիան նույնպես իրականացավ Լութերի կողմից Աստվածաշնչի ընկալ­մամբ.

գ)    Այսօր Սուրբ Գրքի հայտնությունները հանդիսանում են նաև մեր օրերի մեծագույն կարիքը:

բ.   Օրենքի մեկնությունը (8.7-12).

1)    Ղևտացիներն օգնում էին Եզրասին` մեկնելու Օրենքի խոսքը և հասկանալի դարձնում ժողովրդին (8.7,8).

2)    Օրենքի ընթերցանությունը ժողովրդին բերում է խորին զղջումի (հավանաբար Ղևտ.26-ը, 2Օր.28-ը). նրանք Աստծու առջև լաց են լինում, մի կողմից` հասկանալով Աստծու հավիտենական սկզբունքների վեհությունը, մյուս կողմից` խորապես գիտակցելով դրանցից իրենց հեռու լինելը (8.9),

3)    Նեեմիա 8.9-12-ը Սուրբ Գրքի ամենասքանչելի հատվածներից մեկն է, որտեղ ներկայացվում են հետևյալ հռչակումները.

ա)   Տիրոջ անցյալի ողորմության, շնորհաց և փրկության հիշա­տա­կությունը` որպես սուրբ օր.

բ)    Ապաշխարության տրտմության մեջ` փրկության ուրախության հռչակումը, խնջույքի վերածումը և այդ ուրախության բաժնեկցումն այլոց հետ (մասնավորապես կարիքավորների հետ` նյութապես).

գ)    Իրենց նախնիների հավատին միավորման ուրախությամբ` Սուրբ Հոգով Աստծու զորության հռչակումը (թե' պահպանության, թե' հաղթության մեջ):

Այդպես Գործք 2.37-39-ում Պենտեկոստեի օրը ապաշխարության զղջումն էր փոխարինվում Սուրբ Հոգու խոստմունքի ընդունման ուրախությամբ.

գ.   Օրենքի կիրառությունը (8.13-18).

1)    Երկրորդ օրը տոհմապետները, քահանաներն ու ղևտացիները հավաքվում են Եզրասի շուրջն ավելի մանրամասն ուսուցման համար և հայտնաբերում (հավանաբար Ղևտ.23.33-44-ում) Տաղավա­րա­հարաց տոնի պատվերը (Նեեմ.8.13-15), որը սկսվում է շեփորա­հարության տոնով (Ղևտ.23.23-25) և ուղեկցվում Օրինաց գրքի ընթերցումով (2Օր.31.10-13):

Ողջ ընթացքում իսրայելցիները բնակվում էին ձիթենու, մրտենու, արմավենու և սաղարթախիտ ծառերի ճյուղերով պատրաստված տաղավարներում.

2)    Կարմիր ծովի անցումից մինչև Քանանի մուտքը խորհրդանշող այդ տոնը նրանք կատարում են Հեսուից մինչև իրենց օրերը աննախադեպ հանդիսավորությամբ և ուրախությամբ (8.16,17).

3)    Եվ Աստծու խոսքի յոթօրյա ընթերցմանը հաջորդում է ութերրորդ օրվա հանդիսավոր ժողովը (8.18):

 

Դասեր .

1.   Արթնությունը միշտ սկսվում է Աստծուց.

2.    Արթնության անհրաժեշտ օղակներն են`

-   Աստծու խոսքը,

-   աղոթքը,

-   խոստովա­նությունը,

-   մեղքից դարձը,

-   Աստծու կամքի և խոսքի համաձայն ապրելու որոշումը.

3.    Իրականանում է Սուրբ Հոգով օծված սպասավորների ծառայությամբ.

 

Նեեմիա գլուխ 9.    

Եթե Նեեմիա 8-ում նկարագրվում է Օրենքի գրքի ուսուցումը, ապա 9-րդում` դրա հետևան­քով առաջացած ապաշխարությունը, իսկ 10-ում` օրինապահության նոր երդումը:

Նեեմիայի 9-րդ գլխում նկարագրվածը ապաշխարության հրապարակային նորոգության մի ազդեցիկ պատում է:

 

ա. 9.1-5ա. Ապաշխարության հրապարակային նորոգության բաղադրիչները.

