Ուսմունք Աստծու մասին

  • Print

Ուսմունք Աստծու մասին

 

1.  Աստծու գոյության փաստը.

·          Սուրբ Գիրքը ոչ թե ջանում է ապացուցել Աստծու գոյության փաստը, այլ ուղղակի հռչակում է այն՝ որպես հաստատված փաստ («Սկզբում Աստված ստեղծեց երկինքը և երկիրը»՝ Ծննդ.1.1).

·          Աստծու գոյության համոզումը անհրաժեշտ է ոչ միայն Աստվածաշունչը՝ այլև ինքներս մեզ և շրջապատող աշխարհը հասկանալու համար.

Եբր.11.6-ում Տերը հատուցում է Իրեն փնտրողներին.

Այսպիսով՝

·          Հավատը կապն է Արարչի և արարածի միջև (Հուսացածի նյութականացումը և աներևույթի ապացույցն է՝ Եբր.11.1).

·          Ինչպես խոսվել է Աստծու ընդհանուր հայտնության բաժնում, Աստծու գոյության տեսանելի ապացույցները խարխլում են անհավատության հիմքերը (Հռ.1.20

2.  Աստծու գոյության փաստարկները.

ա. Տիեզերաբանական (Թովմաս Աքվինացի XIIIդ.).

Այս աշխարհում յուրաքանչյուր երևույթ ունի իր պատճառը։ Այդ տրամաբանությամբ Տիեզերքը նույնպես պիտի ունենա իր պատճառը։ Եվ այդ Սկզբնապատճառը Աստված Ինքն է (Ծննդ. 1.1։ Սաղմ.19.1-6։ Հռ.1.19,20։ Եբր.11.3։ 1.1,2).

բ.  Նպատակաբանական (Թովմաս Աքվինացի XIIIդ.).

Տիեզերքը ոչ միայն գոյություն ունի, այլև ունի կատարյալ մտահղացում, կարգավորվածություն ու նպատակ։

Նրա տարրերը ներդաշնակության մեջ են միմյանց նկատմամբ։ Սակայն ֆիզիկական օբյեկտները չեն կարող ունենալ որոշակի նպատակ հետապնդող ծրագիր և մտադրություն։ Հետևաբար, ինչ-որ մի բանական էակ է ստեղծել դրանց և համապատասխան կերպով կարգավորել։ Այդպես ճանապարհին ընկած մի ժամացույց գտնելիս երբեք չենք մտածի, թե նրա դետալները պատահաբար են միացել միմյանց։ Այս ամենը խոսում են Աստծու՝ Մեծ ծրագրավորողի օգտին։ Ականավոր աստղագետ Ջասթրոուն ասել է, թե այսուհետև չենք կարող գիտական բանաձևումներից դուրս թողնել Աստծու գոյության գաղափարը։ Ֆրիման Դայսոնն ասել է, թե Տիեզերքը մի անբացատրելի ձևով վաղուց ակնկալում էր մարդու գոյությունը և սպասում մեր աշխարհ գալուն.

գ.  Մարդաբանական (Թովմաս Աքվինացի XIIIդ., Կանտ XVIII-XIXդ.դ.).

Մարդը Արարչագործության գլուխգործոցն է ու փառապսակն է (Ծննդ.1։ Սաղմ.94.9)։ Մարդը բանական էակ է և մարդկանցից յուրաքանչյուրը՝ ինքնատիպ։ Այս ամենը ասում է Բարձրագույն Կատարելության՝ Աստծու մասին։

Կանտը, հատկապես խոսելով մարդու բարոյական էության մասին, նշում է, որ հաճախ բարոյական նորմերին հետևելը շահեկան չէ։ Հենց դրանից էլ հետևում է բարձրագույն արժեքների Աղբյուրի և Կրողի՝ Հավիտենական Աստծու գոյությունը, Ում հետ էլ կապված է բարոյականի գերադասությունը մարդու մեջ.

դ.  Գոյաբանական (Անսելմ XI-XIIդ.դ., Դեկարտ XVI-XVIIդ.դ., Հեգել XVIII-XIXդ.դ., Հարթշորն).

Մարդն օժտված է Աստծու գոյության ներըմբռնումով։ Նա ունի երկրպագության պահանջ։ Եթե մարդն չի գտնում Աստծուն, ապա ստեղծում է Իր երկրպագության համար սեփական պաշտամունք (Գործք 17.23,24։ Հռ.1.18-32։ Հովհ.1.3-7։ Սաղմ.115.1-8

Աստծու երկրպագության մարդկային պահանջն էլ ասում է Նրա գոյության մասին։ Ըստ Գնել Դուրյանի՝ Գյոդելի աքսիոմն ասում է, որ որևէ բացահայտ ճշմարտության վավերացնելու համար անհրաժեշտ է գտնել նրանից դուրս գտնվող տվյալներ։ Այստեղից՝ Տիեզերքի գոյության խորհուրդը չի կարելի մեկնել հենց իրենով։

Կյանքի գոյությունը բացատրելու համար անհրաժեշտ է գտնել մի այնպիսի էակ, ով իր մեջ պարունակի իր գոյապատճառը և ում համար անկարելի է գոյություն չունենալը։ Այդպիսին միայն Աստված է, Ով ներկայացավ Մովսեսին՝ ասելով. «Ես եմ Որ Էն».

 

ե.  Բարոյագիտական.

Մարդը բարոյական էակ է։ Նա օժտված է ճշտի և սխալի ներքին զգացողությամբ, ինչպես նաև ճշմարիտն ընտրելու պատասխանատավության զգացումով՝ խղճով։

Մարդը, երբ իր խղճի դեմ է գնում, հանցավորության զգացում է ապրում։ Բոլոր մարդկաց մոտ համընդհանուր լինելով՝ այն բարոյականության Գերագույն Դատավորի գոյության մասին է ասում (Հռ.2.14,15։ 1Տիմ.4.2։ Տիտ.1.15։ Եբր.9.14։ Հովհ.8.9

Կանտը սակայն բացատրում է, որ մարդու բարոյական գիտակցությունը դեռ չի ասում նրա բարոյական որոշում կայացնելու մասին։ Այդպիսի ներքին մի պատերազմի մասին է ասում Պողոսը Հռ.7.19-24-ում.

զ.  Կենսաբանական.

1)   Եղիա Պապիկյանը բերում է հետևյալ օրինակը.

Եթե մարդու 300 տրիլիոն բջիջներից մեկի տրիլիոն մոլեկուլներից մեկի 2000 ատոմները միմյանց հանդիպեն 2 վայրկյանում 500 տրիլիոն անգամ, ապա 1 մոլեկուլի կազմության համար կպահանջվի 10252 տարի (համաձայն հավանականության տեսության)։ Նկատի ունենանք, մանավանդ, բջջի աներևակայելիորեն բարդ կառուցվածքը, որն ունի բջջի սահմաններից դուրս կատարվողի մասին տեղեկացնող արտաքին թաղանթ (յուրօրինակ «ռադար՝ ռադիոտեղորոշիչ»), նյութերի մուտքն ու ելքը վերահսկող  պլազմատիկ թաղանթ (յուրօրինակ «մաքսային ծառայություն»), սպիտակուցների արտադրության «ֆաբրիկաներ»՝ ռոբոսոմներ, յուրօրինակ «մարսողության օրգաններ»՝ լիզոսոմներ, «էներգետիկ կայանների» դեր կատարող միտոքոնդրիումներ, էնդոպլազմային ցանց, որը ռիբոսոմներից դեպի բջջի օրգանոիդները սպիտակուցները տեղափոխող «տրանսպորտային համակարգ» է, սպիտակուցները արտաքին թաղանթին մոտեցնող, Գոլջիի կոմպլեքս, կորիզ, որը պարունակում է ապագա սերունդների ժառանգական նյութից (ԴՆԹ) կազմված քրոմոսոմներ, կորիզակ, որը կառավարում է ներբջջային պրոցեսները.

Հետևաբար, բարեշրջակաների ողջ հեքիաթային երևակայությունը չի հերիքի 1 բջջի, պարզ և բարդ օրգանիզմների, մարդու մարմնի առաջացման նպատակով պահանջվող ժամանակաշրջանը որոշելու համար։ Եկեք նաև թռուցիկ հայացք գցենք մարդկային օրգանիզմի հրաշքի վրա, որը կազմված է հենաշարժիչ համակարգից (մասնավորապես, ճարտարագիտական արվեստի բոլոր կանոններով կառուցված 206 ոսկրներով), սիրտ-անոթային համակարգից (որում, մասնավորապես, արյան շրջանառությունը կատարվում է 26 վայրկյանում, իսկ սիրտը նորմալ պայմաններում կատարվող՝ րոպեում 72 զարկերի թիվը կարողանում է հասցնել անհրաժեշտության դեպքում մինչև 200-ի՝ 2 զարկերի միջև վայրկյանի 1/16 մասում լրիվ հանգստանալով), մարսողական համակարգից (որում մասնավորապես լյարդը յուրաքանչյուր վայրկյանում ընդունում է արյան միլիոնավոր մեռած գնդիկներ, տրոհում է դրանք և առանձին բաղադրամասեր պահպանում նոր գնդիկների կառուցման նպատակով), միզասեռական համակարգից (որում, մասնավորապես, երիկամները օրական 1 տոննայից ավելի արյուն են մաքրում մնացորդներից), ինչպես նաև, նյարդային, շնչառական, ներզատիչ, գեղձերի համակարգերից և զգայարաններից։ Եթե ավելացնենք այս ամենին մարդկային բանականությունը, գեղեցիկի նրա զգացումը, բարոյական գիտակցությունը, աստվածապաշտության նրա մղումը, ապա մեզ մնում է սաղմոսերգուի նման բացականչել. «Գոհանում եմ Քեզանից, որ ահավոր և զարմանալի կերպով ստեղծվեցի (Սաղմ.139.14)»։

2)   Գնել Դուրյանը գրում է. «Բնորոշված բարդություն կոչվում է թվերի, տարրերի և ամինաթթուների մի շարք, որն իր մեջ պարունակում է ուղղակի կամ ծածկագրված հաղորդագորւթյուն։ Բնության մեջ բնորոշված բարդությունը ամինաթթուների շարքն է կամ շղթան, որոնք կազմում են սպիտակուցներ։ Սպիտակուցները կազմված են 20 տարբեր ամինաթթուներից, որոնք և ստեղծում են հաղորդագրական շղթաներ։ Շղթայի մեջ որևէ փոփոխություն չեզոքացնում է սպիտակուցների դերը, ճիշտ այնպես, ինչպես տառերի ինքնակամ փոփոխությունը իմաստ ունեցող բառում կա՛մ փոխում է, կա՛մ քանդում բառի իմաստը։

Անհնար է մանրէների գոյությունը վերագրել զուտ պատահականության։ Օրինակ՝ ամենափոքր կենդանի վիրուսը պետք է բաղկացած լինի 239 սպիտակուցներից, որոնք իրենց հերթին կազմված են 20 հաջորդական խմբերի բաժանված 445 ամինաթթուներից, և սրանցից միայն ձախ թեքում ունեցող ամինաթթուն է, որ կազմում է կենդանի բջիջ։ Միայն պատահականության օրենքներով այս վիրուսի գոյության հավանականությունը կազմում է 1/10138000, այսինքն՝ մեկը բաժանած մեկի և 138000 զրո ունեցող թվի վրա։ Ըստ հանրաճանաչ աստղագետ Ֆրեդ Հոյլի սա նույնն է, թե փոթորիկը, անցնելով մետաղե թափոնների տարածքով, կարող է ստեղծել Բոինգ-747 ժամանակակից ինքնաթիռը։

Ավելին, մարդկային ԴՆԹ-ն բաղկացած է 3 միլիարդ զույգ հիմքերից, որոնք կազմում են ինը միլիոն չորս տարբեր նուկլեոիդներից, յուրաքանչյուր նուկլեոիդն ունի 40 ատոմների խումբ։ Այս ԴՆԹ-ի կառույցը կոչվում է զույգ պարույր, որոնք իրար ագուցված են չորս նուկլեոիդների շղթաներով, և այս բոլորը համակցված է՝ չափված-ձևված։ ԴՆԹ-ն մեկ մետր երկարությամբ պարուրաձև շղթա է, որն ամփոփվում է մեկ հազարերորդ սանտիմետր մեծություն ունեցող միջուկում։ Երբ ամերիկյան գիտնականները և ճարտարագետները սարքեցին Վիկինգ տիեզերանավը և ուղարկեցին Հրատ մոլորակ, այն փափուկ վայրէջք կատարեց Հրատ մոլորակի մակերեսին և կատարեց մեքենայական և քիմիական մոտ հազար գործողություն՝ Հրատի վրա կյանքի հետքեր փնտրելով։ Վիկինգ տիեզերանավը մեկ խորանարդ մետր ծավալ ուներ, և մենք այն կոչեցինք ճարտարագիտական գլուխգործոց։ Կենդանի բջիջը, որ հազար միլիարդ անգամ ավելի փոքր է, քան Վիկինգ տիեզերանավը, մեր օրգանիզմի պարզ հիմնաքարն է։ Յուրաքանչյուր բջիջ կարող է կատարել 40000 գործողություն և ավելին՝ վերարտադրել իր կառույցը մի քանի ժամվա ընթացքում։ Այս հրաշալի կառուցվածքի գոյությունը կարելի՞ է վերագրել անկախ, պատահական օրենքներից առաջացած համակարգի։ Արդյոք ո՞րն է ավելի հավաստի. պատահա՞րը, թե՞ ծրագրավորումը։