Նեեմիա 9-ում ներկայացված աղոթը ոմանք վերագրում են 9.4-ում ներկայացված ղևտա­ցիներին («Մեծ ձայնով աղաղակում էին դեպի իրենց Տեր Աստծուն»), Սեպտուագին­տում` Եզրասին: Այսուամենայնիվ, սա կարելի է դիտել որպես ապաշխարության նորոգության հավաքական աղոթք:

1)    Գլուխը սկսվում է ապաշխարության նպատակով ժողովրդի ծոմապահությամբ հա­վաք­ման նկարագրությամբ, որն ուղեկցվում է օտարազգիներից զատվելով.

2)    Այնուհետև Սուրբ Գիրքը ընթերցանությանը հետևում է իրենց և հայրերի անօրինու­թյուն­ները խոստովանությունը.

3)    Նաև բարձրացնում են իրենց օրհնությունն առ Աստված և երկրպագում Նրան:

 

բ. 9.5բ-25. Ճշմարիտ ապաշխարության աղոթքը` համակված Աստծու Ով լինելու գիտակցությամբ.

1)    9.5ա Նա երկրպագելի է.

Վեր է ամեն օրհնությունից և փառաբանությունից :

Եվ ողջ երկինքը Նրան երկրպագություն է անում:

2)    9.6 Արարիչ է.

Արարիչն է Երկինքների երկնքի, երկնքի և երկրի, նրա վրա գտնվող ողջ կենդանության:

3)    9.7,8 Հավատարիմ է.

Ընտրեց Աբրահամին , հանեց նրան Ուրից, ուխտեց նրան Քանանը տալու մասին և հավատարիմ մնաց Իր ուխտին:

4)    9.9-11. Ամենակարող է.

Ձեռք մեկնեց Եգիպտոսում նեղության մեջ գտնվող Իր ժողովրդին , հրաշքներով հանեց փարավոնի երկրից` Իր անունը բարձրացնելով:

Կարմիր ծովով նրանց անցկացրեց` հալածիչներին ծովի մեջ խորտակելով:

Ցերեկն ամպի, իսկ գիշերը կրակի սյունով առաջնորդելով ,

5)    9.12-14, 20ա. Իր Սուրբ կամքը հայտնող է.

Տվեց նրանց Իր ճշմարիտ օրենքը , շաբաթապահությունը,

Իր Բարի Հոգին` իմաստուն դարձնելու համար:

 

6)    9.16-18.     Բազումողորմ է.

Երբ Իսրայելն ապստամբեց, մինչև իսկ կուռք պատրաստելով և Ճշմարիտ Աստծուն անարգելով, այնումենայնիվ Աստված հայտնեց Իր ողորմածությունը և չթողեց նրան:

Նրա Փառաց ամպեղեն և հրեղեն սյունը չլքեց նրանց:

7)    9.15, 19-21.   Հոգացող է.

40 տարի սնեց երկնային մանանայով և հագեցրեց ծարավն անապատում` ապառաժից ջուր հանելով:

Թույլ չտալով, որ մաշվեն նրանց հանդերձները.

8)    9.22-25. Եվ ի վերջո, Իր ժողովրդին Ժառանգություն տվող, Ընդարձակող, Հաղթություն ու պաշտպանություն տվող և Օրհնող է:

Ինչը փաստում է Հին կտակարանը` Հեսուից մինչև վերջ:

 

գ. 9.26-38. Նեղության մեջ անկեղծ զղջումն ու ուխտը.

1)    9.26-31. Իսրայել ժողովրդի խրոնիկական անհավատարմության և Աստծու շարունակա­կան ողորմածության նկարագրությունը աղոթքում.