Ճիշտ այստեղ է, որ հանրածանոթ կենսաքիմիաբան Միքայել Բեհեն գիտնականների ուշադրությունը հրավիրել է «անկրճատելի բարդություն» գաղափարի վրա։ «Անկրճատելի բարդությունը» զանազան մասերից բաղկացած մի համակարգ է, որը փոխադարձ ազդեցությամբ օժանդակում է համակարգի գործունեությանը։ Եթե այս համակարգի մեկ անդամն իսկ ընդհատի իր դերը, համակարգի գործունեությունը իսկույն կկազմալուծվի։ Նույնն է նաև բջիջը. տասնյակ հազարավոր սպիտակուցներից մեկի կամ երկուսի բացակայությունը արգելակում է բջջի գործունեությունը՝ որպես ապրող և վերարտադրող համակարգի։ Սա կոչվում է անկրճատելի կամ անվերածելի բարդություն, ուր բնորոշված բարդություն կա՝ հավաքելու յուրաքանչյուր բաղադրիչ միաժամանակ (ոչ քայլ առ քայլ), և կառուցվում է հրաշալի կենսատարրագիտական մի համակարգ. սա պատահա՞ր է, թե՞ ծրագիր։

ԴՆԹ-ի վիթխարի տեղեկությունը հավասար է 1000 հատորանոց մի գրքի, որի յուրաքանչյուր հատորը բաղկացած է 500 էջից։ Ահա բնորոշված մի բարդություն. ինչպե՞ս կարելի է այս հսկայական տեղեկագրության կառույցը վերագրել զուտ պատահարի».

3)   Գնել Դուրյանը նշում է, թե կյանքի ծագումնաբանության ոլորտի գիտնականների համոզմամբ ինֆորմացիան կազմում է տիեզերքի և բնության հիմնաքարը։ Տիեզերքը, նյութը և էներգիան իրենց գոյությամբ պարտական են Աստծու հայտնած ինֆորմացիային՝ Նրա Խոսքին՝ Հիսուս Քրիստոսվ արտահայտված։ Այդ ինֆորմացիան է նյութն ու էներգիան օժտում պարտադրական ու պատահական օրենքներով, անկրճատելի բարդություններով, կյանքի բյուրավոր տարբերակներով։ Այդ է պատճառը, որ կիբեռնետիկայի հիմնադիր Նորբերտ Վիներն ասում է. «Ինձ համար անհասկանալի է սպիտակուցների բարդ ու դիտավորյալ կազմվածքը և նրանց գործունեությունը զուտ պատահական ընթացք համարելը».

է.  Պատմական.

Քոնները գրում է, թե պատմությունը ի հայտ է բերում անտեսանելի այն Բազուկը, որը վերահսկում է ազգերի ճակատագրերը։ Օրինակ՝ Բաբելոնն ընկավ 1 գիշերվա ընթացքում, երբ զինվորները մոռացան փակել պարսպի դարպասները, որով հոսեց Եփրատ մեծ գետը։ Մինչդեռ Աստծու մարգարեն այդ իրադարձությունը կանխագուշակել էր դեռևս 100 տարի առաջ (Ես.45.1-5։ Դան. 5)։ Պատմության մանրակրկիտ ուսումնասիրությունը կհայտնի բազմաթիվ այսպիսի վկայություններ (Հայտն.17.17).

ը.  Աստվածաշնչական.

Սուրբ Գիրքն իր ներշնչվածությամբ, վավերականությամբ ու վստահելիությամբ, կանխասացություններով, քաղաքակրթության վրա ունեցած մեզ ազդեցությամբ. գիտական բարձր մակարդակով, պատմագիտական հուսալի աղբյուր լինելով և, ամենակարևորը, պատգամով հզոր մի ապացույց է Աստծու գոյության, ինչի մասին խոսվել է Բ գլխում։

թ.  Քրիստոսաբանական.

1)   Վերոնշյալի հետևում Աստծու ծրագիրը տեսնելը բարոյական խնդիր է, նախընտրության և կամքի որոշման հարց։ Աթեիստ փիլիսոփա Ստեֆան Գրեյնը գրում է. «Ես գոյ եմ, - աղաղակում է մարդ արարածը՝ դուրս եկած էվոլյուցիայի երկար շղթայից։- Այո՛,- պատասխանում է տիեզերքը,- բայց քո գոյության իրողությունը որևէ պարտականություն չի դրել իմ առջև»։ Իրականում այս մեծ ստեղծագործության հետևում սիրող հայրական մի սիրտ է բաբախում. «Աստված այնպես սիրեց աշխարհը, որ Իր Միածին Որդուն տվեց, որպեսզի ամեն Նրան հավատացող չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա»։

2)   Ներկայացնելով Հռոմեական կայսրության ժամանակաշրջանը՝ Գնել Դուրյանն արձանագրում է, որ հունական բանական խորհելակերպը տեղի էր տվել իռացիոնալ մտածողությանը (օրինակ՝ աստղագիտությունը փոխարինվել էր աստղագուշակությամբ), Օգոստոս կայսրի ներմուծած պետական կրոնը վերածվել էր կայսերապաշտության, հռոմեացիները զվարճանում էին ըմբշամարտիկների արյունարբու վայրագությամբ, խորհրդապաշտ աղանդների թիվը հասնում էր 100-ի.

3)   Քոնները գրում է, թե Քրիստոսը պատմական երևույթ է, և Նրա անձն անհնար է բացահայտել առանց Աստծու գոյության։ Նրա կուսական ծնունդը, առանց մեղքի կյանքը, հրաշքները, վարդապետությունը, մահը, թաղումը, հարությունն ու համբարձումը սերտորեն կապված են Աստծու գոյության հետ։ Այն ամենը, ինչ Նա արել ու խոսել է, նաև ինչ է՝ վկայում են Աստծու գոյության մասին (Հովհ.1.1-3,14-18։14.6-9։1Տիմ.3.16).

4)   Գնել Դուրյանը շարադրում է Հովհաննու Ավետարանի և Հայտնության գրքի Քրիստոսին բնորոշող 13 հատկանիշները, որոնք հաստատում են, որ քրիստոնեությունը համարժեք է Հիսուս Քրիստոսին.

ա)  Աստծու Գառ, որ վերցնում է աշխարհի մեղքը (Հովհ.1.29).

բ)   Աստծու Օծյալ՝ Առաջնորդ, Արքա, որ իշխանություն ունի (Հովհ.4.26).

գ)   Կենաց Հաց՝ մարդու հոգեկան քաղցը լցնելու (Հովհ.6.35,48,51).

դ)   Է՝ Մշտագո (Հովհ.8.58).

ե)   Լույս (Հովհ.8.17։9.15).

զ)   Դուռ փրկության (Հովհ.10.9).

է)   Բարի Հովիվ, Ով Իր կյանքը զոհում է հոտի համար (Հովհ.10.11,14).

ը)   Հարություն (Հովհ.11.25,26)՝ մահվանը հաղթելու համար.

թ)  Ճանապարհ (Հովհ.14.6).

ժ)   Ճշմարտություն (Հովհ.14.6).

ժա) Կյանք (Հովհ.14.6).

ժբ)  Որթատունկ՝ պտղաբերության համար (Հովհ.15.14).

ժգ)  Առաջինն ու Վերջինը (Հայտն.1.18).

5)   Հռոմեացի պատմաբան Տակիտոսը գրում է, Քրիստոսի մահվանից 31 տարի անց հազարավոր մարդիկ՝ մեծ ու փոքր, ուսյալ-անուս, հոժարությամբ իրենց կյանքն էին զոհում հանուն Քրիստոսի։ Պատմաբան Բեյքերը խորհրդածում է, թե քրիստոնեության մեջ առանց Աստվածային ուժ տեսնելու անկարելի է բացատրել նրա տարածումը մինչև իսկ կայսրության սահմաններից դուրս։ Այնպես որ, ամենաազդեցիկ փաստարկներից մեկը Քրիստոսի հարությանը հաջորդող 2000 տարվա ընթացքում միլիոնավոր մարդկանց հանդիպումն է Հարուցյալ Փրկչի հետ։ Եվ այնուամենայնիվ, անհնար է հավատալ առանց ներքին լուսավորության, իսկ այս վերջինը կարող է պատահել, երբ անհատը փնտրի Աստծուն իր ողջ սրտով (Երեմ.29.13

ժ.  Համապատասխանության.

Նախորդ փաստարկների միջև կա համապատասխանություն և ներդաշնակություն թե՛ նյութական, թե՛ բարոյական, թե՛ բանական և թե՛ հոգևոր ոլորտներում։ Եվ միայն կանխակալ տրամադրվածությունը կարող է մերժել այսպիսի վիթխարի և վճռական վկայությունը։

 

3.  Աստծու մասին ոչ քրիստոնեական հայացքներ.

Չարի և բարու սեփական իմացության ճանապարհին մարդը հորինել է բազմաթիվ ուսմունքներ, որոնցից են.

ա. Թեիստական հայացքներ.

1)   Պանթեիստական (պան՝ ամենը, Թեոս՝ Աստված).

Գտնում է, թե Աստված, անդեմ սկզբնապատճառ լինելով, ամենն է և ամենը՝ Աստված։ Այն տարրական մասնիկներն անգամ դիտարկում է որպես Հավիտենական Է-ի բաղադրիչներ, պնդում է, թե Աստված, նույնական լինելով բնության հետ, գոյություն չունի նրանից անկախ, և բնությունը Աստծու դրսևորումն է։ «Պանթեիզմ» եզրը մտցվել է անգլիացի մատերիալիստ փիլիսոփա Ջոն Թոլանդի (1670-1722) կողմից, ով քննադատում էր Նյուտոնին ու Դեկարտին՝ շարժման աղբյուրը Աստծուն համարելու համար։

ա)  Մատերիալիստական պանթեիզմն ընդունում է մատերիայի հավիտենականությունը և կյանքի ինքնակամ առաջացումը, տիեզերքի ու բնության՝ աստված լինելը։ Որպես այս ուսմունքի հետևորդ, բացի Թոլանդից, կարելի է հիշատակել մատերիալիստ փիլիսոփա Բարուխ Սպինոզային (1932-1677)։ Սպինոզան հոգևոր կյանքի ողջ բարդությունը հանգեցնում է բանականությանն ու կրքերին, իսկ մարդու վարքը պայմանավորում է ինքնապահպանման և սեփական շահի ձգտումով.

բ)   Հիլոզոիզմ (հյուլե՝ նյութ, զոէ՝ կյանք) և պանփսիխիզմ (պան՝ամենը, փսիխե՝հոգի).

Հիլոզոիզմը պնդում է, թե մատերիան ֆիզիկական բնութագրիչներից բացի օժտված է նաև կյանքի սկզբունքով։ Ոչ մատերիական Աստծուն փնտրելով հանդերձ՝ հիլոզոիզմը ժխտում է անձնավորված Բարձրագույն Է-ի գոյությունը։ Հիլոզոիստներ էին հունական առաջին մատերիալիստները, իտալացի փիլիսոփա Ջորդանո Բրունոն (1548-1600), ֆրանսիացի մատերիալիստ Ժան Ռոբինեն (1735-1820) և այլն։ Նրանք զգայության և մտածողության ընդունակությունը վերագրում էին մատերիայի բոլոր ձևերին։

Պանփսիխիզմը գտնում է, որ ողջ բնությունը շնչավորված է հոգեկանով։ Այդ հայացքի կողմնակիցներ են անգլիացի փիլիսոփա Ալֆրեդ Ուայթհեդը (1861-1947), պերսոնալիզմի և քննադատական ռեալիզմի հետևորդները։

Պերսոնալիզմի համաձայն՝ բնությունը անձնավորություն-ոգիների մի ամբողջություն է, որի վրա իշխում է գերագույն անձնավորությունը՝ Աստված։ Նրա սոցիալական նպատակը անձնավորության ինքնակատարելագործումն է։ ԱՄՆ-ում նրա հետևորդներն էին Բ. Բոունը (1847-1910), Ջ. Հաուսոնը (1834-1916), Մ. Քալկինսը (1863-1930), Ա. Քնուդսոնը (1873-1954), Ամգլիայում՝ Հ. Քեռը (1857-1931), Գերմանիայում՝ Վ. Շտեռնը (1871-1938), Ֆրանսիայում՝ Է. Մունիեն (1905-1950)։

Քննադատական ռեալիզմն առաջ է եկել XIXդ. վերջում (Է. Բեխեր, Հանս Դրիշ, Վենցլ և ուրիշներ)։ Դրիշը (1867-1941) գտնում էր, որ կենսաբանական երևույթների հիմքում ընկած է նրանց նպատակահարմար բնույթ տվող մի աննյութական կենսական ուժ՝ էնտելեխիան, որն անբացատրելի է գիտության կողմից։ Այսպիսի ընկալման արմատները հասնում են մինչև 17-18-րդ դարերը, երբ ձևավորվել է կենսաբանության մեջ վիտալիզմի իդեալիստական ուսմունքը (Հ. Շտալ, Յ. Իքսկյուլ), որը ժխտում է անկենդան նյութից կենդանի նյութի առաջացման հնարավորությունը։

գ)   Չեզոքության տեսություն.

Համարում է, որ վերջնական իրողությունը ո՛չ միտքն է, ո՛չ մատերիան, այլ չեզոք մի նյութ, որի համար միտքն ու մատերիան արտաքին դրսևորումներ են։

դ)   Իդեալիզմ.

Ի հակադրություն մատերիալիզմի՝ առաջնային է համարում ոչ թե կեցությունն, այլ գիտակցությունը՝ իդեան՝ որպես միակ հավաստի ռեալություն։ Ըստ նրա՝ աշխարհը կամ մարդկային անհատական մտքի արգասիք է (սուբյեկտիվ իդեալիզմ), կամ Անսահման ու Համակողմանի Բանականության (օբյեկտիվ իդեալիզմ)։

Այս վերջին դեպքում կամ ժխտվում է այդ Բանականության անձնավորված լինելը, կամ՝ ընդունվում։

(1)  Օբյեկտիվ իդեալիստական ուսմունքները սկզբնապես առաջացել են Արևելքում (Վեդանտա, Կոնֆուցիականություն).

(ա) Վեդանտան՝ որպես հնդկական կրոնափիլիսոփայական ուսմունք, առաջ է եկել Ուպանիշադաների հիման վրա (մ.թ.ա. 10-6-րդ դ.դ.), որոնց համաձայն՝ մարդը պիտի նվիրվի բրահմանի՝ աշխարհի հոգևոր հիմքի հետ իր հոգու միասնության մասին խորհրդածություններին։ Վեդանտայի հիմնական դրույթները շարադրել է Բադարայանան (3-4-րդ դ.դ.)։ Հետագայում զարգացված նրա առաջին ուղղությունը՝ ադվայտան (հիմնադիրը՝ Շանքարան՝ 8-րդ դ.), խորհում է, թե Աստծուց բացի ամեն ինչ պատրանք է (մայյա) և անհատի ջանքերի նպատակը՝ միասնական աստվածությանը հասու լինելը։ Այն կապված է Շիվա աստծու պաշտամունքի հետ։ Երկրորդ ուղղությունը՝ վիշիշտա-ադվայտան (հիմնադիրը՝ Ռամանուջան՝ 11-12-րդ դ.դ.) անհատին մղում է՝ ազատագրվելու նյութական գոյությունից հոգևոր ակտիվության, իմացության, Աստծու նկատմամբ սիրո միջոցով։ Այն ավելի շատ կապված է Վիշնու աստծու պաշտամունքի հետ.

(բ)  Կոնֆուցիականության՝ Հին Չինաստանի առաջատար գաղափարական հոսանքի (հիմնադիր՝ Կոնֆուցիոսը՝ մ.թ.ա. 551-479թ.թ.) տեսակետով՝ երկինքն է որոշում մարդու ճակատագիրը, մարդիկ անփոփոխորեն բաժանվում են «ազնիվների» և «ստորինների»։ Նրա հետևորդներն են Մեն-ցզին (մ.թ.ա. 4-3-րդ դ.դ.) և Դուն Ջուն-շուն (մ.թ.ա. 2-րդ դ.).

(2)  Պլատոնը (428-347 մ.թ.ա.), լինելով Սոկրատի աշակերտն ու օբյեկտիվ իդեալիզմի հիմնադիրը և իր կոսմոլոգիայի կենտրոնում դնելով Համաշխարհային հոգու ուսմունքը, գտնում էր, որ մարդու հոգին բանտարկված է մարմնի խավար բանտում և վերամարմնավորման կարիք ունի.

(3)  Նորպլատոնականությունը (3-6-րդ դ.դ.) գտնում էր, որ մատերիան տիեզերքի հիերարխիայի ստորին օղակն է, որի վրա բարձրանում է ոգին, իսկ ավելի վեր՝ Առաջնաէությունը, և իմաստասիրության բարձրագույն աստիճանը ձեռք է բերվում միստիկական հափշտակվածության շնորհիվ (Ամոնիոս Սակասը, Հիպատիան՝ Եգիպտոսում, Պլոտինը (205-270թ.թ.)՝ Հռոմում, Յաբլիխոսը (3-4-րդ դ.դ.)՝ Սիրիայում, Պրոկլեսը (410-485թ.թ.)՝ Աթենքում).

(4)  Գերմանական դասական իդեալիզմի նախահայրը՝ Իմանուիլ Կանտը (1724-1804) գտնում էր, որ բանականությունը իր էությամբ երկատվում է հակասությունների մեջ, սակայն դրանք սոսկ թվացյալ են։ Առեղծվածի լուծումը իմացության սահմանափակումն է հագուտ հավատի։ Աստծու գոյությունն անապացուցելի է իմացության համար և միևնույն ժամանակ հավատի անհրաժեշտ կանխադրույթն է, որի վրա հիմնվում է աշխարհում բարոյակարգի գոյության մեր համոզմունքը։ Այդ պատճառով էլ բարոյագիտության մեջ Կանտը հիմնական օրենք էր հռչակում անպայմանական հրամանը (կատեգորիկ իմպերատիվը), որը ցանկալի էր, որ դառնար վարքի համընդհանուր օրենք.

(5)  Փիլիսոփայական դիալեկտիկայի հիմնադիր, գերմանական դասական փիլիսոփայության ականավոր ներկայացուցիչ Գեորգ Հեգելը (1770-1831), բնության և հասարակության բոլոր երևույթների հիմքում ընդունելով «Բացարձակ իդեան» կամ «Համաշխարհային ոգին», նրա գործունեությունը տեսնում էր ինքնաճանաչողության մեջ, որի զարգացման էտապներն են՝

-  Իդեայի զարգացումն իր ներսում, որտեղ նա իր բովանդակությունը բացահայտում է տրամաբանական կատեգորիաների համակարգում (Տրամաբանություն).

-  Իդեայի զարգացումը բնության ձևով, որը ծառայում է որպես տրամաբանական կատեգորիաների արտաքին դրսևորում (Բնության փիլիսոփայություն).

-  Իդեայի զարգացումը մտածողության և պատմության («Ոգու») մեջ, որով ավարտվում է նրա ինքնազարգացումն ու ինքնաճանաչողությունը (Ոգու փիլիսոփայություն).

ե)   Փիլիսոփայական միստիցիզմը (խորհրդապաշտություն) կապված է Բեռնար Քլերվուդի (1091-1153), Ի. Էկարտի (1260-1327), Ի. Թաուլերի (1300-1361) և այլոց հետ, ովքեր ճանաչողության բարձրագույն ձև են համարում խորհրդապաշտական ներըմբռնումը, որի մեջ բացահայտվում է Աստծու ռեալությունը։ Խորհրդապաշտները, սակայն, իրենց տեսնում են «Մեծ Ես»-ի հետ նույնացած, այլ խոսքով՝ աստվածացնում են իրենց ներքին «ես»-ին և մնում Աստծու ճշմարիտ ճանաչողությունից հեռու.

զ)   Նշված տեսությունները թեև մի կողմից՝ բացահայտում են մարդու ներհայեցողական համոզումները, սակայն մյուս կողմից՝ վեր են հանում նրա անկարողությունն՝ Աստծու ճշմարիտ ճանաչողությանը գալու.

-  Մատերիալիստական պանթեիզմը բնությունն աստվածացնելով, անտեսում է բնության Աստծուն և հավիտենական է հռչակում արարածին՝ Արարչի փոխարեն.

-  Հիլոզոիզմն աստվածացնում է կյանքի սկզբունքը՝ մոռացության մատնելով Կյանքի Աղբյուրին, իսկ պանփսիխիզմն ամենը հոգևորի է վերածում՝ նսեմացնելով Աստծու Հոգուն.

-  Նեյտրալիզմը (չեզոքության տեսությունը) աստվածացնում է մի ինչ-որ չեզոք հիմք՝ նրա հետևում չտեսնելով Բարձրյալին.

-  Իդեալիզմը աստվածության աստիճանի է բարձրացնում բանականությունը՝ չնկատելով Բարձրագույն բանականությունը կրող Աստվածային Անձին.

-  Փիլիսոփայական խորհրդապաշտությունը մարդուն աստված է դարձնում՝ անհաղորդ մնալով Ճշմարիտ Աստծուն։

 

 

2)         Պոլիթեիստական (բազմաստվածություն).

Հին կրոններից շատերը Եգիպտոսում, Ասորեստանում, Բաբելոնում, Հունաստանում, Հռոմում և այլուր բազմաստվածական են եղել։ Հաճախ նրանցում պաշտել են արարածներին՝ կռապաշտության հետևելով։ Աստվածաշնչում հանդիպում ենք Քանանի նախկին բնակիչների և փղշտացիների կռապաշտությանը։

Հեթանոսական չաստվածներին հատուկ են եղել մարդկային թուլությունները։ Երբեմն նրանց հետևում կանգնած են եղել դիվային ուժերը։ Նրանց միջև եղել է որոշակի դերաբաշխում։ Հունական դիցարանում Զևսը երկնքի տերն էր, Պոսեյդոնը՝ ծովերի, Աիդը՝ ստորերկյա թագավորության, Հերան ընտանիքի հովանավորն էր, Դեմետրիան՝ պտղաբերության, Աթենասը՝ արհեստների, Հերմեսը՝ առևտրի, Ապոլոնը՝ արվեստի, Արեսը՝ ռազմի, Աֆրոդիտեն՝ սիրո, Դիոնիսիոսը՝ բուսականության և այլն։

Հռոմեական դիցարանում Զևսին փոխարինում է Յուպիտերը, Հերային՝ Յունոնա դիցուհին, Դիանան ծննդաբերության հովանավորն էր, Յանուսը ծովագնացության չաստվածն է, Սատուրնուսը՝ երկրագործության, Ֆաունան՝ դաշտերի ու անտառների, Մարսը՝ պատերազմի, Միներվան՝ գիտության, արվեստի և արհեստների, Վեներան՝ այգեգործության, Ֆորտունան՝ ճակատագրի, Ֆիդեսը՝ հավատարմության, Լիբերտասը՝ ազատության, Պաքսը՝ խաղաղության և այլն։

Հայկական դիցարանն էին կազմում Արամազդը, Անահիտը, Աստղիկը, Վահագնը, Տիրը և ուրիշները (ի դեպ, այն այսօր վերապաշտվում է՝ ի դեմս նորաստեղծ հեթանոսական համայնքի)։

Եգիպտական աստվածություններն էին Օսիրիսը՝ բնության, Իսիսը՝ պտղաբերության ու մայրության և այլն։

Աստծու խոսքը մերժում է բազմաստվածությունն ու կռապաշտությունը՝ դրանց հակադրելով Ճշմարիտ Աստծու պաշտամունքը (Ել.20.3։ 2 Օր.5.7)։ Միաժամանակ կոչ է անում կործանել կուռքերը և կռատները (Ել.23.32։ 2 Օր.6.14։7.4,25), որոնք տանում են անեծքի և հարուցում Աստծու բարկությունը (2Օր.11.28։28.14).

3)    Դուալիստական.

Դուալիզմը ընդունում է հոգևորը և մատերիան, իդեան և նյութը՝ որպես երկու ինքնուրույն, անկախ, համազոր, հավիտենական սկզբնապատճառներ, որոնք միմյանց նկատմամբ գտնվում են հակամարտության մեջ։ Իմացության տեսության մեջ դրանք միտքը և առարկան են, բարոյագիտության մեջ՝ բարին և չարը։ Դուալիստ են ֆրանսիացի փիլիսոփա Ռենե Դեկարտը (1596-1650) և գերմանացի փիլիսոփա Իմանուիլ Կանտը (1724-1804).

4)    Դեիստական.

Դեիզմն ընդունում է Աստծու գոյությունն իբրև աշխարհի անդեմ սկզբնապատճառի։ Ըստ դեիզմի՝ Աստված, արարելով աշխարհը և օժտելով այն օրենքներով, այնուհետև թողել է այն այդ օրենքների գործողությանը։ Այն մերժում է Աստվածաշնչի՝ Աստծու մասնավոր հայտնություն լինելը։

Դեիզմի նախահայրն է եղել Հ.Չերբերին (1583-1648)։ Ֆրանսիայում նրա ներկայացուցիչներն էին Վոլտերն ու Ռուսոն, Անգլիայում՝ Լոկը, Թոլանդը, Շեֆսթբերին, Ռուսաստանում՝ Ա.Ն.Ռադիշչևը, Ի.Ֆ.Երտովը և ուրիշներ։

Եզրակացություն.