ա)   Այս հատվածում բնութագրվում է Դատավորաց և մասամբ Թագավորաց գրքերի պատմությունը մինչև Բաբելոնյան գերություն (4Թագ.17-25):

բ)    Երեք անգամ խոսվում է Իսրայելի անհնազանդության և ապստամբության մասին , որի հետևանքով մատնվում է թշնամիների ձեռքը (26-27ա, 28‑, 29-30):

(1)   Առաջին երկու դեպքերում աղաղակում են Տիրոջը, Ով Իր ողորմածությամբ ազատագրում է նրանց (27բ, 28բ):

(2)   Երրորդ դեպքում` չի ասվում լիակատար ազատագրության մասին, քանի որ Իսրայելը դեռ գտնվում է օտար լծի տակ:

գ)    Եվ այնուամենայնիվ, Աստծու ողորմածության շնորհիվ Նրա ժողովուրդը չի անտեսվում:

2)    9.31-38. Այսուհանդերձ, Տիրոջն ազատության աղաղակներ բարձրացնելու փոխարեն, Նրան են ուղղվում հայրերի և աղոթողների մեղքերի անկեղծ խոստովանությունը.

ա)   Այդ ամենի մեջ` Աստծու անբասիր արդարության վկայակոչումը.

բ)    Նաև իրենց վերապահված երկրում սեփական մեղքերի պատճառով օտարի քմահաճ լծի տակ գտնվելու ծանր իրավիճակը.

գ)    Աղոթքն ավարտվում է ուխտի նորոգման որոշմամբ, որը հաստատվում է իշխանների, քահանաների և ղևտացիների կնիքով:

3)    Այսպիսով, ապաշխարությունը ներկայացվում է որպես վերականգնման կարևորագույն պայման:

 

Նեեմիա գլուխ 10. Հոգևոր արթնության գործնական հետևանքները.

 

1.   Արթնության գործնական շարժման շղթայական փոխանցումը.

ա. 10.1-27. Ուխտը կնքողների ցանկը.

1)    Նեեմիայի հետ միասին նշվում են քահանաները (10.1-8).

2)    Այնուհետև` ղևտացիները (10.9-13).

3)    Վերջում` ժողովրդի ղեկավարները (10.14-27):

բ.   10.28. Արձագանքողները.

1)    Հետո նշվում են մնացածները, այդ թվում` քահանաներ, ղևտացիներ, երգեցողներ, դռնապաններ և նաթանայիմներ (տաճարի այլազգի աշխատողներ) իրենց կանանց և զավակների հետ միասին.

2)    Ըստ ոմանց` զատվելով իրենց հեթանոս կանանցից.

3)    Տիրոջ օրենքի կատարմանը նվիրաբերվելու համար:

գ.   10.29. Ուխտի կայացման կերպը.

1)    Միանալով վերոհիշյալ անվանի մարդկանց.

2)    Անեծքով հավատարմության երդում են անում` Աստծու օրենքի մեջ մնալու համար.

3)    Այդպես էին սովորաբար ուխտի ժամանակ կողմերը պարտավորություններ ստանձնում:

 

2.   Ստանձնած պարտավորությունները.

ա. 10.30,31. Սրբության և հոգևոր կյանքի վերաբերյալ.

1)    Խառն ամուսնությունների մերժում, որն այժմեական է նաև այսօրվա եկեղեցու համար (Ծննդ.10.30: 2Օր.7.3 -> 2Կոր.6.14-18).

2)    Շաբաթապահության որոշում և շաբաթ օրերի առևտրից հրաժարում (10.31ա), որն այսօր կարող է ունենալ թե' ուղակի նշանակություն կիրակի օրերի առումով, թե' հոգևոր իմաստ` հավատքով Քրիստոսի և Հոգու մեջ ապրելու առումով.

3)    Յոթերորդ տարվա պարտականությունների կատարման վերականգնում (10.31բ: Ել.23.10,11: 2Օր.15.1-3)`

ա)   երկիրը չմշակելը` նրան պարարտություն տվող Տիրոջը վստահելով,

բ)    հայրենակիցների պարտքերի զիջումը` Աստվածպաշտությունը եղբայրասիրու­թյամբ փաստելով:

բ.   10.32,33. Տաճարի տուրքի վճարման որոշումը նրա ծառայությունների համար.

1)    Տարեկան մեկ երրորդ սիկղի չափով (ըստ Ել.30.11-16-ի` պիտի լիներ կես սիկղ, որին հրեաները վերադառնում են Հիսուսի ժամանակներում` Մաթ.17.24).