-  Պոլիթեիզմը, ստեղծելով շատ չաստվածներ, չի ճանաչում Միակ Կենդանի Աստծուն.

-  Դուալիզմը, ընդունելով 2 հավասարազոր սկզբնապատճառների գոյությունը, անտեղյակ է մնում Շնորհաց Աստծու հաղթական սիրուն.

-  Դեիզմը, դավանելով Իր արարածներին բախտի քմահաճույքին հանձնած Ստեղծիչի, անմասն է մնում Նրա հայրական հոգածությանն ու քաղցրությանը։

բ.   Ոչ թեիստական (Աստծու անձնավորությունը և նախախնամությունը մերժող) հայացքներ.

1)    Աթեիստական (Աստվածամերժական).

ա)   Հին հունական մատերիալիստական փիլիսոփաներ Թալեսը (Ք.ծ.ա. 624-547), Անաքսիմանդրը (Ք.ծ.ա. 610-546), Պարմենիդեսը (Ք.ծ.ա. VI-Vդ.դ.), Հերակլիտը (Ք.ծ.ա. 544-483) ընդունում էին, որ աշխարհի հիմքում ընկած է նյութական սկիզբը, ինչը ստեղծված չէ Արարչի կողմից։ Քսենոփանեսը (Ք.ծ.ա. VI-Vդ.դ.) գտնում է, թե մարդն է ստեղծել Աստծուն իր պատկերով և նմանությամբ։

Դեմոկրիտը (Ք.ծ.ա. 460-370) և Էպիկուրը (Ք.ծ.ա. 341-270) աշխարհում ատոմներից ու դատարկությունից բացի ոչինչ չէին տեսնում և ժխտում էին հոգու անմահությունը։ Առ Աստված հավատքի պատճառը նրանցից առաջինը տեսնում էր ֆիզիկական երևույթների, իսկ երկրորդը՝ մահվան հանդեպ վախի ու սարսափի մեջ։ Լուկրեցիուս Կարուսը (Ք.ծ.ա. 99-55) իր «Իրերի բնության մասին» պոեմում պաշտպանում էր մատերիական աշխարհի օբյեկտիվ գոյությունը.

բ)     XVIIդ. անգլիացի մատերիալիստ փիլիսոփա Թ. Հոբսը (1588-1679) ժխտում էր հոգու՝ որպես հատուկ սուբստանցիայի գոյությունը և Աստծու հավատը համարում երևակայության արդյունք։ Ջ. Լոկը (1632-1704) բոլոր գաղափարների միակ աղբյուր է հայտարարում փորձը։

XVIII դ. ֆրանսիացի մատերիալիստ փիլիսոփա Պ. Հոլբախը (1723-89) կրոնի առաջացումը բացատրում էր տգիտությամբ, ոմանց սարսափով և մյուսների խաբեությամբ։ Ժ. Լամերտին (1709-51) մատերիայի ձևերի մեջ է մտցնում նաև մարդուն և նրա ու անօրգանական, բուսական, կենդանական թագավորությունների միջև որակական տարբերություն չի տեսնում։

XIX դ. գերմանացի մատերիալիստ փիլիփսոփա Լ. Ֆոյերբախը (1804-72) մարդուն դիտում է որպես փիլիսոփայության միակ, համընդհանուր և բարձրագույն առարկա, իսկ կրոնը՝ իբրև մարդկային հատկությունների օտարում։ Մարդը երկատվում է և, հանձին Աստծու, հայում իր սեփական էությանը՝ կրոնը դարձնելով իր «անգիտակցական ինքնագիտակցությունը»։ Մարտնչող աթեիստներ էին ռուս հեղափոխական դեմոկրատները՝ Վ. Բելինսկին, Ա. Գերցենը, Ն. Չերնիշևսկին, Ն. Դոբրոլյուբովը, Դ. Պիսարևը.

գ)    Աթեիզմի «բարձրագույն» ձևը մարքսիստական աթեիզմն է։ Լենինը գրել է, թե մարքսիզմը կրոնի անողոք թշնամին է և կոչված է հավատի և կրոնի աղբյուրը բացատրել մատերիալիստորեն։

Այն մարդու մոտ դաստիարակում է վստահություն սեփական ուժերի նկատմամբ, մարդուն դարձնում մարդու համար բարձրագույն էակ (Մարքս)։ Այն, սոցիալիզմի զարգացմանը զուգընթաց, կանխատեսում է կրոնի մահացումն ու անհետացումը։

Այս ողջ անհեթեթությանը կարելի է պատասխանել սաղմոսերգուի խոսքով. «Անզգամն ասաց իր սրտում, թե՝ Աստված չկա. նրանք ապականվեցին և գարշելի եղան իրենց գործերով» (Սաղմ.14.1).

2)    Ագնոստիկական (Աստծու գոյության ու բնության և աշխարհի անճանաչելիության).

Ծագել է հին հունական փիլիսոփայության մեջ սկեպտիցիզմի (հունարեն՝ կասկած բառից) ձևով։ Պիռոնը (Ք.ծ.ա. 365-275) գտնում էր, թե լավ է ձեռնպահ մնալ իրերի մասին ամեն մի դատողությունից՝ դրանով ձեռք բերելու համար հոգեկան անդորր։

Ագնոստիցիզմ (հունարեն՝ ոչ իմացություն) եզրը մտցրել է անգլիացի բնագետ Հեքսլին։

Անդրադառնանք ագնոստիցիզմի 3 ուղղություններին.

ա)   Պոզիտիվիզմ.

Իմացության ճշմարիտ, իրական աղբյուրը համարում է փաստը։ Այն հասկացությունները, ներառյալ աստվածաբանական, որոնք չեն կարող ստուգվել փորձով, հայտարարում է կեղծ։ Հավակնում է նոր (պոզիտիվ՝ դրական) փիլիսոփայության կառուցման։ Հիմնադիրը Կոնտն էր (1798-1857), ով պահանջում էր հրաժարվել բացարձակ իմացությունից։ Պոզիտիվիզմի II փուլի՝ Էմպիրիոկրիտիցիզմի (փորձաքննադատության) ներկայացուցիչներից էր Մախը (1838-1916), ով առաջ էր քաշում աշխարհի՝ որպես չեզոք տարրերի կամ զգայությունների համախմբության պատկերացումը։ Այսօր նեոպոզիտիվիզմը հեռանում է իրական պրոբլեմների լուծումներից և տեղափոխվում դեպի տրամաբանական հետազոտությունները։ Քանի որ բարին ու չարը չեն ընկալվում զգայարաններով ու ստուգվում գիտափորձով, նեոպոզիտիվիստները դրանք հայտարարում են բովանդակազուրկ ու անիմաստ։ Նրանք եզրակացնում են, թե յուրաքանչյուր ոք ազատ է հետևելու բարոյականության մեջ ցանկացած տեսակետի (Այեր՝1910-1989, Կառնապ՝1891-1970, Ռայխենբախ՝ 1891-1953).

բ)     Պրագմատիզմ.

Այն ճշմարտության արժեքը որոշում է օգտակարությամբ (Պիրս՝ 1839-1914)։ Ջեմսը (1842-1910) քարոզում է, թե ճշմարտությունն այն է, ինչը լավ է աշխատում մեզ համար և ամենից ավելի հարմար։

Շիլլերը (1864-1937), ով ողջունել է ֆաշիզմը՝ որպես «գերմարդու» ստեղծման ուղի, պրակտիկ օգտակարության տակ հասկանում է այն, ինչ բավարարում է անհատի սուբյեկտիվ շահերը։ Այս տեսությունը մերժում է Աստծու մասնավոր հայտնությունը և գտնում, թե մարդը չի կարող բացահայտել իր համար Աստծուն, եթե Նա անգամ գոյություն ունի։

գ)    Էկզիստենցիալիզմ (Գոյության փիլիսոփայություն).

Տարբերում են կրոնական (Մարսել, Յասպերս, Բերդյաև) և աթեիստական Էկզիստենցիալիզմ (Հայդեգեր, Սարտր, Կամյու)։

Կամյուն (1913-60) հանգում է այն եզրակացության, որ մարդու գոյությունն անհեթեթություն է։ Մարդկային կյանքի անիմաստությունը Կամյուի մոտ մարմնավորում է Սիզիֆի առասպելական կերպարը. իբրև պատիժ խարդախության համար Սիզիֆը պիտի գլորելով սարի գլուխը բարձրացներ մի քար, որը նորից ներքև է գլորվում։ Այստեղից՝ մարդու անելանելի միայնակության տրամադրությունը։ Հայդեգերը (1889-1976) մարդկային անձի ի սկզբանե ձևերն է համարում հոգսը, տագնապը, սարսափը։ Կեցության իմաստն ընդունելու համար մարդը պիտի գիտակցի իր «փուչությունը» և մահվան դեմ հանդիման գա։

Սարտրը (1905-1980) ժխտում է բարոյականության օբյեկտիվ սկզբունքները և կարծում, թե յուրաքանչյուր մարդ պիտի ընտրի իր սեփական բարոյականությունը։

Ըստ Յասպերսի (1883-1969)՝ կեցության իսկական իմաստը մարդու համար ի հայտ է գալիս շատ խոր ցնցումների ժամանակ (հիվանդություն, մահ, անքավելի մեղք)։

Մարդն ազատվում է իր ամենօրյա հոգսերի բեռից և նրա առջև բացվում է իր գոյության աշխարհը (էկզիստենցիալ պայծառացում)։ Նա կանգնում է սահմանամերձ իրադրության մեջ, որը թույլ է տալիս անհատին շփվել Աստծու հետ։ Ինչպես տեսնում ենք, եթե կյանքի ցնցումները աթեիստ էքզիստենցիալիստին ասում են նրա անհեթեթության և բարոյականության մեջ կամայականության մասին, ապա կրոնական էկզիստենցիալիզմի դեպքում դառնում են Աստծու ապրումների անհրաժեշտ պայման։

Եզրակացություն. Աթեիստը, մերժելով Աստծուն, ինքն է կամենում զբաղեցնել Նրա տեղը (Հիշենք Բաբելոնի աշտարակաշինության մոլուցքը Ծննդ.11.4-ում)։ Ագնոստիցիզմը պոզիտիվիզմի դրսևորումով մերժում է Աստծու հայտնությունը հոգով ընկալելու ճանապարհը։ Պրագմատիզմը միտված է մարդու էգոիստական նկրտումների բավարարմանը։ Իսկ Էկզիստենցիալիզմը Աստծու հայտնությունը փոխարինում է «սահմանային իրադրություններով»։

 

 

4.  Աստծու անունները.

Աստծու ինքնահայտնության կարևոր ոլորտներից մեկը կապված է Նրա անունների հետ, իսկ Սուրբ Գրքում անունները միշտ ներկայացնում են անձնավորության էությունը։ Աստծու անունները հիմնականում դասակարգվում են երկու խմբի՝ Էլոհիստական (Արարչագործական) և Եհովիստական (Փրկագործական).

ա. Աստծու Էլոհիստական անունները.

Էլոհիստական անունները կապված են Աստծու և Նրա արարածների փոխհարաբերությունների հետ։ Էլ նշանակում է ուժեղ, կարող և հզոր, իսկ Էլոհիմը նրա հոգնակի թիվն է, որն ակնարկում է Աստվածության Անձերի հոգնակիության (եռամեկության) մասին։ Քոնները բերում է Էլոհիստական անունների հետևյալ ցանկը.

1)      Էլ՝ ուժեղ, կարող և հզոր։ Հայր Աստծու համար օգտագործվում է Ծննդ.14.18-22-ում, Որդու համար՝ Ես.7.14, 9.6-9-ում, Սուրբ Հոգու համար՝ Հոբ 33.4,37.10-ում.

2)      Էլոհիմ՝ Հին կտակարանում օգտագործվում է 2500 անգամ (Ծննդ.1.1։ Ելից 3.1-6,15։ Սաղմ.45.2,6).

3)      Էլոա՝ Միակ Աստված (2 Օր.32.15։ Դան.2.11).

4)      Էլ-Գիբոր՝ Կարող և Մեծ Աստված (Ես.9.6։Երեմ.32.18,19).

5)      Էլ-Էլիոն՝ Ծննդ.14.18.

6)      Էլոհիմ-Էլիոն՝ Սաղմ.91.1,2։78.56.

7)      Էլ-Ռոի՝ Ամենատես Աստված (Ծննդ.16.13,14)՝ Աստծու ամենագիտությունը.

8)      Էլոհիմ-Սաբոաթ՝ Զորաց Աստված (Սաղմ.80.7,14).

9)      Էլ-Օլամ՝ Հավիտենական Աստված (Ծննդ.21.33).

10)  Ադոն կամ Ադոնայ՝ Տեր, Կառավարիչ (Սաղմ.147.5։86.12).