2)    Մասնավորապես առաջավորության հացի պատրաստության և հացի մշտնջենական ընծայի համար (այսօր նույնպես Եկեղեցին կարիք ունի Աստծու խոսքի շուրջօրյա քարոզության արագ աճող և տարածվող Հիլ Սոնգ եկեղեցին).

3)    Մշտնջենական ողջակեզի, շաբաթական, ամսեկան և տոնական զոհերի, քավության նպատակով մեղքի պատարագների համար (քահանայագործական մշտական սպասավորության շուրջօրյա աղոթքի խորանը Կանզաս Սիթիում):

գ.   10.34` Զոհասեղանի համար պահանջվող փայտի նվիրատվության տարեկան հերթա­կա­նության որոշումը, որը ժամանակին ընկնում էր գաբավոնացիների վրա` Հես.9.27 (Ղևտ.6.12,13` Մորավական շուրջօրյա աղոթքի համար կոմս Ցինցենդորֆի հայտնությունը):

 

3.   10.35-39. Ընծայաբերման շարժումը.

ա. 1) Բերքի (Ել.23.19:34.26: 2Օր.26.2) և երկրի պտուղների առաջին արդյունքը,
2) Պտղատու ծառերի առաջին պտուղների բերումը (Ղևտ.19.24: Թվ.18.13).

      3) Աղացած ալյուրի, գինու և ձեթի առաջին բաժինների բերումը (ամեն բանի մեջ նախ` Տիրոջ համար).

բ.   Անդրանիկ զավակների (Թվ.18.15) և առաջնեկ անասունների համար (արջառներ, ոչխարներ` Ել.13.12: Թվ.18.15,17) պահանջվող ընծայաբերումը (Տիրոջ շուրջօրյա ծառայողների բարձրացումը).

գ.   Տասանորդների տրումը ղևտացիներին բոլոր բնակավայրերում, ղևտացիների տասա­նորդների տրումը քահանաներին` Թվ.18.26,31,32 (Երկնքի թագավորության ընդարձակումը Երկրի վրա):

 

Հոգևոր դաս. 1. Խնդրենք Սուրբ Հոգու օգնությունը, որ մեր արթնությունը նույնպես ունենա գործնական հետևանքներ.

2. Ընդգրկի մեր կյանքի բոլոր ոլորտները.

3. Նախանձավոր լինելով Աստծու տան և Աստծու թագավորության ընդարձակման համար (10.39):

 

Նեեմիա գլուխ 11.1-12.30.

 

1.   Անձնուրացները` հոգևոր զարթոնքի կորիզ.

ա. 11.1,2.

1)    Անհրաժեշտություն էր առաջացել` Երուսաղեմի բնակիչների թիվն ավելացնելու.

2)    Որոշում է կայացվում վիճակահանությամբ բնակչության 1/10-րդին տեղափոխել Երուսաղեմ.

3)    Իսրայելցիներն օրհնում են Երուսաղեմի վերաբնակներին:

բ.   11.3-19.

1)    1Մնաց.9-րդ գլխում, որը որոշ ընդհանրություն ունի վերոհիշյալ հատվածի հետ, ներկայացվում է նախագերության շրջանի վիճակը.

2)    Բերվում է վերաբնակների հետևյալ ցանկերը` հուդայանների (4-6), բենիամինյանների (7-9), քահանաների (10-14), ղևտացիների (15-18, 22,23), դռնապանների (19).

3)    Երուսաղեմի բնակիչների վրա պաշտպանական առումով ընկնում էր ավելի մեծ պատասխանատվություն:

գ.   11.20,21,24-36.

1)    Այս հատվածում բերվում են Երուսաղեմից դուրս բնակվող իսրայելցիների ցանկերը` նաթանայիմների (21), հուդայանների (25-30), բենիամինյանների (31-34).

2)    Այն ավարտվում է Երուսաղեմից դուրս ղևտացիների բնակությամբ տեղե­կատվու­թյամբ (36).