11)  Էլ-Շադայ՝ Ամենակարող, Ամենաբավ Աստված (Ծննդ.17.1)՝ Աստծու կենսամատակարարումը.

12)  Էլ-Բեթել՝ Աստծու տան Աստված (Ծննդ.31.13։35.7).

13)  Էլ-Էլոէ-Իսրայել՝ Իսրայելի Տեր Աստված (Ծննդ.33.20).

14)  Էմանու-Էլ՝ Աստված մեզ հետ (Ես.7.14։Մաթ.1.21-23)՝ Մարդեղացած Լոգոսը (Հովհ.1.1-3,14-18

բ.  Աստծու Եհովիստական անունները.

Աստծու այս անունները խոսում են մարդու փրկագործական կարիքների բավարարման մասին։ Եհովա անունը Հին կտակարանում օգտագործվում է 6823 անգամ, որ սովորաբար թարգմանվում է Տեր։ Հրեաները այն չէին արտասանում։ Եբրայերենում նշվել է 4 տառով՝ JHVH կամ YHWH.

1)      Եհովա (Յահվե, Տեր)՝ Ես Եմ Է-ն (Ելից 3.14-15), Մշտագո (Մաղաք.3.6), Է.

2)      Յահ՝ Եհովա անվան կրճատ ձևը (Ելից 15.2։17.6։Սաղմ.68.4).

3)      Յահ-Եհովա՝ Տեր Եհովա (կրկնակի շեշտադրությամբ՝ Ես.12.2։26.4).

4)      Յահ-Էլոհիմ՝ Տեր Աստված (Սաղմ.68.18).

5)      Եհովա-Էլոհիմ՝ Տեր Աստված, Փրկիչ-Արարիչ (Ծննդ.2.4).

6)      Եհովա-Էլոհիմ-Սաբոաթ՝ Զորաց Տեր Աստվածը (Սաղմ.84.8։Երեմ.15.16).

7)      Ադոնայ-Եհովա-Սաբոաթ՝ Տիրակալ Աստված (Սաղմ.69.6).

8)      Եհովա-Սաբոաթ՝ Զորաց Տերը (1 Թագ.1.3։Սաղմ.24.10։84.1,3).

9)      Եհովա-Էլիոն՝ Բարձրյալ Տերը (Սաղմ.7.17).

10)  Եհովա-Հոսենու՝ Տերը՝ մեր Ստեղծիչը (Սաղմ.95.6), Ստեղծիչ Տերը.

11)  Եհովա-Գիբոր՝ Ամենակարող Տերը (Ես.42.13).

12)  Եհովա-Կանա՝ Նախանձավոր Տերը (Ել.20.5։34.14։2 Օր.5.9).

13)  Եհովա-Շաֆաթ՝ Դատավոր Տերը (Դատ.11.27).

14)  Եհովա-Յիրե՝ Տերը տեսնում է, Երաշխավոր Տերը (Ծննդ.22.14).

15)  Եհովա-Րաֆա՝ Տերը՝ մեր Բժիշկը (Ել.15.26), Բժիշկ Տերը.

16)  Եհովա-Նիսի՝ Տերը՝ մեր Դրոշը (Ել.17.15), Հաղթության Տերը.

17)  Եհովա-Շալոմ՝ Տերը՝ մեր Խաղաղությունը (Դատ.6.24), Խաղաղության Տերը.

18)  Եհովա-Րաահ՝ Տերը՝ մեր Հովիվը (Սաղմ.23.1), Հովիվ Տերը.

19)  Եհովա-Ցիդկենում՝ Տերը՝ մեր Արդարությունը (Երեմ.23.6), Արդարացնող Տերը.

20)  Եհովա-Շամահ՝ Տերն այնտեղ է (Եզեկ.48.35), Իր ներկայությունը հայտնող Տերը.

21)  Եհովա-Մեկադեսկում՝ Սրբացնող Տերը (Ել.31.13։14.28

գ.  Տեր Հիսուս (Եհոշուա) - Քրիստոս՝ Օծյալ Փրկիչ Աստված (Մաթ.1.21։ Գործք.2.34-36։ Եփես.1.20,21։ Ղուկ.2.11,26,27) անունը մարդուն հայտնված մեծագույն անունն է, որն իր մեջ պարունակում է փրկագործական բոլոր անունները.

Հիսուս Քրիստոսի անունով և անձով է Աստված բավարարում մեր բոլոր կարիքները՝ այն դարձնելով հինկտակարանական անունների ավարտունությունը (Կող.1.19։2.9։ Մաթ.28.19,20

 

5.  Աստծու ստորոգելիները (հատկանիշները).

Գոյություն ունեն Աստծու ստորոգելիների դասակարգման մի քանի համակարգ։ Դրանք են՝

-          հաղորդվող և չհաղորդվող հատկանիշներ (կամ՝ մեծ չափով հաղորդվող և չհաղորդվող),

-          իմանենտ կամ անանցողական և էմանենտ կամ անցողական հատկանիշներ (Առաջինները ներհատուկ են Աստծու բնությանը, երկրորդները պահանջում են ներգործություն արարածների նկատմամբ),

-          բացարձակ և հարաբերական հատկանիշներ (Առաջինները հատուկ են Աստծուն՝ անկախ արարման նպատակներից, երկրորդները դրսևորվում են արարածների հետ հարաբերության մեջ),

-          ընդհանուր-բնական և բարոյական հատկանիշներ (Առաջինները չեն վերաբերվում բարոյականության ոլորտին, երկրորդները կապված են դրա հետ)։

ա. Աստծու ընդհանուր-բնական հատկանիշները.

Կարելի է խմբավորել՝ ըստ հետևյալ խմբերի՝ Աստծու կեցությունը բնութագրող, ինտելեկտուալ և նպատակային։

1)   Աստծու կեցությունը բնութագրող հատկանիշներ.

ա)  Աստված Հոգի է (2Կոր.3.17).

(1)  Հովհ.4.24-ում սամարացի կնոջ հետ խոսելիս Հիսուսն ասում է. «Աստված Հոգի է, և Նրան ճշմարիտ երկրպագողները պիտի երկրպագեն հոգով և ճշմարտությամբ»։ Դա նշանակում է, որ ճշմարիտ երկրպագությունը կապված չէ վայրի հետ, և Աստված չի կարող սահմանափակվել տարածական, անգամ, անվերջ շրջանակներով (Սաղմ.139.7-10։ Գործք.17.24)։ Այդ պատճառով էլ Տասնաբանյայում Տերն արգելում է Իր ժողովրդին Իրեն նմանեցնել Իր արարածներից որևէ մեկի հետ (Ելից 20.4-6՝ «Կուռքեր չշինե՛ս…»։ Կուռք բառը բնագրում՝ «պատկեր»)։ Հիշենք, որ մեր ժամանակներում մորմոնները պնդում են, թե Հայր Աստված մարմին ունի։ Մինչդեռ, Նա նաև միտք չէ և ճիշտ մեր հոգու նման էլ չէ, այլ՝ կեցության Էությունն ու Լիությունը, որ մեր մարմնավոր և շնչավոր զգայարաններին անընկալելի լինելով՝ առավել իրական է, քան ցանկացած նյութական կամ աննյութական արարածի գոյությունը։

(2)  Երկնավոր Հայրը մեզ օժտել է հոգով՝ Իրեն երկրպագելու, և վերածնելով՝ Իրեն միանալու համար (1Կոր.6.17)։ Եվ այնուամենայնիվ Սուրբ Գրքում կան Արարչի անտրոպոմորֆ (մարդակերպ) նկարագրությունների հատվածներ (Նրա դեմքի, ձեռքի մասին և այլն)՝ Աստծու մասին ճշմարտությունները մարդկային համանմանությունների միջոցով արտահայտելու նպատակով.

(3)  Մի կողմից՝ Սուրբ Գրքում կան հատվածներ Աստծու անտեսանելիության մասին (Հովհ.1.18՝ «Աստծուն ոչ ոք երբեք չի տեսել», 1Տիմ.1.17՝ «Բայց Հավիտենական Թագավորին՝ այն Անեղծին ու Աներևույթին, այն Մեկ Աստծուն, լինի պատիվ և փառք հավիտյանս հավիտենից», 1Տիմ.6.16՝ «Որ միայն Նա անմահություն ունի, անմատույց լույսի մեջ բնակված, որ մարդկանցից ոչ ոք չտեսավ…»), մյուս կողմից՝ Հին կտակարանում կան Աստվածհայտնության (Թեոֆանիա) բազմաթիվ դեպքեր (Ելից.33.11-ում կարդում ենք՝ «Եվ Տերը դեմ առ դեմ խոսում էր Մովսեսի հետ, ինչպես մեկը՝ իր բարեկամի հետ», Ծննդ.18-ում Նա հայտնվում է Աբրահամին, 32-ում՝ Հակոբին, Ես.6.1-ում՝ Եսայի մարգարեին և այլն)։ Ավելին, Ավետարանում Հիսուսն ասում է՝ «Ինձ տեսնողը Հորը տեսավ» (Հովհ.14.9), Կող.1.15-ում Հիսուս ներկայացված է որպես «աներևույթ Աստծու պատկեր», Եբր.1.3-ում՝ Նրա էության Նկարագիրը։ Այսպիսով, քանի որ Աստծու խոսքում կարդում ենք Բարձրյալի անքննելիության մասին (Սաղմ.145.3՝ «Նրա մեծությանը չափ չկա», 1Տիմ.6.16՝ «Որ միայն Նա անմահություն ունի, անմատույց լույսի մեջ բնակված, որ մարդկանցից ոչ ոք չտեսավ, ոչ էլ կարող է տեսնել», Հռ.11.33՝ «Ով Աստծու մեծության… խորությունը»), ապա ինչպիսին էլ լինի հայտնությունը, սպառիչ պատկերացում չենք ստանա Աստծու մասին։ Եվ այնուամենայնիվ, մեզ խոստացված է իրական ու կատարյալ հաղորդակցության հավիտենական վայելք Տիրոջ հետ (Հայտն.22.3,4՝ «Աստծու և Գառի աթոռը նրանում կլինի, և Նրա ծառաները կպաշտեն Նրան։ Եվ Նրա երեսը կտեսնեն…». Սաղմ.16.11՝ «Քո երեսի առջև ուրախության լիություն կա և Քո աջ կողմը՝ քաղցրություն հավիտյան»).

բ)   Աստված անձ է (Ել.32.13։ 2Կոր.4.5,6) և, հետևաբար, ունի բանականություն (Հռ.11.34; Ես.40.13,14), զգացմունքներ (Եր.31.20; Հովհ.3.16) ու կամք (Հռ.12.2; Եփ.5.17)

(1)  Տերը փափագում է մեզ հետ հարաբերվել որպես անձերի, այն դեպքում երբ դեիստական պատկերացումներով Աստված անձամբ չի միջամտում աշխարհի գործերին։ Պանթեիզմը Նրան անդեմ է համարում։ Հինդուիզմն, օրինակ, ընդունում է, որ ռեալությունը Բրահման է, և մարդը կապվում է ռեալության, ամբողջի հետ ներքին հայեցողությամբ։ Այդ գործընթացի նպատակը ինքնագիտակցության կորուստն է և ընկղմումը ամբողջի մեջ։ Նիրվանան հենց այն փուլն է, երբ անհետանում են անձնական ձգտումները և մարդը հանգստի մեջ է մտնում։ Իր հերթին Գեորգ Հեգելը, ում փիլիսոփայությունը մեծ ազդեցություն է թողել 19-րդ դարի աստվածաբանության վրա, հավատալով Բացարձակ իդեային կամ Հոգուն՝ չէր ընդունում Նրա անձնավոր լինելը։ Չարլզ Հարթշորնը և «Գործընթացի աստվածաբանության» նրա հետևորդները Արարչի անձնավոր լինելու պայմանը համարում են Նրա փոփոխականությունը.

(2)  Աստծու անձնավոր բնույթը Սուրբ Գրքում արտահայտվում է մասնավորապես այն բանով, որ Նա անուն ունի, որով հայտնվում է։ Ելից 3.14-ում Նա անվանվում է Է. Ծննդ.4.24-ում ասվում է, որ մարդիկ սկսում են կանչել Տիրոջ անունը։ Ելից 20.7-ում պատվիրվում է Տիրոջ անունը անտեղի չկանչել։ Եվ միշտ Աստծու անունները արտահայտում են Նրա էության անձնավորվածությունը։

(3)  Հովհ.17.6,26-ում Հիսուս հայտնում է Աստծուն՝ որպես Հոր, Կյանքի աղբյուրի, Ումից շատ զավակներ պիտի ծնվեն (Հովհ.1.12,13)։ Այնպես որ մեր հարաբերություններին հատուկ պիտի լինեն սիրո ջերմությունը և ըմբռնումը։ Մեր Երկնավոր Հորը պիտի սիրենք ոչ թե այն բանի համար, թե ինչ կարող է անել, այլ այն բանի համար, թե ո՞վ է նա (Մաթ.22.37,38՝ «Սիրի՛ր քո Տեր Աստծուն ողջ սրտով, անձով և մտքով…»).

գ)   Հավիտենական էª անսկիզբ ու անվերջ (2Օր.33.27։ Եր.10.10).

(1)  Այս հատկանիշը արտացոլված է Տիրոջ՝ Էլ-Օլամ (Հավիտենական Աստված) անվան մեջ։ Աստծու կեցությունը արտաժամանակային բնույթ ունի (Սաղմ.90.2՝ «Հավիտյանս հավիտենից Դու ես Աստված». Հայտն.1.8՝ «Ես եմ Ալֆան և Օմեգան, Սկիզբը և Վերջը… Նա որ է, որ էր և որ գալու է»)։ Հիսուսը, պատասխանելով Իր ընդդիմախոսներին, բայն օգտագործեց ներկա ժամանակով. «Աբրահամի լինելուց առաջ եմ Ես» (Հովհ.8.58)։ Դա Աստծու անվան (Ես եմ, Ով է) բացահայտ հռչակումն էր (Ելից3.14), ինչն արտահայտում է Նրա հավերժ ներկա գոյությունը։ Էյնշտեյնի Հարաբերականության տեսության համաձայն՝ նյութը, ժամանակը և տարածությունը գոյություն են ունենում միաժամանակ. եթե չկա նյութը, ապա չկա ո՛չ տարածությունը, ո՛չ ժամանակը։ Այսպիսով, մինչև Աստծու կողմից աշխարհի ստեղծումը ժամանակը չի եղել։ Այն ստեղծվել է տիեզերքի հետ միասին։ Այնպես որ Աստծու կեցության մեջ չկա ժամանակի ակնթարթների հաջորդականություն և մի վիճակից մյուսի փոփոխություն։ Նրա ողջ գոյությունը հավերժ ներկա է։

Սաղմ.90.4-ում կարդում ենք. «Հազար տարին Քո առջև երեկվա օրվա նման է…». այստեղից՝ արարչագործությունից հետո ընկած ժամանակաշրջանը Աստծու համար նույնն է, ինչ հենց նոր կատարվածը և այդպիսին կլինի նաև գալիք հավիտենության մեջ։ Ավելին. 2Պետ.3.8-ում կարդում ենք, որ Տիրոջ մոտ 1 օրն էլ 1000 տարվա չափ է, այսինքն այն չի ավարտվում, այլ մշտապես ընթանում է և Նրա կողմից ընկալվում որպես հավերժ ներկա։ Ես.46.9,10-ում կարդում ենք. «Ես եմ Աստվածը… որ պատմում եմ վերջինը սկզբից ու դեռ չեղածը՝ առաջվանից»։ Հետևաբար, Աստծու կեցությունը, ինչպես նշվեց, վեր է կանգնած ժամանակից և արտաժամանակային բնույթ ունի։

(2)  Այնուամենայնիվ, Աստված իրադարձությունները տեսնում և գործում է ժամանակի մեջ։ Պողոս առաքյալը Գաղ.4.4-ում գրում է. «Երբ ժամանակի լրումը եկավ, Աստված ուղարկեց Իր Որդուն…»։ Իսկ Գործք.17.30,31-ում Պողոսն ասում է աթենացիներին. «Բայց Աստված, տգիտության ժամանակներն անտես անելով, հիմա մարդկանց պատվիրում է՝ ամենին ամեն տեղ ապաշխարել։ Մեկ օր հաստատեց, որ նրանում աշխարհը արդարությամբ պիտի դատի այն Մարդու ձեռքով, որ սահմանեց»։ Այս պնդման մեջ մենք հանդիպում ենք Աստծու թե՛ անցյալ, թե՛ ներկա և թե՛ ապագա գործողություններին։ Կարելի է ասել, որ ողջ Աստվածաշունչը պատմում է, թե ինչպես է Աստված գործել Իր ժողովրդի փրկության համար։ Այսպիսով, Աստված մի կողմից՝ վեր է կանգնած ժամանակից, մյուս կողմից՝ տեսնում է իրադարձությունների զարգացումը ժամանակի մեջ և ըստ այդմ գործում ժամանակի տարբեր պահերին։ Նա, Ով ստեղծել է ժամանակը, կառավարում է այն և օգտագործում Իր նպատակների համար. Նա է ժամանակի Տերը և այն օգտագործում է Իր փառքը ցույց տալու համար, որպեսզի մենք կարողանանք գնահատել Նրա մեծ իմաստությունը, երկայնամտությունը, հավատարմությունը և իշխանությունը։

(3)  Մենք կոչված ենք գոյություն ունենալ ժամանակի մեջ։ Ոմանք կարծում են, որ Նոր երկնքում և երկրում ժամանակ չի լինի։ Չէ՞ որ Հայտն.21.25-ում կարդում ենք. «…Գիշեր չի լինի այնտեղ»։ Սակայն նույն հատվածում (21.24) ավելացվում է, որ փրկյալները Նրա լույսով պիտի քայլեն, և երկրի թագավորները իրենց փառքն ու պատիվը կբերեն նրա մեջ։ Իսկ Կենաց ծառի մասին ասվում է, որ յուրաքանչյուր ամիս տալու է իր պտուղը (Հայտն.22.2)։ Հետևաբար, այնտեղ իրադարձությունները տեղի կունենան հաջորդաբար։ Մենք կլինենք հավիտենական կյանքի վիճակում և մշտապես կուրախանանք Աստծու ներկայության մեջ. «Եվ կթագավորեն հավիտյանս հավիտենից» (Հայտն.22.5).

դ)   Ինքնաբավ է (ասեիզմ) և ինքնագո.

(1)  Այս հատկանիշը ներկայացված է Աստծու՝ Եհովա անվան մեջ։ Տերն ասաց Մովսեսին. «Ես եմ է-ն» (Ելից.3.14)։ Եվ այնուամենայնիվ, Նա այն Վաճառականն է, որ մեզ համարեց Իր թանկագին մարգարիտները առանձին-առանձին (Մաթ.13.45,46) և թանկագին գանձը հավաքաբար (Մաթ.13.44), ում համար տվեց Իր Ամենաթանկին։ Նրա սերը մեր նկատմամբ ոչ միայն Երկնավոր Հոր սեր է Իր զավակների նկատմամբ (Ղուկ.15-ի՝ որդու վերադարձին սպասող Հայրը), այլև Սուրբ Գիրքն այն համեմատում է ամուսնական սիրո հետ. «Փեսան հարսի վրա ուրախանալու պես պետք է քեզ վրա ուրախանա քո Աստվածը» (Ես.62.5).

(2)  Գնել Դուրյանն իր «Մտավորականը և 21-րդ դարը» գրքում նշում է, որ հույն մաթեմատիկոս Ապոլոնիուս Պերգացին (260-170 Ք.ծ.ա.) ստեղծել է կոնական հատույթների ընդհանուր տեսությունը (շրջան, էլիպս, պարաբոլ, հիպերբոլ և այլն)։ Նրանից 1900 տարի հետո աստղագետ Կեպլերը (1571-1630) դրանք գործածեց արեգակնային համաստեղությունում մոլորակների ուղեծրերը նկարագրելու համար։ Դուրյանն անվելացնում է, որ նոբելյան մրցանակի դափնեկիր ֆիզիկոս Վիգները այդ զարմանալի համադրությունը մաթեմատիկայի և բնագիտության միջև այսպես է մեկնաբանում. «Մարդկային ուղեղում ստեղծված թվաբանական տեսության համադրումը բնության մեջ հայտնաբերված օրենքների հետ այնպես է զուգորդվում, որ կարծես այն Աստվածային մի պարգև է՝ մեզ տրված… ո՛չ էլ կարող ենք այն ըմբռնել»։

Ահա այդպես էլ անվերջի մասին մարդու պատկերացումները ասում են նրա իրականության մասին։ Մաթեմատիկայի հիմնավորման փիլիսոփայությունը անվերջը դասակարգում է երկու տեսակի՝ պոտենցիալ և ակտուալ։ Պոտենցիալ անվերջը անսահմանափակ է, մինչդեռ ակտուալը կարող է լինել նրան համարժեք, սակայն սահմանափակ մասը։ Օրինակ՝ հատվածը և ճառագայթը ուղղի համարժեք մասերն են, շրջանը և հարթաչափական այլ հարթ պատկերները՝ հարթության, գունդը, հատվածակողմը (պրիզմա) և տարածաչափական այլ մարմիններ՝ տարածության։ Ընդ որում՝ մաթեմատիկորեն կարելի է ապացուցել, որ ուղղի, հարթության, տարածության նշված մասերի կետերը փոխմիարժեք համապատասխանության մեջ են գտնվում համապասխան ամբողջի կետերի հետ։

(3)  Վերոնշյալ դատողություններից ելնելով՝ կարելի ասել, որ Աստված յուրօրինակ Պոտենցիալ անվերջ է, իսկ մարդը՝ Նրան «համարժեք» ակտուալ անվերջ։ Մարդու մեջ Կենդանի անվերջը թողել է ոչ միայն Իր հետքը, այլև նրան օժտել Իր մասին պատկերացումներով։ Եվ մենք պիտի փառաբանենք Աստծուն Նրա մասնավոր ինքնահայտնության համար (տեսիլքներ, հրաշքներ, Սուրբ Գիրք, Աստվծորդի Հիսուս Քրիստոս, անձնական հոգևոր փորձառություն), ինչն անհնար էր միայն ընդհանուր հայտնությամբ (բնություն, պատմություն, խիղճ, երկրպագության պահանջմունք)։ Աստծու ինքնաբավության և ինքնագո լինելու մասին մասնավոր հայտնության՝ ընդհանուր հայտնության նկատմամբ առավելությունը (կամ ընդհանուր հայտնության սահմանափակությունը) կարելի է ցուցադրել հետևյալ համեմատությունների օգնությամբ.

(ա) Դեռևս Ք.ծ.ա 5-րդ դարում Զենոնը նշում էր մի կետից մյուսը վերջավոր ժամանակում մարմնի շարժման պատկերացման անհնարինության մասին, քանի որ այդ կետերի միջև ընկած են անվերջ թվով կետեր։ Մյուս կողմից՝ շարժումը հեշտությամբ ընկալվում է զգայաբար.

(բ)  Վերջավոր մեծությունների օրինաչափությունները չի կարելի տարածել անվերջի վրա (Օրինակ՝ անիմաստ է դնել անվերջի զույգ կամ կենտ լինելու, ուղղի՝ սկիզբ ունենալու հարցը).

(գ)  Երկչափ տարածության «էակների» կողմից անընկալելի են, ասենք, եռաչափ տարածության «էակները» (Օրինակ՝ մրջյունի համար թիթեռի գոյությունը)։

ե)   Անփոփոխ է.

(1)  Աստված անփոփոխ է Իր կեցության ու կատարելության մեջ։ Սաղմ.102.27-ում կարդում ենք. «Բայց Դու նույնն ես, և Քո տարիները պիտի չվերջանան», իսկ Մաղ.3.6-ում՝ «Քանզի Ես Եհովան եմ, չեմ փոխվում», Հակ.1.17-ում գրված է, որ Նրա մեջ փոփոխություն կամ դրա շուքը չկա։ Դա այն է, ինչը տարբերում է Արարչին արարածներից.

Նա անփոփոխ է նաև Իր մտադրությունների և խոստումների մեջ։ Սաղմ.33.11-ում կարդում ենք. «Տիրոջ խորհուրդը հավիտյան է մնում և Նրա սրտի դիտավորությունները՝ ազգից մինչև ազգ» (Դա հաստատվում է նաև բազմաթիվ այլ համարներով՝ Ես.46.9-11՝ «…Ես խորհեցի ու ես պիտի գործադրեմ»։ Եփես.1.4,11։3.9,11։ 2Տիմ.2.19։ 1Պետ.1.20 և այլն)։ Նաև Թվ.33.19-ում կարդում ենք. «Ինքն ասաց ու պիտի չանի՞, կամ Ինքը խոսեց ու չպիտի գործադրի՞».

(2)  Այսուհանդերձ, Սուրբ Գրքում բազմիցս հանդիպում ենք, որ Աստված ապաշխարության ու աղոթքի դեպքում մեղմում է Իր նախատեսած դատը։ Դրանցից են՝ Մովսեսի բարեխոսական աղոթքը Իր ժողովրդի ոչնչացումը կանխելու համար (Ել.32.9-14), Եզեկիայի կյանքի երկարացումը (Ես.38.1-6), Նինվեի պատժի կասեցումը (Հովնան 3.4,10)։ Կան նաև հատվածներ, որոնցում տպավորություն է ստեղծվում, թե Աստված ափսոսում է մարդուն ստեղծելու (Ծննդ.6.6) կամ Սավուղին թագավոր դարձնելու համար (1Թագ.15.10)։ Նախ՝ դրանք կարող են լինել պարզապես անտրոպոմորֆիզմ՝ Աստծու գործերի և զգացումների նկարագրությունը մարդկային տեսանկյունից կամ մարդու ընկալմամբ։ Մյուս կողմից՝ դրանք կարող են արտահայտել Աստծու՝ իրավիճակի նկատմամբ տվյալ պահի վերաբերմունքը, քանի որ իրավիճակի փոփոխության հետ միասին կարող է փոխվել նաև Աստծու վերաբերմունքը։

(3)  Սուրբ Գիրքը փաստում է, որ Աստծու գործելակերպի սկզբունքն է նախ՝ ներշնչել Իր կամքն Իր զավակներին, իսկ այնուհետև նրանց բարեխոսական աղոթքին ի պատասխան՝ իրականացնել այն։ Այստեղից՝ Աստծու համագործակցությունը բարեխոսների հետ (Ես.62.6,7։ Եզեկ.22.30։ Մաթ.18.18 և այլն).