3)    Ցանկում նշված քաղաքները համապատասխանում են   Հեսու 15-ի թվարկմանը` Իսրայել ժողովրդի մեջ ամրապանդելու համար ապագայի նկատմամբ հույսը:

2.   Հոգևոր արթնության փորձառության փոխանցումը սերնդից սերունդ.

ա. 12.1-26.

Այս հատվածում գերությունից վերադարձած առաջին սերնդի կողքին դրևվում են, նրանք ովքեր վերադարձել են Եզրասի և Նեեմիայի հետ:

բ.   12.27-29.

Երուսաղեմի պարիսպների նավակատիքի տոնակատարության համար փնտրում են բոլոր ղևտացիներին` նրանց Երուսաղեմ բերելու համար:

գ.   12.30.

Քահանաների և ղևտացիների ժողովրդի դռների ու պարիսպների սրբումը.

1)    Ոմանք կարծում են, որ համաձայն 2Մնաց.29.20-ի` կատարվել են մեղքի պատարագ և ողջակեզ.

2)    Մարդկանց սրբումը կատարվել է լվացումներով, ծոմով.

3)    Պարիսպների և դռների սրբումը` զոհերի արյան ցողումով:

3.   Սերունդների կամրջումը` հոգևոր արժեքների փոխանցման համար (կամ` Սերունդների համագործակցության հրամայականը).

Յուրաքանչյուր սերունդ ունի Աստծու հետ հաղորդակցության փոխանցման առաքե­լություն: Եվ հոգևոր կյանքի փորձառությունը ցույց է տալիս, որ Սուրբ Հոգու կրակն առավել հեշտ է բռնկվում, քան պահպանվում.

Պողոսը 2Տիմ.2.2-ում իր հայտնությունը փոխանցում է Տիմոթեոսին, որ նա հանձնի հավատարիմներին` այլոց ուսուցանելու նպատակով.

Եկեղեցու պատմության մեջ բացառիկ տեղ է գրավում շուրջօրյա աղոթքի Մորավական խորանի 125 ամյա բարձրացումը, երբ մի քանի սերունդ մեկը մյուսին փոխանցել է երկրպագության ու բարեխոսության կրակը։ Այն մեծ դեր է կատարել 18 և 19-րդ դարերի արթնությունների մեջ:

Նշենք մի քանի խորհրդածություն փոխանցման հայեցակարգի մասին.

ա. Եվ' հաղթանակը, և' պարտությունը բաժին են ընկնում Եկեղեցու ողջ թիմին.

1)    Էստաֆետային վազքի դուրս եկող թիմը, որը բաղկացած է 4 անդամից, ջանքերի միասնացման հրաշալի օրինակ է.

2)    Առաջին և վերջին վազորդներին հատուկ պիտի լինեն տեղից կտրուկ պոկումն ու արագավազությունը, իսկ երկրորդ և երրորդ վազորդներից պահանջվող հատկանիշները պիտի լինեն հաստատակամությունն ու կայունությունը.

3)    Թիմի հաղթանակի համար բավարար չեն միայն նշված որակները. անհրաժեշտ է, որ նրա անդամները որոշակի հատված¬ներում կարողանան միմյանց փոխանցել էստաֆետային փայտիկը.

բ.   Ընտրված՝ Աստծու նպատակները և ապագան կրելու համար.

1)    Հռոմի Կոլիզեի կառուցումը Տիտոս կայսեր կողմից ձեռնարկվեց 8 տարում՝ 40000 ստրուկների շուրջօրյա տքնաջան աշխատանքի շնորհիվ։ Տխրահռչակ այդ կառույցը կոչված էր ծառայելու մեկ անհատի փառքի համար, նրանում քրիստոնյաների արյունը թափվեց, և հետագայում նրա քարերը տեղափոխվեցին մի այլ շինության համար.

2)    Ի հակառակ դրա՝ սբ. Պետրոսի տաճարի վերականգնումը 16-րդ դարում պահանջեց տարբեր սերունդների համագործակ¬ցություն 100 տարվա ընթացքում. ճարտարապետներն ու արհեստավորները իրենց ողջ հմտությունն ու գիտելիքները փո¬խան¬ցում էին մի սերնդից մյուսին՝ դրանով այդ շինությունը դարձնելով սերունդների սիրո աշխատության, համագործակ¬ցության և միաբանության փայլուն հուշարձան.