զ)   Աստված Կյանք է.

(1)  Ըստ մի հանրագիտարանի՝ կյանքը նյութական, էներգետիկական և ինֆորմացիոն պրոցեսների առանձնահատուկ միասնությունն է.

(2)  Մինչդեռ Նոր Կտակարանի լեզվով կյանքը ներկայացված է 3 տարբեր բառերով. բիոս՝ կենսաբանական կյանք, փսյուխե՝ հոգեբանական կյանք, զոէ՝ Աստվածային կյանք.

(3)  Երբ ասում ենք Աստծու՝ կյանք լինելու մասին, ի նկատի ունենք, որ Նա վերոնշյալ երեք տիպի կյանքերի աղբյուրն է։ Աստվածային կյանքի հավիտենականությունը ոչ միայն նշանակում է Նրա անվերջությունը ժամանակի մեջ, այլև՝ անփոփոխությունը, անեղծությունը։ Հովհ.5.26-ում կարդում ենք, որ ինչպես Հայրն Իր անձի մեջ կյանք ունի, այնպես էլ Որդուն տվեց, որ ունենա։ Հովհ.10.10-ում Հիսուս հայտարարում է Իր՝ կյանք և ավելի կյանք լինելու մասին, իսկ 3.36-ում, թե Որդուն հավատացողը հավիտենական կյանք ունի։ Հռ.6.4-ում գրված է, որ Քրիստոսով վերածնվածներին սպասում է նորոգություն։ 2Կոր.3.18-ում նշվում է, որ մենք կոչված ենք՝ կերպարանափոխվելու փառքից փառք, իսկ Հռ.8.30-ը հայտնում է, որ այդ գործընթացը ավարտվում է մեր մարմինների փառավորումով, և 1 Կոր.15.49,52,53-ում նկարագրվում է առաջին հարությամբ մեր երկնավոր մարմին հագնելու մասին.

է)   Աստված ամենուրեք է.

(1)  Այս հատկանիշի արտացոլումը կարելի է տեսնել Էլ-Էլիոն (Բարձրյալ Աստված) անվան մեջ։ Աստված ինչպես անսահմանափակ է ժամանակի առումով, այնպես էլ՝ տարածության։ Ինչպես Աստծու հավիտենականության հատկանիշի առիթով նշվեց, ժամանակն ու տարածությունը կապված են Աստծու կողմից տիեզերքի արարման հետ, և Աստված վերտարածական է։ Երեմ.23.24-ում կարդում ենք. «…Երկինքն ու երկիրը լցնողը Ես եմ», իսկ սաղմոսերգուն ասում է. «Եթե բարձրանամ երկինքը՝ Դու այնտեղ ես և եթե դժոխքն իջնեմ, ահա Դու այնտեղ ես».

(2)  Ամենուրեք լինելով՝ Աստված, այնուամենայնիվ, տարբեր կերպով է գործում. Ամովս 9.1-4-ում կարդում ենք Նրա դատապարտության, Կող.1.17-ում և Եբր.1.3-ում՝ պահպանության («Ամեն բան Նրանով է հաստատ»։ «Իր զորության խոսքով ամեն բան կրում է»), իսկ Ես.57.15-ում Աստծու՝ կոտրված ու խոնարհ հոգի ունեցողի հետ լինելու, նրան օրհնելու մասին.

(3)  Երկնքում, հարկավ, Աստված հայտնում է Իր ներկայությունն ու փառքը հատուկ կերպով։ Այս մասին վկայում է Նրա՝ Եհովա-Շամահ (Տերն այնտեղ է՝ Եզեկ.48.35) անունը։ Իր ներկայությունը հայտնող Տերը.Հայտն.21.3,23-ում Հովհաննեսը պատմում է, որ Նոր Երուսաղեմում Աստված պիտի բնակվի Իր ժողովրդի մեջ, և Նրա փառքը պիտի լուսավորի այն։ Սակայն համաձայն Աստծու խոսքի՝ Նա Իր ներկայությունն ու փառքը փափագում է հայտնել Իր ժողովրդին նաև երկրի վրա։ Սաղմ.22.3-ում Դավիթը բացահայտում է, որ Տերը բնակվում է գովաբանությունների մեջ, իսկ Սաղմ.95-ում գոհությունն ու փառաբանությունը 6-րդ համարում վերածվում են երկրպագության։ Սաղմ.27.8-ում Դավիթն արտահայտում է իր համաձայնությունը Տիրոջ փափագին՝ Նրա երեսը փնտրելու, իսկ 16.11-ում երգում է Տիրոջ ներկայության մեջ եղող ուրախության և քաղցրության մասին։ Այդպես Մովսեսն է բաղձում մշտապես Տիրոջ ներկայության մեջ գտնվել (Ելից.33.15)։ Այսպիսով՝ ամենուրեք գտնվող մեր Տերը կամենում է Իր փառքն ու ներկայությունը մասնավոր կերպով հայտնել Իր երկրպագուներին (Հովհ.4.23՝ «Ճշմարիտ երկրպագողները հոգով և ճշմարտությամբ կերկրպագեն Հորը, որովհետև Հայրն էլ Իրեն այնպիսի երկրպագուներ է ուզում»).

ը)   Աստված ճանաչելի է.

(1)  Աստծու մասին ոչ թեիստական հայացքների ուսումնասիրման ժամանակ արդեն խոսք է գնացել Նրա գոյության, բնության և աշխարհի անճանաչելիության ուսմունքի՝ ագնոստիցիզմի մասին։ Մենք նշել ենք, որ ագնոստիցիզմը պոզիտիվիզմի դրսևորումով մերժում է Աստծու հայտնությունը հոգով ընկալելու ճանապարհը։ Պրագմատիզմը միտված է մարդու էգոիստական նկրտումների բավարարմանը։ Իսկ Էկզիստենցիալիզմը Աստծու հայտնությունը փոխարինում է «սահմանային իրադրություններով».

(2)  Մինչդեռ հայտնության մասին ուսմունքում անդրադարձել ենք Աստծու ընդհանուր (բնության, պատմության, խղճի, մարդու կրոնական բնույթի միջոցով) և մասնավոր (տեսիլքների, հրաշքների, Սուրբ Գրքի, Աստվածորդու և անձնական փորձառության միջոցով) հայտնություններին։ Այնուհետև ավելացրել ենք, թե ընդհանուր և մասնավոր հայտնությունները միմյանց լրացնելով՝ կազմում են մի ներդաշնակ ամբողջություն.

(3)  Այնուամենայնիվ Ես.45.15-ում կարդում ենք Արարչի՝ լիովին բացահայտելի չլինելու, ծածուկ ու խորհրդավոր լինելու մասին, և մենք չենք կարող կատարելապես անսալ Նրա բնությանն ու էությանը, ինչի պատճառը կարող է լինել մեր մարդկային սահմանափակությունը («Դու Իմ երեսը չես կարող տեսնել, որովհետև մարդ չի կարող Ինձ տեսնել ու ապրել»՝ Ելից 33.20)։ Միաժամանակ մենք ունենք հնարավորությունը՝ Հորը ճանաչելու Որդու միջոցով (Հովհ.1.18՝ «Աստծուն ոչ ոք երբեք չի տեսել, բայց Միածին Որդին… Նա պատմեց»։ Հովհ.14.21՝ «Ինձ սիրողը Իմ Հորից կսիրվի, և Ես կսիրեմ նրան, և Ինձ կհայտնեմ Նրան»։ Հովհ.10.30՝ «Ես և Հայրը մեկ ենք»։ Հովհ.14.9՝ «Ինձ տեսնողը՝ Հորը տեսավ»։ Եբր.1.3՝ «Որ Նրա փառքի լույսը լինելով և Էության Նկարագիրը…»)։ Եվ Կող.1.19-ը և 2.9-ը հռչակում են, որ Տեր Հիսուսի մեջ ներբնակված է Աստվածության ողջ լիությունը։

 

2)   Ինտելեկտուալ հատկանիշներ.

ա)  Աստված ամենագետ է.

(1)  Այս հատկանիշը հայտնված է Էլ-Ռոի՝ Ամենատես Աստված (Ծննդ.16.13,14) անվան մեջ։ Հոբ.37.16-ում Նա կոչվում է գիտության մեջ Կատարյալ եղող, իսկ 1Թագ.2.3-ում՝ գիտության Աստված։ 1Հովհ.3.20-ում ասվում է, որ Նրան ամեն բան հայտնի է, իսկ Եբր.4.13-ը հաստատում է՝ ամեն բան բացահայտ է Նրա առջև։ Ես.46.9,10-ում ասվում է, որ Նա նախապես հայտնում է ապագան.

(2)  Թեև Ես.55.9-ում ասվում է, թե Աստծու խորհուրդները երկնքի չափ բարձր են մեր խորհուրդներից, այնուամենայնիվ Նրա ամենագիտության կենտրոնում մենք ենք։ Մաթ.6.8-ում հայտնվում է, թե Հայրը քաջատեղյակ է մեր բոլոր կարիքներին, Սաղմ.139.2-ում՝ մտածումներին, իսկ նույն սաղմոսի 16 խոսքում՝ մեր անպատրաստ կերպարանքից մինչև գալիք օրերին։ 1Թագ.23.11-13-ում, ի պատասխան Դավթի հարցումի, Տերը նախօրոք տեղեկացնում է Սավուղի հետապնդման և Կեիլայի բնակիչների դավաճանության մասին։ Մինչ Նոր կտակարանում Եկեղեցուն տրված պարգևներից մեկը հենց գիտության խոսքի պարգևն է (1Կոր.12.8).

(3)  Ինչ վերաբերում է Ես.43.25-ին («Քո մեղքերը չեմ հիշում»), ապա այն ասում է, որ Տերը մոռանում է մեր մեղքերը մեզ հետ հարաբերություններում։ Իսկ Երեմ.7.31-ում կամ 19.5-ում նշված արտահայտությունը, թե Տիրոջ մտքով էլ չի անցել (եբրայերենում՝ սրտում) իսրայելցիների՝ երեխաներին կուռքերին զոհելու պրակտիկայի մասին, ապա այն պետք է հասկանալ որպես Աստծու կամքին անհամապատասխանություն (ինչպես Ես.65.17-ում).

(4)  Այնուամենայնիվ, Աստծու կանխագիտությունը չի հակասում մեզ տրված ինքնորոշմանը և մեր պատասխանատվությանը.

բ)   Աստված գերիմաստուն է.

(1)  Եթե գիտությունը տեղեկատվություն է տալիս, ապա իմաստությունն արժևորում է այն և նպատակասլացորեն ուղղորդում։ Ամենագետ Աստվածը գերիմաստուն է Իր նպատակադրման, որոշումների կայացման և դրանք իրականացնող միջոցների ընտրության մեջ։ Հուդա 25-ում կարդում ենք, որ Նա գերիմաստուն Աստված է, Հոբ 9.4-ում՝ սրտով իմաստուն.

(2)  Նրա իմաստությունը դրսևորվել է արաչագործության մեջ, ինչի մասին ասված է Սաղմ.104.24-ում, և ինչը պահպանվել է անգամ մեղքի հետևանքներից հետո.

(3)  Նրա իմաստությունը դրսևորվել է նաև փրկագործության մեջ Քրիստոսով (1Կոր. 1.24,30)։ Այնպես որ, մարդու ազատակամության պատճառով մեղքի խաթարումը պատճառ դարձավ Քրիստոսի մարդեղությանը, խաչի մահվան հաղթանակին և հարության կենարար զորության հաղթարշավին մարդկային ցեղի մեջ։ Պողոսը Հռ.11-ում անդրադառնալով հեթանոսների և հրեաների փրկության Աստվածային նախախնամությանը՝ բարձրացնում է իր փառաբանությունը. «Ո՜վ Աստծու մեծության և իմաստության… խորությունը»։ Եփես.3.10-ում Սուրբ Հոգով ներշնչված նա ասում է եկեղեցու խորհրդով հայտնված Աստծու բազմապատիկ իմաստության մասին.