3)    Յուրաքանչյուր սերունդ կոչված է՝ ընդունելու նախորդի տված հարստությունը, համալրելու այն հոգևոր իր փորձա¬ռությամբ և փոխանցելու հաջորդ սերնդին՝ Աստծու նպատակները և ապագան կրողի պատասխանատվությամբ.

գ.   Սերունդների համալսարանը.

1)    «Լայֆ» ամսագրի 1962թ. օգոստոսի 3-ի համարում կան 2 հակընդդեմ հոդվածներ՝ «Մերիլին Մոնրոն հեղում է իր սիրտը» և «Օրալ Ռոբերտսի բժշկարար հավատը».

2)    Առաջինի հերոսուհին քաջ գիտակցում էր իր խավի մսխող ու դժբախտ էությունը և խոստովանում, որ միլիարդներ վատնող Հոլիվուդը այդպես էլ մի թանգարան չթողեց հետագա սերունդների համար.

3)    Երկրորդի հերոսը Տիրոջ օծյալն էր, ով նույնպես աղքատ ընտանիքի զավակ լինելով, ոչ միայն հոգևոր սպասավորությամբ հարստացրեց իր սերնդին, այլև Երկնավոր իր Հոր առատ օրհնությամբ թողեց հետագա սերունդների կրթության համար հայտնի մի համալսարան։

Կոչ . Ընդունե՛նք ավագ սերնդից մեզ պարգևված հարստագույն ժառանգությունը, երկրպա­գության ոլորտներում համալրե՛նք այն մեր կոչման իրականացմամբ և հետա­գա սերունդների շինության համար թողնե՛նք մեր կյանքի համալսարանը։ Ամե՛ն։

 

1. Նեեմիա գլուխ 12.31-12.47.         Աստծու թագավորության և Նրա տան համար անմնացորդ տրումը.

 

ա. Պարիսպների օրհնությունը (Նեեմ.12.31-43).

1)    Ինչպես Դավթի օրոք Ուխտի տապանակի տեղափոխման (2Թագ.6), Սողոմոնի տա­ճարի նավակատիքի (3Թագ.8), Հետգերության շրջանում Տաճարի վերակառուց­ման (Եզրասի գիրք), այնպես էլ պարիսպների շինարարության ավարտման առթիվ համաժո­ղովրդական տոն է կազմակերպվում.

2)    Ղևտացիների երկու դաս օրհնությամբ և երաժշտական գործիքների ուղեկցությամբ, մեկը Եզրասի գլխավորու­թյամբ, մյուսը` Նեեմիայի, ինչպես նաև իշխանները, քահա­նաները, ոստիկանները հավանաբար Ձորի դարպասներից հակառակ ուղղություն­ներով դուրս գալով, շրջանցում են պարիսպները յուրաքանչյուրը կես շրջան անելով, և մտնում Աստծու տունը.

ա)   Նեեմիան և ոստիկանները ներկայացնում էին երկրային իշխանությունը, Եզրասը և քահանաները` հոգևորը.

բ)    Փառաբանության օղակի մեջ վերցնելով պարիսպները` հայցում են Աստծու փառքի հայտնությունն ու օրհնությունը.

գ)    Միաժամանակ երկու դասերի կողմից հակառակ ուղղություներով պարիսպների շրջանցումը և դեմ առ դեմ հանդիպումը, ինչպես նաև Աստծու տանը փառաբա­նության շարունակումը յուրօրինակ ուխտ էր խորհրդանշում թե' Տիրոջ, թե' միմյանց հետ (համեմատել Ծննդ.15.17,18-ում զոհերի մատուցման ժամանակ դրանք կիսելու և Աստծու փառքի` նրանց մեջտեղով անցնելու հետ).

3)    Համազգային խանդավառությունը լավագույնս արտահայտվում է Նեեմ.12.43-ում, որտեղ ասվում է, թե մեծամեծ զոհեր մատուցվեցին, Աստծու մեծ ուրախությամբ ուրախացան, որը տարածվում էր հեռավորության վրա:

 

Հոգևոր դաս . 1) Որպես ուխտավորներ երկրպագությամբ և բարեխոսական աղոթքով պարսպապատենք Աստծու թագավորությունը.

2) Թույլ տանք, որ Սուրբ Հոգին արձակի մեր մեջ զետեղված թագավորական քահա­նայության օծությունը, կյանքի և զորության հորձանքները.

3) Նեեմիայի, Եզրասի և նրանց թիմակիցների նման առատ գտնվենք նվիրման, անձնուրացության և ընծայահեղման մեջ:

 

բ.   Հոգատարություն Աստծու տան համար (Նեեմ.12.44-47).

1)    Ժողովուրդն ուրախանում էր քահանաների, ղևտացիների ծառայությամբ (փառաբա­նությամբ, Աստծու տան պահպանությամբ և այլն).

2)    Ընծաների, առաջին բերքի, տասանորդների հավաքման և ղևտացիների մատակա­րարման համար հատուկ մարդիկ են որոշվում.

3)    Իրենց հերթին ղևտացիներն էլ տասանորդ էին հատկացնում քահանաների համար:

 

Հոգևոր դաս . Մեր սիրտը տրամադրենք ամենից առաջ Աստծու տան ուրախության համար և ըստ ամենայնի աջակցենք Աստծու սպասավորներին:

 

Նեեմիա գլուխ 13. Նեեմիայի վերականգնողական ծառայությունը.

 

2. Օտարականներից զատումը.

ա. Նրանց հեռացումը պաշտամունքներից (Նեեմ.13.1-3).

1)    Համաձայն 2Օր.23.3-6-ի` ամոնացիները և մովաբացիները մերժվում են Իսրայելի հոգևոր հաղորդակցությունից.

2)    Նրանք ժամանակին Բաղաամին վարձել էին Աստծու ժողովրդի դեմ ուղղված անեծքի համար.

3)    Նեեմիայի պահանջով նրանց նկատմամբ կիրառվում է Աստծու խոսքի պատգամը:

Հոգևոր դաս . Իրական միաբանությունը կարող է հիմնվել միայն ճշմարիտ Աստվածպաշ­տու­թյան վրա (Հռ.12.2` «Մի' կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով...»):

 

բ.   Օտարականների հետ խնամության հետևանքների շտկումը (Նեեմ.13.4-8).

1)    Եղիասիբ քահանան, խնամիանալով ամոնացի Տուբիայի հետ (ով մի ժամանակ Սամարիայի կառավարչի` Սանաբաղատի հետ միասին ընդդիմանում էր պարիսպ­ների կառուցմանը` Նեեմ.2.10,19), նրան տրամադրել էր Աստծու տան սենյակներից մեկը. այն նախկինում ծառայել էր պաշտամունքային անոթների, նյութերի և տասանորդների պահպանման համար.

2)    Նեեմիան տեղեկանում է այդ մասին Բաբելոնից վերադառնալուց հետո.

ա)   Նեեմիայի կուսակալությունը համապատասխանում է Արտաշեսի թագավորության 20-ից մինչև 32-րդ տարիների հետ (Ք.ծ.ա. 445-433թ.թ.).

բ)    Տպավորություն է ստեղծվում, թե նա նշանակվում է երկրորդ ժամկետով (հավանա­բար Ք.ծ.ա. 424 թվից հետո).

գ)    Ըստ Հովսեփոս Փլավիոսի` Նեեմիան մինչև խորը ծերություն կառավարել է Հու­դայի երկիրը.

3)    Նա, սկզբունքային դիրք բռնելով, զրկում է Տուբիային Աստծու տան սենյակի օգտագործումից:

Հոգևոր դաս . Ճշմարիտ Աստվածպաշտության վրա հիմնված միաբանության մերժումը կարող է տանել ծանր հետևանքների, երբ անձնական շահը վեր է դասվում հոգևորից:

 

գ.   Խառն ամուսնությունների դադարեցումը (Նեեմ.13.23-30ա).