(4)  Հռ.8.28-ից կարող ենք եզրակացնել, որ Աստծու իմաստությունն ուղղորդված է դեպի մեզանից ամեն մեկի կյանքը («Ամեն բան գործակից է լինում դեպի բարին նրանց համար, ովքեր Նրա նախասահմանությունով կանչված են»)։ Սաղմ.19.7-ում գրված է, որ Տիրոջ խոսքի վկայությունն իմաստուն է դարձնում մեզ, իսկ 1Կոր.12.8-ում Սուրբ Հոգու պարգևներից մեկը հենց իմաստության խոսքի պարգևն է։ Այնպես, որ Կող. 2.2,3-ը մեզ հորդորում է հաղորդ լինել Աստծու կատարյալ իմաստությանը, մեր նկատմամբ Իր ծրագրերին, իսկ 1Պետ.4.19-ը՝ ամբողջովին վստահել Նրան մեր կյանքում («Աստծու կամքի պես չարչարվողները որպես հավատարիմ Ստեղծողին թո՛ղ հանձնեն իրենց հոգիները»).

գ)   Աստված ճշմարիտ է և արժանահավատ.

(1)  Երեմ.10.10-ում Նա ճշմարտության Աստվածն է։ Եվ պատահական չէ, որ եբրայերեն «ամեն» բառը («ճշմարիտ է») ծագում է Աստծու հիմնարար ստորոգելիներից մեկից՝ հավատարմությունից (Ես.25.1-ում Աստված անվանվում է բառացի «էմունա օմեն»՝  արժանահավատորեն հուսալի).

(2)  Հովհ.17.17-ում, Սաղմ.119.86,138-ում Նրա խոսքը ճշմարտության բարձրագույն չափանիշն է։ Թվ.23.19-ում, Եբր.10.23-ում և 11.11-ում կարդում ենք Իր խոստումների նկատմամբ Աստծու հավատարմության մասին.

(3)  Տասնաբանյայի դեռևս 9-րդ պատվիրանը պահանջում է. «Սուտ վկայություն մի՛ արա»։ Այնպես որ, Աստծու ճշմարտությունն իր հետքը պետք է թողնի նաև մեր կյանքում («Դեն գցելով ստությունը՝ ճշմարտությո՛ւն խոսեցեք ամեն մարդ իր ընկերոջ հետ»՝ Եփես.4.25)։

3)   Նպատակային հատկանիշներ.

ա)  Աստված ամենակարող է.

(1)  Աստծու ամենակարողությունը արտահայտում են Նրա Էլ-Շադայ (Ամենակարող Աստված՝ Ծննդ.17.1) և Էլոհիմ (Զորեղ Աստված՝ Ծնդդ.1.1) անունները։ Հոբ.42.2-ում,  Երեմ.32.17-ում և 2Կոր.6.18-ում նույնպես հռչակվում է Նրա ամենակարողությունը։ Սաղմ.115.3-ում Դավիթն ասում է. «Նա ամեն ինչ, որ կամենում է՝ անում է»։ Իսկ Մաթ.3.6-ում Հովհաննես մկրտիչը հայտարարում է. «Աստված կարող է քարերից էլ Աբրահամի որդիներ հանել».

(2)  Այն դրսևորվել է արարչագործության և իրագործվում է Աստվածային նախախնամության մեջ։ Այդ մասին է ասվում Գործք.17.24,25-ում («Աշխարհը և ամեն բան, որ նրանում կա՝ արեց… Նա է ամենին կյանք և շունչ… տվողը»)։ Իսկ Եբր.1.4-ում նշվում է, որ Նրա զորության խոսքով է տիեզերքում ամեն բան պահպանվում։ Այն ի հայտ է եկել և գալիս նաև բազմաթիվ հրաշքների միջոցով՝ Եգիպտոսի հրաշքներից սկսած մինչև ավետարանական հրաշքները.

(3)  Այնուամենայնիվ, Աստծու ամենազորությունը ամենահրաշալի կերպով գործում է մարդու վերածննդի և կերպարանափոխման մեջ։ Այդ պատճառով էլ Մաթ.19.26-ում, խոսելով փրկության մասին, մեր Տերն ասաց. «Մարդու կողմից այդ անհնար է, իսկ Աստծու կողմից՝ ամեն բան հնարավոր».

(4)  Եվ այնուամենայնիվ, Աստծու ամենակարողությունը դրսևորվում է Աստծու սուրբ բնությանը և մտադրություններին համապատասխան։ Տիտ.1.2-ում, Եբր.6.18-ում Նա հռչակված է որպես Անսուտ Աստված։ 2Տիմ.2.12-ում Քրիստոսի մասին ասված է, որ չի կարող Իր անձն ուրանալ։ Հակ.1.13-ում ավելացվում է. «Աստված չար բաներով չի փորձվում, Ինքն էլ ոչ մեկին չի փորձում».

(5)  Մի քանի խոսք՝ Աստծու ամենակարողության «դեմ» ուղղված բառախաղերի մասին։ Հին փիլիսոփայական մի դիլեմա հարցադրում է, թե Աստված կարո՞ղ է մի ժայռ ստեղծել, որը Ինքը չկարողանա տեղաշարժել։ Այսպիսով՝ թե՛ հաստատական, թե՛ ժխտական պատասխանները «հերքում» են Աստծու ամենակարողությունը։ Այս հարցադրումը սոփեստական է, որովհետև Աստծուց պահանջվող ինքնասահմանափակման ժխտումը դիտվում է որպես Նրա «անկարողության» դրսևորում։

Նույնքան անտրամաբանական է այն հարցադրումը, թե Աստված կարո՞ղ է շրջան-քառակուսի կամ քառանկյուն-եռանկյուն պատկերել, քանի որ Էվկլիդեսյան երկրաչափության մեջ շրջանն ու քառակուսին, ինչպես նաև քառանկյունն ու եռանկյունը իրարից տարբեր կերպ են սահմանվում.

բ)   Աստծու ինքնիշխանությունը.

(1)  Սուրբ Գիրքն ասում է Աստծու անսահմանափակ իշխանության մասին։ Նա Իր ազատ կամքով ձեռնարկեց արարչագործությունը, և Հայտն.4.11-ում արձանագրված է. «Դու ստեղծեցիր ամեն բան, և Քո կամենալով կան…»։ Եփես.1.11-ում կարդում ենք. «…Որ ամեն բան հաջողում է՝ Իր կամքի խորհուրդներին համապատասխան»։ Դան.4.32-ում երկնային ձայնն ազդարարում է Նաբուգոդոնոսորին. «Բարձրյալն է տիրում մարդկանց թագավորության վրա…»։ Գործք.17.26,27-ում կարդում ենք պատմության ընթացքի և ազգերի կյանքի վրա աստվածային տնօրինության մասին («Որոշված ժամանակներ և նրանց բնակության սահմանները հաստատեց, որ Աստծուն փնտրեն»)։ Առաջին Եկեղեցին համոզված էր, որ Տեր Հիսուսի խաչելությունը նախասահմանված էր (Գործք.4.27,28)։ 1Պետ.3.17-ում և 4.19-ում խոսվում է, քրիստոնեական կյանքի վկայությանն ի պատասխան, Աստծու կողմից թույլ տրված հալածանքի մասին։ Հակ.4.15-ը հորդորում է մեր կյանքի ընթացքը ենթարկեցնել Աստծու կամքին. «… Պետք է ասեիք. «Եթե Տերը կամենա և ապրենք, այս բանը կամ այն բանը կանենք»»։ .

(2)  Սուրբ Գիրքը հիմք է տալիս՝ տարբերակելու Աստծու հայտնված և չհայտնված կամքերը։ 2Օր.29.29-ում կարդում ենք. «Ծածուկ բաները մեր Տեր Աստծուն են վերաբերվում, բայց հայտնված բաները մեզ ու մեր որդիներին տրված են հավիտյան, որպեսզի այս օրենքի բոլոր խոսքերը կատարենք»։ Այսպիսով՝ Աստծու հայտնված կամքը վերաբերում է մեզ ուղղված Նրա խոսքին։

Այդ կամքի մասին են ասում՝

-     Հիսուսը Մաթ.12.50-ում («Ով Իմ Հոր կամքը կատարի, որ երնքում է, նա է Իմ եղբայրը, քույրը և մայրը»).

-     Պողոսը Եփես.5.17-ում («Մի՛ եղեք անմիտ, այլ իմացեք թե ինչ է Տիրոջ կամքը»).

-     Հովհաննեսը 1Հովհ.5.14-ում («Ինչ որ Նրա կամքի պես խնդրում ենք, լսում է մեզ»)։

Այդ կամքին պետք է վերագրել նաև 1Տիմ.2.4-ը և 2Պետ.3.9-ը, որտեղ ասվում է բոլոր մարդկանց փրկության վերաբերյալ Աստծու կամեցողության մասին։

Աստծու ծածուկ կամքը մեզ հաճախ հայտնի է դառնում կա՛մ ապագայի մասին մարգարեությունների հայտնության միջոցով, կա՛մ դրա կատարվելուց հետո։ Ծննդ.50.20-ում Հովսեփն իր եղբայրներին ասում է, որ նրանց «չարության խորհուրդը Աստված լավի դարձնել խորհեց… որ շատ ժողովուրդ ապրեցներ»։ Այստեղից՝ Հովսեփի եղբայրների չարությունն, Աստծու ծածուկ կամքի համաձայն, բարիքի համար օգտագործվեց։

Մաթ.11.25,26-ում կարդում ենք Հիսուսի աղոթքի խոսքերը. «Գոհանում եմ քեզանից, ով Հայր… որ իմաստուններից ու գիտուններից այս բաները ծածկեցիր և երեխաներին հայտնեցիր»։ Այնուհետև Հիսուսն պատվիրում է. «Եկե՛ք Ինձ, բոլո՛ր հոգնածներ ու բեռնավորվածներ, և Ես հանգիստ կտամ ձեզ»։

Եվ այսպես, Տիրոջ ինքնիշխանությունը համակցվում է մարդու պատասխանատվության հետ.

(3)  Սուրբ Գիրքը նաև ուղղորդում է տարբերակելու Աստծու տնօրինող և թույլատու կամքերը։ «Հայր մեր»-ում մենք աղոթում ենք Աստծու տնօրինող կամքի իրականացման համար (Մաթ.6.10)։ Բայց ահա Թվ.22.12-35-ում կարդում ենք արծաթասիրության պատճառով Աստծու տնօրինող կամքի շրջանակից դուրս եկած և նրա թույլատու կամքի սահմանները մտած մարգարեի մասին, ով Բաղակի մոտ գնալու վերաբերյալ 2 տարբեր պատասխան է ստանում Տիրոջից.

(4)  Սուրբ Գիրքը մեզ հայտնում է Աստծու գործելակերպի մի զարմանալի սկզբունքի մասին։ Նա Իր կամքը ներշնչում է բարեխոսներին և, նրանց աղոթքին ի պատասխան, իրագործում այն։

Մաթ.6.11-ում մենք կարդում ենք հանապազօրյա հացի համար աղոթքի մասին, այն դեպքում, երբ Տերը գիտի մեր կարիքները։

Մաթ.9.38-ում Տերը պատվիրում է աղոթել հունձքի մշակների համար, մինչդեռ հունձքի Տերը մեզանից շատ է կամենում այդ։

3Թագ.18-րդ գլխում կարդում ենք, որ անձրև տալու Տիրոջ կամքի իրականացման համար Եղիան 7 անգամ պիտի աղոթեր։

Թեև Երեմիան մարգարեացել էր 70 տարի հետո Իսրայելի գերության ավարտի մասին, սակայն դրա իրականացման համար Դանիելը 21 օր շարունակ պիտի աղոթեր, մինչև երկինքը ճեղքվեր և Տիրոջ հրեշտակը հասցներ աղոթքի արդեն առաջին օրը տրված պատրասխանը։

Եզեկ. 22.30,31-ում կարդում ենք, որ Տերը փնտրում է պարիսպի ճեղքվածքի մեջ կանգնող բարեխոսների։

Էնդրյու Մուրին ասել է, որ միայն մեր բարեխոսության շնորհիվ Աստծու զորությունը կարող է իջնել երկնքից և Եկեղեցուն դարձնել հաղթական։

Պոլ Բիլհայմերը գրում է, որ եբ Աստված երկնքում որոշում է ընդունում , այնժամ մի բարեխոսի կոչում է՝ հավատքով աղոթելու Իր կամքի իրականացման համար։

Պիտեր Վագները դավանում է, որ ինքնիշխան Աստվածն Իր կամքի իրականացումը դնում է աղոթողից կախվածության մեջ՝ պատմության ընթացքի վրա ազդելու համար։

Ջեյկ Հեյֆորդը նշում է, որ աղոթքն Աստծու փրկյալ զավակի համագործակցությունն է Նրա հետ փրկարար նպատակների կենսագործման համար։

Եկել է Աստծու համագործակիցը լինելու հիասքանչ հրավերի մեր ժամանակը՝ Նրա գերազանց Սուրբ Հոգին կրելու և Թագավորությունը ներկայացնելու։

Դառնա՛նք Նրա ընկերակիցներն ու ներկայացուցիչները։

Comments:

Add comment


Security code
Refresh