1)    Նեեմիայի բացակայության ժամանակ տեղի են ունեցել նաև խառն ամուսնություններ, ինչի հետևանքով մասնավորապես նրանց երեխաները հրեերեն խոսել չգիտեին (խոսում էին ազոտերեն` փղշտերեն).

ա)   Այդ զանցանքի (Ելից 34.15,16: 2Օր.7.3) մեջ էր հայտնվել մեծ քահանա Եղիասիբի թոռներից մեկը, ով դարձել էր որոնացի Սանաբաղատի փեսան.

բ)    Նեեմիան նրան հեռացնում է իր շրջապատից, նաև այդպիսիներին հանձնում է Տիրոջը.

գ)    Նման խնդրի հետ մոտ 25 տարի առաջ բախվել էր նաև Եզրասը (Եզր.9.1).

2)    Նեեմիան կտրուկ և կոշտ միջոցներ է ձեռնարկում օրինազանցների նկատմամբ, մինչդեռ ժամանակին Եզրասը դիմել էր միայն հոգևոր ներգործությանը (Եզր.9.3).

3)    Նա հիշատակում է Սողոմոնի մոլորությունն օտարազգի կանանց պատճառով:

Հոգևոր դաս . Հոգևոր հիմքի վրա ընտանիք կազմելու պահանջն արդիական է նաև Նոր կտակարանում Եկեղեցու համար (2Կոր.6.14-18):

 

3. Ճշմարիտ պաշտամունքի նախանձավորությունը.

ա. Շաբաթապահության վերականգնումը (Նեեմ.13.15-22).

1)    Նեեմիայի բացակայության ժամանակ հրեաները նաև խախտում էին շաբաքը` գյուղատնտեսական աշխատանքներով   և առևտրով զբաղվելով.

2)    Շաբաթ օրը նրանք նաև առևտրի մեջ էին մտնում օտարազգիների, մասնավորապես տյուրացիների, հետ.

3)    Այդ պատճառով Նեեմիան շաբաթամուտին փակել է տալիս քաղաքի դարպասները և թույլ տալիս բացել միայն օրվա ավարտին.

ա)   Պահապաններ է դնում դարպասների վրա և ներգրավում ղևտացիներին.

բ)    Սակայն որոշ վաճառականներ դեռևս շարունակում են առևտրի համար գալ Երուսաղեմ` քաղաքից դուրս մնալով.

գ)    Նեեմիայի կողմից պատժի ենթարկելու զգուշացումից հետո առևտուրը դադարում է:

Հոգևոր դաս . Ավետարանում նույնպես պատվիրվում է Աստծու թագավորության փնտրումն ու բարօրությունն ամեն բանից վեր դասել (Մաթ.6.33):

 

բ.   Ղևտացիների նկատմամբ հոգատարությունը (Նեեմ.13.9-14, 30բ).

1)    Նեեմիան վերականգնում է պաշտամունքի համար օգտագործվող նյութերի պահեստի օգտագործումն Աստծու տանը.

2)    Վերականգնում է նաև տասանորդների հատկացման պրակտիկան` հավատարիմ մարդկանց ներգրավելով դրանց պահպանության համար (մոտավորապես նույն ժամանակներում Մաղաքիան անդրադառնում է տասանորդի հարցին` Մաղ.3.8-10).

3)    Այսպիսով, Նեեմիայի ջանքերով ղևտացիները նորից վերականգնվում են ծառա­յու­թյան մեջ:

Հոգևոր դաս . Աստծու գործի համար անհրաժեշտ է երբեք միջոցներ չխնայել:

 

գ.   Այլ կարիքների հոգումը (Նեեմ.13.31).

1)    Նեեմիան հասնում է այն բանին, որ Տիրոջ տան համար բերվում են բերքի երախայրիները, նաև` անհրաժեշտ փայտը.

2)    Նա, ինչպես նախկինում (5.19), իր ծառայությունները հանձնում է Տիրոջը (13.14).

3)    Նաև հայցում Նրա ողորմությունը (13.22,31):

Հոգևոր դաս . Մեր ծառայության մեջ մենք նույնպես կոչված ենք ամբողջովին հանձնվելու Տիրոջը:

Comments:

Add comment


Security code
Refresh